Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԵՍ ԷԼ ԻՄ ՀԱՄԵՍՏ ԱՎԱՆԴՆ ՈՒՆԵՄ»
«ԵՍ ԷԼ ԻՄ ՀԱՄԵՍՏ ԱՎԱՆԴՆ ՈՒՆԵՄ»

«ԵՍ ԷԼ ԻՄ ՀԱՄԵՍՏ ԱՎԱՆԴՆ ՈՒՆԵՄ»Մայոր Յուրի Միրզոյանը Արցախյան թոհուբոհն անցած ազատամարտիկ-զինվորականներից է, մասնակցել է նաեւ Ապրիլյան քառօրյային: Արմատներով Մարտունու շրջանի Շեխեր գյուղից է: Նրա ապրած կյանքն էլ հար ու նման է իր սերնդակիցների կյանքին: Դպրոցն ավարտելուց հետո ուսանող էր Երեւանի բուհերից մեկում, երբ սկսվեց Արցախյան շարժումը:

Սահմանամերձ հատվածներում օրեցօր ավելի հաճախակի էին դառնում ազգամիջյան բախումները, վտանգված էր նաեւ հայրենի օրրանի խաղաղությունը:  Յուրան վերադարձավ Շեխեր ու անդամագրվեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատին: Սկզբնական շրջանում որսորդական հրացաններով գյուղում պահակություն էին  անում, հետո … Ֆիզուլի, Աղդամ, Հորադիս, Ջաբրայիլ…

Հուշերը, հիշողությունները շատ են, բայց այդ օրերից առանձնապես  խոսել-պատմել  այնքան էլ չի սիրում: 

-Օրերը հեռանում-գնում են, բայց հուշերի ալիքը տարիների հեռավորությունից գալիս պաշարում է միտքդ, տակնուվրա անում սիրտդ ու հոգիդ: Արցախյան պատերազմի օրերից ամենածանրը հորեղբորս՝  Գավրիկ Միրզոյանի զոհվելն էր: Կռվի դաշտում էինք, ու տղերքը չէին ուզում հայտնել բոթը:  Հորեղբայրս ուսուցիչ էր, բայց զենք էր վերցրել, որ տեր կանգնի նախնիների հողին, որ կանգնեցնի թշնամու առաջխաղացումը:  Հորեղբայրս մասնակցել է Շեխեր-Դավալու-Խութ պաշտպանական գծում  տեղի ունեցած բոլոր մարտերին: Վերջին մարտը Սեյսուլանի մոտ էր: Պատմում են, որ  թեև վիրավոր է եղել, սակայն չի լսել ընկերների հորդորները, որ ստիպում էին դուրս գալ կռվի դաշտից, հակառակը, իր մասին մոռացած,  ոգեւորել-քաջալերել է կռվող տղերքին:

Հորեղբայրս կռվել է իր իսկ սարքած «Գրադ» կայանքով, որը հիմա կանգնեցված է ԼՂՀ զոհված ազատամարտիկների տուն-թանգարանի բակում:

-Էն ժամանակ կռվում էինք ինքնաշեն զենքերով, պարզունակ որսորդական հրացաններով, բայց հաղթում էինք, երանի այս օրերի տեխնիկան լիներ,- ասում է մայորը ու շարունակում,-  հիմա, երբ մտաբերում եմ ու վերլուծում անցյալը, ապշում եմ, զարմանում` էս ոնց հաղթեցինք,  ախր,  սկզբում ո՛չ մի կարգին զենք ունեինք,  ո՛չ հանդերձանք կար, ո՛չ կարգին վառելիք:  Այն  ժամանակ կամավորներ էին մեծ ու փոքր,  12 -13 տարեկանից մինչև ծերունիներ, հիմա կանոնավոր բանակ ունենք, կամավորականների փոխարեն ռազմական կրթություն ստացած, արհեստավարժ սպաներով համալրված: Մի քանոնով  ու մատիտով, մի քարտեզով  հազար պլան էինք գծում… Հիմա զորամասերը  համալրված են ջերմատեսիլ սարքավորումներով, անօդաչու թռչող սարքեր են գործի դրվել…

Մայորը խանդավառված` դեռ մեկիկ-մեկիկ շարունակում է թվարկել մեր զինուժի տարիների  նվաճումներն ու ձեռքբերումները, թվարկում է ամենայն մանրամասնությամբ՝ ջանալով ամեն ինչ հիշել:

Բանակի ձեւավորման ակունքներում կանգնած մարդիկ մի  ուրիշ հպարտություն են ապրում, երբ բանակի  գրանցած հաջողություններից են  խոսում, մի առանձնակի ոգեւորվածությամբ, երեւի թե ճիշտ այնպես, ինչպես ծնողն է ներկայացնում  իր  զավակի ամեն հաջողությունները…

Բանակի սկզբնավորման օրից մինչ օրս շարքում է մայոր Յուրի Միրզոյանը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ ջոկի հրամանատար, դասակի հրամանատար, ներկայումս  էլ գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալն է: Տարիներն ավելացրել են փորձն ու փորձառությունը, բայց, միեւնույն է, խոստովանում է՝ ամեն օր ե՛ւ սովորեցնում է, ե՛ւ սովորում.

-Զինվորի հետ տարվող աշխատանքներում  ամեն ժամ, ամեն րոպե մի նոր բացահայտում ես անում: Տարբեր են, շատ տարբեր են մեր զինվորները իրենց նկարագրով, իրենց  հակումներով, ինքնատիպ մտածողությամբ:  Հաճախ ենք զրուցում նրանց հետ ամենաբազմազան թեմաներից, մեծ ուշադրություն ենք դարձնում զինվորների բարոյահոգեբանական վիճակին: Չեմ կարող չհպարտանալ. մեր զինվորը կարող է ցանկացած պայմաններում,  ցանկացած իրավիճակում  իր առջեւ դրված յուրաքանչյուր առաջադրանք գերազանց կատարել:   Իրենց պապերի, հայրերի արժանավոր շարունակողներն են: Ես էլ այս ամենում իմ համեստ ավանդն ունեմ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ