Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԹԵՐԹԸ
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԹԵՐԹԸ

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԹԵՐԹԸ1993թ. ապրիլի 1-ին լույս է տեսնում ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի անդրանիկ համարը: Այդ իրադարձությունը համընկնում է Քարվաճառի ազատագրմանը, և հայոց բանակի թերթը ծնվում է հաղթանակի հետ:

Թերթը հիմնադրվել է ավելի վաղ. 1992թ. օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարը հաստատել է «Հայ զինվորի» կանոնադրությունը, իսկ ՀՀ արդարադատության նախարարության կոլեգիան նույն թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 39/1 որոշմամբ գրանցել է թերթը: Սկզբնական շրջանում թերթի լույսընծայումը կապված էր որոշակի դժվարությունների հետ եւ ընդհուպ 1994թ. օգոստոսը թերթը լույս էր տեսնում անկանոն: Մինչեւ 1994թ. հուլիս (այսինքն՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում) լույս է տեսնում շաբաթաթերթի ընդամենը 31 համար: Պաշտոնաթերթի լույսընծայումը կարգավորվում է 1994թ. օգոստոսից:

Թերթի կանոնադրության համաձայն` թերթի ստեղծման նպատակն ու հիմնական խնդիրներն են՝ ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելը, պետականության եւ ազգային գաղափարախոսության ամրապնդմանը, երիտասարդության քաղաքական ճիշտ դիրքորոշմանը եւ ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելը, ինչպես նաեւ ռազմաքաղաքական տեղեկատվության ոլորտում զինվորականների պահանջները բավարարելը: Կանոնադրությամբ հաստատվում է՝ «թերթում տպագրվող նյութերն ունեն պետական, քաղաքական, լրատվական բնույթ»:

Անցած ավելի քան 25 տարիների ընթացքում, կատարելով իր առջեւ դրված խնդիրները, թերթն անդրադարձել է հետեւյալ առանցքային թեմաներին. ազգային-պետական գաղափարախոսություն եւ ռազմահայրենասիրական դաստիարակություն, բանակաշինություն եւ բանակային առօրյա, բանակ-հասարակություն կապ եւ զորակոչ, Արցախյան ազատամարտի պատմություն, բանակի եւ հասարակության հիմնախնդիրներ:

Ի սկզբանե խմբագրությունում գործում էին հետեւյալ բաժինները՝ ռազմաքաղաքական տեղեկատվության եւ վերլուծության, զինծառայողների գաղափարական դաստիարակության եւ իրավական հարցերի, նամակների եւ սեփական թղթակիցների, գեղարվեստական ձեւավորման: Առաջին երկու բաժինները հետագայում միավորվեցին եւ դարձան մեկ՝ ռազմաքաղաքական տեղեկատվության եւ զինծառայողների գաղափարական դաստիարակության բաժին:

Հիմնադրումից ի վեր «Հայ զինվորն» ունեցել է հինգ գլխավոր խմբագիր: Թերթի առաջին 9 համարը լույս է ընծայել Գագիկ Մանասյանը: Այդ ընթացքում թերթի անվանումը «Զինվոր» էր: Այնուհետեւ, 1993թ. վերջից մինչեւ 1999թ. օգոստոսը «Հայ զինվոր» վերանվանված թերթը ղեկավարել է գնդապետ Վրեժ Իսրայելյանը: 1999թ. օգոստոսից մինչեւ 2010թ. մայիս «Հայ զինվորի» գլխավոր խմբագիրն է եղել գնդապետ Մհեր Հրաչյանը, այնուհետև` գնդապետ Սեյրան Շահսուվարյանը` մինչև 2011թ. օգոստոս, իսկ 2012թ. հուլիսից առ այսօր` գնդապետ Էդվարդ Ոսկանյանը (միջանկյալ ամիսների ընթացքում գլխավոր խմբագրի պարտականությունները ժամանակավորապես կատարել է տողերիս հեղինակը):

«Հայ զինվորը» հիմնադրվեց հայոց բանակի կազմավորման երկրորդ փուլում, որը ժամանակագրական առումով ընդգրկում է 1992թ. հունիսից 1994թ. մայիս ընկած ժամանակահատվածը: Այդ փուլում են տեղի ունեցել պատերազմական ամենաարյունալի գործողությունները եւ, բնականաբար, բանակի նորաստեղծ թերթի առաջնահերթ խնդիրը զինված ուժերի մարտիկների շրջանում հայրենասիրությունն ու մարտական ոգին բարձր պահելն էր: Այս խնդիրը թերթը կատարել է: «Հայ զինվորն» առաջին համարներում շեշտում էր հայ զինվորի պայքարի արդարացիությունը, հայոց նորանկախ պետությունը ներկայացնում էր որպես բարձրագույն արժեք, որը պաշտպանության կարիք ունի, հավատ էր ներշնչում հաղթանակի հանդեպ, ազատամարտիկների սխրանքի ու անձնազոհության բազմաթիվ օրինակներով, ինչպես նաեւ հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներով ոգեշնչում էր ընթերցողին, ի ցույց էր դնում թշնամու դաժանությունն ու նենգությունը, ուշադրության կենտրոնում պահում եռամսյա հավաքների եւ սպայական զորակոչի խնդիրները, պախարակում դասալքությունն ու դասալիքներին: Թերթի հրապարակումներն աչքի էին ընկնում զգացմունքայնությամբ եւ ռազմաշունչ ոճով, առանձնահատուկ պաթոսով, գեղարվեստական բարձր արժեքով եւ անաղարտ հայերենով:

Հետագայում՝ զինադադարից հետո, պետականաշինության ու բանակաշինության ոլորտներում առաջընթացին զուգահեռ, փոքր-ինչ փոխվում են նաեւ թերթի գաղափարախոսական շեշտադրումները: Ի հայտ է գալիս այն հաստատուն հիմքը, որի վրա կարելի է իրականացնել ազգային պետականության, քաղաքացիական պարտքի ու պատասխանատվության հասկացությունների արմատավորումն ու քարոզչությունը: Թերթի հրապարակումներում նկատելիորեն նվազում է զգացմունքայնությունը, ըստ էության, օրակարգից հանվում է թշնամու կերպար ձեւավորելու խնդիրը, որն անխուսափելիորեն առկա էր մարտական գործողությունների ընթացքում:

Զինվորի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նպաստելու նպատակով թերթն ընթերցողին ծանոթացնում է հայ ժողովրդի պատմության հերոսական դրվագներին, պատմում հայ ժողովրդի հաղթանակների մասին, արմատավորում այն գիտակցությունը, որ հայը կռվող է ու հաղթող:

Պատմում է հայազգի նշանավոր զորավարների, հերոսների, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի մասնակիցների, հանուն հայրենիքի զոհվածների մասին եւ քաջությամբ, նպատակասլացությամբ, ազգասիրությամբ ու անձնազոհությամբ նրանց նմանվելու ձգտում առաջացնում: Ծանոթացնում է գիտության, մշակույթի ու քաղաքականության հայազգի նշանավոր գործիչների կյանքին ու գործունեությանը, հայ մշակույթի ականավոր դեմքերին, նրանց հայրենասիրական ստեղծագործություններին, Հայ առաքելական եկեղեցու ավանդույթին եւ ուսմունքին, փորձում արթնացնել ազգային արժանապատվություն ու հպարտություն, առանց որի փոքր ազգերը չեն կարող պահպանել իրենց ինքնությունը: Թերթը պարբերաբար էջեր է տրամադրում հայ մտավորականության ներկայացուցիչներին, նրանց իմաստուն, ոգեշնչող ու հեղինակավոր խոսքով փորձում կրթել ու դաստիարակել հայրենիքի զինվորին` ընթերցողին ներկայացնելով հայ ռազմիկի ավանդական կերպարը, որին պատմականորեն բնորոշ են եղել խիզախությունը, վեհանձնությունը, ազնվությունը, մեծահոգությունը, ազգասիրությունը, արհեստավարժությունը, զինվորական ու քաղաքացիական պարտքին հավատարմությունը եւ պատասխանատվությունը:

Հետեւելով թերթի հրապարակումներին՝ սկսած առաջին համարից, կարելի է ամբողջական պատկերացում կազմել հայոց բանակի ստեղծման հանգամանքների, կայացման ընթացքի եւ հաղթահարված դժվարությունների մասին:

Սկզբնական շրջանում շեշտը դրված էր զորանոցաշինության, զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման աշխատանքները լուսաբանելու վրա: Թերթի այն ժամանակվա հրապարակումներից կարելի է իմանալ` որտե՞ղ, ի՞նչ, ի՞նչ ժամկետներում եւ ինչպե՞ս է  կառուցվել: Թերթի լույսընծայումից հետո բավականին երկար ժամանակ՝ մինչեւ զինադադարի հաստատումը, որեւէ անդրադարձ չի եղել զորքերի մարտական պատրաստությանը: Թերեւս, դա բնական է. մարտական պատրաստության հիմքը դրվեց զինադադարից հետո, իսկ պատերազմի ընթացքում նորաստեղծ բանակը դրանով զբաղվելու հնարավորություն համարյա չուներ:

Այնուհետեւ, մոտ 1-1.5 տարվա ընթացքում, մարտական պատրաստության թեման աստիճանաբար դառնում է թերթի հիմնական թեմաներից մեկը: Ստեղծվում են «Ազգային բանակ» եւ «Մարտական ուսուցում» խորագրերը: Այդ խորագրերի ներքո սկզբնական շրջանում տպագրված հոդվածները բացառապես հարցազրույցներ էին սպաների հետ: Չկային հոդվածներ, որոնցում երեւար հեղինակի անձնական դիտարկումը, տեսակետը, առաջարկությունը: Դա էլ է հեշտ բացատրվում. թերթում աշխատում էին պրոֆեսիոնալ լրագրողներ, բանասերներ, բայց ոչ՝ զինվորականներ: Մարտական պատրաստության խնդիրները լուսաբանելիս նրանք ստիպված էին հիմնվել բացառապես սպայի տրամադրած տեղեկատվության վրա: Սակայն տարիների ընթացքում ավելի լավ ծանոթանալով զինվորական մասնագիտության որոշ նրբությունների, «Հայ զինվորի» լրագրողներից շատերը կայացան որպես ռազմական լրագրողներ:

Կայացման այդ գործընթացին հետաքրքիր է հետեւել, մասնավորապես, օրինակելի զինվորի մասին պատմող՝ այսօր արդեն սովորական դարձած դիմանկար-ակնարկի ժանրը քննարկելով: Այդ ժանրը նույնպես թերթում հայտնվել է բավականին ուշ: Բացատրությունը նույնն է. զինվորն օրինակելի կարող է լինել իր կարգապահությամբ եւ մասնագիտական հմտություններով, իսկ դրանք կարող են դրսեւորվել միայն այն դեպքում, երբ զինվորական ծառայությունն ընթանում է բնականոն հունով: Պահանջվեց որոշակի ժամանակ, մինչեւ հայոց բանակում ամրապնդվեց զինվորական կարգապահությունը, մարտական պատրաստությունն սկսեց իրականացվել պլանի համաձայն: Միայն դրանից հետո իրական բովանդակություն ստացավ «օրինակելի զինվոր» արտահայտությունը: Համապատասխանաբար, թերթն էլ լույսընծայումից բավականին ժամանակ հետո միայն ձեռնամուխ եղավ հայոց բանակի օրինակելի զինվորի կերպարը ձեւավորելու գործին: Ընդ որում, եթե սկզբում այդ կերպարի մեջ շեշտվում էին հայրենասիրությունը եւ մարդկային ինչ-ինչ որակներ, ապա հետագայում՝ մասնագիտական հմտություններն ու ծառայական պարտականությունների բարեխիղճ եւ անթերի կատարումը:

Տարիների ընթացքում ձեւավորվել են բանակային առօրյան լուսաբանելու որոշակի սկզբունքներ: Այսօր թերթն իր ընթերցողին ծանոթացնում է տարբեր զորատեսակների պատկանող զորամասերի ու ստորաբաժանումների բանակային առօրյային՝ հերթապահությանը մարտական հենակետերում, մարտական պատրաստությանը, զինծառայողների ժամանցի ու հանգստի կազմակերպմանը, բուժծառայությանը, լուսաբանում է զորավարժությունները, տեսչական ստուգումները, զորակոչի ընթացքը, զորամասերում տեղի ունեցող մարզական ու մշակութային միջոցառումները (սպարտակիադա, ՈՒՀԱ մրցույթ), ռազմական ուսուցման կազմակերպումը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում, ուսումնական զորամասերում եւ այլն: Հիմնական շեշտը դրվում է բանակի առաջընթացը եւ մարտունակության բարձրացումը փաստելու, անձնակազմին ոգեւորելու եւ խրախուսելու, բանակի հանդեպ հետաքրքրություն առաջացնելու վրա:

«Հայ զինվոր» թերթը, հատկապես սկզբնական շրջանում, արծարծել է բանակին եւ բանակ-հասարակություն փոխհարաբերությանն առնչվող բոլոր այն հրատապ խնդիրները, որոնք ժամանակին հուզել են ինչպես զինվորականներին, այնպես էլ հասարակության մյուս շերտերին: Թերթը քննարկման է  դրել թեմաներ եւ հետեւողական է եղել առաջադրված խնդիրների լուծումը ստանալու հարցում, ներկայացրել է խնդրո առարկայի վերաբերյալ տարբեր տեսակետներ, թեման քննարկել բազմակողմանի եւ անաչառ: Բնականաբար, թերթում արծարծված հիմնախնդիրները նույնպես հստակ պատկերացում են տալիս բանակի զարգացման տեմպի, ուղղության, առկա խոչընդոտների եւ դրանք հաղթահարելու ուղիների մասին:

Այսպես, թերթի առաջին իսկ համարներում արծարծվում է դասալքության եւ զորակոչի հիմնահարցը, ինչը միանգամայն օրինաչափ է, եթե հիշենք՝ երբ սկսեց լույս տեսնել թերթը: Այդ ցավոտ թեման թերթի էջերից դուրս չեկավ ընդհուպ մինչեւ 1997-1998 թվականները, թեպետ դրա սրությունն առավելագույնն էր ռազմական գործողությունների ժամանակաշրջանում՝ կապված եռամսյա հավաքների հետ: Այդ շրջանում թերթը տպագրում էր դասալիքների անուններ, ծառայությունից խուսափելու համար իրենց անդամախեղածների լուսանկարներ, «շուրջկալներից» դժգոհող ծնողների բողոք-նամակներ, մասնագետների եւ պաշտոնյաների տեսակետներ ու մեկնաբանություններ, ընթերցողների արձագանքներ եւ այլն:

Զինադադարից հետո դասալքության թեմայի հետ զուգահեռ առաջին պլան է մղվում զինվորի կենցաղային պայմանների բարելավման հիմնահարցը, քանի որ այն սերտորեն կապված էր ինչպես դասալքության եւ զինծառայությունից խուսափելու, այնպես էլ զինվորական կարգապահության ամրապնդման հետ: Թերթը մանրամասնորեն նշում է բոլոր այն կենցաղային դժվարությունները, որոնք առկա էին զորամասերում, քննադատում տեղական իշխանություններին՝ այդ խնդիրների լուծմանը չաջակցելու համար:

Զուգահեռ արծարծվում է զինծառայողների միջեւ ոչ կանոնադրային փոխհարաբերությունների հիմնախնդիրը: Տպագրվում են երեւույթի պատճառները վերհանող բազմաթիվ եւ բազմաբնույթ հոդվածներ՝ հրապարակախոսական, գիտական, վերլուծական: Պարբերաբար հարցազրույցներ են տպագրվում զինվորական դատախազության ղեկավար պաշտոնյաների հետ, ներկայացվում են նրանց տեսակետները զինվորական հանցավորության պատճառների եւ դրանք կանխելու ուղիների մասին: Խոսվում է բանակում կաշառակերության, գողության, պետական գույքի յուրացման երեւույթների մասին: Թերթը տպագրում է հանցագործների լուսանկարներ, թղթակցություններ մեկուսարանից, խայտառակում զինվորական հանցագործություն կատարած անձանց:

Հաջորդ փուլում թերթն առաջ է քաշում դպրոցում ռազմագիտության դասավանդման եւ ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրը, հետագայում անդրադառնում է նաեւ ուսանողների՝ զինծառայությունից տարկետում ստանալու հարցին: Թերթը պաշտպանում է այն տեսակետը, որ ուսանողները չպետք է օգտվեն տարկետման իրավունքից, բայց ներկայացնում է նաեւ հակառակ տեսակետն ունեցողների փաստարկները: Սրա հետ կապված՝ քննարկվում է զինծառայության հարցում սոցիալական արդարության պահպանման խնդիրը: Արձանագրվում է, որ հայոց նորաստեղծ բանակում ծառայում են հիմնականում սոցիալապես անպաշտպան խավերի ներկայացուցիչները, եւ կարեւորվում է հատկապես այդ հարցում սոցիալական արդարությունն ապահովելը:

Կար մի շրջան, երբ թերթը լուսաբանում էր աղանդների գործունեության բացասական հետեւանքների հիմնախնդիրը, ինչը կապված էր աղանդների ակտիվացման հետ: Թերթը տպագրում է հարցազրույցներ հոգեւորականների հետ, հրապարակախոսական հոդվածներ եւ այլն:

1997թ. թերթի ուշադրության կենտրոնում էին սպայի սոցիալական եւ իրավական պաշտպանվածության հիմնախնդիրները: Քննարկում է ծավալվում «Նաեւ հացիվ» խորագրի ներքո: Թեմայի արծարծումը հենց այդ ժամանակ նույնպես պատահական չէր եւ արտահայտում էր հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումները: Ռազմական գործողություններն արդեն երեք տարի է, ինչ ավարտվել էին եւ, բնականաբար, առաջին պլան էին մղվել սոցիալական խնդիրները: Մանավանդ որ հասարակության մեջ ակտիվորեն տեղի էր ունենում սեփականության վերաբաշխման գործընթացը, որին չէր մասնակցում հայրենիքի համար իր կյանքը չխնայած այն ազատամարտիկը, որն այդ պահին հայոց նորաստեղծ բանակի սպա էր արդեն:

Վերոնշյալ խնդիրներից շատերը պետության եւ բանակի կայացմանը զուգահեռ լուծվեցին կամ դադարեցին հրատապ լինելուց: Համապատասխանաբար, թերթը դադարեց անդրադառնալ դրանց: Դրանց փոխարեն առաջին պլան մղվեցին նորերը:

2011թ. հունվարի 28-ին համացանցում հայտնվեց «Հայ զինվոր» թերթի ինտերնետային կայքը` «www.hayzinvor.am»-ը: Ձևավորման պարզությամբ և տեխնիկական սահմանափակ հնարավորություններով հանդերձ, այն արդեն որակապես նոր պահանջներ պետք է ներկայացներ խմբագրակազմին և իր տեղը գտներ համացանցային վիթխարի լրահոսում: Կայքի ընթերցողների թիվը սկսեց դանդաղ, բայց անշեղորեն աճել, և մի քանի ամիս անց կրկնապատկվեց: Ընթերցողների թիվը կտրուկ աճեց հատկապես, երբ 2012թ. դեկտեմբերի 15-ին «Facebook» սոցիալական ցանցում բացվեց «Հայ զինվորի» էջը: Դրա հետ կապված` փոփոխություններ մտցվեցին համացանցում տեղադրվող նյութերի բովանդակության, մատուցման ձևի և ժամանակի մեջ:

♦♦♦

Երեւի աշխարհի ոչ մի բանակային թերթում այնքան մտավորականներ չեն աշխատել և թերթին չեն թղթակցել, ինչքան «Հայ զինվորում», հատկապես նրա գոյության առաջին տարիներին: Սա պայմանավորված է ինչպես սուբյեկտիվ գործոնով (1994-1999թթ. թերթի գլխավոր խմբագիր, հայտնի արձակագիր Վրեժ Իսրայելյանը ոչ միայն հավաքել էր հիմնականում հայտնի մտավորականներից բաղկացած խմբագրակազմ, այլև թղթակցելու էր հրավիրում մտավորականների), այնպես էլ օբյեկտիվ. Հայաստանի անկախացումից ու հատկապես բանակի ստեղծումից հետո հայ մտավորականներից շատերը, որոնք ժամանակին ոգեշնչել ու անկախության համար պայքարի էին կոչել ժողովրդին, իրենց պարտքը համարեցին հայոց պետականության պատվարը հանդիսացող կառույցի՝ բանակի գաղափարախոսությունը դնել լուրջ հիմքերի վրա: Կարելի է ասել, որ «Հայ զինվորը» հայ մտավորականության ստեղծած թերթն է:

Այսուհանդերձ, այնպիսի լուրջ գործ, ինչպիսին զինվորական թերթի հրատարակումն է, պահանջում էր մասնագիտական մոտեցում: Եթե թերթի լույսընծայման սկզբնական շրջանում հայ մտավորականների էնտուզիազմը, նվիրվածությունն ու արվեստագետի շնորհքը լիովին փոխհատուցում էին հայկական ռազմական լրագրության ավանդույթների բացակայությունը, իսկ պատերազմը ոգեշնչելուց բացի այլ խնդիր թերթի առաջ չէր էլ առաջադրում, ապա զինադադարից հետո՝ բանակաշինության հաջորդ փուլում, երբ շեշտն աստիճանաբար տեղափոխվեց մարտական պատրաստության, ռազմական ուսուցման ու զինվորական առօրյայի լուսաբանման վրա, ինքնըստինքյան օրախնդիր դարձավ զինվորական լրագրողների պատրաստման հարցը:

Այսօր «Հայ զինվորի» խմբագրակազմը բաղկացած է անցած երկու տասնամյակում մեծ, այդ թվում՝ մարտական գործողությունների լուսաբանման փորձ ձեռք բերած, սեփական սխալների ու վրիպումների վրա սովորած մարդկանցից, որոնք բարեհաջող կատարում են իրենց առաջադրանքը: Միեւնույն ժամանակ, զինվորական լրագրողների հայկական դպրոցը դեռեւս չի կարելի կայացած համարել, քանի որ առայժմ արհեստավարժ կադրեր՝ զինվորական լրագրողներ պատրաստող դարբնոցը հանրապետության բուհերում տակավին ձևավորման փուլում է:

♦♦♦

Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարող ենք արձանագրել, որ ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթը.

– հայոց բանակի տարեգրությունն ու վավերագիրն է, որի հիման վրա կարող են կատարվել պատմագիտական ուսումնասիրություններ հայոց բանակի ստեղծման եւ կայացման վերաբերյալ: Թերթում հրապարակված մի շարք նյութեր, ըստ էության, հայոց նորագույն պատմության առանցքային իրադարձությունների համար ունեն սկզբնաղբյուրի նշանակություն,

– ունի շեշտված ազգային-ռազմահայրենասիրական ուղղվածություն, իսկ թերթի՝ անցած տասնամյակի համարներում այդ թեմայի վերաբերյալ ի մի է բերված ահռելի ծավալով պատմական-գեղարվեստական նյութ, որի ստեղծմանը մասնակցել է ժամանակի հայ մտավորականության զգալի մասը,

-պաշտոնաթերթում տպագրված բազմաթիվ հրապարակումներ հայկական դասական լրագրության հրաշալի նմուշներ են:

Այսօր Հայաստանի Հանրապետության հասարակության մեջ մեծ է ազգային բանակի մասին տեղեկատվություն ստանալու պահանջարկը: ԶՈՒ բարեփոխումների, ժողովրդավարության զարգացմանը զուգընթաց մեծանում է նաև բանակի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության դերը: Տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն ու ռազմատենչ հռետորաբանությունն էլ հրամայական են դարձնում մեր երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բանակի հանդեպ հասարակության վստահության ավելացումը, ցանկացած պահի հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելը: Այս գործոնների թելադրանքով ՀՀ պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթի գլխավոր նպատակն է՝ լինել հեղինակավոր, մեծ լսարան ունեցող ժամանակակից լրատվամիջոց: Անցած քառորդ դարի ընթացքում լիովին կայացած և իր ուրույն դիմագիծն ունեցող թերթն իր ընթերցողի հետ դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

գնդապետ