Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏԸ



ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍԵՐԺԱՆՏԸՍերժանտ Դավիթ Կարապետյանն է: Զորամասում լավագույնի համբավ ունի: Ներկայանում է հարդարված` ամեն ինչ տեղը տեղին: Կապույտ աչքերով, վայելչակազմ երիտասարդ է: Վանաձորից է: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է: Հրամանատարներն ասում են, որ լոռեցի սերժանտը լավ  զինծառայող է, լավ սակրավոր: Զորամասի լավագույն ջոկի հրամանատարներից է, գումարտակի սերժանտական խորհրդի նախագահը: Իր պարտականությունները կատարում է ամենայն պատասխանատվությամբ: Կարճ ժամանակում հասցրել է  աչքի ընկնել ու սիրվել բոլորի կողմից: Եվ այժմ  սերժանտ Կարապետյանը  ներկայացնում է իր հաջողության գաղտնիքը.

-Սիրով եմ ծառայում: Ինձ դուր է գալիս զինվորական կյանքը: Ծնողներիս միակ երեխան եմ:  Ինձ  հորեղբորս՝ զոհված ազատամարտիկ  Դավիթի՝ անունով են կնքել: Հիշում եմ՝ Սուրեն պապս նստեցնում էր ծնկներին ու պատմում Դավիթի՝ պատերազմ գնալը: Ասում էր, որ Արցախյան պատերազմի ժամանակ իր կրտսեր որդին անչափահաս էր՝ 16 տարեկան: Որոշել էր ինքնակամ գնալ՝ պաշտպանել հայրենիքը: Ոչ ոք չի հավատացել, որ նա կարող է այդ տարիքում կռիվ գնալ: Բայց Դավիթը տանից «գողացել» է մեծ հորեղբորս անձնագիրը եւ դրանով գնացել առաջնագիծ: Պապս պատմում էր, որ Դավիթը հերոսի մահով է ընկել: Եվ երբեմն ինձ ցույց էր տալիս հորեղբորս «Արիության» մեդալը:  Մայրս ասում էր, որ հաճախ վերցնում էի մեդալը ու հպարտ-հպարտ կախում վերնաշապիկիցս: 1994 թվին է զոհվել հորեղբայրս:  Չեմ տեսել նրան: Մեծացել եմ նրա  մասին զրույցները լսելով: Երեւի նրանից է փոխանցվել սերը ծառայության հանդեպ,- ասում է սերժանտ Կարապետյանը:

Ի դեպ, Դավիթը մասնակցել է «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում վերջերս անցկացված սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 միջազգային ցուցահանդեսին՝ ներկայացնելով իր զորամասը:

-Ինձ համար մեծ ոգեւորություն էր եւ պատիվ: Հրամանատարները, ծառայության ընթացքում տեսնելով իմ մասնագիտական գիտելիքները, ծառայության նկատմամբ վերաբերմունքը, ընտրեցին ինձ: Ցուցահանդեսին ներկայացնում էի նոր սերնդի մետաղորսիչները, որոնք  առավել հզոր են: Դրանք ականազերծման ժամանակ ցույց են տալիս, թե ինչ ական է տեղադրված: Նաեւ ներկայացնում էի սակրավորի համազգեստը, գործիքները: Այն ամենը, ինչը կապ ունի մեր մասնագիտության հետ:

Սերժանտ Կարապետյանը ուսումնական գումարտակում է ծառայում: Ինչպես ինքն է ասում` ամեն ինչ արվում է, որ նորակոչիկներին հինգ ամսվա ընթացքում դարձնեն բանիմաց սակրավորներ:

-Ուսումնական գումարտակում նորակոչիկների հետ բարդություններն ավելի շատ են: Նախ` ամեն ինչ անում ենք, որ տղերքին օգնենք` հարմարվելու ծառայությանը: Միշտ նրանց կողքին ենք, խորհուրդներ ենք տալիս: Որպես սերժանտական խորհրդի նախագահ՝ փորձում եմ սերժանտների, ինչու չէ` նաեւ սպաների հետ նպաստել, որ նորակոչիկը նախ դառնա լավ զինվոր, հետո նաեւ` լավ մասնագետ:

Ծառայությունը փորձություն է, որը տալիս է փորձառություն: Իմ օրինակով կասեմ: Ես շատ բան եմ սովորել թե՛ հրամանատարներից, թե՛ զինակից ընկերներից: Յուրաքանչյուր զինվոր պիտի ձգտի, ինքն իր վրա աշխատի: Պիտի պայքարես ու հասնես: Սակրավորը պիտի միշտ հիշի, որ ցանկացած վրիպում կարող է ճակատագրական լինել: Անվտանգության կանոնների պահպանումը ամենակարեւորն է մեր գործում:  Սպան ուզում է, որ իր զինվորը լինի ուժեղ, զարգացած, կիրթ ու բանիմաց: Լավ զինվորը հրամանատարի աչքի լույսն է,- ժպիտը դեմքին ներկայացնում է Դավիթը:

Ծառայության հիմնական մասն անցկացրած սերժանտն ասում է, որ լավագույնը լինելը գերագույն նպատակ չէ: Մարդու տեսակն է՝ կա՛մ դու այդպիսին ես, կա՛մ ոչ:

-Լինելով ջոկի հրամանատար` պարտավոր եմ լինել օրինակելի: Ի՞նչ եք կարծում, երբ ես թերանամ, իմ ջոկի զինվորները կարո՞ղ են ավելին անել, ձգտում ունենալ: Պատասխանատվությունը ժառանգել եմ իմ ծնողներից: Ինձ այսպես են դաստիարակել: Ես ամեն ինչ անում եմ, որ բարձր պահեմ այն անունը, որ կրում եմ:

Զրույցի ավարտին Դավիթը հայրենասիրության մասին իր պատկերացումներն է ներկայացնում: Նրա համար իր տունը, իրեն շրջապատող մարդիկ հայրենիքի հիմքն են:

-Իմ ընտանիքը իմ հայրենիքն է: Սահմանին կանգնած զինվորը առաջնագծում պաշտպանում է իր տունը, այսինքն՝ հայրենիքը: Այստեղ է իմ հայրենիքը,- ձեռքը սրտին է դնում  զորամասի լավագույն սերժանտը՝ Դավիթ Կարապետյանը:

 

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ

Խորագիր՝ #17 (1239) 02.05.2018 - 08.05.2018, Ազգային բանակ


03/05/2018