Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐՄԵՆԱԿ ՈՒՐՖԱՆՅԱՆԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

 

Ցնծացե՜ք, ես կա՛մ, իմ տեսակը կա,

Հայի տեսակը խիզախ ու արի,

Որ օրերի մեջ բի՛րտ, օրհասակա՛ն

Միշտ պատռելու է երախը չարի։

 

Ո՛չ սգո խոսքեր, ո՛չ կական, ո՛չ ողբ,

Ցնծացե՛ք, ես կամ աննկո՛ւն, պարթեւ՛…

Կա սրբազան հող Հայրենիք կոչվող,

Եվ ապրելու լոկ մի ձեւ կա՝ հաղթե՛լ։

 

Առաջին գիծը, առաջին զարկը՝

Դավադիր ու նենգ, իսկ ես՝ աներեր

Բերդակալի պես։ Այդպե՛ս է կարգը,

Ուրֆանյան տոհմից դա՛ եմ ժառանգել։

 

Մեր խա՛չը, ուղի՛ն եւ մարտադաշտը,

Հայոց ծխացող հողն իբրեւ բաց վերք…

Իսկ թիկունքում իմ հրեղեն վաշտը,

Հրահանգը իմ՝ նահանջե՛ք, տղե՛րք,

 

Ազերիական հեղեղը այս սեւ

Պիտի մեն-մենակ իմ կրծքով փակեմ,

Մահն անցողի՛կ է , կյանքը՝ հարատեւ,

Ես փարոսի պես պիտի ճառագեմ։

 

Ցնծացե՛ք, ես կամ եւ պիտի ծնվեմ

Վահագնի նման բոց ու կրակից…

Սիրո, լույսի պես պիտի ծածանվեմ

Հորիզոններում հայոց գալիքի։

 

ԱՐՏԱՇԵՍ ԱՐԱՄ