Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ՉԿՈՐՑՆԵԼ ՀԱՎԱՏԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»
ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ՉԿՈՐՑՆԵԼ ՀԱՎԱՏԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

ԱՐՍԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. «ՉԿՈՐՑՆԵԼ ՀԱՎԱՏԸ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ»Շարքային Արսեն Միքայելյանն արդեն 20 ամիս է, ինչ ծառայում է ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Ի տարբերություն մյուս զինծառայողների՝ Արսենը բանակ է զորակոչվել ավելի հասուն տարիքում: Բանն այն է, որ նա սովորել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրան: Մասնագիտությամբ դերասան է:

«Երբ նոր էի զորակոչվել բանակ, մտածում էի, որ ինձ համար դժվար է լինելու ծառայել, քանի որ մարտական ընկերներս ինձանից մի քանի տարով փոքր էին: Փորձը ցույց տվեց, որ ժամանակին ծառայելն ամենաճիշտ տարբերակն է, չնայած, որ հասուն տարիքում շատ երևույթներ կարող ես ավելի սթափ ընկալել և դժվարին հարցերում խոհեմ լինել»,- ասում է Արսենն ու հավելում, որ անկախ բանակային դժվարություններից, ծառայությունը մի հրաշալի դպրոց է՝ կյանքն իր լավ ու վատ կողմերով ճանաչելու և ընկալելու համար:

Ըստ գյումրեցի շարքայինի` ծառայությունը և դրանից քաղած դասերը յուրաքանչյուր ոք ընկալում է յուրովի. «Հաճախ լինում են պահեր, երբ փորձում ես բանակում անցածդ ճանապարհը վերլուծել, զարմանում ես սեփական կարողություններիդ վրա և հասկանում ես, որ երբեմն ընդունակ ես քեզ դրսևորելու այնպես, ինչպես երբեք չես պատկերացրել. ահա սա է այդ դպրոցի «հետևանքները»:

Ինչ վերաբերում է մասնագիտական ընտրությանը, ապա Արսենն ասում է, որ դերասանական արվեստի նկատմամբ սերը բացահայտել է դեռևս մանկուց, երբ մտերիմներից մեկը նրան տարել է թատրոն՝ ներկայացում դիտելու. «Այսօրվա պես հիշում եմ՝ «Գնա մեռի, արի սիրեմ» կատակերգությունն էր: Չնայած այն բոլոր դժվարություններին, որոնք ինձ սպասվում էին, այդուհանդերձ, որոշեցի երազանքս իրականացնել: Անկախ այն հանգամանքից, թե հետո ինչ կլինի, երբեք չեմ փոշմանել այդ որոշման համար»:

Մասնագիտությամբ դերասան զինծառայողը, երբ մնացել են հաշված ամիսներ ծառայության ավարտին, ասում է, որ շատ նպատակներ ունի, որոնք իրագործելու համար ջանք ու եռանդ չի խնայելու:

Արսեն Միքայելյանի համար իրական հերոսը լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանն է. «Նրա գործն ու խոսքը համապատասխանել են իրար: Նա հավատում էր իր գաղափարներին, և հայրենասիրությունը նրա համար սոսկ բառ չէր: Ես կցանկանայի, որ նրա կյանքը օրինակ ծառայեր այսօրվա սպաների և զինվորների համար»:

Այսօր, երբ Արսենը ծառայության վերջին փուլում է, անկեղծանում է. բանակում թեև շատ են դժվարություններն ու փորձությունները, այնուամենայնիվ, այն երիտասարդին տալիս է հնարավորություն ապրելու մի միջավայրում, որից ստացած փորձառությունը կյանքում անպայման մի օր պետք է գալու… Բանակ զորակոչվողներին էլ հորդորում է չկորցնել հավատը սեփական համոզմունքների նկատմամբ:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

շարքային