Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՅԱՆՔԸ՝ ՏՈՂԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ
ԿՅԱՆՔԸ՝ ՏՈՂԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

 

ԿՅԱՆՔԸ՝ ՏՈՂԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ-Ուզում եմ համազգեստ հագնել,- ասաց անհույզ, անգիր արածի պես ու լռեց: Ո՞ւր կորան բոլոր բառերը: Տանը սրտառուչ ճառ էր պատրաստել, որից քարն էլ կփափկեր: Մի անկեղծ խոստովանություն` իր աղջկա անկատար երազանքի, զինվորականի գործը ինքնամոռաց սիրելու, զինվորի կողքին լինելու մեծ ցանկության ու էլի շատ բաների մասին: Բայց հիմա գլխում դատարկություն է, ու միայն սիրտն է բաբախում տենդագին:

Զինվորական համազգեստով տղամարդը նայում էր սիրալիր:

-Մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան եմ: – Լավ էր` հիշեց:

-Երկու որդի ունեմ:- Սա ինչո՞ւ ասաց:

Տղամարդը անշտապ բացեց դարակը, մեծ, սպիտակ թուղթ հանեց ու դրեց սեղանին:

-Այ, այստեղ կգրեք Ձեր կենսագրությունն ու կբերեք:

Հետո ժպտաց և ավելացրեց.

-Կարճ ասած՝ պիտի մեզ պատմեք Ձեր կյանքը:

…Գիշերը, երբ որդիները քնեցին, վառեց լամպը, վերցրեց գրիչն ու նստեց սպիտակ թղթի առջեւ: Առաջին տողերը գրեց բնազդաբար, ասես ինքը կապ չուներ, ասես գրիչն ինքն իրեն շարժվեց. «Ծնվել, մեծացել եմ Շամշադինի շրջանի Բերդ ավանում»:

…Մի հավերժություն է անցել: Սորանի բարձունքից նայում էր ձորի մեջ փռված գյուղին, ու շենը նրան թեւերը բացած արծիվ էր թվում: Նայում էր ժամերով, ու հոգնած, ուժասպառ մարմինը լցվում էր ինչ-որ անբացատրելի ուժով: Կյանքը ստիպեց, որ ժամանակից շուտ մեծանա: Մայրը հիվանդ էր, գլխի մի քանի վիրահատություն՝ և ընտանիքի հոգսը, եղբայրներին ու քրոջը խնամելու պարտականությունը մնաց իր վտիտ ուսերին: Բայց մենակ չէր: Երբեք իրեն մենակ չէր զգացել, որովհետեւ գյուղում ոչ ոք մենակ չէր լինում. գյուղը մի մեծ գերդաստան էր՝ իր մեծ ու փոքրով, մեկը մյուսին հարեհաս լինելու չգրված օրենքով:

… Իրենց տան մեծը Միխայիլ ամին էր: Մեծ էր ոչ թե տարիքով, այլ հեղինակությամբ, պատվով: Գերդաստանի մեծը զատվում, բարձրանում էր ինքնաբերաբար: Գերդաստանի մեծի խոսքը ավելի մեծ ուժ ուներ, քան դատարանի վճիռը: Մարդիկ ամեն ինչ անում էին, որ տարաձայնությունները հարթվեին առանց Միխայիլ ամիի միջամտության: Մեռնել էր, եթե բանը հասներ նրան, որ Միխայիլ ամին ասեր.

-Հորդ քեռու թոռանը տեր կանգնի, նեղն է, քո արյունն է: Ձեռքդ էլ չոր քարի տակ չի:

Ասեր` հայացքի մեջ էնքան դառնություն, որ մի փութ մեղրով չէր ուտվի:

Կամ ասեր.

-Դու Մակինանց Շաքարի թոռն ես, քեզ բարձր պահի, ամոթ է:

Ու Մակինանց Շաքար ասելիս բառերը վանկատեր, կրակելու պես մեխեր ճակատիդ:

…Մակինանց Շաքարը: Մեղվաբույծ Շաքարը` բարձրահասակ, խարտյաշ, կապուտաչյա: Կարեկցանքից, հպարտությունից ու պատվից հունցած իր պապը: Ինչպե՞ս գրի իր կենսագրությունն ու չպատմի պապի մասին: Պապը տան Աստվածն էր: Մինչեւ պապը չնստեր սեղանի գլխին, մինչեւ չուտեր առաջին պատառը, ոչ ոք չէր համարձակվի մոտենալ սեղանին, առավել եւս` ձեռք տալ ուտելիքին: Նույնիսկ այն ժամանակ, երբ պապը իր մեղուների հետ սարերում էր, ոչ ոք նրա տեղը չէր նստում: Մակինանց Շաքարի աթոռը մնում էր դատարկ` սեղանի գլխին:

Իրեն առաջին անգամ պապն է պատմել Ցլիկ Ամրամի մասին: Ժամանակն անզոր էր եղել, ու կիսավեր ամրոցի շուքը չէր խամրել: Մի առինքնող ազնվական վեհություն, հպարտ ցավ կար ավերակ բերդի պատերին: Իսկ պապը սիրուն էր պատմում: Նրա ամեն բառի հետ անցյալը արթնանում, պատմությունը շնչում էր կողքիդ, դառնում քո կենսագրությունը:

-Ցլիկ Ամրամը ումոնցի՞ց էր,- մի անգամ հարցրեց պապին:

Պապը ծիծաղեց:

-Մենք ամբողջ գյուղով Ցլիկ Ամրամի գերդաստանից ենք:

-Բոլո՞րս:

-Բոլո՛րս:

Երբ առաջին անգամ պապի հետ գնաց հարևան գյուղ, հարցրեց.

-Պա՛պ, սրա՞նք էլ են Ցլիկ Ամրամի գերդաստանից:

-Ի՞նչ,- զարմանքից ու բարկությունից Մակինանց Շաքարի կապույտ աչքերը դեղնեցին:

-Սրանք ո՞նց Ցլիկ Ամրամի գերդաստանից կլինեն: Սրանք կապ չունեն Ցլիկ Ամրամի հետ,- հետո կիսաձայն ավելացրեց,- կողքիցս հեռու չգնաս: Սրանք հայ չեն:

…Տարիներ անց, երբ ադրբեջանցիները գնդակոծում էին Բերդը, ու իրենք ապաստարանում սպասում էին Տարեմուտին, հիշեց պապի աչքերը… Արեւն ընկել էր դեմքին ու ցորնագույն թարթիչից պոկված արցունքը պսպղուն հետագիծ էր թողել այտի վրա:

-Էս հողը մեր պապերի սիրտն է: Դրա համար էլ ոչ ոքի չենք տվել: Երբ ես չլինեմ, իմ սիրտը նույնպես կխառնվի այս հողին, ու դու, քո որդիները, թոռանդ թոռները այս հողը ոչ մեկին չեք տա: Իմ ժառանգներից յուրաքանչյուրը կզգա իմ սրտի զարկը իր ոտքի տակ: Իմ սիրտը կխոսի նրա հոգու հետ…

…Սպիտակ թուղթը դատարկ էր: Ինքը ուրիշ կենսագրություն չունի, սա է իր կենսագրությունը: Այս փոքրիկ, սպիտակ թուղթը ինչպես պիտի հասկանա, զգա այս ամենը, որ իր սրտի ամենատաք անկյունում է: Ինքը որդիներին Ցլիկ Ամրամի մասին պատմեց պապի բառերով: Պինդ, կոշտ պատմեց, լացը ներս արած, բռունցքը սեղմած: Ու դեռ դպրոց չէր գնում, երբ Արմենն ասաց.

-Տղա եմ ծնվել բանակի համար:

Իսկ Արամը հայտարարեց.

-Պոստ պահող աֆիցեր եմ դառնալու:

Հայրն էլ հեգնեց.

-Երանի ինձ, մերն ու երկու տղերքը նույն երազանքն ունեն` ուզում են պոստ պահող աֆիցեր դառնան:

-Շուշա~ն, էս անկողին չե՞ս մտել… – ինչ-որ մեկը շարժում էր ուսը: Աչքերը բացեց: Եղբայրն էր: Քնել էր` գլուխը սպիտակ թղթին:

-Հո հիվանդ չե՞ս:

-Չէ՛, պիտի ինքնակենսագրություն գրեի: Մտածեցի, մտածեցի… Փաստորեն, հոգնել, նստած քնել եմ:

-Բայց ի՞նչ կա մտածելու, տո՛ւր, ես գրեմ:

Առանց պատասխանի սպասելու եղբայրը վերցրեց գրիչն ու սկսեց գրոտել թուղթը. «Ես՝ Շուշանիկ Մելիքբեկյանս, ծնվել եմ Շամշադինի շրջանի Բերդ ավանում: Ավարտել եմ տեղի միջնակարգ դպրոցը: Մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան եմ: Աշխատել եմ միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար: Ապա` Կարմիր խաչի անապահով երեխաների կենտրոնում՝ որպես հոգեբան: Ամուսնացած եմ, ունեմ երկու որդի»:

«Սա՞ է իմ կենսագրությունը»` մտածեց տարակուսած: Փաստորեն կենսագրությունը մի բան է, կյանքը` այլ:

Կյանքը կենսագրության տողերի արանքում ծվարած սպիտակն է, որի գույները միայն հոգու աչքերով ես տեսնում, բայց զգում ես սրտիդ ամենազգայուն բջիջներով:

Ե՞րբ անցան տարիները: Հիմա ինքը զինվորական կենսագրություն ունի: Ու ինչպես բանակ մտնելու առաջին օրը, սպիտակ թուղթը դրել են իր առջև ու ասել՝ գրիր կենսագրությունդ: Կոչումը կրտսեր սերժանտից բարձրացրել են՝ որպես խրախուսանք անձնվեր ծառայության համար: Ու քանի որ կոչումը բարձրացրել են, հետն էլ՝ պատվոգիր են տալու, ինքը պիտի գրի իր զինվորական կենսագրությունը:

…Ի՞նչ գրի: Իր զինվորական կենսագրությունը ո՛չ ավուր հոգսերն են, ո՛չ պատվոգրերը, ո՛չ էլ նույնիսկ զինվորական համազգեստը, որ ասես իր մաշկը լինի… Սրտում ուրիշ պատկերներ են դաջվել, ուրիշ ապրումներ: Ամենակարևորը անհնար է գրել ինքնակենսագրության անհույզ ու ժլատ տողերում:

…Զինվորը քաշվել էր մի անկյուն, գլուխն առել էր ափերի մեջ, չէր շփվում, չէր խոսում: Դեմքը փակել էր, որ արցունքներ չերեւան: Սիրտը ցավից նվաց: Ու բառերը իրենք իրենց եկան: Երկար խոսեց: Խոսեց՝ զինվորի մեջքը գրկած: …Տղան սկզբում բացեց դեմքը: Հետո բարձրացրեց հայացքը: Հետո սկսեց գլխով անել: Ժպիտի նման մի բան թրթռաց շուրթին:… Երեք ամիս անց հրամանատարը զինվորի ծնողներին շնորհակալագիր ուղարկեց՝ լավ որդի դաստիարակելու համար: Զորացրվելիս տղան մի մեծ ծաղկեփունջ ձեռքին մտավ իր աշխատասենյակ ու ասաց.

-Ինչպես Դուք ինձ օգնեցիք, թող Աստված էլ միշտ օգնի Ձեր զավակներին:

Իր կենսագրությունը ավագ լեյտենանտ աչաջուրցի Կարեն Գալստյանն է, որը բառացիորեն զինվորին ուղղված կրակը իր վրա վերցնելով՝ սեփական մարմնով փակեց թշնամու գնդակի ճանապարհը: Ու երբ վիրավոր զինվորներին արյուն էր պետք, զորամասի հրամանատարն առաջինը հասավ հիվանդանոց, որ արյուն հանձնի: Զինվորի համար արյուն տվող հրամանատարն է իր կենսագրությունը:

Իսկ զինվորնե՞րը «Վիլիսում» տեղ չկար, բայց խցկվում էին ու խցկվում: Հետո կախվեցին մեքենայի դռներից, որ հասնեն հիվանդանոց ու իրենց արյունը նվիրեն զինակից ընկերոջը: Սա ի՛ր կենսագրությունն է: Իր զինվորակա՛ն կենսագրությունը:

«Զինված ուժերում ծառայության եմ անցել 2013թ.՝ որպես զորամասի գրագիր-գործավար՝ ստանալով շարքայինի զինվորական կոչում: Այնուհետև նշանակվել եմ զորամասի ավտոմատացված կառավարման համակարգի տեխնիկ – օպերատոր: 2017-ին ստացել եմ կրտսեր սերժանտի, իսկ 2018-ին՝ սերժանտի զինվորական կոչում: Բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել եմ պատվոգրերով: Ծառայողական պարտականություններս կատարում եմ անմնացորդ նվիրումով, որ արժանի լինեմ իմ երազած «Անբասիր ծառայության համար» գերատեսչական մեդալին:

Գրեց: Մի անգամ էլ կարդաց: Հետո ջնջեց վերջին նախադասությունն ու իր զինվորական կենսագրությունը պահ տվեց «Անձնական գործ» վերտառությամբ սպիտակ թղթապանակին:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ