Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ԱՄԵՆԱԼԱՎՆ ԱՅՆ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ԴԻՐՔ ԵՆ ՊԱՀՈՒՄ»
«ԱՄԵՆԱԼԱՎՆ ԱՅՆ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ԴԻՐՔ ԵՆ ՊԱՀՈՒՄ»

«ԱՄԵՆԱԼԱՎՆ ԱՅՆ ՏՂԱՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ԴԻՐՔ ԵՆ ՊԱՀՈՒՄ»Արցախում ծառայող նորաթուխ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը քառօրյա պատերազմի օրերին, փրկելով զինակից ընկերոջ կյանքը, զոհվեց:

Օրերս Շիրակի մարզի Հոռոմ համայնքի  մշակույթի տան բակում բացվեց հերոսի անունը հավերժացնող խաչքար: Քանդակագործ Արտակ Համբարձումյանի կերտած խաչքարի շուրջն էին հավաքվել  մարզային իշխանության ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ,  հերոսի մարտական ընկերները, քառօրյա պատերազմում զոհված հայորդիների մայրերը, հարազատներ,  համագյուղացիներ, հյուրեր:

Հոռոմի հոգևոր հովիվ քահանա Ղազարյանը կատարեց խաչքարի օրհնության կարգ, որից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին:

Լեյտենանտ Տիգրան Պողոսյանի հայրական տանն ենք: Բաժակ են բարձրացնում հերոսի վառ հիշատակի, նրա սխրանքի համար: Մոտենում եմ Տիգրանի հորը՝ Մխիթարին: Չափից դուրս հուզված, դժվարությամբ է խոսում.

-Չեմ  հավատում: Սրտիցս արյուն է գնում: Մի ուրիշ տղա էր: Ակտիվ, ժպիտը դեմքին: Ի՞նչ ասեմ…

Տիգրանի մայրը՝ տիկին Սիլվան, հյուրերի հետ է: Ջանում է միաժամանակ բոլորին հյուրասիրել: Աչքից ոչինչ չի վրիպում: Աչքերում թախիծ կա, բայց փորձում է  ցույց չտալ: Ամեն բան կարգավորելուց հետո նստում է կողքիս: Սիրտը լիքն է, ուզում է պատմել, թեթևանալ.

-Ժիր երեխա էր: Չարություններ շատ էր անում, բայց «համով» էր անում: Դպրոցում ուսուցիչներն ասում էին, որ Տիգրանի հումորն ուրիշ է:

Տիգրանս շատ լավ երգում էր: Հասնում էր Գյումրի` պարապելու: Հետո սկսեց սպորտով զբաղվել: Դա էլ թողեց: 10-րդ դասարանի ավարտականից առաջ եկավ, կանգնեց հյուրասենյակի մեջտեղում, թե՝ ինձնով չե՞ք հետաքրքրվում՝ որտե՞ղ կընդունվեմ, ի՞նչ կուզեմ: Որոշեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել: Ամուսինս դեմ էր: Թե՝ այ տղա, ի՞նչ զինվորական: Խելք հավաքի: Չէ՛, չես գնալու: Բայց ես կողմ էի: Ասացի, որ կանենք այնպես, որ տղայիս սրտով լինի: Տղաս եթե ուզում էր՝ պիտի գնար: Ամուսնուս հետ գնացինք, դիմում գրեցինք… Տղայիս սպիտակ ձեռնոցներով որ տեսա՝ սիրտս լցվեց: Աշխարհն իմն էր: Ինքն էլ սպիտակ, շիկահեր: Զգաստ կանգնել էր, հպարտ …

Տիգրանս չէր սիրում, որ կողքինին ճնշում էին: Ե՛վ դպրոցում էր այդպիսին, և՛ կուրսանտ ժամանակ, և՛ դրանից հետո էլ: 2014թ. ավարտեց ռազմական համալսարանը: Երբ ավարտում էր՝ համալսարանի 20-ամյակն էր:   Պաշտպանության նախարարից դաշույն էր նվեր ստացել: Շատ էր ուրախացել:

Տիկին Սիլվան ուժեղ կին է: Աչքերը լցվել են, բայց իրեն զսպում է: Փորձում է հոգու ցավը ժպիտի տակ թաքցնել.

-Տիգրանս ուզում էր «Եղնիկներում» ծառայել, բայց Մարտակերտ ընկավ: Մենք էլ շատ էինք ուրախացել: Ասում էինք՝ քաղաք է, հանգիստ կլինի: Ինքն էլ շատ գոհ էր: Համակերպվել էր, հարմարվել: Որոշել էր ամուսնանալ: Հեռավորությունից էր նեղվում: Միակ անհանգստությունը դա էր: Մնացած ամեն ինչն իր սրտով էր: Ասում էր՝ «Մա՛մ, սպան զինվորի ընկերն է ու միշտ նրա կողքին պիտի լինի»…

…Վերջին անգամ զանգեց ապրիլի 21-ին: Այդ օրը Տիգրանիս նշանածը՝ Մարին ու   եղբայրն էին խոսել հետը:  Ասել էր, որ արդեն ամեն բան լավ է, խաղաղ է: Ինձ  էլ ասում էին, որ չանհանգստանամ: Մարիիս ապրիլի 25-ին էլ էր զանգել: Ասել էր՝ մամային ասեք՝ առավոտը զանգ կտամ: Ես շատ հանգիստ էի: Մտածում էի՝ վտանգն անցավ: Գնացել էի եկեղեցի: Աղոթում էի: Ասում էի՝ փառքդ շատ, Տե՛ր, որ տղաս ինձ հետ մնաց: Սպասելով մնացի…

Ապրիլի 26-ին Տիգրանը էլի դիրքերում էր: Գիշերը ռմբակոծություն էր սկսվել:  Տղերքից մեկը ձայն էր տվել: Տիգրանս վազելով հասել էր զինվորներին: Մտածել էր՝ տղերքին բան է պատահել: Հետո նայել էր  դիտակետից` անձամբ տեսնելու, թե ինչ վիճակ է ադրբեջանցիների կողմում: Հենց այդ պահին թշնամին արկակոծել էր դիրքը: Տիգրանը ցատկել էր զինվորի կողմը և մարմնով պաշտպանել ու փրկել  իր զինվորի կյանքը…

Հպարտ եմ, բայց սիրտս կտոր-կտոր է լինում: Ուզում եմ խոսել, ձայնը լսել, բայց չկա ու չկա…

Տիկին Սիլվան մոտենում է Տիգրանի փառքի անկյունին: Մի փոքրիկ գրքույկ է ցույց տալիս: Հերոսի մտքերն են: Թերթում եմ: Աչքիս է ընկնում հերոս լեյտենանտի  հետևյալ գրառումը.

«Ամենալավն այն տղաներն են, որ դիրք են պահում»:

Լեյտենանտ Տ. Պողոսյան…

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ