Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՐԱԶԱՏ ՈՒ ԹԱՆԿ ՀՈՂ
ՀԱՐԱԶԱՏ ՈՒ ԹԱՆԿ ՀՈՂ

Քառօրյա պատերազմից երկու տարի է անցել: Ապրիլյան թոհուբոհն անցած զինվորները վերադարձել են հայրենի օջախներ,  կյանքը նրանց առել է իր առօրյա հորձանուտի մեջ: Հարություն Սարգսյանը բանակից վերադարձել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:

ՀԱՐԱԶԱՏ ՈՒ ԹԱՆԿ ՀՈՂ-Բանակ  զորակոչվեցի թատերական ինստիտուտի առաջին կուրսից: Ծառայել եմ հետախուզական ստորաբաժանումում, սերժանտ էի: Բանակային ընկերներիս առումով բախտս բերել էր, իսկ  վաշտիս  հրամանատար, կապիտան Գոռ Խուդինյանն էլ (զոհվել է մարտական առաջադրանք կատարելիս), մեր ավագ ընկերն էր, խորհրդատուն, եղբոր նման մտերիմ ու սրտացավ: Վազգեն  Սարգսյանի անվ. ռազմական համալսարանը գերազանց գնահատականներով էր ավարտել, ու  երբ նրան առաջարկել էին ընտրել թիկունքային մի զորամաս, հրաժարվել էր, եկել էր առաջնագծում ծառայելու: Խուդինյանը զինվորական մասնագիտությանը փայլուն էր տիրապետում, սիրում էր իր գործն ու նրա նվիրվածությունը փոխանցվում էր մեզ:

Երեք ամիս էր մնացել զորացրվելուս, երբ սկսվեց քառօրյան: Ապրիլյան այդ օրն էլ նման էր մնացած օրերին, մի օր առաջ էինք ընդամենը իջել պոստերից,  պատրաստվում էինք ճաշարան գնալ, երբ հնչեց տագնապի երկար ազդանշանը:   Մի պահ քարացանք, հետո մտածեցինք՝ երեւի պատահաբար, անզգուշորեն սխալ կոճակ են սեղմել… Այս ու այն կողմից լսվում էր՝ կռիվ է, թշնամին հարձակվել է, բայց էլի չէինք հավատում: Մեր վաշտի հրամանատար Խուդինյանն էլ հակառակի պես մի օր առաջ էր արձակուրդ գնացել:

Զենքերն ստացանք ու շարժվեցինք նստեցման շրջան: Մեր ստորաբաժանումը առջեւից էր գնում,  կարծես կինո լիներ այդ ամենը:

Չգիտեմ էլ՝ մորս սիրտն ինչ էր զգացել, զանգել էր: Ասացի՝ որ հանգիստ լինի, որ  ամեն ինչ սովորական է, որ  ոչ մի խնդիր չկա: «Բա այդ ի՞նչ ձայներ են»,-  կասկածելով  հարցրեց մայրս: Ջանալով ձայնիս խաղաղ ու անվրդով  տոն տալ, արագ մի սուտ պատասխան հորինեցի. «Մա՛մ ջան, տղերքով մեքենա ենք լվանում, զորամասում եմ, հանգիստ եղիր»:

Ծնողներս մինչեւ զորացրվելս էլ չիմացան, որ առաջնագծում եմ եղել…

Կյանքը կրակի տակ էր, ու թե մինչ այդ կարծում էի հերոսությունը, հայրենասիրությունը միայն գրքերում եւ ֆիլմերում է, հասկացա, որ սխալ պատկերացումներ ունեմ.  ամեն օր,  ամեն ժամ տեսնում էի իրական ու  վառ օրինակները: Ասում են՝ պատերազմի, լարված իրավիճակների  ժամանակ սրվում են բոլոր զգացողությունները. այդքան անկեղծ, այդքան սրտացավ միմյանց նկատմամբ չէինք եղել, հարթվել էին մեր մեջ եղած բոլոր տարաձայնություններն ու հակասությունները, միմյանցից ներողություն էինք խնդրում մեր արած ու չարած սխալների համար, ով գիտե՝ մեզ ինչ էր սպասվում, իրար վատ չհիշեինք,  նեղացած չմնայինք… Մեկս մյուսի կյանքն ավելի էր գնահատում ու դողում ընկերոջ կյանքի համար… Իրար «դուխ» էինք տալիս, զգուշացնում ու խնդրում՝ զգոն լինել…

ՀԱՐԱԶԱՏ ՈՒ ԹԱՆԿ ՀՈՂԱստիճանաբար խաղաղվեց շուրջբոլորը, կրակոցները առաջվա ուժգնությամբ չէին: Բայց պատերազմը մնաց մեր հոգիների մեջ: Պատերազմը  կորցրած ընկեր է,  հաշմանդամ դարձած ընկեր, ցավից չսպիացող բաց վերք:

Մայիսին ծնունդս նշեցինք բանակային ընկերներով:  Հազար մաղթանք հնչեց, բայց մեկը  հատկապես  սրտիս առավ՝ տուն վերադառնանք, տղե՛րք…

Բանակային կյանքիս ամենաուրախ օրը զորացրվելուս օրն էր՝ հրաժեշտ զենքին…

Տնեցիներին չէի զգուշացրել, ուզում էի սիրուն անակնկալ մատուցել: Ընկերներիս, եղբորս  հետ մի քիչ զբոսնեցինք-չափչփեցինք քաղաքի փողոցները. կարոտել էի Երեւանը, հետո ծաղիկներ գնեցի, նախ՝ այցելեցի քրոջս, որ նոր էր ամուսնացել, հետո՝ մորս… Մայրիկիս շողշողացող ժպիտն ու թաց աչքերը երբեք չեմ մոռանա:

Ծառայությունից հետո նկատում եմ ամեն ինչ, ավելի եմ գնահատում, արժևորում ունեցածս: Բանակը մի քիչ «խմբագրել» է բնավորությունս՝ ավելի հանդուրժող ու համբերատար եմ դարձել, ավելի հեշտ եմ ճանաչում մարդկանց, ցավոք, անկեղծությունը պակասել է:

Հիմա շարունակում եմ ուսումս  թատերական ինստիտուտում, դերասանական բաժնում եմ սովորում: Կենտրոնացել եմ ուսմանս վրա, ուզում եմ իմ բնագավառում հաջողությունների հասնել: Ուզում եմ նաեւ իմ երկրում ամուր եւ հաստատուն ապրենք, արժանավայել ու արժանապատիվ ու չփորձենք երջանկությունը Հայրենիքից դուրս փնտրել:

Բանակային ընկերներով հաճախ չէ, բայց հանդիպում ենք, հազար  դեպք- դրվագ հիշում, վերհիշում  ու անպայման գնում ենք Եռաբլուր…

Հիմա սրտով եմ հասկանում, երբ ասում են հարազատ ու  թանկ հող…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ