Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՓՈՒՄ Է ՄԱՐՄԻՆԸ, ԱՄՐԱՑՆՈՒՄ՝ ԿԱՄՔԸ



ԿՈՓՈՒՄ Է ՄԱՐՄԻՆԸ, ԱՄՐԱՑՆՈՒՄ՝ ԿԱՄՔԸԱյսօր  Հայաստանում որսորդությամբ զբաղվում են տարբեր տարիքի, տարբեր մասնագիտության տեր մարդիկ, եւ նրանց շարքերում քիչ չեն նաեւ զինվորականները: Ավելին՝ զինվորական որսորդներն ունեն իրենց  միավորումը՝ «Հայզինորսը»:

Ներկայիս «Հայկական  զինվորական որսորդական միավորումը» («Հայզինորս») նախկին ԽՍՀՄ ԶՈՒ Երևանի կայազորի զինվորական որսորդական ընկերությունն է, որը  1992թ. վերանվանվել է ՀՀ զինվորական որսորդական ընկերության, իսկ արդեն 2004թ. վերագրանցվել որպես «Հայկական զինվորական որսորդական միավորում» հասարակական կազմակերպության: Սկզբնական շրջանում այն իր գործունեությունը ծավալում էր ՀՀ ՊՆ Սպայի տանը, այժմ տեղակայված է Մոսկովյան 5 հասցեում:

Միավորումն ունի 600-ից ավելի անդամներ, որոնց  շարքում՝  փոխնախարարներ,   բարձրաստիճան զինվորականներ:

-«Հայզինորսը» մշտապես ակտիվ գործունեություն է ծավալել,- նշում է միավորման երկարամյա, բայց արդեն նախկին նախագահ (սպորտի վարպետ, 1956-1975 Հանրապետության հավաքականի անդամ եւ ապա մարզիչ, 1976-1996թթ. ֆիզկուլտուրայի ինստիտուտում հրաձգության ավագ դասախոս) Ռուբեն  Սահակյանը,-«Հայզինորսի» գործունեության նպատակը եղել եւ մնում   է  որսի և որսորդական հրաձգության միջոցառումների անցկացման միջոցով զինվորականների ֆիզիկական, հրաձգային, մարտավարական պատրաստությունն է՛լ ավելի ամրապնդելը, զինվորականների եւ նրանց ընտանիքի անդամների շրջանում մասսայականացնել որսորդական եւ ձկնորսական մարզաձեւերը՝ որպես նրանց  ակտիվ հանգստի կազմակերպման միջոցներ: Հասարակական կարգով անցկացվում են  բնության պահպանության եւ որսագողության դեմ պայքարին նվիրված միջոցառումներ,   տրամադրվում է խորհրդատվություն որսի վայրի,  զենքի եւ զինամթերքի ընտրության, զենք գործածելու անվտանգության կանոնների պահպանության թեմաններով: «Հայ զինորսը» մեծ աշխատանքներ է  իրականացնում նաեւ  հանրապետությունում որսորդական ստենդային հրաձգության ժողովրդականացման գործում:

Ռուբեն Սահակյանը հատկապես շեշտում է  ստենդային և որսորդական սպորտի կարեւորությունը ռազմահայրենասիրական դաստիարակության գործում՝ հիշեցնելով Արցախյան ազատամարտի առաջին  օրերին միայն  որսորդական հրացաններով զինված մեր  տղաներն ինչպես էին արժանի հակահարված տալիս թշնամուն, ապա եւ մեջբերում Խորհրդային նշանավոր զորահրամանատարներից մեկի խոսքը. «Որսորդը բանակում արդեն իսկ պատրաստի հետախույզ է, պատրաստի հրամանատար»:

-Անգամ ավանդազրույցներն են վկայում՝  որսորդությունը, որսախաղերը ծառայել են նաև որպես ռազմական դաստիարակության յուրահատուկ միջոց,- զրույցին միանում է «Հայկական զինվորական որսորդական միավորման» ներկայիս նախագահ,  պահեստազորի գնդապետ, նախկինում ստենդային հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Սամվել Բադոյանը: -Որսորդությունը բացի հաճելի զբաղմունք լինելուց, կոփում է մարմինը, ամրացնում կամքը,  դաստիարակում բարոյակամային հատկանիշներ՝ կամքի ուժ, համառություն, արիություն, նպատակասլացություն, հաստատակամություն, դիմացկունություն…

Հատկապես զինծառայողների համար նախորդ տարիներին անցկացրել  ենք ստենդային հրաձգության մրցումներ, կոլեկտիվ որս, անցկացրել ենք նաև զրույցներ՝ զենք-զինամթերքի անվտանգ օգտագործման, բնության ու կենդանիների պահպանության  թեմաներով:

Ալիս Ալավերդյան

Լուս.՝ Արեգ Վարդանյանի

Խորագիր՝ #22 (1244) 06.06.2018 - 12.06.2018, Ռազմական


07/06/2018