Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ
«ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ» 25 ՏԱՐԵԿԱՆ Է

ՄԵՆՔ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔԳՆԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Հայ զինվորն» արդեն քառորդ դար մարտական դիրքերում է, առաջին գծում, խաղաղ-ստեղծագործ թիկունքում է, զինվորի ընտանիքում: Թերթը զինվորինն է, սպայինը, ծնողինն ու երիտասարդ սերնդինը, քանի որ պատմում է բանակային ծառայության, զորանոցային կյանքի, զորավարժությունների ու զինծառայողի ժամանցի մասին: Այս թերթում զինվորների նամակներն են, նրանց խոստովանությունները, այս թերթում հերոսների լուսանկարներն են ու նրանց պատգամները: Նախարար ու հոգևորական, գիտնական ու մարզիկ` բոլորն էլ ազատորեն արտահայտվելու հնարավորություն են ունեցել և ունեն այս մարտական հարթակում: ՊՆ պաշտոնաթերթը Արցախյան հերոսամարտի վավերագիրն է ու արխիվը սերունդներին փոխանցողը,  Սիրիական պատերազմի վերլուծաբանն ու ժամանակակից զինտեխնիկայի գիտակը, հայ գեներալների ու մարշալների մարտական ուղու վկան ու հայ կամավորների նահատակության ականատեսը: Զինվորի ծնողը նաև այստեղ է գտնում իր մխիթարանքը, զորակոչին պատրաստվող պատանին այստեղ է ծանոթանում ուսադիր կրելու առաքելությանը, իր սիրելիին սպասող օրիորդն այստեղ է փնտրում իր պաշտպանի հայացքն ու ժպիտը, հակառակորդը նաև այստեղ է բախվում հայ զինվորի անկոտրում ոգուն: Թող որ «Հայ զինվորը» լուսաբանի միայն ու միայն զորախաղերը` խաղաղ պայմաններում, հայ զինվորի` միայն ու միայն խաղաղարար առաքելությունը: Եվ թող ի ցույց դնի հայկական զինուժի մարտունակությունը` միմիայն խաղաղ երկնքի ներքո…