Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՐԸ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ
«ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՐԸ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ

«ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՐԸ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸՍարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհի երկայնքով Արցախյան ազատամարտի, քառօրյա պատերազմի եւ Սարդարապատի ճակատամարտի հերոսների նկարներն են:  Այստեղ շտապող կարմիր, կապույտ, ծիրանագույն գլխարկներով հազարավոր քաղաքացիները, սփյուռքից ժամանած հայրենակիցները, օտարերկրյա հյուրերը մի պահ կանգ են առնում՝ հիշելու եւ հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին, ապա զբաղեցնում են իրենց տեղերը՝ մասնակցելու Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառմանը: Հարյուր տարի առաջ մայիսին` Երեւանից ոչ հեռու, հայ ժողովուրդը կռիվ էր տալիս հայրենիքի վերջին կտորը պահպանելու համար: Ղարաքիլիսա, Բաշ Ապարան, Սարդարապատ. ծանր ճակատամարտեր եւ վճռորոշ հաղթանակներ, որ վերականգնեցին անկախությունը: «Հաղթանակների դարը» խորագրով միջոցառումը հերոսամարտերը ոգեկոչելու խորհուրդ ուներ: Տոնակատարության մեկնարկը տրվեց ժամը 11-ին՝ զանգերի ղողանջով: Զորահանդեսի հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը հրահանգավորեց հանդիսությանը մասնակցող ստորաբաժանումներին, ապա զորահանդեսին պատրաստ լինելու մասին զեկուցեց վարչապետին:  «Հայոց փառապանծ մարտիկներ, ողջունում եմ ձեզ»,-հպարտ շարասյուներով կանգնած զորախմբերին դիմեց Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ ծաղկեպսակ դրեց Մայիսյան հերոսամարտերի հուշակոթողին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքից հետո բարձրաստիճան պաշտոնյաները պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ շրջեցին ու ծանոթացան ցուցադրված զինտեխնիկային: Հայկական զինուժի գերճշգրիտ, գերժամանակակից զինատեսակների կողքին Սարդարապատի հերոսամարտին մասնակցած թանգարանային նմուշներն էին:

Սարդարապատի բարձունքից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ հղեց` շեշտելով, որ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմամբ հայ ժողովրդի պատմության մեջ տեղի էր ունեցել աննախադեպ իրադարձություն. «Առաջին անգամ հիմնադրվել էր պետություն, որտեղ իշխանությունը պատկանում էր ոչ թե թագավորին, ոչ թե իշխաններին, այլ ժողովրդին, քաղաքացիներին, և այդ պատճառով է այն կոչվել հանրապետություն: Իր պատմության մեջ առաջին անգամ հայ ժողովուրդը ոչ թե հպատակ էր, այլ քաղաքացի, ոչ թե ծառա էր, այլ տեր: Եվ սա ճակատագրական շրջադարձ էր»: Վարչապետը նշեց նաև. աներևակայելի էր, թե ինչպես ցեղասպանության ենթարկված, սրի քաշված, թալանված, ոչնչացման եզրին կանգնած ու ռազմաքաղաքական նախադրյալներ չունեցող հայ ժողովուրդը հաղթեց թուրքական բանակին. «Հայ ժողովուրդը հաղթեց, որովհետև իր պատմության վերջին չորս հարյուր տարում առաջին անգամ հույսը դրեց ոչ թե ուրիշների, այլ ինքն իր վրա»: Եվ ինչ տեղի ունեցավ ուղիղ հարյուր տարի անց՝ 2018թ. ապրիլ-մայիսին, կրկին մեր ժողովրդի միասնական կամքի հաղթանակն էր:

«ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԴԱՐԸ». ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՇԵՑ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸՎարչապետի ելույթից հետո մեկնարկեց զորահանդեսը՝ հարյուր տարվա երեք ռազմական հաղթանակները մեկ շքերթով: Երկնքում Սու-25-երը եռագույն գծեցին, իսկ զինված ուժերի դրոշակակիր խումբը շարահրապարակ բերեց մեր երկրի պետական եւ զինված ուժերի խորհրդանիշները, Աշոտ Երկաթի պատերազմական խաչը: Ֆիդայական երգերի ուղեկցությամբ հրապարակով անցան Առաջին Հանրապետության բանակային զորամիավորումները մարմնավորող զինվորականները, գնդացրով մարտակարգը, մայիսյան հերոսամարտերում վճռական ազդեցություն ունեցած հեծելազորը: Այնուհետեւ երթով անցան Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայկական դիվիզիաների զինվորներին կերպավորող խմբերը՝ համապատասխան հանդերձանքով:

Հերթը Հայաստանի Հանրապետության կանոնավոր բանակինն է: ՀՀ զինված ուժերի բանակային զորամիավորումների, ԼՂՀ պաշտպանության բանակի, խաղաղապահ բրիգադի, առանձին հատուկ նշանակության բրիգադի, ոստիկանության զորքերի, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները իրենց համաչափ քայլով հիացրին հավաքվածներին: Զորահանդեսին մասնակցեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանի կուրսանտները, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները, Արցախյան պատերազմի մասնակից երկրապահ կամավորականների,   հոգեւոր սպասավորների շարասյուները:

Միջոցառման ավարտին զորահանդեսի հրամանատար, գեներալ-մայոր Ա. Մակարյանն արձանագրեց. «Ամեն ինչ փայլուն էր»: Շքերթին ուշադիր հետեւած 82-ամյա Մեսրոպ պապը  բարեմաղթեց. «Թող մեր տղաները խաղաղ պայմաններում անցկացնեն բոլոր շարանցումները»: Սփյուռքահայ Գեւորգը համոզված ասաց. «Դեռ շատ հաղթանակներ ենք տոնելու»: Որդու ռազմական քայլերթին հետեւելու եկած տիկին Աննան էլ հուզվեց. «Նարեկս ու նրա ընկերները ամեն օր սահմանին վերահաստատում  են անկախ պետություն ունենալու մեր իրավունքը»: Զորահանդեսին մասնակցած ժամկետային զինծառայողներ Տիգրանն ու Արթուրն էլ էին ոգեւորված. «Մենք մեզ հետ դիրքեր կտանենք ժողովրդի սերն ու վստահությունը»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ