Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ



ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական  ընկերության աշխատակիցների բաց նամակի վերաբերյալ

«Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը, լինելով պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում իրականացնող մարզային բժշկական հաստատություն, ունի թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն: Բավականին մեծ խնդիր է կենտրոնի բժշկական հաստիքների համալրումը: Բարդ է իրավիճակը նաև շենքային ընդհանուր պայմանների առումով:

Բժշկական կենտրոնում բավարար պայմանների բացակայության, բուժօգնության ու սպասարկման ցածր որակի պատճառով Սիսիանի տարածաշրջանի բնակչությունը բուժօգնության նպատակով դիմում է ՀՀ պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», որն ունի բավարար լաբորատոր և ախտորոշիչ գործիքային, ինչպես նաև փորձառու բժշկական կադրերով համալրվածություն ու շենքային հիանալի պայմաններ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բժշկական օգնության և սպասարկման համապատասխան մակարդակ ու որակ:

Բացի այդ, բժշկական կենտրոնը և հոսպիտալն առօրյա գործունեության ընթացքում հաճախ կրկնում են տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության գործառույթները՝ երբեմն նաև խանգարելով մեկմեկու: Երկու բժշկական կազմակերպությունների անջատ գործելու հետևանքով փոշիացվում է տարածաշրջանի առանց այդ էլ սակավաթիվ բժշկական ներուժը:

Խնդրի լուծման նպատակով ՀՀ պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համատեղ հրամանով ստեղծված աշխատանքային խումբը, որի կազմում եղել է ներկայացուցիչ նաև ՀՀ Սյունիքի մարզպետարանից, ուսումանսիրել և քննարկել է ստեղծված վիճակը, կազմակերպվել են ացելություններ և հանդիպումներ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ:

Տարածաշրջանի բնակչության ստացիոնար բժշկական օգնության ու սպասարկման աշխատանքները բարելավելու և թափուր հաստիքները համալրելու լավագույն տարբերակներից մեկը համարվել է բժշկական կենտրոնի լուծարումը և տարածաշրջանի բնակչության բժշկական օգնության և սպասարկման հանձնարարումը կայազորային հոսպիտալին:

Այդ նպատակով հոսպիտալի կառուցվածքում նախատեսվել են բոլոր այն բաժանմունքներն ու ծառայությունները, որոնք անհրաժեշտ են բնակչության բուժսպասարկումն ամբողջ ծավալով կազմակերպելու համար:

Հոսպիտալի կառուցվածքում նոր բաժանմունքների և ծառայությունների (մանկաբարձագինեկոլոգիական, մանկաբուժական, շտապ բուժօգնության, ամբուլատոր-պոլիկլինիկական, ախտաբան-անատոմիական) ավելացումը հնարավորություն է տալու «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության թվարկված բաժանմունքերի բժիշկներին, միջին և կրտսեր բուժանձնակազմին ամբողջությամբ տեղափոխել հոսպիտալ:

Ընդ որում, ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 464-Ա որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը փոխանցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շենք-շինությունները և բժշկական գույքն հնարավորություն են տալու բնակչության արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպել նույն տեղում (ք. Սիսիան), իսկ  հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը՝ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում:

Ինչպես հոսպիտալների նոր կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և դրանցում Սիսիանի բժշկական կենտրոնի համապատասխան բաժանմունքների բուժաշխատողների ամբողջությամբ տեղափոխումը, այնպես էլ գույքի փոխանցումը և լուծարային գործընթացն իրականացվելու են օրենքով սահմանված կարգով, որի ընթացքում բնակչության բուժօգնությունը և սպասարկումը կազմակերպվելու և իրականացվելու է նույնությամբ ու ամբողջ ծավալով՝ առանց խաթարումների:

Արդյունքում ապահովվելու է Սիսիան քաղաքի և 36 գյուղերի 26000 բնակչության առավել որակյալ և անվտանգ արտահիվանդանոցային և հիվանդանոցային բուժսպասարկումը, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կատարման ժամանակ բնակչության բուժապահովման արդյունավետության բարձրացումը, առկա բժշկականներ ուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Խորագիր՝ Նորություններ


07/05/2018