Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՃԱՐՏԱՐՈՒՄ
ՃԱՐՏԱՐՈՒՄ

ՃԱՐՏԱՐՈՒՄՀունիսի 15-16-ը Արցախի ամենաերիտասարդ քաղաքում, բայց պատմական ու հերոսական բնակավայրում տոնական ու մարդաշատ էր: Հունիսի 15-ին, «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ստեղծման 5-րդ տարեդարձի առթիվ, հիմնադրամի նախաձեռնությամբ, Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կազմակերպվեց մարզական միջոցառումների շարք կրոսավազքից, սամբոյից, ձյուդոյից, բռնցքամարտից, ուշուից և ազատ ոճի ըմբշամարտից՝ մոտ 400 մարզիկի մասնակցությամբ: Ներկա էին Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Մհեր Օհանյանը, հիմնադրամի հիմնադիր Վլադիմիր Ավագյանը, տնօրեն Վարդան Կիրոյանցը և պաշտոնատար այլ անձինք: Իսկ հունիսի 16-ին կայացավ քաղաքի նորակառույց Սուրբ Վարդան եկեղեցու օծման և բացման արարողությունը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, մեր երկու պետությունների պաշտպանության նախարարները, այլ պաշտոնատար անձինք, հյուրեր:

Մինչև Սբ. Վարդան եկեղեցու կառուցումը՝ Ճարտարում միակ սրբավայրը Սուրբ Եղիշե վանքն էր, որը քաղաքից բավական հեռու է և շատերի համար դժվար հասանելի: Սբ. Վարդան եկեղեցին կառուցվեց «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» միջոցներով՝ ի դեմս ռուսաստանաբնակ բարերար Վլադիմիր Ավագյանի: Նորակառույց եկեղեցում Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի ձեռամբ, հոգևոր երգչախմբի ուղեկցությամբ մատուցվեց Սուրբ պատարագ: Արարողությունից հետո Պարգև Սրբազանը դիմեց ներկաներին՝ մաղթելով խաղաղություն: Նա երախտագիտություն հայտնեց բոլորին, ովքեր Ճարտար քաղաքին եկեղեցի պարգևեցին, և բարերար Վլադիմիր Ավագյանին հանձնեց ՀԱԵ Արցախի թեմի Երախտիքի գիրը, որում գրված է.  «Մեր խորին երախտագիտությունն ու բարձր գնահատանքն ենք բերում Ձեզ՝ Արցախի Հանրապետությանը սատարելու համար, և ի մասնավորի Ճարտար քաղաքում կառուցելու Սուրբ Վարդան եկեղեցին՝ օժտելով մեր հավատավոր ժողովրդին նոր սրբավայրով…»:

ՃԱՐՏԱՐՈՒՄԲարերար Վլ. Ավագյանը շնորհավորեց ճարտարցիներին եկեղեցու բացման առթիվ: Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին, որ մասնակից եղան եկեղեցու բացման արարողությանը: Այնուհետև խորհրդանշական հուշանվեր հանձնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հանդիսավոր արարողությունից հետո քաղաքի հանդիսությունների դահլիճում, որը նույնպես վերջերս է կառուցվել, կայացավ տոնական ճաշկերույթ: Ճարտարին հրաժեշտ տալուց առաջ ՀՀ վարչապետը հայտնեց, որ այս քաղաքը նույնպես իր համար հարազատ տուն է: Կարևորելով մեր ժողովրդի միասնությունը` անկախ բնակության վայրից, ասաց. «Բոլորս հայ ենք և հպարտ մեր պատմությամբ, հավատով, որ երջանիկ ապագա ենք ունենալու»: Օրը Ճարտարում եզրափակվեց տոնական համերգով: Օրվա ընթացքում հանդիպեցի Ազատամարտին մասնակից ճարտարցիներին՝ Հովիկ Ջիվանյանի ջոկատի մարտիկներին, որոնց հետ հանդիպել էի 25 տարի առաջ, լուսանկարել: Ոգևորությամբ ընդունեցին լուսանկարները: Հիշեցին այն հերոսական օրերը, երբ Ուրյան սարի դիրքերում մարտնչում էին թշնամու դեմ ու հաղթեցին` հանուն զարգացող ու բարգավաճ Ճարտար քաղաքի:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ