Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸ



ԼՈՒՍՆԻ ՀԱԿԱՌԱԿ ԵՐԵՍԸԻնձ միշտ հետաքրքրել են առեղծվածները: Այնտեղ, ուր ստվերներն են, ուր հայացքդ ներս չի թափանցում, կյանք կա: Ցավ, հույս, զգացմունքներ: Երբ փոքր էի, մայրս պատմում էր. «Գալիս է առավոտը, ու Լուսինը դառնում է փոքրիկ, չարաճճի տղա: …Մի անգամ նա խանգարում է տատիկին, որը հաց էր թխում, ու տատը խմորոտ ափով թեթեւ ապտակում է նրան: Մինչ օրս ապտակի հետքը դաջված է Լուսնի այտին, որ չմոռանա տատիկի խրատը»: Մայրս հեքիաթ էր պատմում ու երկնքին նայելով՝ ցույց էր տալիս լուսնի խմորոտ այտը: Իսկ ես ուրիշ բան էի մտածում:

-Ի՞նչ կա լուսնի հակառակ կողմում:

Մայրս պատասխան չուներ: Իսկ ինձ միշտ ձգել են անպատասխան հարցերը:

…Համալսարանը նոր էի ավարտել, երբ պատահաբար կարդացի մի տղայի մասին, որը դաժանաբար սպանել էր իր ազգականի աղջկան ու թաքցրել մարմինը: Դրդապատճառ գրեթե չկար: Ե՛վ հարեւանները, ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ աշխատանքային ընկերները մարդասպանին բնութագրել էին որպես բարեսիրտ, մեղմ, կիրթ տղա: Պարադոքս էր: Ու ես ամեն ինչ արեցի, որ մահվան դատապարտվածների մեկուսարան մտնելու թույլտվություն ստանամ:

Գեղեցիկ, կապուտաչյա տղա էր, երևի 24-25 տարեկան: Նուրբ ու գունատ: Ես մոտ կես ժամ մի քանի ոստիկանի հսկողությամբ զրուցեցի մարդասպանի հետ մահապարտների մեկուսարանում ու փորձեցի տեսնել «լուսնի հակառակ երեսը»:

«Սթափ չէի: Ինձ թվում էր` այդ ամենը կատարվում է էկրանի վրա, մղձավանջ է կամ սարսափ ֆիլմ: Ու կապ չունի ինձ հետ»: Հիմա չեմ հիշում՝ գիտակցությունը մշուշվելու աստիճան հարբա՞ծ էր եղել, թե՞ թմրանյութի ազդեցության տակ: Բայց, եղել էր այն, ինչ եղել էր: Տղան աղերսում էր, որ օգնեմ իրեն: Օգնեմ, որ մահապատիժն ի կատար ածեն: Նա միակն էր մահվան դատապարտվածների մեկուսարանում, որ ներման, այսինքն` ապրելու խնդրանքով չէր դիմել հանրապետության նախագահին: «Ներումն ինձ համար չափից դուրս մեծ պատիժ կլինի: Ներում ստանալ` կնշանակի ապրել: Սա է դժոխքը՝ այս խղճի բեռը, այս զղջումը»: Ես այդպես էլ վերնագրեցի իմ հոդվածը` «Սա է դժոխքը»: Այդ օրվանից թմրադեղ կոչվող հրեշը իմ մտապատկերում մարմնանում է մահապատժի դատապարտված երիտասարդ տղայի մահ աղերսող աչքերով: Նրա, ով մինչև հատակն  ըմպել էր ցավի բաժակն ու սեփական տառապանքով չափել խղճի բեռ կոչվածի ամբողջ ծանրությունը:

Ես եկա ու կանգնեցի անդունդի եզրին, չափելու նրա խորությունը, որովհետեւ ես հասկացա, որ նրա ամենակուլ երախը կարող է հասնել յուրաքանչյուրին, առանց հարցնելու` հարուստ ես, թե աղքատ, խելացի ես, թե անխելք, առաքինի ես, թե անբարո: Հոդվածը մեծ արձագանք ունեցավ:Գուցե միամտություն է այդպես մտածելը, բայց ես համոզված էի, որ իմ հոդվածը գոնե մի քանի մարդու ճակատագիր է փրկելու: Բռնելու է դժոխքի դուռը թակող մի քանի ձեռք:

…Շատ տարիներ առաջ մեր բակում մի տղա էր ապրում` գեղեցիկ, բարեկիրթ, խելացի, ծանրակշիռ: Ասում էին՝ դպրոցը ոսկե մեդալով է ավարտել ու համալսարանի իրավաբանական ֆակուլտետում է սովորում: Ես հիացած էի նրանով, ինչպես 4-րդ դասարանում հիացել էի Վոյնիչի Բոռով: Տասներորդ դասարանում տարվել Ջեկ Լոնդոնի Մարտին Իդենով: Ու պաշտել Մեծն Գեթսբիին: Ես այն ժամանակ չգիտեի, որ ինչ-որ նախախնամությամբ կարող է հեռավոր կապ լինել իմ սիրելի գրական հերոսների ողբերգական ճակատագրերի ու այն տղայի միջեւ, որն ապրում էր մեր բակում:

…Օրեր առաջ էր. եկեղեցու բակում ցնցոտիների մեջ փաթաթված տղամարդն ինձ տեսնելով՝ աշխուժացավ ու սկսեց օրհնել: …Մուրացկանին գումար տալիս ես շատերի նման հեռվից չեմ նետում փողը, խոնարհվում եմ` մինչեւ ձեռքս հասնի գետնին: Երբ կռացա, տեսա մուրացկանի աչքերը: Ես ճանաչեցի նրան: Անգամ փարթամ մազ-մորուքն ու խռիվ մազերը, կնճիռներն ու աչքերի խամրած փայլը չխանգարեցին, որ ճանաչեմ մեր բակի տղային: Սիրտ չարեցի ինչ-որ բան հարցնել: Փողը տվեցի ու գրեթե վազելով հեռացա: Հետո իմացա՝ սկզբում սկսել է հարբել, ապա անցել է թմրադեղերի: Կինն ու երեխաները լքել են:

…Ինչո՞ւ: Ինչպե՞ս: Ե՞րբ է մարդը առաջին անգամ ձեռքը վերցնում օղու բաժակը` դրա մեջ խեղդելու հիասթափություններն ու ցավերը: Ե՞րբ է առաջին անգամ անիրական աշխարհում ժամանակավոր փրկություն գտնելու վճիռ կայացնում:

-Ի՞նչ գործ ունես,- ասում է գործընկերս` ուղղելով սպայական ուսադիրները, դու ապրիլյան պատերազմի հերոսների մասին գրիր, հայրենիքը անառիկ պահող սպաների ու զինվորների: Քե՞զ ինչ, թե ինչ կա հատակում: Թշվառներով թող ուրիշներն զբաղվեն, քոնը հերոսներն են…

…Հատակում: Թշվառները: Երբեք չես իմանա, թե ում համար են ղողանջում եկեղեցու զանգերը, եւ ում մահն է գուժում սևով շրջանակված ազդագիրը: Մի առակ հիշեցի: Մկնիկը տեսնում է, թե ինչպես է տանտերը թակարդ տեղադրում: Նա կատարվածի մասին խուճապահար պատմում է հավին, ոչխարին, կովին, բայց նրանք անտարբեր ասում են, որ թակարդը իրենց համար չէ, եւ իրենք մտահոգվելու պատճառ չունեն: Հետո պատահաբար թակարդում հայտնվում է օձը: Որը խայթում է տանտիրուհուն: Ու նրան բուժելու ծախսերը հոգալու համար տանտերն ստիպված է լինում մորթել ե՛ւ հավին, ե՛ւ ոչխարին, ե՛ւ կովին:

…Որտե՞ղ է անդունդը: Գուցե հենց մեր կողքին է: Եվ որքան է տարածությունը գագաթից մինչեւ հատակ: Ե՞րբ, ո՞րն է այն ճակատագրական պահը, երբ անկումը այլեւս դառնում է անկասելի:

Ապրիլյան պատերազմը հաղթած սպաներից մեկն է պատմել, որը «Մարտական խաչ» ուներ կրծքին: Երկու ընկեր էին, երկուսն էլ ուզում էին զինվորական դառնալ: Լավ էին սովորում, մարզվում էին, կոփում մկանները, բանակների, ճակատամարտերի ու զենքերի մասին գրքեր էին կարդում: Բայց մի դիպված ճակատագրական եղավ: Ռուսաստանից եկավ տղաներից մեկի քեռին: Ու մի քանի ամիս մնաց Երեւանում: Ընկերները այդ ընթացքում հազվադեպ էին տեսնվում, որովհետեւ նրանցից մեկը միշտ քեռու հետ էր, ուղեկցում էր նրան խնջույքից բար, ռեստորանից ինչ-որ հյուրասիրության: Այդպես սկսեց խմել, մի օր էլ անսթափ բռնեց մեքենայի ղեկը: Ու հետագա կյանքը շարունակեց հաշմասայլակի վրա: Օղու դառնության մեջ անվերադարձ թաղելով բոլոր երազանքները:

Ես այս պատմությունը պատմում եմ գործընկերոջս, որի կարծիքով՝ բանակի հոգսերն ինձ հերիք են, ու «օտար տարածք ներխուժելու» կարիք չունեմ:

-Նա կարող էր «Մարտական խաչ» ունենալ կրծքին,- ասում եմ,- Հայաստանում չկա օտար տարածք, որովհետեւ փոքրիկ, պատերազմող երկրում ժողովուրդը զորք է, երկիրը` բանակ:

…Ես պեղում եմ համացանցը: Անհոգ սառնասրտությամբ էկրանին թվեր են գրվում, տոկոսներ… որոնց հետեւում մարդկային ճակատագրեր են, կործանված ընտանիքներ, ցավ, տառապանք… Համացանցը մեկը մյուսի հետեւից տարբեր վերնագրեր է շարում անգլիալեզու պարբերականներից՝ «հայտնի թմրամոլները», «մահացել են թմրադեղի մեծ չափաբաժնից», «թմրամոլներ, որոնք իրենց կյանքն ավարտել են ինքնասպանությամբ»:

-«Կյանքը մի մեծ սուտ է,- ասում էր իմ ընկերը, որը, բարեբախտաբար, կարողացավ «վերադառնալ» ստվերների աշխարհից,- կյանքը մենք ենք հորինել, ոչինչ իրական չէ` ո՛չ ցավը, ո՛չ երջանկությունը, ո՛չ տառապանքը, ո՛չ սերը: Այդ դեպքում` ինչո՞ւ չգնալ ավելի անցավ ու երանելի աշխարհ»:

Հիմա, երբ դժոխքը մնացել էր հետևում, նույն այդ ընկերս ասում է.

-Երբ դու մոլորվում ես ու չես գտնում ելքի ճամփան, ինչ-որ մեկը պիտի բռնի ձեռքդ ու դուրս բերի լաբիրինթոսից: Պիտի փոքրիկ լույս վառի խավարում` փարոսի նման, որ հետքով գտնես լույսի ճանապարհը:

Ինչ-որ մեկը: Ամենասովորական մեկը:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Հոգևոր-մշակութային


07/06/2018