Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ



 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ,  ՀՀ սահմանամերձ տարածքներում եւ Արցախում ծառայող զինվորների ավելի քան 1500 ծնողներ այցելեցին իրենց հարազատների հիմնական ծառայության վայրեր, որտեղ զինվորական հրամանատարության կողմից ստեղծված էին բոլոր հնարավոր պայմանները:

Գնդապետ Արարատ Մելքումյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման ենթակա զորամասերից մեկի  շարահրապարակում նախատեսված ժամին տեղի ունեցավ սպասված հուզիչ հանդիպումը. զինվորները գրկախառնվեցին իրենց հարազատների հետ, իսկ ծնողներն ուրախության արցունքները սրբելով` երկա՜ր ողջագուրվում էին, զրուցում ու բարի ծառայություն մաղթում զինծառայողներին: Զորամասի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցեցին զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալը, զորամասի հրամանատարության ներկայացուցիչները, Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները, զինվորներն ու նրանց հարազատները:

Զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Թումանյանը ողջունելով ներկաներին` նշեց, որ այսօր հայ զինվորը շատ ավելի գաղափարապես պատրաստված է, ունի բարոյակամային բարձր հատկանիշներ: Նրանք Հայրենիքի հանդեպ իրենց զինվորական պարտքը կատարում են բարեխղճորեն, բարձր պատասխանատվությամբ:

Երեւանի քաղաքապետարանի զորահավաքային բաժնի պետ Արսեն Բաղրամյանը ողջունելով զինվորներին` շնորհակալություն հայտնեց երեւանաբնակ ծնողների եւ նրանց զինվոր զավակների հաճելի հանդիպման կազմակերպիչներին: Նա ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինվորների պարգեւատրեց Երեւանի քաղաքապետի շնորհակալագրերով:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

1-ին զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #19 (1241) 16.05.2018 - 22.05.2018, Բանակ և հասարակություն


17/05/2018