Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՄՆ-Ի, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԱՄՆ-Ի, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ԱՄՆ-Ի, ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները հայտարարություններ էին տարածել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ: Այս երեքից միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էր ազնվություն ու քաջություն ունեցել ողբերգական իրադարձություններն անվանել իրենց անունով` Ցեղասպանություն: Նախագահ Թրամպը խուսափել էր օգտագործել ցեղասպանություն եզրույթը, իսկ Էրդողանը, ինչպես և սպասվում էր, ժխտողական հայտարարություն էր տարածել…

Նախագահ Մակրոնը ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հղած նամակում հայտարարել է. «Ձեր կողքին մենք հիշում ենք 1915 թ. ապրիլի 24-ը և 600 հայ մտավորականների սպանդը Կոստանդնուպոլսում. դա 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբն էր… Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից և հյուծվածությունից…. Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռևս 1915 թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ոճիր: 1915 թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականներին»: Իր ցավակցական նամակում Ֆրանսիայի նախագահը հայերի զանգվածային սպանությունները մի քանի անգամ սահմանել է որպես ցեղասպանություն:

Մյուս կողմից, նախագահ Դոնալդ Թրամփը կրկնեց անցյալ տարվա հայտարարությունը՝ խուսափելով ցեղասպանություն եզրույթից և օգտագործելով Մեծ եղեռն եզրույթը, որն անհասկանալի է ամերիկացիների մեծամասնության համար: Թրամփը օգտագործեց Մեծ եղեռնը, որպեսզի պարզապես խուսափի ցեղասպանություն եզրույթից՝ թուրքական կառավարությանը հանգստացնելու համար:

Ապրիլի 24-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, ի պատասխան լրագրողի հարցին, հաստատեց, որ նախագահ Թրամփը պարզապես պատճենել էր իր նախորդների լեզուն: Սանդերսն ասաց. «Նախագահի ստորագրած բանաձևը համահունչ էր նախորդ վարչակազմերի բանաձևերի հետ»:

Նախագահ Թրամփը, կիրառելով խոսքի վարժանքներ, Հայոց ցեղասպանությունը հիշատակեց որպես «վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը», «1915-ի սարսափելի իրադարձություններ» և «անցյալի ցավոտ տարրեր»: Թրամփի խորհրդականները վատ ծառայություն են մատուցել նրան՝ խորհուրդ տալով ցեղասպանություն եզրույթը փոխարինել Մեծ եղեռնով: Ամերիկահայ քաղաքացիներին սիրաշահելու փոխարեն այդ տերմինաբանությունը ավելի է հակադրում նրանց: Եթե Թրամփը ճիշտ բառն օգտագործելու խիզախությունը չուներ, նա չպետք է ընդհանրապես որևէ հայտարարություն հրապարակեր ապրիլի 24-ին: Նախկինում նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագրում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1981 թ. ապրիլի 22-ին: Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 1975 և 1984 թվականներին երկու բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, իսկ ԱՄՆ կառավարությունը 1951 թվականին զեկույց է ներկայացրել Համաշխարհային դատարան՝ նշելով Հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, Հայոց ցեղասպանությունը բազմիցս ճանաչվել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից: Թրամփին մնում էր միայն վերահաստատել Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ պատմական արձանագրությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտեց նախագահ Թրամփի «ձախողումը՝ ներկայացնելու Հայոց ցեղասպանության ազնիվ հիշատակումը»:  Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությունը բնութագրեց որպես «բաց թողնված հնարավորություն՝ աներկբայորեն վերահաստատելու Հայոց ցեղասպանությունը»:

Զարմանալի չէ, որ Թուրքիայի արտգործնախարարությունը մամուլի հաղորդագրություն  հրապարակեց  2018 թ. ապրիլի 25-ին՝ նախագահ Թրամփի ապրիլի 24-ի հայտարարությանը հակազդելու նպատակով. «Մենք մերժում ենք պատմության ոչ ճիշտ և սուբյեկտիվ մեկնաբանությունները, որոնք տեղ են գտել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակվել է 2018 թ. ապրիլի 24-ին՝ 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ: Մեր ակնկալիքն է ԱՄՆ վարչակազմից՝ այդ ժամանակահատվածի արդար գնահատում, որի ընթացքում չափազանց տուժել են Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդները»:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, մի քանի լուրջ փաստացի սխալներ է պարունակում.

1) Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ «500 հազար մահմեդականների» մահը հավասարեցնում է 1,5 միլիոն անմեղ հայ տղամարդկանց, կանանց և երեխաների սպանդի հետ: Ցեղասպանության զոհերն ու պատերազմի կորուստները նույնը չեն:

2) Կրկնում է նույն սուտը, թե թուրքական կառավարությունը բացել է իր արխիվները հետազոտողների առջև և առաջարկել է ստեղծել «միասնական պատմական հանձնաժողով»: Իրականում, թուրքական իշխանությունները մաքրել են Օսմանյան արխիվները մերկացնող փաստաթղթերից, իսկ «միասնական պատմական հանձնաժողովը» պարզապես խաղ է` հետաձգելու Թուրքիայի մեղավորության ընդունումը:

3) Պարծենում է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից 2018 թ. ապրիլի 24-ին Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հղած ուղերձով՝ «Առաջին աշխարհամարտի տարիներին իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի» հիշատակությամբ:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԱԳՅԱՆԻ