Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊՈՒՐԱԿ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆ



ՊՈՒՐԱԿ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 30-ԱՄՅԱԿԻՆՔաշաթաղի շրջկենտրոն Բերձորում և մոտակայքում մոտ 20 պուրակ ու այգի է հիմնվել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, Արցախյան շարժման առաջամարտիկ,  «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի նախագահ Գուրգեն Մելիքյանի, նրա աջակիցների կողմից և օժանդակությամբ: 20 և ավելի տարիների ընթացքում հազարավոր ծառեր են տնկվել քաշաթաղյան հողում: Ստեղծված պուրակները, այգիները, ծառուղիները անվանակոչվել են Ազատամարտի հերոսների, բարեգործների, մեր պատմության կարևոր իրադարձությունների անուններով: Այս հայրենանվեր ձեռնարկին գրեթե մշտապես մասնակից են եղել Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ:  Մարտի 12-ին Բերձորի հարակից տարածքում՝ Մոնթեին նվիրված պուրակի դիմաց, Հակարի գետի աջակողմյան ափին հիմնվեց նոր պուրակ` նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին: Այս անգամ ևս ծառատունկին մասնակցեցին ԵՊՀ ուսանողները: Արցախյան շարժման առաջամարտիկ Մաքսիմ Միրզոյանը և ԵՊՀ ուսանողության հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը բացեցին պուրակի ցուցանակը՝ «Արցախյան շարժման 30-ամյակի պուրակ»: Գ. Մելիքյանը դիմելով ուսանողներին` կարևորեց Արցախյան շարժման դերը մեր ժողովրդի պատմության մեջ և հույս հայտնեց, որ նոր սերունդը տեր է լինելու ազատագրված ու հազարավոր քաջորդիների արյամբ սրբացած մեր երկրին: Ինչպես միշտ՝ ծառատունկն սկսվեց Գ. Մելիքյանի՝ Լևոն Զավեն Սյուրմելյանի «Ասացվածք՝ ծառ տնկելու առթիվ» բանաստեղծության ասմունքով, որ աղոթքի է նման և հայրենաշինության խորհուրդ ունի: Առաջին տնկին հողին հանձնեցին Գ. Մելիքյանը, Մաքսիմ Միրզոյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը, Վահագն Վարագյանը, որը մշտապես ուղեկցում է ուսանողներին Արցախում և ՀՀ տարբեր մարզերում, ինչպես նաև 2016 թ. ապրիլյան պատերազմի հերոսներ՝ այժմ ԵՊՀ ուսանողներ Գոռ Դարմանյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Շուլի Հակոբյանը: Այնուհետև սկսվեց ընդհանուր աշխատանքը՝ ուսանողները, խումբ-խումբ, սկսեցին արդեն պատրաստի փոսերում տնկել ծառերը: Վ. Վարագյանը և ԵՊՀ ուսխորհրդի նախագահ, միջազգային հարաբերություններ ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Ափոյանը տեղեկացրին, որ Արցախ եկել են մարտի 10-ին՝ Քարվաճառով: 80 ուսանող են մասնակցում միջոցառումներին: Եղել են Դադիվանքում, Գանձասարում, Տիգրանակերտում, Ամարասում, Շուշիում: Այցելել են նաև «Եղնիկներ» զորամաս, մասնակցել զորամասի հիմնադրման և Մարտակերտի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը: Ուսխորհրդի մշակութային խումբը զինվորների համար հանդես է եկել համերգով:  Գոռ Դարմանյանը նույն զորամասում է ծառայել, 2015-ի մարտի 19-ին մարտական ընկերների հետ ետ է մղել, դիմակայել մի քանի անգամ առավել թշնամու դիվերսիոն խմբին: Մարտի ընթացքում մարտիրոսվել են 3 զինակից՝ Հակոբ Գագիկի Խաչատրյանը(1996թ. Քաշաթաղի շրջանի Աղաձոր գյուղից), Էդուարդ Գագիկի Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Կարենի Հարությունյանը (1995թ.), 4 զինծառայողներ՝ ինքը, Սամվել Հակոբյանը, Սարգիս Գաբրիելյանն ու Էդգար Մարտիրոսյանը վիրավորվել են: Ստացած վերքերից օրեր անց մահացել է Սամվելը: Ամիսներ անց ապաքինվեց Գոռը և այժմ ուսանողների հետ զորամասում է: Հանդիպելով հրամանատարությանը՝ խնդրել է և բարձրացել դիրքեր, որտեղ մասնակից եղավ հերոսամարտին: Մերօրյա հերոսը ՀՀ նախագահի կողմից արժանացել է «Արիության մեդալի», իսկ Արցախի նախագահի հրամանագրով պարգևատրվել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Գ. Մելիքյանի հետ Գոռը, Ռաֆայելը և Շուլին 3 ծառ տնկեցին՝ հավաստելով, որ ամեն անգամ, ինչքան անցնեն Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, այստեղ՝ Բերձորի մոտ կանգ են առնելու: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի ապրիլի 15-ին, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած ավագ սերժանտ, գյումրեցի Շուլի Հակոբյանն այժմ ուսանում է համալսարանի տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետի 3-րդ կուրսում:  2016 թ. ապրիլի 4-ին Թալիշի մոտակայքում կես ժամվա ընթացքում խոցել է թշնամու 3 տանկ, որոնցից մեկը՝ շարժման ընթացքում: Նրա ընկերը՝ գյումրեցի Ռաֆայել Հովհաննիսյանը, որը երեք «պոստ» այն կողմ է եղել՝ նույնպես 3 տանկ է խոցել. դիրքերում տղաների սխրանքի մասին խոսելիս պարզապես ասում էին՝ «Գյումրին 6 տանկ է խփել»: Արցախի  նախագահի 2016թ. ապրիլի 15-ի հրամանագրով Ռաֆայել Գևորգի Հովհաննիսյանը բացառիկ արիության և խիզախության համար պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Այժմ ընկերները Գոռի հետ միասին ազատագրված հայրենիքն են շենացնում: Ծառատունկից հետո, ինչպես ընդունված է, կայացավ խնջույք, որի ընթացքում ռազմահայրենասիրական, ազգագրական երգով ու պարով հանդես եկան ուսանողները, «Բերձոր» համույթի երաժիշտներ Արամայիս Եսայանը և Արթուր Մովսեսյանը: ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը խոսեց Արցախյան շարժման ակունքների մասին, անդրադարձավ Հովհ. Շիրազի «Ղարաբաղի ողբը» հայտնի բանաստեղծությանը: Երեկոյան ուսանողները մեկնեցին Երևան՝ հավատացած, որ նորից գալու են Արցախ, մասնակցելու են ծառատունկի, այլ հայրենաշեն աշխատանքների:

 

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Խորագիր՝ #11 (1233) 21.02.2018 - 27.02.2018, Պատմության էջերից


21/03/2018