Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՍ ԱՅՆՏԵՂ ԵՄ, ՈՐՏԵՂ ՍԻՐՈ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԿԱ



ԵՍ ԱՅՆՏԵՂ ԵՄ, ՈՐՏԵՂ ՍԻՐՈ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ԿԱԵս մեր ազգային նվագարաններից ամենաշատը քանոնն եմ սիրում: Քանոնի ձայնը` թրթռուն, վճիտ, զրնգուն, ասոցացվում է արեւելյան հեքիաթի հետ ու ինչ-որ անմեկնելի առեղծված ունի: Երբ առաջին անգամ լսեցի քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանին, թվաց` ծիածանի բոլոր գույները՝ բոլոր նրբերանգներով, թափվում են ջրվեժի փրփուրների մեջ: Հետո ես համացանցում լսեցի Մարիաննա Գեւորգյանի բոլոր կատարումները` սկսած հայկական մեղեդիներից մինչեւ դասական երաժշտություն, հոգեւոր տաղերից մինչեւ արեւելյան ազգային նվագներ: Բայց Մարիաննայի հետ հարցազրույց անելու միտքը ծնվեց այն ժամանակ, երբ քանոնահարուհին ասաց, որ պիտի շրջի Արցախի բանակի զորամասերով ու նվագի հայրենիքի սահմանները առաջնագծում պաշտպանող զինվորների համար: Մարիաննան իր գալիք շրջայցն անվանեց ուխտագնացություն: Ու ես որոշեցի զրուցել քանոնահարուհու հետ ուխտագնացությունից առաջ:

 

-Մարիաննա, կարո՞ղ եմ իմանալ՝ Ձեզ վճարելո՞ւ են Արցախի բանակի զորամասերում նվագելու համար:

-Ինչպե՞ս կարող եմ հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորների համար գումարով նվագել: Մենք բոլորս էլ խորապես պարտական ենք բանակին: Ինչ էլ անենք, որքան էլ ջանանք՝ թշնամու գնդակի ճանապարհը կյանքով փակող զինծառայողների նվիրումն ու սխրանքը չենք կարող փոխհատուցել: Ես մեր զինվորի ու սպայի հանդեպ իմ ամբողջ սերն ու երախտագիտությունն եմ դնելու նվագիս մեջ:

– Կան երաժիշտներ, որոնք զորամասերում իրենց ելույթը համարում են աշխատանք, որի համար պետք է վարձատրվեն: Եվ դա բոլորովին էլ չի խանգարում, որ բոցաշունչ հայրենասիրական տեքստեր արտասանեն առիթի դեպքում: Դուք գնալու եք զորամաս՝ Ձեր նվագախմբով, Ձեր երաժշտական տեխնիկայով, ու զարմանալի չէր լինի…

-Զարմանալի կլիներ: Ես նվագել եմ «Զինվորի տանը», տեսել եմ, թե ինչ զրկանքների ու զոհողությունների գնով ապրիլյան պատերազմի ժամանակ մեր սպաներն ու զինվորները կարողացան պաշտպանել Հայրենիքի սահմանները ու հետ շպրտել թշնամուն, տեսել եմ, թե ինչպիսի անօրինակ սխրանքների միջոցով են ձախողվում թշնամու բազմաթիվ դիվերսիաները: Ամեն օր գլուխս բարձին դնելիս ես հիշում եմ, որ բազմաթիվ երիտասարդ տղաներ սահմանին` վտանգին դեմ հանդիման հսկում են իմ խաղաղ, անվրդով քունը:

-Դուք այդքան երիտասարդ եք: Բայց հասցրել եք երկու երաժշտական դպրոց ավարտել, ապա՝ կոնսերվատորիա, ասպիրանտուրա, վեց մենահամերգ եք ունեցել… Ո՞րն է Ձեր նպատակների բարձրակետը:

-Ես շատ եմ աշխատում ու շատ եմ աշխատել: Ամենը, ինչին հասել եմ, իմ աշխատասիրության շնորհիվ է: Չեմ կարող ասել, որ ես բացառիկ տաղանդ ունեմ ու հեշտորեն եմ հաղթահարել բոլոր դժվարությունները: Պարզապես, ես իմ առջեւ դրված նշաձողը անընդհատ բարձրացնում եմ ու ամբողջ ուժերս ներդնում, որ հասնեմ արդյունքի: Նպատակի բարձրակետ չկա, բայց կանգ առնելն էլ ճիշտ չէ: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուրս պիտի ձգտենք մեր ունակությունների չափով առավելագույնին հասնել մասնագիտության մեջ: Ես ժամերով, օրերով, ամիսներով կարող եմ նվագել նույն նոտան, տակտը, մինչեւ ստացվի այնպես, ինչպես ինքս եմ ուզում:

-Ի՞նչ է պետք, որ քանոնը երաժշտի մատների տակ հնչի իր ողջ հմայքով ու նրբերանգներով:

-Մեղեդին ծնվում է քո ներքին խտացումներից: Մինչեւ քանոնից հնչելը մեղեդին անցնում է քո միջով, ու յուրաքանչյուր հնչյուն լցվում է քո ներքին գույներով, բովանդակությամբ: Հնչյունը զարմանալի մեծ տարողություն ունի, ամեն ոք այն կարող է լցնել իր չափով, ու ոչ ոք չգիտի, թե որն է սահմանը:

-Ի՞նչ է պետք, որ հնչյունը լեցուն լինի, գունեղ լինի, բովանդակալի լինի…

-Պետք է, որ մարդը երկար տարիներ՝ օրորոցից մինչեւ նվագարանին հասնելը կրթվի, դաստիարակվի, լցվի առաքինություններով ու բովանդակությամբ…

-Առաքինություններով…

-Այո՛, եթե դու բարի չես, քո նվագած մեղեդին չի կարող ջերմացնել մարդկանց սրտերը ու բարությամբ լցնել: Բարության գույնը կպակասի: Եթե դու խելացի չես, քո ասելիքը կլինի կցկտուր, անբովանդակ, ու մարդիկ քեզ չեն լսի: Եթե դու ազնիվ չես, ունկնդիրը քեզ չի հավատա:

-Լրագրության մեջ էլ է նույնը: Գրում են հարյուրավորները, լավ կամ վատ, բայց քչերն են կարողանում դեպի իրենց ձգել ընթերցողին: Սիրո, ազնվության, բարության էներգիան մարդիկ արյամբ են զգում. նրանց չես խաբի:

-Նույն ստեղծագործությունը նվագում են հազարավոր մարդիկ, բայց եզակիների, ընտրյալների անուններն են մնում պատմության մեջ: Տեխնիկան կարող են հաղթահարել շատերը, բայց քչերը կարող են հնչյունը լցնել բովանդակությամբ ու ապրումներով…

-Արդեն հասկացա՝ հնչյունը բովանդակությամբ լցնելու համար եք ե՛ւ հանրակրթական, ե՛ւ երաժշտական դպրոցը, ե՛ւ կոնսերվատորիան, ե՛ւ ասպիրանտուրան ավարտել գերազանցությամբ…

-Նաեւ պարի եմ գնացել, հաճախել եմ մանկական ֆիլհարմոնիա, դեռեւս դպրոցական տարիներից նվագել եմ կոնսերվատորիայի ուսանողների հետ, աշխատել եմ տարբեր համույթներում ու համերգներով շրջել եմ ամբողջ հանրապետությունով: Մասնակցել եմ փառատոների, մրցույթների, միաժամանակ՝ խաղացել եմ բակում ու շատ ընկերներ եմ ունեցել: Կարդացել եմ անհագ, այցելել եմ թանգարաններ, նկարչական ցուցահանդեսներ: Այս ամենը ես անվանում եմ կրթություն ու աշխատանք, որ լավ երաժիշտ դառնալու նախադրյալներն են:

…Ես նաև ձախողումներ եմ ունեցել: Դպրոցն ավարտելուց հետո ցածր գնահատական ստացա սոլֆեջիոյից ու չընդունվեցի կոնսերվատորիա: Բազմաթիվ մրցույթներից ու փառատոներից վերադարձել եմ ձեռնունայն: Մի քանի անգամ վայր եմ դրել քանոնը:

-Որոշե՞լ եք ուրիշ աշխատանքով զբաղվել:

-Ո՛չ: Որոշել եմ ճանապարհ անցնել, լցվել, կատարելագործվել: Ու հաջողել եմ: Իմ ձախողումները նոր թռիչքների հենարան են եղել: Բախտս բերել է, որ ես շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել դպրոցում, կոնսերվատորիայում` հայտնի քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, իսկ մագիստրատուրայում ու ասպիրանտուրայում` Ալվարդ Միրզոյանը: Նրանք այնքան զգույշ ու նրբանկատորեն են ուղղորդել ինձ, այնքան անաղմուկ, բայց հաստատուն են եղել կողքիս: Դա մեծ վարպետություն է:

-Դուք շատ հաճախ նվագում եք ծերանոցներում:

-Ես այնտեղ եմ, որտեղ սիրո ու ջերմության կարիք կա: Ծերանոցում մի պապիկ` Ռոբերտ Պետրոսյանը, ստեղծագործություն էր գրել` «Երգ սիրո մասին»: Նա խնդրեց, որ կատարեմ այդ ստեղծագործությունը: Այնպես էի հուզվել: Երբ նվագում էի, պապիկը հուզմունքից լաց էր լինում: Ես երջանիկ եմ, որ իմ քանոնը ի խորոց սրտի սեր էր բաժանում:

-Ի խորոց սրտի արտահայտությունը ինձ հիշեցրեց, որ Դուք «Տաղարան» հնագույն երաժշտական համույթի մենակատարն եք 2012 թվականից: Սա մեծ ձեռքբերում է. Ձեր ջանքերը ապարդյուն չեն անցել, Ձեզ նկատել են:

-Ձեռքբերում է այն, երբ դու Հայաստանում ես, իսկ քո երաժշտությունը հնչում է ֆրանսիական ռադիոյով, արաբական երկրների երաժշտական ալիքներով:

Չգիտես ինչու, բոլորը խոսում են ռաբիս երգի մասին, բայց քչերն են նկատում ռաբիսը ազգային նվագարանների կատարմամբ, ինչը ավելի եղկելի է ու վտանգավոր: Իմ քանոնը երբեք չի կլկլացնում: Ես հնչեցնում եմ մեր ազգային անաղարտ մեղեդին: Ու իմ բոլոր համերգներին ներկայանում եմ պրեմիերաներով:

-Ձեր մտահղացումն է, չէ՞, քանոնը ներդաշնակել երգեհոնին:

-Այո՛: Ես «լսեցի» այդ համանվագը: Խնդրեցի կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին, եւ նա ինձ նվիրեց միանգամից երեք ստեղծագործություն երգեհոնի և քանոնի համար` «Տաղ Աստվածածնի», «Էլեգիա» եւ «Մանկան ամանորյա երազը» կոնցերտը:  Շատ գեղեցիկ արարումներ էին:

-Մի անգամ ասացիք, որ առաքելությամբ եք եկել աշխարհ:

-Միայն ես չէ, բոլորս ենք առաքելությամբ եկել աշխարհ: Առաջադրանքով: Մի մասը կատարում է առաջադրանքը, մի մասը` ոչ: Երաժշտությունը հոգու թերապիա է: Ես հոգու բժիշկ եմ: Իմ հնչյունը հոգու դեղ է:

Իմ մենահամերգներին ներկա են եղել այն կոմպոզիտորները, որոնց ստեղծագործությունները կատարել եմ` Երվանդ Երկանյան, Վարդան Աճեմյան: Ու նրանք նույնպես իրենց ներկայությամբ գույն ու շունչ են տվել իմ հնչյունին, ինչպես իմ կարդացած գրքերի ամեն տողը, ինչպես բոլոր այն մարդիկ, որոնցից մի լավ բան եմ սովորել;

-Մարիաննա, բարի ուղեւորություն Ձեզ դեպի Պաշտպանության բանակի զորամասեր:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (1239) 02.05.2018 - 08.05.2018, Հոգևոր-մշակութային


03/05/2018