Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄԻ ԴԱՍԵՐ...
ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄԻ ԴԱՍԵՐ…

ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄԻ ԴԱՍԵՐ... Ապրիլյան հերոսամարտի մասին հիշեցնող խորհրդանշական այս օրերին մեր հանրապետությունում առանձնակի սիրով և խոնարհումով քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են անցկացվում: Դրանցից մեկը կայացավ ապրիլի 3-ին` Երևանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 հիմնական դպրոցում: Այդ օրը տեղի ունեցավ դպրոցի նախկին սան, քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ, կապիտան  Արմենակ Ուրֆանյանի անվան հրաձգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կրթության ու գիտության նախարարության,   քաղաքապետարանի ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ:

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած տղաների մասին, ասաց. «Ընդամենը երկու տարի է անցել այն օրերից, որոնք մեզ ևս մեկ փորձության ենթարկեցին: Սակայն այն պատիվը, արժանապատվության և հպարտության զգացողությունները, որոնք եկան դրանց հետ, առաջին հերթին սահմանին կանգնած  մեր առաջապահ ուժերը, մեր տղաները մեզ պարգևեցին: Թե յոթ հոգով, իրենց հերոս հրամանատարի գլխավորությամբ, այս հենակետի զինվորները ինչպես կարողացան դիմագրավել և մարտ վարել մի հսկա հարձակողական ուժի դեմ` չհանձնվելով և չհանձնելով դիրքերը, դժվար է պատկերացնել…»: Անդրադառնալով այսուհետ կապիտան Արմենակ Ուրֆանյանի անունը կրող հրաձգարանին` փոխնախարարը նշեց. «Ես վստահ եմ, որ այստեղ չեն սովորելու սպանել, ավերել: Այստեղ դպրոցի աշակերտներին ուսուցանելու են պաշտպանվել ու պաշտպանել մեզ համար ամենաթանկը` Աստծուց մեզ բաժին հասած հայրենիքը»:

ՊԱՏՎԱԽՆԴՐՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄԻ ԴԱՍԵՐ... Դպրոցի տնօրենը` Ասատուր Սարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Այս հերոսամարտի նշանավոր ներկայացուցիչն է մեր դպրոցի սան Արմենակ Ուրֆանյանը: Խորին ափսոսանքով ենք տալիս նրա անունը, բայց և զարմանալի զորությամբ չենք տրվում ցավին, ուժի և հպարտության զգացումն է բոլորիս համախմբում»:

Հրաձգարանի բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվեց հերոսի մորը` Համեստ Ներսիսյանին: Միջոցառման մասնակիցները շրջեցին հրաձգարանի տարածքով, ծանոթացան պայմաններին:

Հրաձգարանի մուտքից ներս` պատվո անկյունում, Արմենակի մեծադիր նկարն է, պատերին` հերոսի կյանքի ամենավառ իրադարձությունների մասին վկայող լուսանկարները:

«Արմենակի և նրա զինվորների մարտական ոգին, նրա մարդկային տեսակը, կարծում եմ, այս հրաձգարանի շնորհիվ կփոխանցվի մարզվող երեխաներին, կոգևորի նրանց…,- ասաց տիկին Համեստը,- ինձ հարցնում են` «Ձեր կարծիքով՝ Արմենակը ճի՞շտ է արել, որ նման քայլի է դիմել»: Որպես մայր` ես մեծ ցավ ու կսկիծ եմ ապրում,  բայց, մյուս կողմից, համոզված եմ, որ միանշանակ ճիշտ է արել: Նա երեխա շատ էր սիրում: Ամեն անգամ զորամասից տուն գալով` զարմանում ու վրդովվում էր. «Ինչպե՞ս կարող են կրակել դպրոցների, մանկապարտեզների վրա. ինչպիսի՞ մեծ թշնամանք պետք է հակառակորդին նման քայլի դրդի»: Երբ հիմա նայում եմ այս երեխաներին, մեծ մխիթարանք եմ զգում. հասկանում եմ, որ տղաս նաև այս մանուկների համար իր կյանքը զոհաբերեց: Եվ հենց նրանց համար էլ խիզախության ու պատվախնդրության լավ օրինակ կծառայի»:

Ք. Թադևոսյան

Լուս․` Սիփան Գյուլումյանի