Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԲԵՐՁՈՐՈՒՄ



 

ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԲԵՐՁՈՐՈՒՄԱշխարհում ամենաշատը երեխաներն ունեն պաշտպանության, սիրո ու խնամքի կարիք: Բերձորի երեխաներն` առավել եւս, որովհետեւ նրանք ապրում են մի երկրում, որի յուրաքանչյուր խաղաղ լուսաբացի եւ անխռով գիշերվա համար մեծերը զօր ու գիշեր զենքը ձեռքին հսկում են հայրենիքի դարպասները: Ու պատահական չէր, որ հունիսի մեկին Բերձորի մանկապարտեզի բակում մանուկները ասֆալտի վրա արեւ ու ծաղիկ, տուն ու անտառ, լուսավոր ժպիտներ էին նկարում: Մանկապարտեզի երեխաներին միացել էին բերձորցի եւ մոտակա Ներքին Սուսի դպրոցականները: Հետո հեքիաթի աշխարհից եկան սիրելի մուլտհերոսները, պարեցին, գնդակ խաղացին…

Դժվար է ասել՝ օրն ավելի մեծ բերկրանք պատճառեց փոքրիկներին, թե մեծերին, որոնք ըմբռնում էին տոնի խորհուրդը ու նրանց համար գույնզգույն փոքրիկներով, զրնգուն ծիծաղով, մանկական ծլվլոցով զարդարուն մանկապարտեզը հաղթանակի, խաղաղության ու երջանիկ ապագայի մարմնավորումն էր:

Փոքրիկներին «իրենց լեզվով» շնորհավորանքի խոսք ասաց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը:  Հետո մանկապարտեզը ներկայացրեց իր ծրագիրը` տնօրեն Իննա Բաբայանի գլխավորությամբ` հեքիաթի բեմականացում, մարզական եւ մշակութային ելույթներ, ասմունք, երգ ու պար: Փոքրիկները նաեւ նվերներ ստացան. շրջանային արհմիությունը, անհատ ձեռներեցները չէին մոռացել անգամ փոքրիկներին քաղցրահամ պաղպաղակ հյուրասիրել:

Օրն իսկապես տոն դարձավ ոչ միայն փոքրիկների, այլեւ շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանի, ծնողների ու բերձորցիների համար, որոնք ավուր հոգսերը վանել, միացել էին փոքրիկներին ու վայելում էին խաղաղ Բերձորի լուսավոր օրվա բերկրանքը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Բանակ և հասարակություն


07/06/2018