Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՌՕՐՅԱ  ՍԵՄԻՆԱՐ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄ



ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՌՕՐՅԱ  ՍԵՄԻՆԱՐ  ԱՂՎԵՐԱՆՈՒՄՀունիսի 2-ից 4-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Եվրոպայի համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական կլոր սեղան հիմնադրամի օժանդակությամբ և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ Աղվերանի գեղատեսիլ բնության գրկում  ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության գնդերեցների մասնակցությամբ տեղի ունեցավ եռօրյա սեմինար վերապատրաստում՝ «Զինծառայողներին հոգևոր և հոգեբանական կայունության ապահովում» թեմայով։

Կոնֆերանսը բացվեց ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքով և աղոթքով:

Կոնֆերանսին բանախոսություններով հանդես եկան վաստակաշատ հոգեբաններ Մարինե Սահակյանը («Զինվորի անհատական տիպոլոգիական առանձնահատկությունները», «Անձի ներգործության հոգեբանական մեխանիզմները»), Տ. Սմբատ քահանա Սարգսյանը («Զինծառայողի հոգեխնամքը»), Վարդան Խաչատրյանը («ՀՀ-ում պաշտպանական աշխարհաքաղաքական հիմնախնդիրները և կրոնական գործոնը») և Կամո Վարդանյանը («Դեստրուկտիվ վարքը՝ որպես հոգեբանության հիմնախնդիր», «Հոգևոր սպասավորների մասնագիտական գործունեությունը բանակում ինքնասպանությունների կանխարգելման գործում»):

Հընթացս ժողովականները գործնական աշխատանքով և խմբային քննարկումներով ստացած գիտելիքներն ամրապնդելու հնարավորություն ունեցան:

Կոնֆերանսը միասնաբար տարբեր խնդիրներ հաղթահարելով առավել աննկուն բանակ կառուցելուն, հայ սպային ու զինվորին նոր գիտելիքներ ու փորձառություն փոխանցելով ավելի հավատավոր և ամուր դարձնելուն էր միտված:

Կոնֆերանսի ավարտին առաջնորդ սրբազան հայրն իր հորդորն ու մաղթանքը հղեց Հայ սպային ու գնդերեցին, առավել նվիրյալ ու ջանադրորեն կատարելու յուրաքանչյուրն իր առաքելությունը՝ ի փառս Աստծո և ի հզորություն հայրենի երկրի:

Սրբազան հոր հանդիսապետությամբ միասնական աղոթքից հետո գնդերեցները վերադարձան իրենց զորամաս՝ առավել իմաստնացած ու նվիրվածորեն շարունակելու սրբազան առաքելությունը հայրենի երկրի և հայ զինվորի հանդեպ:

 

Նարեկ սարկավագ Պետրոսյան

ՀՀ ԶՈՒ ԳՆԴԵՐԵՑ

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Հոգևոր-մշակութային


07/06/2018