Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՅԻՍՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ



ՄԱՅԻՍՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՄեր հաղթանակների մայիսը՝ օրինաչափ, ճիշտ ժամանակին, սպասված, որ օղակ¬օղակ հավաքում է մեր մասնատ պատմությունը հաղթանակների ոսկեկուռ թելին՝ Ավարայրից մինչեւ Սարդարապատ, Մեծ հայրենականից մինչեւ Շուշի ու ազատագրված Արցախ։

Ավարայրը սկիզբ չէր։ Ավարայրը մայիս էր սառնաշունչ ու կորստաբեր ձմեռվանից հետո, որ խանդավառեց մեր սառած արյունն ու ռազմի դաշտ նետեց։ Այդ մայիսը ծաղկաբույր ու արեւաշատ չէր, բայց մայիս էր, մերն էր, քանի որ մենք բարեկիրթ խոնարհությամբ՝ որպես ստրուկ, որպես խամաճիկ չբռնադատվեցինք հպատակի պես։ Մենք սուր ճոճեցինք ու ընկանք։ Ընկանք հպարտ, պատվախնդիր։ Մայր հողն իր գիրկն առավ ոչ թե վախկոտ¬մորթվածի, այլ ըմբոստ¬զոհվածի հերոսական սիրտը ու ալ կակաչներով ծածկեց իրեն, սգասիրտ ու բոսոր, կորստաշատ ու հաղթական։ Հողը ներծծեց Վարդանանց ոգին, Ավարայրի մոխիրներից բարձրացավ, հառնեց փյունիկ թռչունն ու իր կենսահաստատ թռիչքով սավառնեց Հայաստանի վրա։ Ու ավետեց գալիք մայիսների հույսը։

«Հայաստան, երկիր դրախտավայր»,¬ ասել է բանաստեղծը՝ կորուսյալ դրախտի պատկերն իր հոգում, մինչդեռ հայրենիք-դրախտի քարտեզը ձեւել¬վերաձեւել են քոչվորն ու վաչկատունը, արյունարբուն ու բարբարոսը։ Նրանք չեն հաղթել։ Նվաճել են, սպանել, գողացել են, ոչնչացրել՝ պարտության դատապարտվածի հուսահատ դաժանությամբ, քանի որ ուրիշի հողը հայրենիք չի դառնում, ուրիշի դրախտը դժվար քարքարոտ լեռնակույտ է ընդամենը, որի մի բուռ հողը ամուլ է ու անպտուղ՝ օտար սերմի համար։ Այդ հողը ճանաչում է իր սերմը ու մեկը հազար է անում։ Թշնամին սահմաններ էր գծում զենքի, ուժի զորությամբ, մենք հայրենիքի սահմանները անխախտ էինք պահում մեր հոգում, մեր կարոտավառ աչքերի մեջ։ Թշնամին գերեվար հող էր ժառանգում իր սերունդներին, մենք հողի կարոտ էինք կտակում։ Իրական հողը ամրակուռ սահմաններով հայրենիք չէր դառնում թշնամու զավակի համար, մինչդեռ հայի հոգում հողի կարոտը հայրենիքի սեր էր դառնում, պաշտամունք, երկրպագություն։ Մենք հաղթում էինք պարտվելով, թշնամին պարտվում էր հաղթելով։ Մեր սերը խաչքար էր դառնում, եկեղեցի, կոթող։ Քարը շունչ էր առնում, խոսում¬պատմում էր հայերեն, հայաբարբառ, հայեցի, իսկ թշնամու ատելությունը մոխիր ու ավեր էր սփռում՝ օտարաշունչ, օտարաբառ, վանող։ Մենք հաղթում ենք կառուցելով, շենացնելով։ Թշնամին պարտվում էր տիրելով, ավերելով։ Թշնամին ասում էր՝ չկա, չի եղել, վանք ու մատուռ, խաչքար ու կոթող անթեղում էր հողի տակ, հողի տերերին բնավեր անում, ցրում աշխարհով մեկ։ Բայց երկրագնդի ամենահեռավոր ծայրում մենք կրկին խաչքար էինք կերտում, քարի վրա մեկիկ-մեկիկ ասեղնագործում էինք նվիրական անուններ՝ մեր հոգուց, մեր սրտից հանած. Վան, Մուշ, Սասուն, Անի… Ու կար` ասում էինք։ Ու կա՝ ասում ենք։ Ու լինելու է։ Քանի որ կա մեր հոգու մեջ, մեր անպարփակ սիրո անդաստանում, մեր արյան ու գենի հիշողության մեջ։ Մենք զգում ենք նրան, ինչպես կտրված ծառն է զգում իր արմատը։ Կա` ասում ենք, ու լինելու է, քանի դեռ Ավստրալիայում ապրող հայն իրեն մշեցի է համարում, սասունցի, վանեցի։ Ու թե հարցնես` մանրամասն կպատմի, կնկարագրի իր տան տեղը, փողոցը, քաղաքը, որ գիտի մեծ տատի պատմածով ու ինքն էլ հաստատ իր թոռանն է պատմելու։ Ու Ավստրալիայում ծնված թոռը սասունցի, վանեցի, մշեցի է կոչելու իրեն։ Ասել կուզի՝ հաղթական մայիսներն ընդմիջող լռությունը, որ մենք թյուրիմացաբար պարտություն ենք համարել, նոր հաղթանակների ավիշ է եղել ու սնունդ՝ կենսառատ ու հաստատուն։ Ու ծնունդ է տվել Սարդարապատին։ Մեր կարոտը, ցավը, սերը, վրիժառությունը ամրակուռ բռունցք դարձած իջել է թշնամու քառատվող ողնաշարին ու հասկացրել, որ մենք իր լեզվով էլ խոսել գիտենք, որ մենք արարելու հետ կռվել էլ գիտենք ու մեզ պաշտպանելու չափ արիություն ունենք հաստատ։

Կրկին մայիս էր, հաղթանակ։ Հայերը Բեռլինում հայկական քոչարի պարեցին՝ խրոխտ, ճակատը բաց, հպարտ, քոչարին հաղթանակի ողջերթ դարձավ հայ քաջորդիների համար։ Բեռլինի պատերի տակ չլսվեց գեղգեղուն¬լպրծուն մուղամ ու բայաթի։ Մայիս էր, հաղթանակի ամիս, նոր հաղթանակի տեսլական։

Արցախը սկիզբ չէր։ Ակունքը դարերի խորքում էր, անպեղելի ու բազմախորհուրդ։ Հազարամյակների ճանապարհ կտրած եկել, հասել էր 21¬ի դարաշեմ ու ժայթքում էր հրաբուխի նման ու խփում էր շատրվանի պես։ Ո՞վ կնժարի իր մեջ դարեր ամբարած ուժը, ո՞վ կքննի նրա խորհուրդը, որ աշխարհասփյուռ իր զավակներին դարձրեց մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ բռունցք։ Որտեղի՞ց այսքան զորավար զորք չունեցող այս փոքրիկ ազգին։ Դարեր շարունակ մեր չկայացած զորավարների ոգի՞ն էր հառնել այս անբեղ, անմորուս տղաների սրտում ու մղում էր հերոսության։ Նրանց չմարած պարտքե՞րն էին տալիս այդքան շռայլ ու պարտաճանաչ։ Որտեղի՞ց այսքան երկրապահ այս փոքրիկ երկրին, ծովից ծով Հայաստանի կարո՞տն էր ծնել նրանց, Տիգրան Մեծի հայրենիքի բաղձալի տեսլակա՞նը։ Կռվում էին մեկը երեքի, տասի, հարյուրի դեմ։ Առասպել չէր, լեգենդ չէր, պատմություն էր՝ կենդանի, իրական։ Հայրենի հողը ուժ էր տալիս, հայրենի լեռներն օգնում էին, հայրենի ջրերը սպեղանի էին դառնում, հայրենի օդը կենդանություն էր տալիս։ Մեկը կասի՝ հաղթեց մեր ոգին, մյուսը կասի՝ ռազմական տաղանդը, երրորդը առաջնություն կտա մեր բազկի ուժին։ Ու Տիգրան Մեծի, Վարդանի, Նժդեհի, Անդրանիկի, Բաղրամյանի կողքին մեր հերոսական պատմությունը կգրի նոր անուններ՝ Վազգեն Սպարապետ, Մոնթե, Չաուշ… Ու մայիսը կսրբացնի իրեն նոր հաղթանակներով։ Ավարայրին, Սարդարապատին կմիանա մեր սերնդի հպարտությունը՝ Շուշին։ Մեր հաղթանակը՝ մայիսյան զինադադարով, որ վավերացրեց Արցախյան պատերազմում հայերի աներկբա գերազանցությունը։ Հավաստեց, որ մեծ Հայաստանի քարտեզը մեր հոգում փայփայելուց բացի, մենք կարող ենք սահմաններ գծել արյամբ։ Ու ստրուկ բառից ավելի ենք ամաչում, քան ագրեսորից։ Արցախը սկիզբ չէ։ Արցախը շարունակություն է։ Արցախը ճանապարհ է դեպի հայրենիք։ Դեպի դրախտավայր Հայաստան։ Արցախը նոր մայիսների ոգեկոչում է ու նոր հաղթանակների խոստում։

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #21 (1243) 30.05.2018 - 05.06.2018, Հոգևոր-մշակութային


31/05/2018