Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ
ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԿԱՊԱՎՈՐՆԵՐԸ

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեր կամավորական գումարտակի կապի առաջին միջոցները քաղաքային պայմաններում 5-10կմ շառավղով գործելու համար նախատեսված «Լեոններն» ու «Վիոլաներն» էին, որոնք, բարձունքներում 40-50կմ շրջագծով կապ ապահովելով, այդ փուլում արդարացրին իրենց, իսկ հանրապետական զինկոմիսարիատից բերած թեեւ հին, բայց հզոր կայանքները տեղադրեցինք հեռավոր գյուղերում: Գումարտակի պաշտպանության շրջանը մեծ էր, շուրջ 40 կիլոմետր՝ Կապանից մինչ Ներքին Հանդ: Առանձին կապի հանգույց ուներ նաեւ Հատուկ գնդի Կապանի վաշտը, որն արդեն վերակազմավորվել էր սահմանապահ պարետատան:
Ապա Կապանի արդեն չգործող օդանավակայանից գիշերները մաս առ մաս տարանք կարճալիք ռադիոկայանը, որը նախատեսված էր օդանավակայանների հետ կապ պահպանելու համար, եւ կայանքի ընդունիչ հանգույցի միջոցով սկսեցինք ռադիոհետախուզություն իրականացնել: Առավել հզոր էին ինքնաթիռների հետ կապ պահպանող ռադիոկայանքները, որոնք, սակայն, մեզ պետք չէին, բայց խնամքով պահեցինք, մինչեւ հանձնեցինք ստեղծվող հակաօդային պաշտպանության զորամասին:

Կապի վարչություն իրականում դեռ չկար, կային օր ու գիշեր չարչարվող մի քանի տարեց սպաներ: Վարչության պետ Ալեքսանդր Բալբաբյանը եկավ ու զարմացավ, որ «երկու ջահելով»՝ այժմ զորամասի կապի պետ Արթուր Սարգսյանի հետ զգալի գործ ենք արել:
Հետո մեծ դժվարությամբ առաջին ՀՇՄ-ն ստացանք. պաշտպանության նախարարությունում հրաժարվում էին «ֆիդայիներին» հրամանատարաշտաբային մեքենա տալ, պատճառաբանելով, թե թանկարժեք տեխնիկան չհասկանալով կփչացնենք: Մեր ուժերով կապի ռեժիմ ու աղյուսակներ էինք մշակում, կապի նախկին համակարգն օգտագործելով՝ անգամ մինչեւ Ներքին Հանդ գծալարային կապ ապահովում:
Իսկ Վանաձորում տեղակայված դիվիզիայի սպառազինության ընդունումից հետո բավական Ռ-159 դյուրակիր ռադիոկայանքներ ստացանք եւ լրիվ հրաժարվեցինք քաղաքացիական կապի միջոցներից:

ԳՆԴԱՊԵՏ ԼԵՎՈՆ ԴՈԽՈՅԱՆ

Հայաստանի առաջին զինվորական կապավորներից այսօր պաշտոնաթող գնդապետ Լեւոն Դոխոյանը հիշում է, որ 1992-ի ամռանը, երբ ավարտելով զինվորական ակադեմիան, եկավ Հայաստան, կապի հիմնական միջոցները հրամանատարաշտաբային մեքենաները, Ռ-159 կայանքները, դաշտային կաբելն ու «Տոպիկն» էին՝ Տ-57 հեռախոսային ապարատը:
-Մարտկոցների շահագործման ժամկետները լրացել էին, եւ «Մերգելյան» ինստիտուտում վերալիցքավորվող տարբերակը մշակեցին,-պատմում է Լեւոն Դոխոյանը,- իսկ մինչ այդ, կենցաղում օգտագործվող սովորական «Կրոնա» մարտկոցը հարմարեցրինք «Տոպիկին»: Ժողովրդի միտքն ասես աշխատում էր բանակի համար, եւ մի օր էլ մեկը եկավ ու առաջարկեց ոչ ավել, ոչ պակաս… գաղտնագրված կապի իր տարբերակը: Պարզունակ եղանակ էր, քիչ մշակվելով սկզբունքորեն կգործեր, բայց իմաստ չուներ, ու թեեւ մեծ ջանքերի գնով, բայց սեփականը գործարկեցինք: Իսկ առայժմ ամեն ինչ զրոյից էր սկսվում. Վազգեն Սարգսյանի օգնականը «07» հեռախոսային համարով սահմանամերձ շրջան հեռախոսային խոսակցություն էր պատվիրում, որպեսզի Սպարապետն իր հրամանատարների հետ խոսի… Միջքաղաքային սովորական կապ էր, ու կարելի էր հանգիստ լսել:

Պաշտպանության նախարարությունում դեռ մեկ արեւմտաեվրոպական արտադրության «Ռակալ» ռադիոկայանք կար եւ դրանով աշխատող մի զինվոր: Գծալարային կապ միայն նախկին խորհրդային զորամասերի հետ կար, իսկ նորաստեղծ ու մարտական գործողություններում ընդգրկված զորամասերի հետ անգամ նորմալ ռադիոկապ չկար: Այդպիսին էր տեխնիկական ապահովվածության վիճակը: Բայց սակավաթիվ նվիրյալ սպաներ օրն ի բուն աշխատում էին, արդեն ռադիոկապի ծածկագրեր էին մշակվել ու ներդրվել: Իրական իմաստով կապի վարչություն, որպես այդպիսին, դեռ չկար. Վլադիմիր Մկրտչյանն էր, Արմեն Ազարյանը, որ համակարգում էր ռադիոկապը, Կարեն Ենգիբարյանը, երկու նորավարտ սպա… Վարչության պետի պաշտոնում 1992 թվականի վերջին Վլադիմիր Մկրտչյանին փոխարինած Ալեքսանդր Բալբաբյանը կադրերի համալրման մեր հիմնական աղբյուրներ «Մերգելյան» ինստիտուտից եւ «Սիրիուսից» հրավիրեց Օդեսայի կապի ինստիտուտի շրջանավարտ Ֆերդինանդ Սոլոմոնյանին, որ գծալարային կապի պատասխանատուն էր, Գագիկ Մկրտչյանին, Արմեն Քրդյանին, Գարեգին Սահակյանին, որ մատակարարման բաժնի պետն էր, քաղաքացիական կապի այլ մասնագետների, ու վարչությունն աստիճանաբար ձեւավորվեց:

ՓՈԽԳՆԴԱՊԵՏ
ԳՐԻԳՈՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Կամավորական ջոկատների ժամանակն էր, ու Հայաստանի բանակային միակ կանոնավոր կազմավորումը Հատուկ գունդն էր: Զորամիավորման կապի ծառայության պետ, Հայաստանի առաջին զինվորական կապավորներից փոխգնդապետ Գրիգոր Ավետիսյանը Հատուկ գնդին անդամագրվեց 20 տարեկանում` խորհրդային բանակից (ազդարարման եւ կապի ինժեներատեխնիկական միջոցների մասնագետ էր) զորացրվելուց անմիջապես հետո: Մեկ տնից հինգ հոգով Հատուկ գնդում էին. ավագ եղբայրը՝ Անդրանիկը, հորեղբորորդին՝ Էդուարդ Խաչատրյանը, քրոջ ամուսինը՝ Ստեփան Մանուկյանը եւ նրա եղբայր Հայկը:
-Դեռ քաղաքացիական ու ոստիկանական կապի միջոցներ էին, կապի վաշտի հաստիքացուցակ էլ չկար,- վերհիշում է փոխգնդապետ Ավետիսյանը:- Կապի պետը Նոդար Մարգարյանն էր, որ զոհվեց Մարտակերտի նահանջի ժամանակ, վաշտի հրամանատարը՝ Աշոտ Դալլաքյանը: Մենք գիտեինք, որ կապավոր ենք. Ժորա Խաչատրյանը, Վարդան Հարությունյանը, Արմեն Կիրակոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Բաղդասարը… Բոլորս էլ կապից հասկանում էինք, բայց մասնագետ չէինք: Կապի հանգույցում շուրջօրյա հերթապահություն էր հաստատված, կապ ունեինք սահմանամերձ շրջաններում Հատուկ գնդի բոլոր վաշտերի, ինչպես նաեւ Շահումյանի հետ, որտեղ նույնպես մեր ստորաբաժանումներն էին: Երբեմն մի քանի օրով մեկնում էինք ճակատ, օգնում կապի կազմակերպմանը: Առաջին անգամ արկի պայթյուն Երասխավանում եմ տեսել. ուժեղ հրետակոծում էր, գոռում էին՝ «պառկի՛ր», իսկ ես հասակով մեկ կանգնած՝ հետաքրքրությամբ դիտում էի, ասես կինո լիներ…

Լաչինի ազատագրումից հետո մեծ շարասյունով մեկնեցինք ԼՂՀ Շահումյանի շրջան, տանելով նաեւ հրամանատարաշտաբային մեքենա, ռադիոկայաններ եւ գծալարային կապի միջոցներ: Մի քանի շաբաթում Ղարաչինարի դիրքերում գծալարային կապն ուժեղացրինք (շատ բան արված էր, բայց լսելիությունը թույլ էր, նաեւ հեռախոսներ չկային) եւ դիրքերը կապեցինք Խարխափուտին, որտեղ Հատուկ գնդի շտաբն էր: Իսկ ռադիոկապը հիմնականում ապահովվում էր «Վիոլաներով»: Նաեւ «Անգարա», «Յաստրեբ» կայանք կար:
Ըստ երեւույթին, ադրբեջանցիներն էլ նույնպիսի կայանքներն ունեին: Անկեղծ ասած, ավելի շատ իրար էինք խանգարում, դեռ չհասկանալով, որ թշնամու խոսակցությունները ոչ թե խանգարում են, այլ լսում»:

ԿՈՐՅՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Կորյուն Սարգսյանը Երեւանի ռադիոկենտրոնում հերթափոխի պետ էր, երբ սկսվեց Շարժումը: Դարձավ հայրենի Գետարգել գյուղի ջոկատի հրետանավորը: Ինքնաշեն ականանետ ձեռք բերելով մեկնեցին Տավուշ եւ մարտում հաջող փորձարկեցին՝ օգնելով ետ բերել գողացված խոշոր հոտը: Իսկ հետո…
-92-ին, երբ բնակչությանը դուրս բերելու համար պիտի բացվեր օղակված Արծվաշենի ճանապարհը, պարզվել էր, որ տանկերի ռադիոկապը չի գործում, եւ նորոգումը կապի նախարարությանը հանձնարարվեց,- պատմում է Կորյուն Սարգսյանը: -Մեկնեցինք Կրասնոսելսկ: Անծանոթ կայանքներ էին, բայց ռադիոկենտրոնի երեք ինժեներով, առանց էլեկտրական հոսանքի, նորոգեցինք հինգ տանկերի ռադիոկապը, եւ Տ-72-ները շարժվեցին առաջ՝ կամավորներին օգնելով փրկել Արծվաշենի բանտված, բայց մաքառող բնակչությանը: Երբ կապի նախարարությունը մեր անունները ներկայացրել էր կառավարություն, Սպարապետը կանչեց ինձ ու զարմացած հարցրեց. «Կորյո՛ւն, դու դրա մասնագետն ես, պիտի իսկույն բանակ մտնես»: Նույնը պնդեց դեռ սահմանապահ զորքերի հրամանատար Յուրի Խաչատուրովը, ու նշանակվեցի Կրասնոսելսկի սահմանապահ պարետատան կապի առաջին պետ:

Դաշտային կաբելի եւ Տ-57 հեռախոսների ստացմանը զուգընթաց, հենակետերում սկսվեց գծալարային կապի անցկացումը, եւ կարճ ժամանակում կապ հաստատվեց նաեւ հեռավոր ու մեկուսի չորս հենակետերի միջեւ: Այդպիսով, թեեւ մեծ տանջանքով ու Վահանի ծանր կռիվներին զուգընթաց, ճակատի մեր հատվածում գծալարային կապի ապահովումն ամբողջացավ: Գտանք նաեւ ադրբեջանցիների կողմը գնացող մայրուղային կաբելը եւ ուղեկալում կոմուտատոր տեղադրելով` միացրինք ընդհանուր համակարգին: Իսկ կադրերի հարցը լուծվեց կապի տեխնիկում ավարտած եւ շրջանային կապի հանգույցում աշխատող կամ խորհրդային կապի զորքերում ծառայածների միջոցով: Նրանցից շատերը մինչ այժմ էլ զինված ուժերում են:

Տանկիստ Կամոն շատ վարժ խոսում էր ադրբեջաներեն, ես էլ մաքուր եւ առանց արտաբերման թերությունների ռուսերեն էի խոսում, ու կարողանում էինք թշնամու շրջանում շփոթ առաջացնել եւ նրանց սակավ բացառություններով անկարգապահ կապավորների խոսակցություններից շատ բան իմանալ: Եվ այս ամենը Սերգեյ Մաշկարյանն էր համակարգում:

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ