Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԹՐԵՍ, ՍԹՐԵՍ, ՍԹՐԵՍ…



ՍԹՐԵՍ, ՍԹՐԵՍ, ՍԹՐԵՍ...Այս խելահեղ դարում սթրեսը (անգլերեն stress – լարվածության, ճնշում, լարում), դարձել է մեր կյանքի մշտական ուղեկիցը:

Գիտական բանաձեւմամբ՝ սթրեսը օրգանիզմի ընդհանուր եւ առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան  է զանազան արտաքին եւ ներքին ազդեցությունների նկատմամբ, ինչպես նաեւ օրգանիզմի նյարդային համակարգի համապատասխան վիճակը:

Սթրեսի տեսությունը մշակել է կանադացի բնագետ, էնդոկրինոլոգ եւ կենսաբան Հանս Սեյլեն:Նա սթրեսը սահմանել է  որպես ընդհանուր հարմարվողականության համախտանիշ:

Սովորաբար մենք սթրեսն ընկալում ենք զուտ բացասական իմաստով, սակայն, պարզվում է, ըստ  Սեյլեի, տհաճ ապրումների հետ կապված սթրեսը դիսթրեսն է, իսկ հաճելի ապրումների  հետ կապվածը՝ էուսթրեսը:

Հոգեբանների ամերիկյան ասոցիացիան նշում է, որ սթրեսի ազդեցությունը մարդու վրա  կարելի է համեմատել ջութակը լարելու հետ, եթե լարը շատ  քիչ է ձգված, ապա այն խուլ ու տհաճ ձայն կարձակի, իսկ  եթե  լարը  չափից շատ է ձգված,  ապա սուր ձայն կհանի, կամ լարը կկտրվի:

Եթե սթրես ես ապրում, ուրախացիր, նշանակում է կաս, ողջ ես, քանզի, ինչպես վկայում  է Հանս Սեյլեն` «Սթրես չի ապրում միայն դիակը»:

Ավելին, պարզվում է, որ սթրեսի քիչ քանակությունը նույնիսկ օգտակար է, վնասակար է նրա առատությունն ու երկարատեւությունը, ինչը բազմաթիվ առողջական լուրջ խնդիրների է հանգեցնում՝ ազդելով  օրգանիզմի ամբողջ համակարգի վրա, այն նաեւ իր կնիքն   է դնում  արտաքինի վրա՝ մաշկի գույնն է փոխվում,  փչանում  են ատամները, նկատվում է  մազաթափություն…

 

Սթրեսի նշաններից մի փոքր փունջ

Գլխացավ, ուժասպառություն,  ճնշվածություն, հիշողության տատանումներ,  գրգռվածություն, մեղավորության զգացում, մեջքի, ստամոքսի ցավեր, քնի ռիթմի խանգարում, ամեն ինչի մեջ վատը տեսնելն ու փնտրելը, կասկածամտություն, ինքնամփոփություն, չափազանց արագ խոսք, ձեռքերի եւ ոտքերի ծակծկոցներ…Գերմանացի գիտնականներն էլ պնդում են, թե մշտական սթրեսները մի քանի տարով մեծացնում են բջիջների կենսաբանական տարիքը:

 

Սթրեսը վարակիչ է

Ամերիկացի հոգեբանների կատարած ուսումնասիրությունները փաստում են, որ մարդիկ կարող են վարակվել սթրեսով. մեկի վատ տրամադրության պատճառով կարող ես դառնալ «երկրորդային սթրեսի» զոհ: Պարզվում է, որ մարդը սպունգի նման կլանում է «էմոցիոնալ ֆլյուիդները» (հոգեհոսանքները), որոնք պարտադրում են մարդուն դիմացինի նման վատ տրամադրություն ունենալ:

 

Սթրեսի հաղթահարում

Պետք է մշտապես հիշել, որ  սթրեսի պատճառը ոչ այնքան արտաքին  իրադարձություններն են ու երեւույթները, որքան դրանց նկատմամբ մեր ռեակցիաները: Պետք է   կարողանանք կառավարել մեզ, որպեսզի սթրեսի ազդեցությունը հնարավորինս նվազի: Մարդիկ տարբեր վերաբերմունք ունեն այս կամ այն երեւույթների նկատմամբ. այն ինչ-որ մեկի համար կարող է անընդունելի համարվել եւ նյարդային համակարգի վնասման պատճառ դառնալ, մեկ ուրիշի համար տանելի եւ վերահսկելի է: Այսինքն՝ սթրեսորների ազդեցությունն ու հետեւանքները առանձնահատուկ են յուրաքանչյուր մարդու համար: Սթրեսը մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է այն լարվածություններին, որոնք գալիս են արտաքին աշխարհից կամ մեր իսկ ներաշխարհից: Օրգանիզմը չի կարող անտարբեր մնալ ներքին եւ արտաքին ազդեցությունների նկատմամբ, նա պատասխան ռեակցիաներ է տալիս, որոնց վերջնական նպատակը միջավայրի պայմաններին հարմարվելն է:

Ֆիզիկական սթրեսը կարող է առաջանալ չափից շատ աշխատելու, չքնելու, անբավարար սնվելու, հիվանդությունների հետեւանքով:

Հոգեկան սթրեսն առաջանում է ուժեղ ապրումներից, անհանգստություններից, նյարդային լարվածությունից:

 

Հաղթահարման տարբերակներ

♦ Նախ՝ խուսափեք ալկոհոլի կամ դեղամիջոցների օգնությամբ սթրեսից փրկվելուց, քանի որ դրանք ոչ միայն չեն փրկում, այլեւ նոր խնդիրներ են առաջ բերում:

♦ Սթրեսների դեմ պայքարի լավագույն միջոցներից է ֆիզիկական ակտիվությունը:

♦ Գիտակցե՛ք ձեր հնարավորությունների սահմանը:

Աշխատեք ճիշտ գնահատել ձեր հնարավորությունները: Չափից ավելի պահանջներ մի՛ դրեք ձեր առաջ:

♦ Գիտակցե՛ք, որ մարդն անսխալական չէ, ընդունեք ձեր անհաջողությունները եւ մի՛ վազեք անիրականանալի երազանքների հետեւից:

♦ Մի՛ ամաչեք արտահայտել սեփական կարծիքը:

Հոգու խորքում տանջվելը, ինքն իրեն «կրծելը» վնասակար է առողջության համար:

♦ Արձակե՛ք «ցասման» նետեր:

Հոգեբանները խորհուրդ են տալիս պատից կախել թիրախ եւ փոքրիկ նետերով աշխատել խոցել նպատակակետը`   միաժամանակ արտանետելով ձեր ներսում կուտակված զայրույթը:

♦ Ձեր մտքում թող իշխեն դրական զգացմունքները:

♦ Պարզվում է, որ մեր սնունդը նույնպես կարող է «կառավարել» մեր տրամադրությունը: Մեկ գավաթ սուրճը, տաք շոկոլադը կամ պարզապես ձեր ամենասիրած ուտեստը կօգնեն ձեզ մոռանալ տհաճությունները:

♦ «Լվացե՛ք» ձեր սթրեսը ծորակի ջրով:

Ոչ մի միջոց այդքան շուտ չի կարող «լվանալ» սթրեսը, որքան ջուրը: Տաք լոգանք ընդունեք եւ ջրի շիթերը «կլվանան» օրվա ընթացքում կուտակված լարվածությունը:

♦ Մի՛ խնայեք ձեր ժպիտը:

♦ Եվ վերջապես ամենակարեւորը՝ գտեք ձեր հավասարակշռության բանալին:

Պատ.՝ ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ

Խորագիր՝ #17 (1239) 02.05.2018 - 08.05.2018, Հոգևոր-մշակութային


03/05/2018