Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ
ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄՍկիզբը՝ նախորդ համարում

Կովկասյան ճակատը

Կովկասյան ճակատում մարտական գործողություններն սկսվեցին մի փոքր ուշ և այլ զարգացումների համատեքստում: Ռուսական բանակը դանդաղ գործողություններ էր նախապատրաստում այս ճակատում:

1914թ. հոկտեմբերի 19-ին Օսմանյան բանակը (մոտավորապես 120.000 և 226 թնդանոթ) նախատեսել էր անցնել վճռական հարձակման` նպատակ ունենալով ոչնչացնել հակառակորդի հիմնական ուժերը, գրավել Կարսը և ներխուժել Անդրկովկաս։ Տեղեկանալով այդ մասին` Ռուսական կայսրության բանակը (մոտավորապես 70.000), դրա կազմում գտնվող հայ ռազմիկները (մոտավորապես 3.000), ինչպես նաև Համազասպ Սրվանձտյանի գլխավորած Հայկական III (մոտավորապես 1.000 զինվոր և 2 թնդանոթ) և Արշակ Գավաֆյանի գլխավորած Հայկական IV (1.000 զինվոր և 2 թնդանոթ) կամավորական ջոկատները պատրաստվեցին հակադարձել թշնամուն։ Հոկտեմբերի 19-ին Ռուսական կայսրության բանակը և դրա կազմում գործող հայ ռազմիկները անցան հարձակման և գրավեցին Կոբաղ-Թոփա և Ախ-Բարա բարձունքները, ինչպես նաև Ալթուն Բուլաղը (Արարատ, Բասեն գավառ)։ Հոկտեմբերի 20-ին զարգացրին հաջողությունը և գրավելով Ուչքիլիսա-Արտոս-Խորասան բնագիծը (Բասեն գավառ)` մինչև ամսվա վերջ զբաղեցրին Քյոփրիքյոյի ամբողջ ամրացված շրջանը։ Հոկտեմբերի 31-ին Ռուսական բանակը, դրա կազմում գործող հայ ռազմիկները, ինչպես նաև Համազասպ Սրվանձտյանի գլխավորած Հայկական III կամավորական ջոկատը գրավեցին Ալաշկերտը։

Պաշտոնապես ռուսները պատերազմ հայտարարեցին Օսմանյան կայսրությանը նոյեմբերի 2-ին: Ռուսական բանակն ուներ 25 գումարտակ, 37 հեծելազորային խմբավորում և 120 թնդանոթ: Նրանք գործում էին երկու թևով: Աջ թևը Սարիղամիշից առաջացավ դեպի Ավնիկ: Նրանք հասան Ավնիկին նոյեմբերի 4-ին: Ձախ թևը շարժվեց Երևանից: Օսմանյան 3-րդ բանակի հրամանատար Հասան Իզետը կարծում էր, թե այս հարձակումները չեն շարունակվի, քանի որ մոտենում էր ձմեռը: Սակայն ռազմական նախարար Էնվեր Փաշան տենչում էր կայծակնային հաղթանակի: Նոյեմբերի 4-6-ը Համազասպ Սրվանձտյանի գլխավորած Հայկական III կամավորական ջոկատը գրավեց Ալագյազը և Զաջի-Խալիլի շրջանը (Բասեն գավառ)` կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը։

Նոյեմբերի 6-ին Խախմուրի մոտ (Բագրևանդ գավառ) Ռուսական կայսրության բանակը, դրա կազմում գործող հայ ռազմիկները, ինչպես նաև Արշակ Գավաֆյանի գլխավորած Հայկական IV կամավորական ջոկատը տասժամյա մարտում կանգնեցրին Օսմանյան բանակը, որից հետո անցան հակահարձակման և մտան Ագրիկ (Բագրևանդ գավառ)։ Նոյեմբերի 7-ին թուրքական 3-րդ բանակն անցավ հակահարձակման, որին միացան 11-րդ կորպուսը և քրդական ջոկատները: Հեծելազորը չկարողացավ լուծել առաջադրված խնդիրը, իսկ քրդական ջոկատը անարդյունավետ էր գործում:

Թուրքական զորքերին հաջողվեց դիմակայել Ավնիկում: Նոյեմբերի 12-ին 9-րդ կորպուսը` Ահմեդ Ֆեվզի փաշայի գլխավորությամբ, ուժեղացրեց 11-րդ կորպուսը ձախ թևում: 3-րդ բանակը հեծելազորի աջակցությամբ ստիպեց ռուսներին նահանջել: Նոյեմբերի վերջին ռազմաճակատի երկարությունը Էրզրումից Սարիղամիշ հատվածում կազմում էր 25 կմ: Ռուսների հաջողությունները բազմապատկվեցին, երբ հայ կամավորները հարավում նվաճեցին Աղրին և Բայազետը: Օսմանցիների կորուստները մեծ էին` 9.000 սպանված, 3.000 գերի և 2.800 դասալիք:

Նոյեմբերի 19-ին հայ-ռուսական ուժերը, մասնավորապես՝ Համազասպ Սրվանձտյանի գլխավորած Հայկական III կամավորական ջոկատը, անցան հարձակման և գրավեցին Բայազետ ամրոցը, Զեվայի բարձունքը, Բագրևանդը, Վերին Ախտին, Ներքին Ախտին, Չափուրչամյան ձորը, Դարուխը, Խամուրը, Միսինը, Արծափը, Պերսիխան, Կապանակը։

Նոյեմբերի 20-ին նրանք գրավեցին Ադուպը և Իդը (Բասեն գավառ)։

Նոյեմբերի 26-ին Օսմանյան բանակը հակահարձակման անցավ Քյոփրիքյոյի և Չերմիկ-Սույի (Բասեն գավառ) ուղղությամբ, սակայն որևէ հաջողության չհասավ։

Նոյեմբերի 28-ին Օսմանյան բանակը գրավեց Արդվինը, սակայն թշնամու հետագա առաջխաղացումը կասեցվեց, և նա հետ շպրտվեց ելման դիրքեր։

Այս մարտերի ընթացքում հայերը կորցրին մոտավորապես 200, ռուսները` 6.000, թշնամին` 15.000 զինվոր։

1914թ. դեկտեմբերի 15-ին Արդահանի ճակատամարտից հետո թուրքերը զավթեցին Արտանիշը: Այս գործողությունը օսմանցիների կողմից գլխավորում էր գերմանացի Շտոնգը: Գործողության նպատակն էր կտրել ռուսներին կենսական նշանակության ուղիներից: Հետագայում Էնվերը փոխեց գործողության պլանները` նախընտրությունը տալով Սարիղամիշի գործողությանը: Այս գործողությամբ պետք է կտրվեր ռուսների` Սարիղամիշ-Կարս ճանապարհը: Արևելյան Պրուսիայում ռուսական զորքերի կրած պարտությունների մասին լուրերով ոգևորված` Էնվեր փաշան որոշեց 3-րդ բանակի 11-րդ կորպուսով կաշկանդել ռուսական զորամասերի գործողությունները ճակատից, իսկ 9-րդ և 10-րդ կորպուսներով` խոր թևանցումով դուրս գալ սարիղամիշյան ջոկատի թևութիկունք: Էնվերը ևս տարված էր գերմանական ռազմական տեսություններով:

Տեղանքը, եղանակային պայմանները բարենպաստ չէին, և մարտական գործողությունները շատ դժվար էին ընթանում:

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄՀակահարձակման անցնելով` ռուսները ձգտում էին կտրել Սարիղամիշից թուրքերի նահանջի ուղիները: 1915թ. հունվարի 4-ին 9-րդ թուրքական կորպուսը շրջապատվեց և գերեվարվեց: Հունվարի 6-ին 3-րդ բանակի հրամանատարական կետերը հայտնվեցին կրակի տակ: Հաֆիզ Հակկի Փաշան հրամայեց նահանջել: Հունվարի 7-ին բանակի մնացած մասը նահանջեց Էրզրում: Հունվարի 14-ին ռուսները հարձակման անցան: Երկօրյա մարտերում թուրքերի դիմադրությունը կոտրվեց, և նրանք ստիպված էին թողնել մինչ այդ զբաղեցրած իրենց դիրքերը: Հունվարի 20-ին սարիղամիշյան ջոկատը հասավ այն բնագծին, որն ուներ մինչ ռազմագործողության սկիզբը:

Այսպես` թուրքական բանակի համար խայտառակ ավարտ ունեցավ Սարիղամիշի ռազմագործողությունը: Հենց թուրքերի տվյալներով` 110.000-անոց 3-րդ բանակից Էրզրում էր վերադառնում 12.000-ը (մնացածը գերված, ոչնչացված կամ ցրտահարված էին):

Հաղթանակը ձեռք բերվեց մեծ զոհերի գնով: Բավական է ասել, որ ռուսների զոհվածների թիվը մոտավորապես 20.000 էր: Խստաշունչ ձմեռային պայմաններում իրականացված ռազմագործողությունը ուղեկցվում էր ցրտահարման մեծաթիվ դեպքերով (ռուսների կորուստները կազմեցին ավելի քան 6.000 մարդ, չնայած ռուսական բանակը և նրանց կազմում կռվող մեծաթիվ հայ կամավորները ավելի սովոր էին նման պայմաններին):

Սարիղամիշի ճակատամարտի արդյունքում թուրքերը կրեցին ջախջախիչ պարտություն: Բանակի միայն 10%-ը վերադարձավ ելակետային դիրք: Էնվերն ընդունեց հրամանատարությունը: Հայկական կամավորական զորաջոկատների ներդրումը ռուսների հաղթանակում ահռելի էր. նրանք կարողացան կանգնեցնել օսմանցիների գրոհները դժվարին պահերին և ժամանակ տվեցին ռուսներին վերախմբավորվելու: Էնվերը այս պարտության մեջ մեղադրեց հայերին, ովքեր ապրում էին Օսմանյան կայսրության այն տարածքներում, որոնք զավթել էին ռուսները:

Փետրվարին գեներալ Յուդենիչը բարձր գնահատանքի արժանացավ հաղթանակների համար և ստանձնեց Կովկասում Ռուսական բանակի հրամանատարի պաշտոնը: Անտանտը խնդրեց Ռուսաստանին աջակցել Արևմտյան ճակատում: Դրա դիմաց ռուսները խնդրեցին աջակցել ռազմածովային գրոհներին Կովկասում: Սև ծովում ռազմածովային գործողությունները թույլ տվեցին ռուսական զորքին հանգստանալ: Բացի այդ, Գալիպոլիի ճակատամարտը, որը նախատեսված էր օսմանցիների մայրաքաղաքը գրավելու համար, օգնեց ռուս-հայկական զորքերին այս ճակատում: Փետրվարի 12-ին 3-րդ բանակի հրամանատար Հաֆիզ Հակի Փաշան մահացավ տիֆից: Նրան փոխարինեց գեներալ Մահմուդ Քամիլ Փաշան: Քամիլը առաջնահերթ կարգուկանոն մտցրեց օսմանյան բանակում: Ստամբուլի ռազմագետները վախենում էին ռուսների ներթափանցումից երկրի խորքեր:

Մարտին ռազմաճակատում իրավիճակը կայուն էր: Հյուծված 3-րդ բանակը համալրվեց 1-ին և 2-րդ բանակների զինվորներով, սակայն համալրումը թվաքանակով քիչ էր: Գալիպոլիի ճակատամարտը խլել էր օսմանցիներից շատ ռեսուրսներ: Մինչդեռ ռուս-հայկական զորքերը գրավեցին Ալաշկերտը, Աղրին և Բայազետը: Ռազմական գործողությունը հիմնականում տեղի էր ունենում փոքր ընդհարումներով, խոշոր ճակատամարտեր այլևս չկային այս ճակատում:

Հայոց ցեղասպանությունը, որ սկսվել էր պատերազմի առաջին իսկ օրվանից, տարբեր հայկական բնակավայրերում առաջացրել էր դիմադրության մեծ ու փոքր օջախներ, որոնցից ամենամեծը եղավ Վանի հերոսամարտը: Ապրիլի 20-ին սկսվեց Վանի ինքնապաշտպանությունը: Հայ կամավորականները` Արամի ղեկավարությամբ, հիանալի պատրաստվել էին և պաշտպանում էին 30.000 խաղաղ բնակչի ու 15.000 փախստականի՝ ընդամենը 1.500 զինյալով, մոտավորապես 300 հրացանով և 1.000 ատրճանակով: Դիմադրությունը տևեց շուրջ երեք շաբաթ: Հայկական զորքերը չերերացին, մինչև գեներալ Ն. Յուդենիչը մայիսի վեցին անցավ հարձակման: Հարձակման մի թևը շարժվեց Վանա լճի կողմ, որպեսզի օգնի հայ ինքնապաշտպանական զինվորներին: Մերձբայկալյան կազակների գունդը և հայ կամավորները շարժվեցին դեպի Վան: Ռուսական բանակի ժամանումից հետո Վանը դարձավ ապահով, ռազմական գործողությունները տեղափոխվեցին արևելք:

 

Դիլմանի ճակատամարտը

Ապրիլի 15-ին Հայկական I կամավորական ջոկատը հաղթեց Ռուսական կայսրության բանակին ու նրա կազմում գործող հայ ռազմիկներին շրջապատած թշնամուն և փրկեց յուրայիններին։ Նույն օրն էլ Հայկական I կամավորական ջոկատը, խնդիր ունենալով կասեցնել թշնամու առաջխաղացումը, ամուր դիրքեր գրավեց բարձունքում` կենտրոնում տեղավորելով հիմնական ուժերը, իսկ թևերում` թնդանոթներն ու գնդացիրները։ Ապրիլի 16-17-ը հայկական դիրքերին մոտեցած թշնամին ձեռնարկեց մի քանի գրոհներ, սակայն կրելով ծանր կորուստներ` մղվեց ելման դիրքեր։ Ապրիլի 18-ին Հայկական I կամավորական ջոկատը և օգնության հասած Ռուսական կայսրության բանակը (մոտավորապես 1.000) և դրա կազմում գործող հայ ռազմիկները (մոտավորապես 100) անցան հակահարձակման և ծանր պարտության մատնելով թշնամուն` մտան Դիլման։