Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՄԵԾ ՍՏՐԱՏԵԳ ԷՐ, ԿԱԴՐԱՅԻՆ ՍՊԱ»
«ՄԵԾ ՍՏՐԱՏԵԳ ԷՐ, ԿԱԴՐԱՅԻՆ ՍՊԱ»

«ՄԵԾ ՍՏՐԱՏԵԳ ԷՐ, ԿԱԴՐԱՅԻՆ ՍՊԱ»Հունիսի 8-ին Համլետ Մինասյանը կդառնար 60 տարեկան

1991թ. սեպտեմբերի 13-ին Շահումյանում հայկական ուժերը անցան  հակահարձակման: Եռօրյա մարտերի ընթացքում թշնամուց լիովին ազատագրվեց Էրքեջ-Բուզլուխ-Մանաշիդ գյուղախումբը: Մինչ այդ՝ հուլիսի 15-ին, մեծաքանակ օդուժի եւ զրահատեխնիկայի օգնությամբ խորհրդա-ադրբեջանական միացյալ ուժերը (Կիրովաբադի 23-րդ դիվիզիա) ծանր կորուստների գնով (72 սպանված, 3 միավոր զրահատեխնիկա) գրավել էին Էրքեջ գյուղը: Նախորդ օրն ընկել էին Մանաշիդ եւ Բուզլուխ գյուղերը: Գյուղերի բնակչությունը հավաքվել էր Վերին Շենում: Այստեղ մարտնչողների շարքում էր նաեւ Համլետ Մինասյանը:

Համլետ Լալազարի Մինասյանը ծնվել է 1958թ. Թուրքմենստանի Մարի քաղաքում: «Համլետը դեռ մանկուց երազում էր դառնալ զինվորական,- մեզ հետ զրույցում ասաց հայրը՝ Լալազարը,- և միջնակարգն ավարտելուց հետո նույն տարում ընդունվեց ԽՍՀՄ-ում լավագույն համարում ունեցող Կամենեց-Պոդոլսկի բարձրագույն ինժեներական զինվորական ուսումնարան (Ուկրաինա), որն ավարտեց 1979-ին»: Բարձրագույն զինվորական կրթություն ստանալուց հետո ծառայել է Էջմիածնում, Նախիջևանում, Կամչատկայի Պետրոպավլովսկում, Չիտայում, Օրջոնիկիձեում: 1985թ. Համլետ Մինասյանը զորացրվել է և վերադարձել Երևան` աշխատանքի անցնելով ամրանների գործարանում:

1988թ. Համազգային շարժումը նոր էջ է բացում Համլետ Մինասյանի կենսագրության մեջ: Երբ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ու Արցախում սկսվում են ռազմական գործողությունները, նախկին զինվորականը մեկնում է ճակատ, մասնակցում բազմաթիվ մարտական գործողությունների: Գրեթե բոլոր սահմանամերձ շրջաններում իրականացնում է մարտական հատուկ առաջադրանքներ` ամենադժվարին իրավիճակներում անգամ աչքի ընկնելով իր կազմակերպվածությամբ, կարգապահությամբ, խիզախությամբ ու անմնացորդ նվիրումով: 1991թ. հուլիսի 24-ին Համլետը կամավոր ծառայության է ընդունվում ՀՀ կառավարությանը կից պաշտպանության պետական կոմիտեում` ստանձնելով հետախուզության բաժնի ավագի պաշտոնը: 1991թ. դեկտեմբերի 4-ին նա Իջևանից հետ է կանչվում և գործուղվում «Հատուկ շրջան»` Շահումյանի միասնական կամավորական ջոկատների հրամանատարության տրամադրության տակ: Համլետ Մինասյանի գործուղման մասին, որը վերջինը դարձավ նրա համար, հիշում է հետախուզության նախկին պետ Իվան Ղուկասովը. «Համլետը Իջեւանից մեկնեց Շահեն Մեղրյանի մոտ` փայլուն լուծելով ականազերծման խնդիրները: Շահեն Մեղրյանի հրամանատարությամբ գործող ազատամարտիկների խումբը դեկտեմբերի 9-ին սկսեց հարձակողական գործողությունները Էրքեջ և Թոդան գյուղերի ուղղությամբ, որոնց ազատագրումից հետո հնարավոր պիտի դառնար առաջխաղացումը Մանաշիդ-Բուզլուխ և Կամո-Ազատ գյուղերի ուղղությամբ: Համլետը ամենուր նրանց հետ էր` իր անձնական օրինակով ոգևորելով ու սխրանքների մղելով մարտական ընկերներին»: Բայց, ավա~ղ, հայրենյաց զոհասեղանին բարձրացան հինգ կտրիճներ, որոնցից մեկը Համլետն էր:Համլետի մարտական ընկեր «Փոքր Մհեր» կրթահամալիրի նախկին տնօրեն, գնդապետ Արայիկ Մուրադյանը անսահման կարոտով հիշում է. «Համլետ Մինասյան. Շատ կուզենայի տեսնել նրան նորից, խոսել ու շատ բան իմանալ նրանից: …Կարոտը խեղդում է… Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, գիտակցելով, որ հայրենիքն իր նման սպաների կարիքն ունի, եւ եկել է ժամանակը իսկապես ծառայելու մայր-հայրենիքին, նա կամավոր զինվորագրվեց ու մեկնեց ճակատ: Բարձրահասակ էր, թիկնեղ, բարի, անսահման համեստ, բայցեւ չափազանց խստապահանջ` առաջին հերթին ինքն իր նկատմամբ, մեծ ստրատեգ էր, բանիմաց, գրագետ կադրային սպա: Որքան շեներ ու գյուղեր, բարձունքներ ու կարեւոր մարտավարական նշանակություն ունեցող դիրքեր են գրավվել Համլետի հետախուզած, չափագրած ու զորքերին մատուցած ռազմավարական քարտեզներով… Համլետն աչքի էր ընկնում ոչ միայն իր ակտիվությամբ, այլև լայն մտահորիզոնով, տաղանդավոր երիտասարդ էր ու շատ ազնիվ»:

«ՄԵԾ ՍՏՐԱՏԵԳ ԷՐ, ԿԱԴՐԱՅԻՆ ՍՊԱ»Նրա կիսանդրին տեղադրված է «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, հերոսի անունով են կոչվում Երևանի թիվ 62 հիմնական դպրոցում բացված ռազմագիտության դասասենյակը, ինչպես նաև Սյունիքի մարզի Հարժիս գյուղի դպրոցը։ Նաեւ կենսագրական փաստերի հիման վրա հրատարակվել է  «Մեր Համոն» գրքույկը։

Զոհվելուց մեկ օր առաջ Համլետն իր ծոցատետրում գրել է.

Ու թե ընկնեմ հանուն Արցախի,

Շիրմիս շաղ չտաք ծաղիկներ ու լաց,

Տղե՛րք, ջնջեցեք թշնամուն վայրի,

Որ հայոց հողում ես ննջեմ խաղաղ:

 

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ