Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ…



 

ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ...Ստամբուլի մեծությամբ երկրորդ օդանավակայանը կրում է Թուրքիայի լեգենդար հերոսուհի, Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհա Գյոքչենի անունը:

Սաբիհա Գյոքչենը (1913-2001) Թուրքիայի  առաջին կին օդաչուն է, առաջին կին ռազմական օդաչուն:

Գյոքչենի կյանքի պատմությունը մինչ օրս էլ առեղծվածային քողով է ծածկված: Սակայն ամենամեծ առեղծվածը, թերեւս, կապված  է հենց նրա ծագման  հետ:

Թուրքական աղբյուրները պնդում են, որ  նա ծնվել է Բուրսայում, ծնողները բոսնիացիներ են, աղջնակը վաղ տարիքում կորցրել է նրանց, և 1925թ. նրան որդեգրել է Բուրսա ժամանած Աթաթուրքը և իր հետ Անկարա տարել:

Սաբիհան Աթաթուրքի ութ հոգեզավակներից մեկն էր եւ մյուսներից տարբերվում էր կաթնաթույր մաշկով եւ լուրթ աչքերով:

1934 թ. Թուրքիայում օրենք սահմանվեց ազգանուններ ունենալու մասին,  եւ  հավանական է, որ Քեմալը իր հոգեզավակին  հենց երկնագույն աչքերի համար կնքեց Գյոքչեն (թուրքերեն՝ երկինք) ազգանունով…

«Ապագան երկնքինն  է»,- սիրում էր կրկնել Աթաթուրքը եւ խանդավառությամբ հետեւում էր ավիացիայի զարգացմանը:

Երեւի հենց սա էր առիթը, որ նա երկնային ազգանունով հոգեզավակին  ուղղորդեց  ուսանելու քաղաքացիական ավիացիայի դպրոցում:

Սաբիհան հետագայում կատարելագործվելու եկավ ԽՍՀՄ, որտեղ նրա ուսուցիչը  փորձարկող օդաչու, ԽՍՀՄ հերոս Սերգեյ Անոխինն էր: Գյոքչեն Թուրքիայի ռազմական համակարգում բարձր դիրք էր զբաղեցնում եւ մեծ ճանաչում ուներ:

Սաբիհայի հայկական ծագման մասին առաջին անգամ  բարձրաձայնեց «Ակոս» թերթի խմբագիր  Հրանտ Դինքը, երբ  թերթի խմբագրություն էր դիմել Հայաստանից մի կին՝ Հռիփսիմե Սեբիլջյանը՝  Թուրքիայում իր ազգականին փնտրելու նպատակով:

Հռիփսիմեն գրել էր, որ  Սաբիհա Գյոքչեն  իր հարազատ մորաքույրն է, ներկայացրել էր իր մոր պատմությունը. ըստ Հռիփսիմեի  մոր՝ Տիրուհու` իրենք բնիկ  այնթապցիներ էին, մայրը՝ Մարիամ Սեբիլջյանն էր, հայրը՝ Ներսեսը, որն սպանվել  էր 1915թ.: Տիրուհին ունեցել է  հինգ եղբայր և մի քույր՝ Խաթունը,  որ հենց Սաբիհան էր: Ցեղասպանությունից հետո իրենց մեծ ընտանիքը մասնատվել է, եւ Խաթունը Տիրուհու հետ հայտնվել է որբանոցում, որտեղից էլ Քեմալ  Աթաթուրքը վերցրել է Խաթունին: Տիրուհին 1946թ. Սիրիայից Հայաստան է գաղթել, շարունակել է փնտրել քրոջը, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցել:

ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ...Հրանտ Դինքի այս նյութը՝ «Սաբիհա խաթունի գաղտնիքը» վերնագրով, հայտնվեց «Հյուրիեթ» թերթի առաջին էջերում:  Հրապարակումը հավասարազոր էր խաղաղ երկնքում  հզոր մի պայթյունի:

2004թ. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում նշվում է, որ փետրվարին «Հյուրիեթ» օրաթերթի հրապարակումը, թե՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակը հայկական ծագում ունի, մի շարք ռասիստական հրապարակային հայտարարությունների տեղիք է տվել: «Հյուրիեթի» հրապարակման աղբյուրը 2004թ. Հրանտ Դինքի «Ակոս» շաբաթաթերթում տպագրված հոդվածն էր, որը բացահայտում էր, որ Գյոքչենի իսկական անունը Խաթուն Սեբիլջյան է եղել:

Թուրքական իշխանությունների զայրույթը գագաթնակետին էր հասել, հազարումի հերքումներ էին տպագրել` այդ ամենը հայկական սադրանք համարելով: Նախ՝ պաշտոնական հերքում տպագրվեց, հետո փնտրեցին-գտան Աթաթուրքի որդեգրած աղջիկներից միակ ողջ մնացածին: Ծեր կինը հազարումի երդում էր տալիս, որ Սաբիհան հայ չէր  կարող լինել, քանի որ հայերեն գրեթե չգիտեր: Թուրք գենետիկներն էլ իրենց ամբողջ ջանք ու եռանդը ներդրել էին՝ հերքելու նրա էթնիկ հայ լինելու վարկածը, հազար փաստ ու փաստարկ բերելով,   որ թեեւ Սաբիհան տառապել  է երեւանյան հիվանդությամբ, բայց դա բնավ ոչինչ չի նշանակում. հիվանդությունը հանդիպում է նաեւ այլ ազգերի մոտ՝ արաբների, հրեաների, հույների…

Հերքումների տեղատարափ էր…

Ամեն դեպքում՝ թուրքերի հավատն իրենց ազգային հերոսների եւ հենց իրենց ծագումնաբանության առումով զգալիորեն խարխլվել էր, ամեն ոք փորձում էր ճշտել իր արմատները, էթնիկ ինքնությունը:

Ի դեպ, թուրքերի լեգենդար  օդաչուի  հայ լինելու մասին արժանահիշատակ վկայություն է տալիս նաեւ թուրքահայ  լեզվաբան,  պատմաբան Բարս Թուղրաջյանը, որի մասին տեղեկանում ենք թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» գրքից: Բարս Թուղրաջյանը մտերիմ է եղել Գյոքչենի հետ եւ պնդել, որ իրականում Սաբիհան իմացել է իր ծագման մասին եւ իրենց զրույցների ժամանակ երբեմն-երբեմն հայերեն բառեր է օգտագործել…

 

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #20 (1242) 23.05.2018 - 29.05.2018, Ճակատագրեր


25/05/2018