Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է



ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՏարածքը – 2 096 քառ. կմ

ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը-7.0%

Մարզկենտրոնը` ք. Արտաշատ

Տարածաշրջանները` Արարատ, Արտաշատ, Մասիս

Քաղաքները` Արտաշատ, Մասիս, Արարատ, Վեդի

Ամենաբարձր կետը ծովի մակարդակից – 3555 մ  (Սպիտակասար լ.)

Ամենացածր կետը ծովի մակարդակից – 800 մ

Բնակչությունը – 258.4 հազ. մարդ (2017 թ.)

 

Արարատի մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Ոստան գավառի մի մասը, միջնադարում հայտնի էր որպես մայրաքաղաքների գավառ: Այստեղ էին գտնվում Արտաշատ և Դվին մայրաքաղաքները:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷԱրարատի մարզը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում: Հյուսիս-արևմուտքից սահմանակից է Արմավիրի մարզին, հյուսիսից՝ Երևանին ու Կոտայքի մարզին, արևելքից՝ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին, հարավից՝ Ադրբեջանի մասը կազմող Նախիջևանին, իսկ հարավ-արևմուտքից՝ Թուրքիային:

Արարատի մարզի հարավարևմտյան եզրին ընկած է Արարատյան դաշտը: Հյուսիսում Երանոսի լեռնաշղթան է: Հյուսիս-արևելքում՝ Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան հատվածը:

Արարատի մարզի տարածքը որոշակիորեն բաժանվում է երկու մասի` հարթավայրային և լեռնային: Հարթավայրային մասը ձգվում է Հրազդան գետից մինչև ՀՀ պետական սահմանը: Արարատյան դաշտի կլիման խիստ չորային է:

Մարզի լեռնային մեծ մասը զբաղեցնում են Գեղամա լեռների լանջերը և Ուրծի ու Երանոսի լեռները: Այստեղ առանձին կղզյակներով պահպանվում է անտառը, որը հիմնել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը IV դարում, որի հիման վրա կազմավորվել է Խոսրովի արգելոցը:

Մարզի տարածքն ունի ինչպես կարևոր տնտեսաաշխարհագրական, այնպես էլ ռազմավարական դիրք: Այնտեղով են անցնում հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող երկաթուղու մի հատվածը, հանրապետական, ինչպես նաև միջպետական նշանակության Երևան-Վայոց ձոր-Սյունիք և ապա Արցախ ու Իրան ավտոմայրուղիները:

Մարզի խոշոր գետերն են Արաքսը, Հրազդանը, Ազատը, Վեդին:

Արարատի մարզի գետերը պատկանում են Արաքսի ավազանին: Գետերի ջրերն ամռանը լիարժեք օգտագործվում են ոռոգման կարիքների համար:

Արարատյան դաշտի ոռոգման համար կառուցվել է յոթանասուն միլիոն խորանարդ մետր ծավալով Ազատի ջրամբարը՝ Ազատ գետի վրա:

Մարզի տարածքում իրար զուգահեռ կառուցված Կախանովի և Արտաշատի ջրանցքները կառուցվել են 19-20-րդ դարերում: Կախանովի ջրանցքը կառուցվել է 1870-1874 թվականներին, Անդրկովկասյան փոստային օկրուգի պետ, գեներալ Ն.Ն.Կախանովի նախաձեռնությամբ: Ջրանցքն ունի 36 կմ երկարություն: Այն վերակառուցվել է 1930-ական թվականներին:

Արտաշատի ջրանցքը կառուցվել է 1930 թվին: Սկիզբ է առնում Հրազդան գետի ձախ ափից` Երևան քաղաքում, ունի 61 կմ երկարություն և ոռոգում է մոտ քսան հազար հեկտար հողատարածք: Ջրանցքը վերջանում է միանալով Վեդի գետին:

Մարզի ոռոգման համակարգի համար կարևոր նշանակություն ունի Արարատի արտեզյան ավազանի ջրերի օգտագործումը:

Մարզի տարածքում առանձնանում են անապատային-կիսաանապատային, չոր տափաստանային, լեռնատափաստանային, անտառային, լեռնամարգագետնային և ալպյան ու մերձալպյան լանդշաֆտային գոտիները:

Մարզի արդյունաբերությունում կարևոր տեղ ունի լեռնահանքային արդյունաբերությունը՝ առկա են տրավերտինի, կրաքարի, ավազի, մարմարի, բազալտի հանքեր: Կան հանքային ջրեր՝ Արարատի և Վեդիի:

Մարզում զարգացած է սննդի արդյունաբերությունը. գոյություն ունեն մի շարք գործարաններ, որոնք զբաղվում են գյուղմթերքի վերամշակմամբ, առկա է նաև ալկոհոլային խմիչքների արտադրություն:

Արարատի մարզը հայտնի է նաև մի շարք պատմամշակութային հուշարձաններով:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷՊատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին` միջնաբերդի տեղում, այժմյան Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք հառնում է Հայոց նվիրական սրբավայրերից` Խոր Վիրապի վանքը: Վանքի պատմությունը սերտորեն առնչվում է քրիստոնեության, Հայաստանի կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ: Տրդատ Գ Արշակունի թագավորը քարոզիչ Գրիգորին ենթարկել է չարչարանքների, հուսալով, որ նա կուրանա Քրիստոսին, ապա տևական տանջանքներից հետո նրան նետել են Արտաշատի արքունի բանտի մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ, և նա այստեղ մնացել է շուրջ 13 տարի: Աստվածային գթությամբ Գրիգորին կերակրել է մի այրի կին, որն ամեն օր գաղտնի խոր վիհի մեջ է գցել հանապազօրյա հացը: Գրիգոր Լուսավորիչը վիրապից ազատվել է Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց, և առավելապես նրա շնորհիվ քրիստոնեությունը 301 թ. պետական կրոն է հռչակվել ամբողջ Հայաստանում, իսկ ինքը ձեռնադրվել է Հայոց առաջին կաթողիկոս: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը` «Սբ. Գրիգոր Լուսավորչի ելն ի վիրապեն»: V դ. վիրապի վրա վանք է կառուցվել ու միաբանություն հաստատվել: Գրավոր աղբյուրները վկայում են, որ Խոր Վիրապում եկեղեցի է կառուցել Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը (641-661թթ.): Ցայսօր կանգուն մնացած մատուռը կառուցվել է 1661թ.: Այն երկհարկանի է. ներքնահարկը (գուբ-զնդանը) ունի 6,5 մ խորություն: XIIIդ. Խոր Վիրապի վանքը համազգային սրբավայր լինելով հանդերձ, դարձել է կրթության, գիտության համահայկական հռչակավոր կենտրոն: Այստեղ գործել է առաջադիմական բարձրագույն դպրոց, մեզ են հասել տասնյակ ձեռագրեր, որոնք պահվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում և դասվում են նրա անմահ գանձերի շարքը:

Հովհաննես Կարապետ վանքը հայկական միջնադարյան ճարտարապետական համալիր է ՀՀ Արարատի մարզում: Կառուցվել է 1301 թ. Ջալալ Օրբելյան իշխանի և նրա կնոջ` Զաքարե Իվանյանի դստեր՝ Գոնցայի պատվերով: Վանքի Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին, ըստ արձանագրության, կառուցել է հայ ճարտարապետ Բուտը Կիրակոս և Սարգիս վարդապետների մասնակցությամբ: Արևմտյան շքամուտքի բարավորին քանդակված է Աստվածածինը` մանուկ Քրիստոսը գրկին, երկու կողքին հրեշտակներ, իսկ վերևում` Քրիստոսը չորս ավետարանիչների խորհրդանիշներով (քանդակագործ Սարգիս վարդապետ): Եկեղեցուց հարավ-արևմուտք Օրբելյանների ուղղանկյուն, թաղածածկ տապանատունն է:

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է X-XIII դդ. «Գևորգ Մարզպետունի» վանք-ամրոցի համալիրը և թաղածածկ, կիսաշրջանաձև աբսիդը, որի արտաքին պատերի ուղղանկյուն պարագծի մեջ ներառված են XII-XIII դդ. եկեղեցու ավերակները: Վանք-ամրոցի XIII դ. եկեղեցին թաղածածկ դահլիճ է` կառուցված սպիտակ ֆելզիտի մաքուր տաշած քարերից: Այն շրջապատված է ուղղանկյուն հատակագծով պարիսպներով, որոնց չորս անկյունները ուժեղացված են շրջանաձև աշտարակներով:

Արարատի մարզում է գտնվում նաև Սբ. Ստեփանոս եկեղեցին, որը Աղջոց վանական հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին է: Գտնվում է Խոսրովի պետական արգելոցի տարածքում (Գեղարդից 7 կմ հարավ, Գառնիից 5-6 կմ հարավ-արևելք): Կառուցվել է 13-րդ դարի սկզբին` Զազա իշխանուհու պատվերով: Եկեղեցին ունի խաչաձև հատակագիծ, չորս ավանդատուն: Սբ. Ստեփանոսի հյուսիսային պատին կից կառուցվել է Պողոս-Պետրոս թաղածածկ եկեղեցին: Ուշագրավ են եկեղեցու մուտքի երկու կողմերում Պողոս և Պետրոս առաքյալների բարձրաքանդակները: Սբ. Ստեփանոս եկեղեցին ավերվել է 1679 թ. երկրաշարժից:

Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Հայոց թառ, Հայվոց թառ, Հայու թառ) վանքային համալիրը գտնվում է Գառնիից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ ԷԵղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից: Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թ. Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դարերում: Տուժել է 1679 թ. երկրաշարժից, վերջնականապես ավերվել է 1840 թ. Ակոռիի երկրաշարժի ժամանակ:

Հավուց թառը եղել է խոշոր գրչության կենտրոն: Այստեղ կազմված ձեռագրերից հնագույնը 1214 թվականի է: Մինչև 1294 թ. այս գրչության կենտրոնում է պահվել հայ ձեռագրական մշակույթի հնագույն հուշարձաններից մեկը՝ VII դարին վերագրվող «Վեհամոր Ավետարանը», որն այնուհետև տեղափոխվել է Արցախ (այժմ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում է):

Կաքավաբերդ միջնադարյան բերդը, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառում, Ազատ գետի աջ ափին է: Առաջին անգամ հիշատակվում է (9-10-րդ դարերում) որպես Բագրատունիների տոհմական տիրույթ: 11-րդ դարում անցել է Պահլավունիներին, 12-13-րդ դարերում այն տիրել են Պռոշյանները:

Խոսրովի արգելոցը կազմավորվել է IV դ. Խոսրով Բ Կոտակ թագավորի կողմից հիմնված անտառի տարածքում 1958թ. (տարածքը` 29196 հա) Գեղամա լեռների հարավ-արևմուտքում` Ուրծի, Դահնակի, Երանոսի լեռնաշղթաների, Խոսրովասար լեռների լանջերին, Ազատ և Վեդի գետերի ավազաններում` ծովի մակարդակից 850-2800մ բարձրություններում:

Բուսական աշխարհն ընդգրկում է բարձրակարգ բույսերի 560 ցեղի և 95 ընտանիքի շուրջ 1800 տեսակ (ՀՀ բուսական աշխարհի ավելի քան 50 %-ը), որոնցից 146-ը գրանցված են Կարմիր գրքում:

Կենդանական աշխարհն ընդգրկում է ձկների` 9, երկկենցաղների` 4, սողունների` 30, թռչունների`142, կաթնասունների` 50 տեսակ:

ՔՐԻՍՏԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ենթասպա

Խորագիր՝ #18 (1240) 09.05.2018 - 15.05.2018, Հոգևոր-մշակութային


10/05/2018