Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

 

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՊԱՐՈՆ ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆՄարտի 25-ից 30-ը մասնակցել եմ ԱՊՀ երկրների կուրսանտների  համաբանակային միջազգային օլիմպիադայի անգլերենի առարկայական հանձնաժողովի աշխատանքներին՝ ժյուրիի կազմում ներկայացնելով ԵՊՀ-ն։ Օլիմպիադայի արդյունքների մասին չէ, որ ցանկանում եմ խոսել: Կցանկանայի ներկայացնել իմ  հույզերն ու ապրումները տեսածիս առնչությամբ, խորին  երախտիքս հայտնել Ձեզ՝ բացահայտումներիս կապակցությամբ. այն մասին, թե ինչպիսի աննկարագրելի զգացում եմ ապրել՝ տեսնելով Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի հոյակերտ համալիրը, որն իր  բարձր ճաշակով, միջազգային չափանիշներին համապատասխանությամբ չի զիջում եվրոպականին։ Երբ 1996 թ. բախտ ունեցա գիտաժողովի  առիթով ամուսնուս հետ լինելու Իտալիայի հայտնի  Աբդու Սալամի անվան տեսական ֆիզիկայի համաշխարհային կենտրոնում, հիացմունքիս զուգահեռ ցավ ապրեցի, որ մենք համաշխարհային հանրությանը չենք կարող ներկայանալ նման բարձրաճաշակ, մաքրության, սննդի ու սպասարկման առումով բարձրակարգ  համալիրով։ Այսօր ես կարող եմ միայն հպարտանալ, որ դարավոր մշակույթի կրող հայն ու Հայաստանը  օտարին կարող են ներկայանալ պատշաճ մակարդակով։ Այս ամենն ավելի է արժեւորվում, երբ առնչվում ես պաշտպանության նախարարությունը ներկայացնող հայրենասեր անձանց։ Այս առումով ուզում եմ երախտիքի խոսքս հայտնել Ձեզ։ Պարոնայք Նորայր Սմբատյանի եւ Սերոբ Սուջյանի հանգամանալից աշխատանքի արդյունքն առկա էր ամեն քայլափոխի՝ ամեն բան կազմակերպված էր բարձր մակարդակով։ Խոսքը վերաբերում է թե՛ օլիմպիադային եւ թե՛ մասնակիցների առօրյային ու հանգստի պայմաններին։  Չեմ կարող չնշել, թե որքան տպավորիչ էր Հայաստանը ներկայացնող ֆիլմի ցուցադրությունը բացման արարողության ժամանակ, ինչպիսի ջանասիրությամբ էին իրենց աշխատանքը կատարում պաշտպանության նախարարության բոլոր աշխատակիցները. նախարարության արհեստավարժ թարգմանիչներ Հարություն եւ Ժիրայր Ամիրխանյանները, Սուսաննա Պետրոսյանն ու Արմինե Ամյանը, Սաթենիկ Միքայելյանն ու Արփինե Ղզրյանը ջանք ու եռանդ չէին խնայում ամենաբարձր մակարդակով իրականացնելու իրենց վստահված աշխատանքը, իսկ մարդկային բարձր որակներ դրսևորող, հայրենասիրական մղումներով առաջնորդվող, կազմակերպչական  հմտություններով ու քաղաքացիական գիտակցությամբ օժտված հարգարժան Նորայր Սմբատյանի և Սերոբ Սուջյանի ջերմ ու սրտացավ վերաբերմունքն արժանի էր անթաքույց հիացմունքի: Գիտեմ, որ օլիմպիադայի մասնակիցների եւ թիմային մրցակցության մասին գրողներ կլինեն, դրա համար էլ կասեմ միայն, որ ռուս աղջիկների թիմի կազմում ընդգրկված էին համարյա կայացած արհեստավարժ թարգմանիչներ։ Մեր տղաները ամեն կերպ փորձում էին չզիջել: Իրոք, բուռն մրցակցային պայմաններում նրանք գրանցեցին որոշակի հաջողություններ, ցանկանանք նրանց նորանոր նվաճումներ։

Նման օլիմպիադաների կազմակերպումն ու համագործակցությունը օտարազգի ռազմական հաստատությունների հետ, անշուշտ, ողջունելի է, այն անպայման կնպաստի մեր երիտասարդների մասնագիտական հմտությունների որակական առաջընթացին:

Լինելով ՀՀ զինված ուժերում շուտով ծառայության անցնելու պատրաստ սպայի մայր, նշեմ, որ երեսունութ տարեկանում լույս աշխարհ բերելով միակ  զավակիս, ես դեմ չեմ եղել եւ չեմ խուսափել, որ տղաս սպա դառնալով ծառայի Հայոց բանակում։

Այսօր ավելի մոտիկից շփվելով հայրենիքի պաշտպանության գործին ծառայող անձանց հետ, կցանկանայի ասել, որ, ուրախ եմ,  որ  տղայիս   ապագա կարիերայի ու կյանքի ճանապարհը հարթելու գործում իրենց անժխտելի դերն են ունենալու։

Մարդկային շփումները թույլ են տալիս մոտիկից ծանոթանալու ՊՆ որդեգրած քաղաքականությանը՝ ամեն կերպ սատար կանգնել երիտասարդ սպաներին, օգնել նրանց բարելավվելու իրենց կրթական մակարդակը, որից միմիայն կշահի հայրենիքի պաշտպանության գործը:

ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ,

բ.գ.թ. Նաիրա Գասպարյան