Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ



ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ2018 թ. ապրիլի 14-ից 15-ը ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի (նախագահ` Գեղամ Հարությունյան) նախաձեռնությամբ, «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակում հերթական այցով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ են այցելել ՀՀ գիտության ու մշակույթի գործիչներ: Այս անգամ էլ իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի անձնակազմը` տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի գլխավորությամբ:

Ապրիլի 15-ին պատվիրակության անդամներին դիմավորեց ԱՀ ՊԲ Ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Վրեժ Իշխանյանը, ապա պատվիրակությունը հանդիպեց ԱՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հետ:

Նախարարը կարևորեց նման այցելությունների նշանակությունը և ներկայացրեց բանակում ծավալված աշխատանքները, որոնք ուղղված են պաշտպանական տեղամասերի առավել ամրապնդմանը:

Գեներալ-լեյտենանտը նշեց, որ պարբերական հանդիպումները դրական ազդեցություն են ունենում զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա, ընդգծեց հադիպում-դասախոսությունների անհրաժեշտությունը:

Հրամանատարը, ինչպես բոլոր հանդիպումների ժամանակ, ներկայացրեց, թե ՊԲ-ում ինչ աշխատանքներ են կատարվել, և ինչ նորագույն սարքավորումներով է համալրվել բանակը: Նա փաստեց, որ հրամանատարության ուշադրության կենտրոնում է եղել զինվորական կարգապահության ամրապնդումը, որի հետևանքով կտրուկ նվազել են կարգապահական խախտումները:

Գեներալը ցավով նշեց, որ առաջնագծում մեր զինծառայողների կորստի հիմնական պատճառը աչալրջության թուլացումն է: Ինքնին հասկանալի է, որ համարժեք պատասխան անմիջապես տրվում է, սակայն ցանկալի կլիներ, որ նման կորուստներ չունենայինք, ուստի, հրամանատարությունը ամենօրյա պարապմունքների ժամանակ զինվորների ուշադրությունը կենտրոնացնում է զինվորական կարգապահության բոլոր կանոնների պահպանման անհրաժեշտությանը:

ՀՀ պաշտպանության նախարարին կից Հասարակական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց նախարարին` դասախոսական կազմին ընդունելու և կատարված լայնածավալ աշխատանքների մասին տեղյակ պահելու համար: Գ. Հարությունյանը միաժամանակ ընդգծեց, որ նման հանդիպումներն անհրաժեշտ են ոչ միայն զինծառայողներին, այլև մտավորականներին: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ 2018 թ. ընթացքում Հասարակական խորհուրդը նախատեսում է ևս հինգ այցելություններ պաշտպանության բանակ:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանն իր խոսքում շեշտեց.՝ «Արցախը միայն հող չէ, այլ խտացված հայրենասիրություն»: Նա հպարտությամբ նշեց, որ ինստիտուտի աշխատակիցների որդիները ևս ծառայում են պաշտպանության բանակում՝ իրականացնելով մարտական հերթապահություն: Ա. Մելքոնյանը տեղեկացրեց, որ ինստիտուտի կայքէջում, բացի գիտական նորություններից, պարտադիր լուսաբանվում են ինստիտուտի աշխատակիցների այցելությունները ՊԲ:

Հանդիպումից հետո դասախոսներն ուղղվեցին տարբեր զորամասեր: Մենք՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը և ես, այցելեցինք N զորամասը (հրամանատար` գնդապետ Սերգեյ Շաքարյան): Դասախոսությունից հետո զրուցեցինք զորամասի այդ օրվա պատասխանատու` փոխգնդապետ Հայկ Կիրակոսյանի հետ: Մեզ հետաքրքում էր հետևյալ հարցը՝ ինչ աշխատանքներ է տանում հրամանատարությունը զինծառայողների հայրենասիրական դաստիարակության գործում: Փոխգնդապետը մանրամասն ներկայացրեց միջոցառումները. տարբեր ստորաբաժանումներ կցված են դպրոցներին, և հարմար պահերին լինում են փոխադարձ այցելություններ, հանդիպումներ վետերանների խորհրդի անդամների հետ, հուշ-երեկոներ` նվիրված զոհվածների հիշատակին և այլն:

Փոխգնդապետ Հ. Կիրակոսյանն ընդգծեց կարգապահական խախտումների նվազումը, որ արդյունք է նաև զինծառայողների նկատմամբ անհատական մոտեցման: Անցկացվում են ամենօրյա պարապմունքներ. սպաներն ամենայն մանրամասնությամբ ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում պարզաբանում են անվտանգության կանոնները: Միաժամանակ զինվորական հանգստին տրվում է այլ ձև. ստորաբաժանումը (հրամանատարի թույլտվությամբ) դուրս է բերվում զորամասի տեղակայման վայրից, և կազմակերպվում է զբոսանք, որի ժամանակ տղաները հնարավորություն են ունենում նաև հեռախոսային կապ հաստատելու հարազատների, ընկերների կամ ծանոթների հետ: Հ. Կիրակոսյանը խոսեց նաև վերջերս պահեստազորայինների հետ անցկացված պարապմունքների մասին, որոնց ավարտին նրանք գերազանց արդյունք են ցույց տվել:

Ռուբեն Սահակյան

պահմական գիտությունների դոկտոր

Խորագիր՝ Նորություններ


16/04/2018