Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ



ՆԱԽԱԲԱՆ

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄՀամաշխարհային ռազմարվեստի պատմության նոր շրջանն սկսվում է XIX դարից: Դեռ XIX դարի առաջին կեսին եվրոպական ռազմական թատերաբեմը հեղափոխական կորսիկացու «ոտքերի տակ էր»: Նրա բանակները հյուսիսից հարավ, արեւմուտքից արեւելք հաղթանակներ էին տոնում: Նապոլեոնի բանակների հաղթանակները, սակայն, ռազմական գործում իրենց վերջին շունչը ապրող զենքերով` մուշկետներով, հարթափող հրետանիով էին իրագործվում: Մեծ կորսիկացու մահից ընդամենը կես դար հետո աշխարհում ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, որն, իհարկե, առաջին հերթին կապված էր «նոր տեսակի» մարդու` ազատ քաղաքացու, հեղափոխություն կատարած մարդու հետ: Ռազմական գիտությունը այդ ազդեցության տակ կրեց զգալի փոփոխություն: Ասում են` պարտված կողմը ավելի արագ է դասեր քաղում, հենց այս օրինաչափությամբ էլ Բոնապարտից հաճախ պարտվող գերմանական պետություններն ու բանակները նոր որակի ու մակարդակի ռազմական գիտության ստեղծման ջատագովը դարձան:

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄՆոր տիպի զենքերի ու մարտավարության փոփոխման համար կարեւոր դեր խաղաց նաեւ Ղրիմի կամ Արեւելյան պատերազմը (1853-1855թթ.): Փորձը ցույց տվեց, որ ակոսավոր հրազենի ի հայտ գալը եւ հրետանու կրակի կենտրոնացման լայնորեն կիրառումը շարասյուները դարձնում են խոցելի թիրախներ: Այդ պատճառով 1854թ. սեպտեմբերի 20-ին Ալմայի ճակատամարտում անգլո-ֆրանսիական հետեւակի ակոսավոր շտուցերների կրակի տակ ռուսական զորքը տարերայնորեն ցրվեց` թաքնվելով տեղանքի ծալքերի հետեւում եւ փորձելով դեպի հակառակորդի դիրքերը շարժվել շղթայով: Այս մարտավարական հնարքը կանխամտածված օգտագործվեց 1854թ. նոյեմբերի 5-ին՝ Ինկերմանի ճակատամարտում: Ղրիմի պատերազմում ի հայտ եկած նորամուծությունները, սակայն, հիմնարար չէին եւ դեռ մշակման կարիք ունեին:

XIX դարի երկրորդ կեսին տեղի ունեցած ամերիկյան քաղաքացիական պատերազմը (1861-1865թթ.) շատ բան փոխեց ռազմական գործում: Ամերիկյան քաղաքացիական պատերազմի սկզբում հիմնականում սիրողական մակարդակի բանակներն ու ղեկավարությունը նույնպես կրում էին ֆրանսիական (նապոլեոնյան) ազդեցություն: Սակայն ժամանակի հետ փորձ ձեռք բերեցին, ինչին նպաստեցին տեխնիկական զարգացածությունը` հատկապես հյուսիսում, ինչպես նաեւ պրուսական դպրոցի մեծ ազդեցությունը: Պատերազմի ժամանակ ամերիկյան բանակում գործում էին ոչ միայն ամենաառաջատար գերմանացի սպաներ, այլեւ ամբողջական գնդեր, իսկ պատերազմի ավարտին` նաեւ ամբողջական կորպուս: Այս պատերազմում առաջին անգամ երկաթգծով զորքերի տեղաշարժեր կատարվեցին, ինչի շնորհիվ Հարավը 1861թ. հուլիսի 19-ին հաղթեց առաջին ճակատամարտում: Ամերիկյան բանակները այդ տարիներին ստացան բազմալիցք հրացաններ, արդիական ատրճանակներ, փակաղակով հրանոթներ եւ այլն:

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄՍա, ըստ էության, արդյունաբերական դարաշրջանի առաջին պատերազմն էր: Այս պատերազմում առաջին անգամ կիրառվեցին օդապարիկները, գնդացիրները, ակոսափող հրետանին, զրահանավերը եւ այլն: Դրանք նորամուծություններ էին, որոնք հետագայում մեծ կիրառություն գտան այլ աշխարհամասերում:

ԱՄՆ-ը ստրկատիրության վերացումից հետո միանգամից ցատկ կատարեց եւ արդյունաբերական առաջընթացի հաշվին բազում նորամուծություններ մտցրեց ռազմական գործում, նույնիսկ դարձավ դրանց արտահանողը: Եվրոպական շատ բանակներ, այդ թվում նաեւ Ռուսական կայսրության բանակը, երկար ժամանակ զինված էին հենց ամերիկյան հրաձգային զենքերով: Մասսայական զորահավաքային բանակները, նոր տեսակի զենքերն ու զինամթերքը միասնաբար հեղաշրջում մտցրին պատերազմական գործում: Մասնավորապես՝ կարեւոր էին փողի հետեւի կողմից լիցքավորվող, փակաղակով, պողպատե փողով թնդանոթները, ակոսավոր եւ ավտոմատ հրազենը եւ դրանց արագաձգությունը մեծացնելու հնարավորություն տվող միասնական, մետաղե պարկուճով փամփուշտները, ինչպես նաեւ գրեթե նույն սկզբունքով ստեղծված հրետանային զինամթերքը: Նույն ժամանակ չափազանց մեծ դեր խաղացին նաեւ ռադիոկապը, շոգեշարժիչը, ներքին այրման շարժիչը, օդապարիկներն ու դրանց փոխարինած օդանավերը եւ այլն: Դրանք իրենց ազդեցությամբ «հասունացնում էին» նոր պատերազմները, որոնք, բացի ռազմատեխնիկական ազդեցությունից, նավատորմի ու երկաթգծի զարգացման հետ մեկտեղ ստեղծել էին բոլորովին նոր մակարդակի տնտեսաքաղաքական իրավիճակ:

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ1866թ. պատերազմում, որը երբեմն անվանում են ավստրո-պրուս-իտալական, երբեմն էլ` գերմանական պատերազմ, ռազմական գործը մեծ առաջընթաց արձանագրեց զորքերի կառավարման ու մեծ զորամիավորումների համաձայնեցված գործողությունների առումով: Այս պատերազմում սկիզբը դրվեց գերմանական ապագա կայծակնային հաղթանակների, որոնք աշխարհը պիտի ցնցեին: Այստեղից սկսվեց գերմանական ռազմական մտքի համաշխարհային նոր վերելքը, որը նաեւ նապոլեոնյան պատերազմների լավագույն սինթեզն էր: Նոր տեսակի զենքերի, բազում մարտավարական նորամուծությունների հետ մեկտեղ ռազմական գործում հաստատուն տեղ հատկացվեց Գլխավոր շտաբին, կարեւորվեցին օպերատիվ պլանավորումը, խոշոր զորամիավորումների համաձայնեցված գործողությունները, զորքերի կառավարման ու ապահովման բազում հարցեր:

Նոր մարտավարությունն իր առավելությունները ցույց տվեց 1870-1871թթ. ֆրանս-պրուսական եւ 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Մարտադաշտում սկսեցին «կիրառել» վազքն ու ինքնուրույն խրամատավորումը: Պաշտպանության ժամանակ փորվում էին խրամատներ ու խրամուղիներ: Սա իրավիճակային լուծում էր, որը հիմնարար ամրապնդում չունեցավ կանոնադրությունների տեսքով: Այս եւ հաջորդող փոքրամասշտաբ պատերազմներում տեղի էին ունենում մարտավարության տարրերի արագ փոփոխություններ:

Աշխարհը վերաբաժանելու համար ծագած առաջին ռազմական բախումը իսպանա-ամերիկյան (1898թ.) պատերազմն էր, որի ժամանակ ծովամարտերում առաջին անգամ կիրառվեցին շոգենավեր: Ամերիկյան կողմը տեխնիկական շեշտակի առավելություն ուներ իսպանական կողմի նկատմամբ: Սա, ըստ էության, ԱՄՆ-ի՝ որպես նոր համաշխարհային կայսրության, առաջին հավակնությունների ցուցադրումն էր:

Անգլո-բուրական (1899-1902թթ.) պատերազմի ժամանակ առաջին անգամ կիրառվեցին բազմալիցք ու միասնական հրացանային փամփուշտներով հրացաններ, գնդացիրներ եւ հեծյալից հետեւակ ու հետեւակից հեծյալ ձեւաչափը:

ՌԱԶՄԱՐՎԵՍՏԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄՌուս-ճապոնական (1904-1905թթ.) պատերազմը առաջադրեց ականանետների, փակ կրակային դիրքերից կրակի լայն կիրառումը, մարտավարության վրա գնդացիրների ազդեցությունը (Մուկդենյան ռազմագործողության ժամանակ ռուսական բանակը ճապոնական բանակից լինելով մեծ մոտավորապես 20%-ով, ուներ չորս անգամ քիչ գնդացիրներ), թեւանցումների եւ շրջանցումների լայն կիրառությունը: Պատերազմում առանձին ռազմագործողությունների իրականացման նոր, մասշտաբային փորձեր եղան: Սա Ճապոնական կայսրության առաջին համաշխարհային հավակնություններն էին:

Այսպիսով՝ 1860 թվականներից մինչեւ նոր դարի առաջին տարիները, ռազմական գործը աննախադեպ զարգացում ունեցավ: Դրանում հիմնական դեր խաղաց արդյունաբերության զարգացումը: Եվ եթե նորագույն միջոցների ներդրման հետ մեկտեղ ամերիկյան բանակները մարտավարապես այնքան էլ գրագետ չէին գործում, քանի որ առաջին անգամ էին դրանք կիրառում, իսկ գերմանական զորքերը կամաց-կամաց կյանքի էին կոչում օպերատիվ արվեստի նորությունները, ապա ճապոնական բանակը ռուսական բանակի դեմ կիրառեց այդ ամենի հղկված ու գրագետ առաջին տարբերակը:

Մեծ Բրիտանիան շարունակում էր լինել առաջին կայսրությունը աշխարհում. Ավստրո-Հունգարիան եւ Ռուսաստանը թուլանում էին, իսկ Գերմանիան միավորումից հետո աննախադեպ զարգացում ապահովեց եւ համառորեն փորձում էր գերազանցել Մեծ Բրիտանիային: Բոլոր հզոր կայսրությունները արագորեն փորձում էին արդյունաբերական նորամուծությունները կիրառել իրենց բանակներում, իսկ բանակները վերակառուցել այնպես, որ կարողանան այդ ամենը գրագետ կիրառել: Բոլոր երկրներում ակտիվորեն բանակները մեծանում ու զինվում էին, ստեղծվում էին նոր տեսակի շտաբներ եւ ծրագրավորում:

 

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #23 (1245) 13.06.2018 - 19.06.2018, Ռազմական


13/06/2018