Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՌԱՋԱՏԱՐԸ
ԱՌԱՋԱՏԱՐԸ

ԱՌԱՋԱՏԱՐԸԳագիկ Քթրյանին առաջին անգամ հանդիպեցի Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, ուր միասին մասնակցում էինք պաշտպանության նախարարության ու Ամերիկյան համալսարանի միջեւ փոխհամագործակցության շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Գագիկն անմիջապես գրավեց բոլորի ուշադրությունն իր սուր մտքով, դիպուկ խոսքով ու զուսպ կեցվածքով: Իսկ երբ համացանցում պատահաբար տեսա նրա լուսանկարը, որտեղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի հետ հավաստագիր է հանձնում  Գագիկին, որոշեցի «Հայ զինվոր» պաշտոնաթերթում, մեր բանակի զինվորին ու սպային պատմել խելացի, շնորհալի և փորձառու, բայց համեստ ու զուսպ երիտասարդի մասին:

Գագիկ Ազատի Քթրյանը ծնվել է 1983թ. Էջմիածին քաղաքում: 2001թ. գերազանցությամբ ավարտել է Մովսես Խորենացու անվան միջնակարգ դպրոցը:

-Դպրոցն ավարտելիս երկմտանքի առաջ էի. ուր գնալ սովորելու` ընտրել ճշգրիտ գիտությո՞ւնը, թե՞ տեղի տալ հարազատ-բարեկամների հորդորներին եւ ընտրել հումանիտար որեւէ մասնագիտություն:

Ի վերջո «հաղթեց» մաթեմատիկական մտածողությունը: 2001թ. Գագիկը բարձր միավորներով ընդունվում է Երեւանի պետական համալսարանի Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2005թ. գերազանցությամբ ավարտելով` ուսումը նույն մասնագիտությամբ շարունակում է մագիստրատուրայում: 2007թ. գերազանցությամբ ավարտելով մագիստրատուրան` համալսարանի դասախոսական կազմի երաշխավորագրով ուսումը շարունակում է ԵՊՀ ասպիրանտուրայում եւ 2010թ. պաշտպանում թեկնածուական ատենախոսություն «Հաշվողական մաթեմատիկա» մասնագիտությամբ ու ստանում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այս ընթացքում նա զբաղվում է գիտական գործունեությամբ, այդ թվում նաև, գիտական թեմայի շրջանակներում, հրատարակում գիտական հոդվածներ արտերկրի և հանրապետության առաջատար պարբերականներում: 2011 թվականից Գագիկ Քթրյանն ընդգրկվում է կրթության որակի ապահովման ծրագրերում, նախ` որպես բարձրագույն մաթեմատիկայի դասախոս, ապա` Մովսես Խորենացու անվան համալսարանի կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր-որակի ապահովման կենտրոնի ղեկավար: 2014 թվականից նա Հայաստանի Հանրապետության Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի փորձագետ է: Այս ընթացքում Գագիկ Քթրյանը փորձագիտական խմբերի կազմում բազմիցս մասնակցում է Հայաստանի Հանրապետության մի քանի բուհերի ինստիտուցիոնալ հավաստագրման գործընթացներին, նախ` որպես կրթության որակի ապահովման փորձագետ, իսկ վերջում արդեն` որպես փորձագիտական խմբի ղեկավար: Աշխատանքին զուգընթաց Գագիկ Քթրյանը երբեք չի դադարում զբաղվել գիտահետազոտական աշխատանքով, մասնակցում է բազմաթիվ գիտաժողովների ու կոնֆերանսների:

2015 թվականին, մասնակցելով քաղաքացիական հատուկ ծառայության հաստիքների համար ՀՀ ՊՆ հայտարարած մրցույթին, Գագիկ Քթրյանը հաղթող է ճանաչվում եւ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքի նշանակվում ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի որակի ապահովման եւ վերլուծության բաժանմունքի պետի պաշտոնում, ստանում քաղաքացիական հատուկ ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

2016 եւ 2018 թվականներին, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` որպես ՀՀ ներկայացուցիչ, գործուղվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Օբերամերգաու քաղաք` մասնակցելու ՆԱՏՕ-ի դպրոցում պարբերաբար անցկացվող ռազմաուսումնական հաստատությունների ակադեմիական հրահանգիչների մեթոդական դասընթացներին: Այս դասընթացները կարեւոր էին այնքանով, որ մասնակիցները ծանոթանում էին ուսուցման եւ հրահանգավորման չափորոշիչների միջազգային խորհրդի պահանջներին, ՆԱՏՕ-ի չափանիշներով ռազմաուսումնական հաստատություններում դասերի արդյունավետ անցկացման սկզբունքներին, զարգացնում էին ուսումնառության համար կարեւոր արդիական դասավանդման մեթոդների եւ համակարգչային տեխնոլոգիաների գործնական կիրառման հմտությունները:

Գագիկ Քթրյանը 2018թ. մայիսին ՀՀ-ԱՄՆ երկկողմ պաշտպանական համագործակցության պլանի շրջանակներում, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, մասնակցում է ԱՄՆ պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի պաշտպանության կառավարման միջազգային միջգերատեսչական դասընթացներին: Այս դասընթացների նպատակը ԱՄՆ պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագիտական խմբի հետ պաշտպանության կառավարման հարցերով միջազգային փորձի ուսումնասիրությունն ու տեղայնացումն էր: Դասընթացներն ուղեկցվում էին ռազմավարական խաղերի եւ դեպքերի ուսումնասիրման միջոցով առաջադրված խնդիրների լուծման արդյունավետ տարբերակների քննարկմամբ եւ ներկայացմամբ: Ահա այս դասընթացներն էին, որոնց ավարտին էլ Գագիկ Քթրյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի եւ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից հավաստագիր է ստանում:

-Գագի՛կ, ինչպե՞ս ես քո գիտելիքը ծառայեցնելու բանակաշինության գործին:

-Բանակաշինության գործում մեզնից պահանջվում է բարձր գիտելիք,  որակյալ աշխատանք,  կատարելագործում:  Ես  ձգտում եմ ամենօրյա գործունեության միջոցով իմ փորձն ու հմտությունները ծառայեցնել ռազմական կրթության զարգացմանն ու արդիականացմանը:

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ

Մայոր