Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔԱՐՎԱՃԱՌԻ ԵՎ ՕՄԱՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
ՔԱՐՎԱՃԱՌԻ ԵՎ ՕՄԱՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ

ՔԱՐՎԱՃԱՌԻ ԵՎ ՕՄԱՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ25 տարի առաջ՝ 1993թ. գարնանը, նախապես մանրակրկիտ ու գրագետ մշակված ռազմագործողության պլանի համաձայն՝ հայկական ուժերը երեք ուղղությամբ գրոհեցին ադրբեջանական որջի վերածված Քելբաջարի ուղղությամբ: 1993թ. մարտի վերջին իրավիճակը կտրուկ սրվել էր հյուսիսարևմտյան ճակատում: Ադրբեջանի Լաչին-քելբաջարյան խմբավորումը հյուսիսարևմտյան և հարավարևելյան ուղղություններից սկսեց թիկունքային հուժկու հարձակողական գործողություններ ծավալել Մարտակերտի և Լաչինի շրջաններում տեղակայված հայկական ուժերի ուղղությամբ: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարության առջև խնդիր դրվեց վնասազերծելու Քելբաջարում և Լաչինում տեղակայված կրակակետերն ու ջախջախելու Լաչին-քելբաջարյան խմբավորումը: Քելբաջարի ռազմական գործողությունը թելադրված էր Մարտակերտի շրջանում ազատագրական մարտեր մղող արցախյան ինքնապաշտպանական ուժերի թիկունքն ապահովելու նկատառումով: Ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը գիտակցում էր ձեռնարկվող ռազմական գործողության բարդությունը: Այստեղ ամեն ինչ դրվում էր զոհասեղանին. Պահանջվում էր ուժերի գերլարում, բարձր կարգապահություն, ռազմավարության հմտության և ինքնազոհության պատրաստակամություն: Մարտակերտում փոքրաթիվ ուժերով, բայց արդյունավետ պաշտպանություն կազմակերպելուց հետո, հայկական ուժերը 1993թ. մարտի 27-ին, կանխարգելիչ հարվածներից և հրետանային նախապատրաստությունից հետո ձեռնարկեցին Քելբաջարի շրջանի հենակետերի վնասազերծման և Լաչինի շրջանի՝ հակառակորդի վերահսկողության տակ մնացած տարածքների ազատագրման ռազմական գործողությունը մի քանի ուղղություններով. Հյուսիսային՝ Օմարի ուղղությամբ հարձակումներն իրականացնում էին Նորայր Դանիելյանի հրամանատարությամբ գործող Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակները:

ՔԱՐՎԱՃԱՌԻ ԵՎ ՕՄԱՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸՄարտակերտ-Քելբաջար ուղղությամբ գործում էր Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանի ղեկավարած խմբավորումը:

Վանք-Նարեշտար-Լաչին-Քելբաջար ճանապարհի ուղղությունում գործում էին Վանքի գումարտակը, Կիռխնիզ- Ալյազի ուղեհատվածում Ասկերանի պաշտպանական շրջանի, Կարեն Արզումանյանի գումարտակը, իսկ Ֆինգայի և Թիգիկ-1, Թիգիկ-2 ուղղություններում՝ 35-րդ գումարտակը, 53-րդ գումարտակը, 51-րդ գումարտակը: Մարտի 27-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի, կամավորական ջոկատների, հայաստանյան հարավային և հյուսիսային զորախմբերի կողմից իրագործված Քելբաջարի ազատագրման ռազմական գործողության շնորհիվ թշնամու ստորաբաժանումները հայտնվեցին շրջափակման մեջ: Օղակը ճեղքելու նպատակով հայկական զինուժի ուղղությամբ նետվեց հակառակորդի 8 միավոր զրահատեխնիկա և շուրջ 250 զինվոր: Պաշտպանական բանակի 30 հոգանոց ջոկատը, անհավասար մարտի մեջ մտնելով, ոչնչացրեց թշնամու 3 միավոր զրահատեխնիկա, մոտ 60 զինվոր և ձախողեց հակառակորդի մտադրությունը: Ռազմական գործողությունն ավարտվեց հակառակորդի Լաչին-քելբաջարյան խմբավորման լիակատար ջախջախմամբ և Օմարի լեռնանցքի գրավմամբ: Հայկական ուժերը մարտի 30-ից ապրիլի 1-ը ապահովեցին Լաչինի և Քելբաջարի շրջանների խաղաղ բնակչության անարյուն տարհանումն անվտանգ գոտի: Շուրջ 60 հազար մարդ հատկացված միջանցքով դուրս եկավ 3,8 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածքով ազատագրված շրջաններից:

13-1-3Ապրիլի 2-ին Քարվաճառը Գյանջային կապող ճանապարհի խաչմերուկն ամբողջությամբ վերահսկվում էր հայ զինվորի կողմից, իսկ 3 օր անց՝ ապրիլի 5-ին, Եռագույնը ծածանվում էր աննվաճ թվացող Օմարի բարձունքում: Հնգօրյա ազատագրական մարտերի արդյունքում ստեղծվեց շուրջ 300 կմ սահմաններով անվտանգության գոտի, ամրապնդվեց հայկական ուժերի ռազմավարական նախաձեռնությունը Օմարի լեռնանցքում, ապահովվեց Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի անվտանգ երթևեկությունը: Բացվեց Արցախը ՀՀ-ին կապող Մարտակերտ- Վարդենիս երկրորդ ցամաքային ճանապարհը: Սա ազատամարտի  տարեգրության մեջ նոր շրջափուլի սկիզբն էր. հայկական ուժերն առաջին անգամ ամենավճռական և պատմակշիռ հաջողությանը հասան ԼՂՀ սահմաններից դուրս և հարյուրամյակներ շարունակ բռնազավթված ընդարձակ հայապատկան տարածքներ ազատագրեցին: Չհաշտվելով 1993թ. գարնանը ձեռնարկված Քարվաճառի ռազմագործողության ժամանակ կրած պարտության հետ՝ թշնամին ուշքի գալով և կարճատև դադարի ընթացքում մեծ քանակությամբ կենդանի ուժ և տեխնիկա կուտակելով Քարվաճառի ուղղությամբ` 1993թ. դեկտեմբերին մարտական գործողություններ սկսեց Օմարի լեռնանցքին տիրելու համար: Իսկ այնուհետև, զարգացնելով հաջողությունը, սկսեց առաջանալ Քարվաճառի շրջանի խորքերը, քանի որ, ինչպես նշել էր Ադրբեջանի նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը` «Քելբաջարից հետո պատերազմն Ադրբեջանի համար հեռանկար չունի….»:

Ադրբեջանի հրամանատարության նպատակը հայկական ուժերի պաշտպանությունը ճեղքելն էր, Քելբաջարը Գյանջային կապող ճանապարհի խաչմերուկ դուրս գալը, վերահսկողություն հաստատելը ԼՂՀ-ի համար ռազմավարական նշանակության Վարդենիս- Մարտակերտ միջանցքի նկատմամբ:

Օմարի ուղղությամբ վերսկսված մարտական գործողությունների արդյունքում հայկական ստորաբաժանումները ոչ միայն կասեցրին հակառակորդի գրոհները, այլև, հակահարձակման անցնելով ռազմաճակատի մի քանի հատվածներում, առաջ ընթացան 1-2 կմ և տիրեցին ռազմավարական նշանակության մի շարք բարձունքների: Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակներից մեկը՝ Արկադի Շիրինյանի հրամանատարությամբ, հակահարձակման անցնելով՝ համարձակ շրջանցումով հաղթահարեց Մռավի ձյունածածկ լեռնաշղթան: Փակելով Օմարի լեռնանցքը և հակառակորդի թիկունքը՝ զրկեց նրան ոչ միայն համալրումներ ստանալուց, այլև խոշոր ուժերով նահանջելու հնարավորությունից: Այդ համարձակ ռազմերթը, որը, կարծես, Հաննիբալի և Սուվորովի ալպյան անցումներն է հիշեցնում, հիրավի վճռորոշ նշանակություն ունեցավ հակառակորդի զորախմբերը ջախջախելու, Քարվաճառի հյուսիսն ու Օմարի լեռնանցքը ազատագրելու առումով: Հայկական զինուժի մյուս ստորաբաժանումները հակառակորդի գերակշռող ուժերի դեմ մարտեր էին մղում ռազմաճակատի այլ հատվածներում՝ ապահովելով Օմար գրոհող ստորաբաժանումների ռազմերթը: Ռազմաճակատի մյուս հատվածների կայունությունը նպաստավոր պայմաններ էր ստեղծում Օմարի ուղղությամբ առաջխաղացումը շարունակելու համար:

1994թ. փետրվարի 17-ին սկսվեց Օմարի լեռնանցքի գրոհը: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, վնասազերծելով հակառակորդի կրակակետերը, Չիչագլու, Բաշիրսաղ, Յանշաղ և այլ գյուղերում հնարավորություն ստեղծեցին աջ և ձախ թևերից զարգացնելու գրոհները: Փետրվարի 18-ին Քելբաջարի հյուսիսային հատվածը, ներառյալ Օմարի լեռնանցքը, ամբողջությամբ անցավ պաշտպանության բանակի վերահսկողության տակ: Հակառակորդը մարտադաշտում թողնելով մեծաթիվ զոհեր ու ցրտահարվածներ, մեծ քանակությամբ տեխնիկա, զենք ու զինամթերք, շպրտվեց Օմարի լեռնանցքից անդին:

Այսպիսով՝ հակառակորդը չկարողացավ փակել Արցախը Հայաստանի հետ կապող երկրորդ  «կյանքի» ճանապարհը, որը հատկապես կենսական նշանակություն ունի Մարտակերտի շրջանի համար: Վերահսկողություն սահմանվեց մեր հանրապետության հյուսիսարևելյան սահմանի վրա՝ հակառակորդի նկատմամբ դիրքային առավելությամբ: Առ այսօր հայկական ստորաբաժանումները ամրացած են ռազմավարական կարևորագույն դիրք ունեցող Օմարի բարձունքում:

Դժվարին՝ առաջին հայացքից անիրագործելի թվացող առաջադրանքը իրականացվեց բազում նվիրյալների կյանքի գնով: Հայոց միջնաբերդում 25 տարի առաջ հաղթական ուռան հնչեց շնորհիվ հայ զինվորի վճռականության և նրա` պատմական հայրենիքի փոքրիկ հատվածն ազատագրելու անհագ ծարավի:

Քարվաճառի ազատագրումով Վերին Խաչենը, Թարթառի հովիտն ու հոգևոր ճարտարապետական կոթող Դադիվանքը կրկին վերագտան իրենց պատմական տերերին:

 

ՄԱՐԻՆԱ  ՇԱԽԻԿՅԱՆ

ՊՆ «Մայր Հայաստան» ՌՊԹ

գիտաշխատող-ֆոնդապահ