Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ  ԽՈՍՔԸ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲՈրն է Մայր հասկացության խորհուրդը. այն մյուռոնի պես օծում և սրբացնում է բոլոր բառերն ու իմաստները՝ Մայր լեզու, Մայր եկեղեցի, Մայր հայրենիք…

Եկեղեցին ընտանիքի քահանայապետ է կարգում այն դուստրերին, ովքեր ընտանիքի մայր դառնալու շնորհն են վայելում։ Այս խորհրդի շուրջ է մեծ բանաստեղծ Հովհ. Շիրազը կարճ շեշտադրում. «Մեր տան Աստվածն է Մայրս»։ Չէ որ որդեծնությամբ կինը Աստծո նմանությամբ զավակ է ունենում։

Հայ ժողովուրդը իր եկեղեցու գլխավորությամբ մայրության խորհուրդը պաշտամունքից դարձրեց ապրելակերպ՝ ամենուր և ամեն ժամ սիրել ու ծառայել մայրերին։

Հայ եկեղեցին ապրիլի 7-ին տոնախմբում է Ավետումն Սուրբ Կույս Մարիամի խորհրդաշող տոնը, քանզի Արարիչն Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց, որպեսզի Աստված մարդանա, իսկ մարդն աստվածանա՝ ժառանգի հավիտենական փրկությունը։ Եվ ավետման ժամանակ է, որ սկիզբ է դրվում մանուկ Հիսուսի մարմնավոր ձևավորմանը՝ Սուրբ Կույսի սրտի թրթիռների ներքո։

Խոնարհ մի աղջիկ, որ կուսական առաքինության փայլով արժանացավ Աստվածամայր լինելու շնորհին։ Մոր առաքինությունը  խոնարհությունն է, որ կարող է նույնիսկ Աստծո ողորմությունն ու գութը շարժել։

Յուրաքանչյուր քրիստոնյա կնոջ կյանքում փարոսի պես փայլող շող է Սուրբ Մարիամի կյանքի  օրինակն ու պատգամը, թե որտե՞ղ է կնոջ կյանքի սրբազան առաքելությունն ու հաղթական լինելու ուրույն ճանապարհը։

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲՀեշտ չէ լինել հայ մայր, քանզի Աստվածամոր խորհուրդը կրող փխրուն մի աշխարհ, հաճախ է պարտադրված մոռացել իր նազանքն ու փափկասունությունը՝ զենք վերցնելով կռվել իր իսկ մանուկների, իր իսկ մայրության շնորհը պաշտպանելու համար։ Մեր ժողովրդի բազմաչարչար ճանապարհին հայ կինը միշտ էլ կանգնած է եղել իր տղամարդու կողքին՝ հավասարը հավասարի, իր խոնարհությամբ, առաքինի ու խոհեմ խորհուրդներով և վաղվա օրը դաստիարակելով։ Խրիմյան Հայրիկի Երկաթե շերեփի կռողներն են մայրերը, իսկ կրողը՝ Հայոց բանակը։

Հայ կնոջ վառ օրինակներից է Աղբյուր Սերոբի կինը՝ Սոսե մայրիկը։ Նրա կյանքի պատգամում խտացված է հայ կնոջ էությունը։ Եթե ցանկանում ենք հավիտենականի հետ համահունչ քայլել, անհնար է նրա կյանքից չքաղել աստվածաշնորհ օրինակներ։ Նրան Մայր անվանեցին. դա հայորդիների ամենաազնիվ ու նվիրական մոտեցումն էր զենքը ձեռքին կռվող հայ կնոջ հանդեպ։

Դա կտակել ենք։

Դա տեսել ենք։

Դա տեսնում ենք եւ այսօր, քանզի մեր շուրջը ամեն օր ավելանում են զինվորագրվող դուստրերի շարքերը։ Քանզի աշխարհը չարանալով, կարծես չարացած լինի արարչագործության դեմ, նույնն է, թե մայրության դեմ։ Իսկ հայ կնոջ ներկայությունը բանակում մի առանձնահատուկ և՛ հոգևոր, և՛ բարոյական, և՛ մարտական մի զինանոց է, որն էլ կրում է Աստվածամոր բարեխոսությունն ու հովանին։

Սրբահոգի Վազգեն Ա Հայրապետի խոսքերով՝ այն ազգերը, որ հերոսներ չունեն՝ պատմություն չունեն։ Իսկ մենք ասում ենք՝ այն ազգերը, որ հերոսների մայրերին և կանանց հարգել և մեծարել չգիտեն, ուրեմն ապագա չունեն։ Մեր խոնարհումը ձեր առջև, մեր զոհված ընկերների և զավակների մայրեր։ ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունը շնորհավորում է Ձեզ՝ մայրության օրվա առթիվ։ Սուրբ Կույսի բարեխոսությունն ու մխիթարությունը ձեր հերոսածին սրտերին։ Դուք ընտանիքի զավակներ ծնեցիք, բայց նրանք դարձան ազգի զավակներ։ Նրանք ձեզանից ծնվեցին, բայց ձերը չէին։ Յուրաքանչյուր ազգ առողջ է ուխտյալ զավակների ծննդով, իսկ դուք միջոց էիք, որ այդ աստվածաշնորհ զավակները լույս աշխարհ գան։ Ձեր մայրական սրտում թող կորստի ցավին մխիթարի հաղթական սերը, քանզի ձեր զավակները հաղթական բանակի հաղթական զավակներն են։

Շնորհավորում ենք մեր զոհված զավակների այրիներին։ Մխիթարվեք այն լույսով ու խաղաղությամբ, որ նրանք իրենց կյանքի գնով կտակեցին ձեզ և մեզ։ Նրանց կյանքը, եթե օրինակ է մի ամբողջ ազգի համար և առավել պարտավորեցնող, ապա ձեզ համար առավելագույնս։ Դուք  սովորական մահկանացուների այրիներ չեք։ Դուք հաղթողների սերունդ մեծացնողներն եք, այդ հաղթանակի բարիքները դեռ կվայելեք ձեր կյանքի օրերում՝ ձեր սիրասուն զավակների հետ։ Աստվածամայրը թող ուղեկից լինի ձեզ՝ ձեր կյանքի օրերում։

Շնորհավորում ենք զինծառայող մեր քույրերին և աղջիկներին։ Թող Սոսե Մայրիկի օրինակը ձեր ծառայության ընթացքում առաջնորդի ձեզ, և ձեր սրտերն ու բազուկները Տիրամոր բարեխոսությունն ու հովանին ավելի զորացնեն և ամրացնեն։ Ձեր կանացի յուրահատուկ մոտեցումները թող մի քար ավելացնեն բանակաշինության նվիրական ամրոցում։ Ձեր սրտի սերն ու խաղաղությունը թող Աստծո գութն ու ողորմությունը շարժի, և խաղաղություն տիրի հայոց լեռնաշխարհում և սահմաններում։

Շնորհավորում ենք մեր ազգի ազնվափայլ դուստրերին, շնորհառատ մայրերին,  կուսադավան քույրերին, առաքինասեր տիկնանց, թող մայրության բերկրանքը անպակաս լինի ձեր կյանքի շավիղներին։ Կանացի երջանկություն, սիրառատ խաղաղ օրեր և անսահման ժպիտներ ու խինդ։ Թող Տիրամոր ավետման պատգամը անպակաս լինի ձեր սրտի, մտքի և հոգու խորհուրդներում։

Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն։

ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ՝

Տ. ՎՐԹԱՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ