Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄՏԵՍԵԼ»
«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄՏԵՍԵԼ»

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄՏԵՍԵԼ»Հունիսի 16-ին «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպվել էր ՀՀ զինված ուժերում շարքային  եւ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի եւ իրային միջոցների տեսականու՝ անկողնային եւ հանդերձանքի պարագաների ցուցադրություն: Քաղաքացիների համար կազմակերպվել էր նաեւ ՀՀ զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն:

 

-Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ, բայց կարող եք համտեսել, անո՛ւշ արեք…

Դաշտային կցորդ  խոհանոցում եփվում են հնդկաձավարն ու մսով փլավը, քիչ այն կողմ էլ վառարանում հաց է թխվում,  զինվորի հացը… Պահածոյացված սննդատեսակների  բազմազանություն,  ջեմ, մուրաբաներ, օշարակ՝ հայկական արեւահամ մրգերից ու հատապտուղներից,  թխվածքաբլիթներ,  կոնֆետ, հաց, կարմրաթուշ բուլկի, հալած պանիր, լոլիկի, վարունգի մարինադներ, լեչո…

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄՏԵՍԵԼ»ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը նշում է, որ յուրաքանչյուր տարի իրականացվում են թե՛ որակական ցուցանիշների, թե՛ տեսականու փոփոխություններ: Գործընթացը շարունակական է եւ մշտապես ենթակա կատարելագործման: Գնդապետը հավելում է՝ զինվորական սննդակարգում կարեւորվում է ազգային ճաշատեսակների ներդրումը:

-Առաջնագծում ծառայողների համար մենք ավելացրել ենք թանապուրը, որն առաքվում է պատրաստի վիճակում: Ավելացվել է նաեւ քաղցրաբլիթը, փոփոխություններ կան նաեւ անձնակազմին տրվող պահածոներում:

Սննդի  բազմազանությունից զատ, խստորեն վերահսկվում է որակն ու անվտանգությունը. սննդամթերքը երկու լաբորատորիաների  կողմից ենթարկվում է փորձաքննության եւ հետո միայն մատակարարվում: Մեկ զինծառայողի համար նախատեսված է օրական 3800-4200 կկալ: Տրամադրվող պարենամթերքը լիովին ապահովում է այդ կալորիաները:

♦♦♦

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄՏԵՍԵԼ»Ժամանակի ընթացքում  զգալի, էական  փոփոխություններ են կատարվել ոչ միայն բանակային սննդի, այլ նաեւ հանդերձանքի ոլորտում:  Զինվորական հանդերձանքը լրամշակելիս հաշվի է առնվում առավել հարմարավետությունը, դիմացկունությունը, շարժումները չկաշկանդելու հատկությունը:

Բազում ու բազմազան է նաեւ իրային միջոցների  ներկայացված տեսականին՝  բամբակյա շապիկ, թաղիքե երկարաճիտ կոշիկներ (վալենկաներ), կիսավերարկու՝ ոչխարի մորթուց, ձեռնոց՝ ձմեռային ֆլիզից, լուսապաշտպան ակնոց՝  նախատեսված բարձր լեռնային գոտիներում մարտական հերթապահություն իրականացնելու համար,  ցուցադրված են  նաեւ  վրաններ,  քնապարկեր, սպիտակեղեն, բամբակյա ներքնակ եւ այլն…

Զինված ուժերի թիկունքի վարչության իրային ծառայության պետ,  փոխգնդապետ Վահան Պապյանը  լրագրողներին հանգամանալից  ներկայացնում է զինվորական համազգեստի փոփոխությունները, թվարկում որակական  առավելությունները.

«ԶԻՆՎՈՐԻ ԲԱԺԻՆ. ՎԱՃԱՌՔԻ ԵՆԹԱԿԱ ՉԷ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂ ԵՔ ՀԱՄՏԵՍԵԼ»-Այս համազգեստի 50 տոկոսը բամբակ է: Ներսից սինտեպոն է, որն ավելի լավ է պահպանում ջերմությունը: Մարտական հերթապահություն իրականացնող  զինվորներին  այն տրվում է կես տարին մեկ, իսկ  պահեստային զորամասերի զինվորներին՝ ութ ամիսը մեկ:

-Ծառայության ընթացքում զինծառայողն ամեն ինչով ապահովվում է. տնից ուղարկելու անհրաժեշտություն չի զգացվում,- վստահեցնում է ԶՈւ թիկունքի պետ, գեներալ-մայոր Նորայր Յոլչյանը եւ հավելում: Այս տարվանից մեկ համազգեստ էլ է ավելանալու՝ տոնական համազգեստ,  որի տարբերանշանների գույները կտարբերվեն, եւ զինվորն այն կկրի արձակուրդ մեկնելիս, ազատ արձակման ժամանակ:

Ի դեպ, այս տարի զորամասերին տրամադրվելու է 450 լվացքի մեքենա, իսկ զինվորներին  հատկացվելու են անհատական լվացքի պարկեր, որոնցում իրենց անձնական իրերը կարող են լվանալ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ