Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՍԻՐԻԱ. ՏՈ՜ՒՆ, ՔԱ՜ՂՑՐ ՏՈՒՆ...
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՍԻՐԻԱ. ՏՈ՜ՒՆ, ՔԱ՜ՂՑՐ ՏՈՒՆ…

Սկիզբը՝ նախորդ համարում

 

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՍԻՐԻԱ. ՏՈ՜ՒՆ, ՔԱ՜ՂՑՐ ՏՈՒՆ...Վերջին կաթիլը

Առաջին անգամ ստիպված եղան թողնել տունը  2013 թվականին. փետրվարի 14-ն էր, Տեառնընդառաջ: «Դեռ քնած էինք. առավոտյան ժամը վեցն էր,- պատմում է Պերճուհին: -Հզոր պայթյուններ լսվեցին: Պատուհանից դուրս նայեցի, տեսա` թաղի վրա այս ու այն կողմ ռումբեր են պայթում: Ասացի. «Վե՛ր կացեք, պետք է շտապ հեռանալ»: Հազիվ հագնվել էինք, երբ մեր հարևանուհին տան կողքի անցքից կանչեց. «Փախե՜ք, գրոհայինները թաղ են մտել»: Այն գետնուղիներով էին դուրս եկել, որոնց մասին պատմում էի: Կառավարական զինվորները դիմադրում էին. մարտ էր ընթանում: Ասացինք՝  «Մա՛մ, ուշադիր եղիր, դու վազիր՝ առանց ետ նայելու, մենք ետևիցդ կհասնենք»: Մինչև Մաքոյի հետ պատրաստվեցինք, դուռը բացեցինք, իջանք փողոց, մամաս չկար: Մեկ էլ ի՜նչ տեսնենք` արդեն թաղի վերջն է հասել: Մեր միջի արագաշարժը ինքն էր»,- ծիծաղում են քույրերը:  Իսկ սև ժապավենավոր գրոհայինները, դեմ դիմաց, մի տասը քայլի վրա, մարտ էին վարում: Փամփուշտները այս կողմից այն կողմ էին թռչում: Այլևս առանց հետ նայելու վազեցին:

«Մինչ այդ, մի օր էլ, – պատմում է Մաքոն,- մայրս ցերեկով բազմոցին նստած էր, մեկ էլ` տանիքին մի բան խփվեց: Ծուխ, փոշի, իրար չենք տեսնում. մի կերպ երեքով հավաքվեցինք ու իրար փաթաթված լալիս էինք: Քիչ անց Քառասուն Մանկանց եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանը զանգահարեց, առաջարկեց առաջնորդարանում մնալ: Գնացինք, մի քանի ժամ այնտեղ մնացինք, հետո էլի վերադարձանք տուն: Վստահություն կար, որ եթե սրբազանը մոտակայքում է, ուրեմն` ապահով ենք: Նրա մոտ միշտ հայազգի կամավոր մարտիկներ էին մնում, հերթով պահպանում առաջնորդարանն ու եկեղեցին: Նա այդպես էլ չլքեց քաղաքը. մինչև հիմա էլ այնտեղ է. չնայած եկեղեցին լուրջ վնասված է, բայց վերջերս պատարագ մատուցեց այնտեղ:

Երբ սկսեցինք ստուգել, թե ինչ վնաս ենք կրել, պարզվեց, որ արկը տանիքում գտնվող ջրի տակառն է վնասել: Այդ ջրով էինք լողանում: Վարպետ կանչեցինք: Արաբ ճարպիկ մի մարդ էր, համաձայնեց գալ: Հենց բարձրանում էր վերև, մի երկու քայլ էր անում` թըթըթըխկ, կրակահերթ էր լսվում, իջնում էր ցած: Իսկ ես հազիվ եմ համոզել մարդուն, հո չե՞մ թողնի, որ գնա: Ասացի` «Չէ՛, չէ՛, մի քիչ հետո կհանդարտվի: Արի՛ քեզ համար սուրճ դնեմ»: Քիչ անց նորից փորձում է բարձրանալ վեր, էլի կրակահերթ է լսվում: Վերջապես հաջողեց ավարտել գործը:

Ամեն կիրակի իրենց ավելի ապահով թաղամասից մեզ հյուր էր գալիս կրտսեր քույրս` երեք փոքրիկների հետ: Նախորդ օրը երեկոյան հրթիռներ չկային, մի քիչ հանդարտվել էր, (բայց գիտեինք՝ եթե երկար ժամանակ խաղաղ է, ուրեմն հետո շատ ավելի վատ է լինելու): «Նոթբուքս» դրել էի ծնկներիս, հեռուստացույց էի ուզում դիտել, հեռախոսն էլ ձեռքիս. խոսում էի Հայասատանի բարեկամներիս հետ: Հոսանքն անջատվեց: Ասացի. «Էհ, հազիվ մի կես ժամ նստեցի, սա էր պակաս…Շատ բարկացա, «նոթբուքս» դրեցի սեղանին, ասացի՝ կգնամ, կպառկեմ, ուրեմն: Պերճուհին էլ ներսում նստած գրում էր: 10 րոպե չէր անցել, մեկ էլ՝ մի աղմուկ, պայթյուն, ծուխ: Ուժեղ քամու հոսանքի պես ալիքներով ցնցումներ էին անցնում տնով մեկ: Բոլորս տեղից վեր թռանք. իրար էինք փնտրում, ծխից միմյանց չէինք տեսնում: Այն անկյունում, որտեղ նստած էի մինչև այդ, հրթիռի մի բեկոր էր մխրճվել, մեծ անցք էր բացվել: Հրթիռը պայթել էր մեր կողքի տան վրա: Մինչև այդ կարծում էինք՝ սենյակի այդ հատվածն ամենաապահովն է: Եթե դեռ նստած լինեի այդտեղ, մարմինս կտոր-կտոր էր լինելու: Քնել չէինք կարող. մտածեցինք` ի՞նչ անենք ու որոշեցինք մաքրություն անել: Հո չէ՞ինք թողնելու այդպես քարերը, հողը թափված: Մոմ վառեցինք ու մինչև առավոտ մաքրեցինք: Մայրս մեր կիրակնօրյա հյուրերի համար հավ, տարբեր կերակուրներ էր պատրաստել, խեղճը, խոհանոցում էր դրել: Եվ ի՞նչ: Ամբողջովին քար, փոշի, ապակու կտորներ: Տունը մաքրելուց հետո արդեն անցա փողոցին,- շարունակում է պատմել Մաքոն,- աղվոր մը ավլեցի»,- ինքն իր ասածի վրա ուրախ ծիծաղում է Մաքոն: -Հաջորդ օրը Թամարը` քույրս, զանգեց, ասաց. «Ինչպե՞ս եք, գալիս ենք»: Ասացինք` «Թամար, չգաս, այսպիսի բան է պատահել»: Իսկ ինքը` մեզնից էլ խենթ` ասաց. «Բա հիմա որ չգամ, ձեզ տեր չկանգնեմ, ե՞րբ պիտի գամ»: Երեխաների, ամուսնու հետ եկան մեր տուն. փոքրը դեռ մանկասայլակի մեջ էր: Նորից կերակուր պատրաստեցինք ու սեղան դրեցինք, որ ճաշենք: Քեռայրս ասաց. «Մաքո, այսօր մի տեսակ հանգիստ չեմ. եկեք այս սեղանը ներսի սենյակը տանենք»: Համաձայնեցինք: Նստեցինք` ուրախ-զվարթ կերանք-խմեցինք: Պերճուհին և Թամարը վեր էին կացել, որ սուրճ եփեն: Մեկ էլ՝ մի պայթյո~ւն. գիշերվա պայթյունը հեչ բան էր դրա համեմատ: Մեր տանիքի վրա հրասանդ  էր ընկել: Քարե պատի միջով ականն անցել և մխրճվել էր այն սենյակի առաստաղի մեջ, որտեղ սկզբում պատրաստվում էինք ճաշել: Այդ տեղը ամբողջովին քարերի մեջ էր: Այսպիսով՝ մեկ օրվա ընթացքում երկու փորձանքից փրկվեցինք: Բոլորս ցած իջանք. հորեղբայրս այդ պահին վեր էր բարձրացել ինչ-որ բան բերելու: Ուժեղ քամու հոսք էր զգացել դեմքին ու արագ ձեռքերով ծածկել` պաշտպանել աչքերը: Գլուխը բռնած իջավ ցած` ամբողջովին արյան մեջ: Ճակատն էր վնասվել: Ելավ, թե՝ «Անմիջապես գնանք այստեղից»: Բայց մենք կանգնեցրինք նրան: Արդեն գիտեինք՝ դեռ  էլի հարվածներ պետք է լինեն: Այդպես էլ եղավ:

Քեռայրը, իր կուսակցական ընկերների հետ` կռված, կարգին տղաներ, Թամարին ու երեխաներին տեղափոխեց ապահով վայր: «Դուք էլ պատրաստվեք. այլևս այստեղ մնալը ապահով չէ»,- ասաց: Ամեն մեկս պատրաստած պայուսակներ ունեինք. տեղափոխվեցինք Սոսիի` մեր մյուս քրոջ տուն: Հետո՝ վարձով տուն:

Գրեթե ամեն Աստծու օր, մեծ պայուսակները քարշ տալով, գնում էինք Քառասուն Մանկանց եկեղեցու թաղի մեր տունը և այն, ինչ մեքենայով չէինք հասցրել տեղափոխել, քարշ տալով էինք տանում: Մեր ունեցվածքի զգալի մասն այսպես դուրս բերեցինք. բայց ինչ վախերով, ինչ տագնապներով: Մնացին գրքերը, սառնարանն ու պահարանը:

Ես ու Պերճուհին ամեն օր գնում էինք` այդ ճամպրուկները ձեռքներիս. ռումբերի տարափի տակ»:

Հիշում է Պերճուհին. «Թաղ էինք մտնում, պետքական իրերն էինք տեղափոխում: Մի անգամ տեսնեմ` Մաքոն բարձրացել, պահախցիկից Կաղանդի ծառն է փորձում իջեցնել: Պայթյունի ձայնն ենք լսում մոտակայքից: «Աղջի՛կ, իջի՛ր անմիջապես, Կաղանդի ծառն էր մեզի պակաս»: Իսկ Մաքոն թե` «Ընդամենը երկու տարի է, որ գնել եմ: Տանենք, վայելենք»:

Ես շունչս պահած լսում եմ այս պատմությունները ու չեմ դիմանում, հարցնում եմ. «Ե՞վ, տարա՞ք վերջը…»: «Հա՛,- ասում է Մաքոն հաղթական,- ասացի. «Դու գնա՛, Պերճո՛ւկ, ես կբերեմ». այստեղ արդեն բոլորս ծիծաղից ուշաթափվում ենք…

Այսպես մի շաբաթ պայուսակը քաշելով Մարգարիտն ու Պերճուհին տեղափոխում են իրենց իրերը:  Ազիզիե թաղից մի հայ մարդ ամեն օր հետաքրքրությամբ հետևում է նրանց: Մի անգամ մոտենում, տարակուսած ու մտահոգ հարցնում է. «Է՞, ասօր վերջը ի՞նչ պիտի ըլլա»:

«Արդեն շատ վտանգավոր էին դարձել մեր այցելությունները… Մի անգամ, երբ թաղի կեսը հատել էինք, զինվորները մեզ կանգնեցրին: Ասացին՝ արգելված է, զինվորական գոտի է: Ես էլ թե` «Տունս է այստեղ»: Մի օր առաջ ընտրել, դասավորել էինք մեր գրքերը, որ դուրս բերենք. յոթ արկղ գիրք էինք պատրաստել: Եկավ երիտասարդ սպան ու ցույց տալով մեր տունը, ասաց. «Մենք այստեղ ենք մնալու»: «Բայց գրքեր ունենք,- փորձեցի հակաճառել,- քույրս գրող է, իրեն պետք են այդ գրքերը»: «Անհոգ եղեք, մենք տեր կլինենք ձեր գրքերին»: Ափսոս, հետո այդ գրքերը հրկիզվեցին:  Այս մեկ ու կես տարվա ընթացքում, թերևս, 15 տարվա սարսափ ապրեցինք»:

Պերճուհի Ավետյանը Հալեպի «Գանձասար» թերթի աշխատակցուհին է, ճանաչված մտավորական, արձակագիր: Հայաստան գալով` ՀՀ Գրողների միության անդամ է դարձել:

Երբ եկել են Հայաստան, շատ ծանր հոգեվիճակում են եղել երկար ժամանակ. «Գիշերները արթնանում էի, լալիս էի: Անընդհատ հիշում էի ու տագնապի, սարսափի զգացում էի ունենում: Բայց, փա~ռք Աստծու, դա էլ անցավ,- ասում է Մաքոն ու անմիջապես լուսավոր ժպիտով ավելացնում,- իսկ հիմա ծիծաղում ենք այս ամենի վրա: Եկեք, ցույց տանք մեր տունը»,- և երեք կանայք սիրով ու հպարտությամբ ցույց են տալիս իրենց՝ կոկիկ, ակնհայտորեն սիրով կահավորած բնակարանը…

«Մեր թաղը երկար վերականգնվելու կարիք ունի,- ասում է Մաքոն,- այժմ ոչ բնակիչ  կա, ո՛չ էլ զինվորական, …տներից, խանութներից շատերը լիովին հողին են հավասարված: Վերջերս ֆեյսբուքով մեկը նկարել ու  տեսանյութ էր տեղադրել: Պերճուհին կանչում է, թե «Արի՛, տե՛ս, այս շենքը ում շենքն է, փլատակներ են»: Ուշադիր նայեցի, ասում եմ. «Բայց սա չէ՞ որ մեր տունն է…»:

***

Պատերազմի ամբողջ ընթացքում և մինչև օրս Սիրիայում կյանքը չի դադարել, չեն փակվել դպրոցները: Միայն այն օրերին դասեր չէին լինում, երբ հրետակոծությունը շատ խիստ էր լինում: Այսօր սիրիահայ  համայնքում հաշվվում է մոտ 18-20000 մարդ` ի տարբերություն նախկին 70000-ի: Դեռ պատերազմն ավարտին չի մոտեցել, և այս թիվը շատ փոփոխական է. մարդկանց որոշ մասը դեռ լքում է երկիրը, մի մասն էլ, համեմատաբար խաղաղված շրջաններում,  վերադառնում են իրենց լքյալ տները: Հալեպում կրակոցները գրեթե դադարել են, սակայն արվարձաններում կան զինյալ խմբեր, և քաղաքի ծայրամասերում դեռ կրակոցներ ու ռմբակոծություններ են լինում: Սիրիայում որոշ շրջաններ ամբողջովին ավերակների են վերածվել, սակայն կան շրջաններ, որ շատ քիչ վնաս են կրել: Համայնքի ուժը և հայ ու արաբ ժողովուրդների դարավոր բարեկամությունը օգնել է, որ այդ դժվար պայմաններում մարդիկ չդադարեցնեն աշխատանքը, որոշ գործարաններ արդեն գործում են: Մշակութային կյանքը նույնպես դադար չի ունեցել: Եկեղեցիները, որոնք համեմատաբար փոքր վնասներ են կրել, նորոգումից հետո գործում են: Սակայն Դամասկոսում վիճակն անհամեմատ վատ է. Արևելյան Ղութայի մեջ այժմ կենտրոնացած զինյալ խմբավորումներն այդտեղից հրթիռակոծում են հեքիաթային Դամասկոսը: Մեծ քաղաքական խաղերը  տեղեկատվական պատերազմից պարբերաբար իրական պատերազմական գործողությունների թատերաբեմի են վերածում երբեմնի ծաղկուն այս երկիրը: Վնասներից անմասն չեն մնում նաև հայկական թաղամասերը…

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ