Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵՆՔԸ ԿԳՏՆԻ ՏԻՐՈՋԸ



ԶԵՆՔԸ ԿԳՏՆԻ ՏԻՐՈՋԸԱռասպելները հորինում են ժողովուրդները։ Անզորությունից։ Նրանք այդպես են փրկում իրենց երազները, հույսերը, ձգտումները, գալիք սերունդներին փոխանցում: Իսկ հետո ծնվում են շատ սովորական, ավելի քան արտասովոր մարդիկ, իրականացնում են այդ երազանքները։ Ինչպես Թաթուլ Կրպեյանը։

Անցած գիշեր ես ձեր տանը քնեցի, Թաթո՛ւլ։ Քո անկողնում։ Մայրդ այդպես ուզեց: Պառկել, մտածում էի, թե ինչ պիտի գրեմ քո մասին։ Տանջեցիր մինչեւ լույս։ Հետաքրքիր է, եթե հակառակը լիներ, դու ի՞նչ կգրեիր։ Իհարկե՝ ճշմարտությունը…

Չսպասեցի, որ լույսը բացվի, հագնվեցի, բակ ելա։ Կաթնագույն աղջամուղջի մեջ գոմերի գոլ, նոր թխվող լավաշի բույր կար։ Գիշերվանից որոշել էի շիրմատուն այցելել, բայց ինքնաբերաբար գյուղի կենտրոնում հառնող Արտենի լեռը հասա: Հիշեցի, որ գագաթին քսան տարի առաջ Թաթուլն ընկերների հետ առաջին անգամ նշել է Մեծ եղեռնի տարելիցը: Նրանք թրի շեղբերի նման երկինք մխրճվող խարույկ էին վառել, ուզել էին, որ ցոլքը բնօրրան` Կարսի նահանգի Նախիջեւան գյուղը հասնի, բոցկլտա, ինչպես կարոտն է մեծ ու փոքրի հոգում բորբոքվում, թեժանում անընդհատ։

Ուրախ, թռվռան երեխաների խմբեր են փողոց ելնում, առվակների պես միանում են իրար, ուղղվում դպրոց։ Բայց հենց ինձ տեսնում, կանգնում են։ Չգիտեմ ինչու՝ խոսքի եմ բռնվում.

-Թաթուլին ճանաչո՞ւմ եք:

Զարմանում են.

-Ո՞ր Թաթուլին։

Հետո պիտի իմանամ, որ Արեգ գյուղում արդեն մի քանի հոգի են կրում Ազգային հերոսի անունը, Թալինի շրջանում նրանց թիվը հասնում է տասնյակների, հանրապետությունում` հարյուրների։ Պատահել է նույնիսկ, որ Հայաստանի հեռու հեռավոր բնակավայրերից նորապսակներ են եկել, իրենց նորածնին նրա անունով կոչելու թույլտվություն խնդրել։ Թաթուլի հարազատները ոչ միայն համաձայնել, այլեւ հետները գնացել են էջմիածին, մեռոնել, քավոր են դարձել։

Իմ զրուցակիցներն իսկապես նեղացան։ Պարզվում է՝ նրանք ոչ միայն Թաթուլին ճանաչում, այլեւ նրան նվիրված երգեր են երգում։ Բոլորը:

Մեկը զիլ-զրնգուն ձայնով սկսում է.

-Մայրը կորցրել է իր քաջ զավակին,

Վաղուց է սպասում որդուն՝ Թաթուլին։

 

Երկրորդը չի թողնում, որ վերջացնի, շարունակում է,

-Ավա՜ղ, վերքերիդ չեղավ դեղ-դարման,

Թող լույս իջնի գերեզմանիդ, Թաթուլ Կրպեյան։

 

Երրորդը լրացնում է, ավարտում.

-Մեզի համար քուն մտան,

Մեզի համար զոհ դարձան,

Ազատության մարտիկներ,

Թաթուլի պես վեհ քաջեր։

ԶԵՆՔԸ ԿԳՏՆԻ ՏԻՐՈՋԸԱստիճանաբար ավելի մեծերն են հայտնվում։ Նրանք իրենց համագյուղացու մասին երգ չեն երգում, փորձում են իմաստավորել սխրանքը։ Յոթանասունհինգ տարի է անցել, բայց դպրոցականներն անգամ մատները մեկնում, ամենայն մանրամասնությամբ ցույց են տալիս, թե ո՞ր արահետը բռնել, սահմանային գետը որտեղի՞ց ճեղքել, ինչպե՞ս հասնել Նախիջեւան։ Զարմանում են նույնիսկ, որ ընդամենը քառասուն կիլոմետր հեռու գտնվող գյուղն իրենք պարզորոշ տեսնում են, ես` ոչ։ Շատերն այդքանով էլ չեն գոհանում։ Ասում են, որ երդվել են, երբ պապերի ծննդավայրը գնան, ծնկաչոք պիտի մտնեն Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցին, Նորամանուկ մատուռն ու Արտավազդ Կամսարականի տապանին աչքալուսանք տան.

-Եկանք, հասանք մեր հող ու ջրին։

Երեխաների պնդմամբ` իրենց նախնիները գաղթի ժամանակ Արագածի շուրջը պտտվել, պտտվել ու հենց այն բանի համար են սահմանամերձ գյուղում հաստատվել, որ «հետ դառնալը հեշտ լինի»:

Ինչո՛ւ եմ քեզ այս ամենը պատմում, Թաթո՛ւլ։ Այս ամենը դու ինձնից լավ գիտես։ Գյուլիզար տատդ, երբ քեզ ծնկին է առել, օրորոցայինի փոխարեն երգել է կարոտի, վրեժի ու հույս-հավատի երգեր։ Ուրեմն` բո ճակատագիրը բարուրից էր կանխորոշված՝ դու զինվոր էիր դառնալու…

Երեւի դրա համար էլ, ճիշտ է, ջանասիրությամբ դպրոց էր գնում, հոր արհեստը` ատաղձագործությունն էր սովորում, բայց եւ օրերը հաշվելով սպասում էր, որ տարիները շուտ անցնեն, իրեն ծառայության կանչեն։ Այդ տարիներին խորհրդային բանակը միակ տեղն էր, ուր հայ երիտասարդը կարող էր մարտական զենք ստանալ, կրակել, գրոհել, պաշտպանվել` ռազմական փորձառություն ձեռք բերել։ Զինավարժարանի սպաներն ի՞նչ իմանային, որ ընդամենը մի քանի տարի անց լռակյաց, ինքնամփոփ շարքայինը իրենց զենքով իրենց դեմ է կռվելու, ավելի աննկուն, հանդուգն է դառնալու, քան գերհզոր հրասայլերը։ Թաթուլի բանակ գնալն ինքնին առեղծված էր։ Այդպես էլ հայտնի չեղավ, թե ինչպես նրան պարտադիր զինծառայության ուղարկեցին, քանի որ կարճ ժամանակ անց ծանր հիվանդություն բացահայտվեց։ Մոսկվայի զինվորական հիվանդանոցում սիրտը, ճիշտ է, վիրահատեցին, բայց ոչ միայն բուժող բժիշկները, հրավիրված մասնագետներն անգամ չկարողացան ախտորոշել, ճարահատ տուն ուղարկեցին։ Համենայն դեպս, այդ մեկ տարվա ընթացքում Թաթուլը, ինչ որ իրեն պետք էր, սովորել, յուրացրել էր։ Զարմանալի է, չէ՞:

Ընդամենը քսանվեց տարի ապրած ֆիդայու կյանքում այսպիսի առեղծվածներ էլի կան։ Շատ կան: Բոլորովին վերջերս էր` դժվարությամբ գտա հասցեն, բարձրացա Նորքի չգիտեմ որ զանգվածը, ծանոթացա կնոջ հետ։ Նա նկատելիորեն հուզվել էր, հիշում էր, որ բանակից վերադառնալուց հետո, երբ համալսարանի աստիճանների վրա առաջին անգամ Թաթուլին հանդիպել է, հայացքը չի կարողացել թեքել։

-Այդպիսի ուսանող չկար, ես գոնե չէի տեսել,- հավատացնում էր Իրինան,¬ հաղթանդամ, լայնաթիկունք էր, աչքերը ոչ թե փայլփլում, բոցկլտում էին։

-Չասա՞ց, թե ինչու է պատմական ընդունվել։

-Առանց ասելու էլ պարզ էր։ Թաթուլը կարծում էր, որ ամեն զինվոր իր ժողովրդի անցյալը լավ պիտի իմանա։

-Երեւի շատ կարդում, պարապում էր։

-Ո՛չ, ժամանակ չուներ։ Ազգագրական «Կարս» համույթ էր ստեղծել, գնում էր գյուղ, տատից, մյուս մեծահասակներից երգեր, պարեր էր սովորում, գալիս, սովորեցնում էր մեզ։ Եթե որեւէ երգի ոգին, մարտունակությունը չէր հավանում, վերամշակում կամ ուղղակի ինքն էր հորինում։ Իհարկե նա ուրիշ, շատ ավելի կարեւոր պարտականություններ էլ էր ստանձնել, որոնց մասին այն Ժամանակ գաղափար չունեի, վերջերս, նոթատետրին ծանոթանալիս իմացա։

-Կարո՞ղ եմ ես էլ ծանոթանալ։

-Չէ՛, շուտ է դեռ։

Մի նրբադեմ, սեւաչ¬սեւահոն աղջնակ հայտնվեց, փարվեց Իրինային, տագնապով դեմքին նայեց։ Երեւի չէր ուզում, որ ամուսնու մասին խոսելիս փղձկա: Ես իսկույն հիշեցի Թաթուլի լուսանկարը դստեր` Ասպրամի հետ, միակ լուսանկարը, թերեւս, որտեղ նա մեղմ, անգամ թախծոտ է ժպտում։

-Այդքան շատ հանձնարարություններ ունենալով, ուսանող լինելով հանդերձ, այն էլ պայքարի ամենալարված տարիներին, ինչո՞ւ հանկարծ որոշեց ամուսնանալ։

-Ինքս էլ չեմ հասկանում,¬ կինը աչքերը խոնարհում, երկար լռում է,- հիշում եմ միայն, որ շտապում էր, ուզում էր շուտ ընտանիք կազմել, անպայման երեխա ունենալ։ Բայց հենց աղջիկս ծնվեց, մեզ իրենց գյուղը տարավ, ծնողներին հանձնեց, ինքը հետ դարձավ։ Հետո իմացա, որ համալսարանում տարկետում է ձեւակերպել, որպես պատմության ուսուցիչ, աշխատանքի է մեկնել Գետաշեն։ Չնայած, երեւի գիտեք, վիրահատված սիրտ ուներ։

Ինչ էլ լինի, Թաթուլը հենց այդ ժամանակ է գրել իր թերեւս ամենասրտառուչ բանաստեղծությունը.

Դու էլ չի լաս, հայի կռունկ,

Քո բալեքը զինվոր են…

Նրան թվացել է, ո՛չ, համոզված է եղել, որ եկել է պապերի վրեժը լուծելու, երազն իրականացնելու պահը։ Դրա համար էլ մի ակնթարթ անգամ չի երկնչել, գնացել, հասել է մի լեռնաշխարհ, որը չէր էլ տեսել։

Ես գիշերներ լուսացրի, տող առ տող վերծանեցի Գետաշենի նրա` իրոք հրաշքով փրկված մի տետրը, որի անպաճույճ ձեւակերպումներն անգամ աստիճանաբար նոր իմաստ, խորհուրդ էին ստանում։

Ինքնահոս չի՞ ունեցել, որ մատիտով է նշումներ արել։

Ահա աշակերտների ցուցակը` ներկա, բացակա, ներկա, ներկա։

Գրառում. «1990թ. դեկտ. 7` սկսվեց Գետաշենի եկեղեցու վերականգնումը։ Առաջին պատարագը երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցվեց»:

Մի ուրիշ դասարանի ցուցակ՝ ներկա, բացակա, բացակա, ներկա։

Նոր գրառում. «1990թ. դեկտ.  15` տնից նամակ ստացա… Կներես, որ թույլ գտնվեցի, զանգահարեցի քեզ»։

Նույն օրվա մի այլ գրառում: «Եկեղեցում զանգ կախեցինք: Պարգեւ սրբազանը մկրտում է մեզ»:

Աստիճանաբար ամիս-ամսաթվերը վերանում են, ձեռագիրն անընթեռնելի է դառնում. էջերից խրամատի, խոնավության հոտ է գալիս։

Հետո… Թե ինչ է եղել հետո, պատմեց Միջազգային Կարմիր խաչի միջնորդությամբ ադրբեջանական բանտից ազատված ընկերս` վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանը.

-«Սպիտակ» փրկարարական ջոկատով գնացել էի Վրաստան` երկրաշարժի աղետյալներին օգնելու։ Հենց վերադարձա, ուղիղ Ազատության հրապարակ` ցույցի գնացի։ Հոռետեսները խոսում էին Գետաշենի մասին, որտեղ երկու անգամ արդեն եղել, աշխատել էի։ Երբ հայտնեցին, որ իրավիճակը լարված է, բռունցքների անտառ բարձրացավ, բոլորը միաբերան գոռում էին. «Գետաշենը չենք տա, Գետաշենը կպահենք»։ Հաջորդ առավոտ օդանավակայան գնացի` բղավողներից ոչ ոք չէր եկել։ Նույնիսկ հռետորները չկային։ Դժվարությամբ մտա երկու ռազմական ուղղաթիռներից մեկը, սպրդեցի դատարկ դագաղի մեջ, Շահումյան հասա։ Այնտեղից «Ալաշկերտ» ջոկատի տղաները գիշերով ինձ Գետաշեն հասցրին…

Մնացածը Գեւորգն էլ չէր կարողանում պատմել։ Ի՜նչ պատմեր, հայտնի էր բոլորին։

Խորհրդային ռազմավարները հայկական երկու փոքր, լեռնային գյուղ գրավելու համար այնպիսի ծրագիր էին կազմել, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ, թերեւս, Ստալինգրադում կամ Կուրսկի աղեղում է մշակվել։ Ազերիները Մարտունաշենի, Գետաշենի մատույցներում կացիններով, դանակներով զինված` սպասել են, որ Կարմիր բանակի հրասայլերը, ուղղաթիռները գրոհեն, իրենք սկսեն թալանն ու ջարդը։

Երկու գյուղում էլ հատուկենտ ֆիդայի է մնացած եղել։ Մարտունաշենում Սիմոն Աչիկգյոզյանը` «Դեդը», իր «Արաբո» ջոկատի մարտիկներին հրամայում է ժողովրդի անվտանգ նահանջն ապահովել, ինքը մի բարձր տանիքից գնդացրով մեն-մենակ դիմադրում է մոտեցող ոսոխին ու երգում։ Կրակում է ու երգում։ Գետաշենում Թաթուլ Կրպեյանը զգալով, որ գյուղը ծնկի է գալիս, նռնակը ձեռքին նետվում է ներխուժող զրահամեքենայի վրա, ռազմական գործողության հրամանատարին պատանդ է վերցնում, պահանջում հեռացնել «ՕՄՕՆ»¬ական զորքը…

Դու քո անելիքը հաստատ, վերջնականապես էիր որոշել, դրա համար ընկերներիդ` Հրաչին, Արթուրին խնդրում էիր հեռանալ զրահամեքենայից։ Բայց նրանք քեզ չլքեցին։ Ու մի ամբողջ զորք` իր հրամկազմով, ռազմական նորագույն տեխնիկայով վախեցավ ձեզնից, չհամարձակվեց տղամարդու պես ուղղակի բանակցություններ վարել։ Գնդապետը խաբեությամբ երեքիդ էլ մի կողմ տարավ, ու որոտացին դավադիր համազարկերը։ Բոլոր դեպքերում, դու հաղթեցիր քո հերոսությամբ` վերջին պահին թշնամուց խլեցիր ռազմական պլանը, որը եւ աշխարհով մեկ տարածվեց, բացահայտեց կարմիրբանակայինների նենգամտությունը, ստոր խարդավանքները։ Թաթո՛ւլ, դու չտեսար, թե ինչպես մահմեդական խաժամուժը Գետաշենում նույնն արեց, ինչ յոթանասունհինգ տարի առաջ ձեր բնօրրանում` Նախիջեւանում էր արել։ Մի տարբերությամբ միայն` թուրքերը ազերիների պես գերի ընկած ֆիդայիների երիկամները չէին ճզմում, պայթեցնում: Երեւի տեղը չգիտեին։

Գետաշենի անկումից հետո արտասահմանյան լրագրողները, որոնց, պատահում էր, ճանապարհում էի Երեւանի օդանավակայանում, նույնն էին ասում.

-Մենք այդ բարբարոսությունը չենք մոռանա, մարդիկ երբեւէ կիմանան ճշմարտությունը, անպայման կիմանան…

Արդեն հինգ տարի է անցել ու, կարծում եմ, եկել է ժամանակը։ Ես ուզում եմ հասկանալ, հասկանալ վերջապես, թե խորհրդային բանակը ինչո՞ւ էր ազատություն տվել վայրենաբարո ամբոխի արյունռուշտ բնազդներին, ի՞նչ էր ուզում մեր հողագործ, բարեսեր ու եկեղեցասեր ժողովրդից։ Եվ հետո` ո՞ւր էին այդ ժամանակ Գետաշենի, Մարտունաշենի տղամարդիկ` նրանց բացարձակ մեծամասնությունը։ Ո՞ւր են հիմա։ Հողը, եթե տիրոջը պետք չէ, ոչ ոքի պետք չէ։ Բացի, իհարկե, թշնամուց։

Վերջում, Թաթուլ ջան, ամենակարեւորի մասին։ Առավոտյան, երբ հորդ հրաժեշտ էի տալիս, նա ինձ, երեւի, պաշտոնյայի տեղ էր դրել, անընդհատ նույնն էր խնդրում։

-Բալիս հրացանը գտեք,- ասում էր,¬ բալիս հրացանը մինչեւ հիմա չկա:

Մանվել եղբայրդ, որ վաշտում է ծառայում, ինձ մինչեւ գյուղի խաչմերուկն ուղեկցեց, ու հենց մենակ մնացինք, հանեց, ցույց տվեց ծոցատետրը։ Առանձին էջում, հատ-հատ, ընդգծված թվերով գրված էր քո ինքնաձիգ հրացանի համարը։ Անկեղծ եմ ասում, շատ ուրախացա, ճիշտ է, չեմ հավատում առասպելների, համոզվեցի, որ զենքդ գտնվելու է։ Գտնվելու ու որոտալու է այնպես, որ արձագանքը հասնի Գետաշեն, պապերիդ գերի բնաշխարհը` Նախիջեւան:

Բոլոր այն վայրերը, որտեղ մինչեւ այժմ բռնաբարվում է արդարությունը։

ԳՐԻԳՈՐ ՋԱՆԻԿՅԱՆ

Խորագիր՝ #17 (1239) 02.05.2018 - 08.05.2018, Ճակատագրեր


03/05/2018