Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԱՐԳԱՊԱՀ, ՆԵՐԴԱՇՆԱԿ, ԴԻՊՈՒԿ...
ԿԱՐԳԱՊԱՀ, ՆԵՐԴԱՇՆԱԿ, ԴԻՊՈՒԿ…

ԿԱՐԳԱՊԱՀ, ՆԵՐԴԱՇՆԱԿ, ԴԻՊՈՒԿ...Ապրիլի 13-ից 16-ը անցկացվեց ՀՀ պաշտպանության ու կրթության և գիտության նախարարությունների համատեղ կազմակերպած «Կորյուն» ռազմամարզական խաղերի եզրափակիչ հանրապետական փուլը: Շուրջ հինգ ամիս տևած պայքարի արդյունքում ձևավորվել էին նախորդ` ներդպրոցական, տարածքային և մարզային փուլերը հաղթահարած թիմերը: Մարզային փուլի մասնակից 6 թիմերից միայն մեկն էր նվաճել եզրափակիչ փուլին մասնակցելու և իր մարզը ներկայացնելու իրավունք:

«Կորյուն» ռազմամարզական խաղերը նպատակաուղղված են սովորողների հայրենասիրական դաստիարակության, զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։ Խաղերին մասնակցում են հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններում սովորողները և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ից 3-րդ կուրսերի սովորողները: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 10 մասնակցից` 7 տղա և 3 աղջիկ:

ԿԱՐԳԱՊԱՀ, ՆԵՐԴԱՇՆԱԿ, ԴԻՊՈՒԿ...Միջոցառման մեկնարկը տրվեց ապրիլի 14-ին Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցում: Հանրապետական փուլի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Ողջունելով մասնակիցներին՝ կրթության և գիտության նախարարն իր ելույթում նշեց, որ նման միջոցառումները ևս մեկ անգամ հաստատում են՝ երիտասարդ սերունդը պատրաստ է հայրենիքի պաշտպանությանը, պատրաստ է տեր կանգնելու դարերի ընթացքում ձևավորված արժեհամակարգին:

-Սա ազգ-բանակ գաղափարախոսության բաղկացուցիչն է: Մենք մեկընդմիշտ պետք է հասկանանք՝ մեր հույսը մենք ենք, մենք պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, և համատեղ պիտի լինեն գրիչը, բահը և զենքը: Այս գաղափարախոսությամբ է, որ պետք է կառուցենք, ուժեղացնենք մեր երկիրը,- ասաց Լևոն Մկրտչյանը:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը հույս հայտնեց, որ ուսումնական տարվա ընթացքում սովորածը մասնակիցներին կօգնի դառնալու մեր երկրի իրական պաշտպանները:

ԿԱՐԳԱՊԱՀ, ՆԵՐԴԱՇՆԱԿ, ԴԻՊՈՒԿ...-Այսօր այստեղ հավաքվածներդ, անցնելով դպրոցական, շրջանային և մարզային փուլերով, ի վերջո ձևավորեցիք եզրափակիչ հանրապետական փուլի մասնակիցներին: Կարծում եմ, որ հաղթանակն արդեն իսկ նվաճել եք: Սակայն ոչ պակաս կարևոր է, որ ճաշակեցիք թիմային, ընկերներով հաղթանակ ունենալու բերկրանքը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանի գնահատմամբ. «Կորյուն» ռազմամարզական խաղերի անցկացման ժամանակ չկան պարտվողներ, բոլորն են հաղթանակած: Իսկ միջոցառումը հաստատում է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ` ի դեմս հզոր, խելամիտ և խելացի երիտասարդության:

Երեք օր ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մասնակիցները պայքարեցին «Կարգապահ և ներդաշնակ», «Արագ և դիպուկ», «Բանիմաց և հնարամիտ», «Ամենագիտակ ու խելացի», «Բարձունքի գրավում» մրցաձևերում, որոնց մի մասն անցկացվեց հրաձգարանում: Առաջին անգամ խաղերի ծրագրում ներառված էր փեյնթբոլը: Մրցումներին զուգահեռ պատանիներն ու աղջիկները ճանաչողական այցով մեկնեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ծանոթացան ապագա սպաների ուսման և կեցության պայմաններին:

Խաղերի փակման և պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 16-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Խաղերի արդյունքներն այստեղ ամփոփելը շատ կարևոր ու հատկանշական էր, քանի որ վարժարանն ինքնին երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության կրթօջախ է:

Շնորհավորելով մասնակիցներին ռազմամարզական խաղերի ավարտի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը նշեց, որ եզրափակիչ հասած տասնչորս թիմերի ներկայացուցիչներն արդեն իսկ հաղթանակած են: Սակայն լարված պայքարին զուգահեռ նրանք նաև ձեռք են բերել նոր ընկերներ, հասու են եղել բանակային կյանքի որոշ դժվարությունների և հաղթահարել դրանք, մրցակցային մթնոլորտում ձեռք են բերել այն դրական որակները, որոնք հետագա կյանքի ընթացքում շատ օգտակար են լինելու: Փոխնախարարը հույս հայտնեց, որ խաղերի ընթացքում կուտակված փորձը կդառնա մասնակիցների նոր հաջողությունների և հաղթանակների գրավականը:

ԿԱՐԳԱՊԱՀ, ՆԵՐԴԱՇՆԱԿ, ԴԻՊՈՒԿ...ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների միջև անցկացվող «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական հանձնաժողովը, ամփոփելով մրցավարական գնահատականները, որոշեց թիմային մրցաձևերում մրցանակային տեղերը: Երրորդ տեղում Տավուշի մարզի թիմն է՝ Իջևանի ավագ դպրոցը, երկրորդ տեղն զբաղեցրեց Արցախի առաջին թիմը՝ Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոցը: Իսկ մրցանակային առաջին՝ պատվավոր տեղը գրավեց Լոռու մարզի թիմը՝ Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը՝ զինղեկ, փոխգնդապետ Հովհաննես Բաբայանի ղեկավարությամբ: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվեցին թանկարժեք նվերներով:

Լոռու մարզը ներկայացնող թիմի հաղթանակը պատահական չէր: Փոխգնդապետ Բաբայանը զինվորականի հարուստ կենսագրություն ունի, արդեն ութ տարի է՝ դպրոցի զինղեկ է: Այդ տարիների ընթացքում Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի սաները նրա ղեկավարությամբ չորս անգամ դարձել են առարկայական օլիմպիադայի մրցանակակիր, մեկ անգամ ռազմամարզական խաղերի հաղթող: Այժմ էլ նրանք լավագույնն են «Կորյուն» ռազմամարզական խաղերում: Ի դեպ, հրաձգության անհատական հաշվարկում այս թիմի անդամներից մեկը նույնպես արժանացավ մրցանակի:

Միջոցառման ավարտին բարձրաստիճան զինվորականներն ու ոլորտի պատասխանատուները նշեցին, որ արվել է հնարավոր ամեն ինչ՝ ռազմամարզական խաղերը պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու համար։ Մրցումների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել սովորողների բարոյահոգեբանական և ֆիզիկական պատրաստվածության ամրապնդմանը, նրանց միջև համերաշխության ձևավորմանը:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝  ՍՈՒՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ