Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ ԱՐՑԱԽ



ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ ԱՐՑԱԽՎերջերս Հայաստանի Հանրապետության դպրոցներում հանձնարարվել էր շարադրության մրցույթ` «Սարդարապատից Արցախ» խորագրով: Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Սամվել Դանիելյանի` իմ որդու շարադրությունը մարզային փուլում  համարվել է լավագույններից եւ երաշխավորվել՝  մասնակցելու հանրապետական փուլին: Ես նույն դպրոցում հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի եմ եւ սիրով ձեզ եմ ներկայացնում Սամվելի շարադրությունը:

 

Երբ ասում են Հայաստան, Քուռկիկ Ջալալու սմբակի ձայնն եմ լսում, սահմանն իր արծվենի հայացքով հսկող հայ զինվորին եմ տեսնում, սիգապանծ լեռներ, որոնց կատարները գիշերն աստղերին են քսվում:

Երբ առաջին անգամ գլոբուսի վրա փնտրում էի  իմ հայրենիքը, դժվարությամբ գտա: Մեծ տարածքներ ունեցող հզոր պետությունները փառահեղ բազմել էին կողք կողքի, եւ նրանց արանքում մատիտի ծայրի չափ մի փոքրիկ երկիր՝ հայոց հինավուրց հողը, ջերմորեն ժպտում էր ինձ: Ու մտածեցի, որ եթե ես մեծ լինեի, ապա անպայման քարտեզագրության նոր կանոններ կհորինեի. մեծ ու գունեղ կլինեին այն երկրների տարածքները, որոնցում ապրող ժողովուրդները աշխարհաշեն կյանքով են ապրել, երբեք չեն նեղացրել մյուսներին  եւ  ծնել են աստվածային շնորհներով օժտված այնպիսի զավակներ, որոնք պիտի փայլեին պատմության քառուղիներում եւ հաղթեին բազմաթիվ պատերազմներում:

Ուղիղ հարյուր տարի առաջ էր: Հայ ժողովուրդը անելանելի եւ օրհասական վիճակում էր: Մնացել էր մենակ՝ շրջապատված արյունարբու թշնամիներով: Վտանգված էր հայ ժողովրդի գոյությունը: Ժամանակ չկար մտածելու, պետք էր գործել՝ հույսը դնելով սեփական ուժերի վրա:

Սարդարապատ: Հուժկու եւ արյունալի պատերազմ: Մինչեւ երկինք հասած փոշու ամպեր: Թշնամին զինված էր մինչեւ ատամները, իսկ հայ տղաները կռվում էին պապենական մոսիններով եւ ժանգոտած հրացաններով: Ուժերն անհավասար էին, բայց մեր քաջերը տոգորված էին մարտական ոգով, որի արդյունքում կատարյալ հաղթանակ տարան: Լուրը կայծակնային արագությամբ տարածվեց, եւ օրեր շարունակ չլռեցին եկեղեցիների զանգերը…

Սարդարապատի հերոսամարտը իսկական ժողովրդական պատերազմ էր, բախտորոշ գոյամարտ, հայ ժողովրդի կենաց ու մահու կռիվ: Հենց այստեղ թուրքերը դեմ առան հայ ժողովրդի՝ քարի պես ամուր սեղմված բռունցքին: Այս հերոսամարտը դարձավ հայերի հայրենական պատերազմը: Եթե հայերը այստեղ պարտություն կրեին, Հայաստան բառը կարող էր նշանակել սոսկ մի հին պատմական տերմին:

Քսաներորդ դարավերջ: Լսվեց հերթական գույժը: Կրկին պատերազմ: Այն ներխուժել էր Արցախ եւ ավերում էր ոտքի տակ ընկած ամեն ինչ: Դրա ոռնոցից փշրվում էին շենքերի պատուհաններն ու մարդկանց սրտերը…

Այս պատերազմում եւս հայ ժողովուրդը տարավ պանծալի հաղթանակ՝ ազատագրելով Արցախը: Արցախը խորհրդանիշն է պատվի ու ազատության համար մղված պայքարի, որը պահանջում էր ինքնահրաժարում եւ գերմարդկային զոհաբերություններ, մի հրաշք՝ պայմանավորված ամբողջ մի ժողովրդի կամքով ու վճռականությամբ՝ մեռնել զենքը ձեռքին, բայց թույլ չտալ, որ ազերիներն ամբողջացնեն իրենց սեւ գործը: Արցախի ազատագրումը անսպառ ոգեւորության աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար: Ապացուցվեց, որ մեր նորօրյա քաջերի երակներում տակավին հոսում է արյունն այն հերոսների, որոնք պայքարել են մեր պատմության աստեղային ժամերին: Այս պատերազմում մեր հերոսների թափած արյունը գծեց սահմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Մեր թշնամի հարեւան  երկրի ղեկավարները այդպես էլ չկարողացան սովորել սեփական երկրի պատմությունը: Հեշտ չի եղել հայի անցած ճանապարհը. կարծես ինչ-որ մեկը միշտ ցանկացել է փորձել մեր ոգու ամրությունն ու սերը դեպի մեր հողը, մշակույթը, պատմությունը, ընտանիքը:

Քառօրյա պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց, որ այսօրվա երիտասարդների մեջ էլ խոսում է Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Անդրանիկի հզոր գենը, որ ինչքան էլ ժամանակակից ու անսպառ լինեն թշնամու զենքերը, միեւնույն է, հայ զինվորը չի ընկճվի եւ կպահի իրեն վստահված մարտական դիրքը: Ինձ համար վառ օրինակներ են Արմենակ Ուրֆանյանը, Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը, որոնք չխնայեցին իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար:

Արցախյան ազատամարտը մեզ միշտ էլ հիշեցնելու է, թե ինչ ծանր գնով ենք ձեռք բերել հաղթանակը մեզ պարտադրված պատերազմում:

Ես էլ ապագա զինվոր եմ  եւ  սպասում եմ Հայրենիքը պաշտպանելու իմ հերթին: Իսկ ժամանակը շատ արագ է անցնում, այնպես որ, սահմանը պահող ի՛մ ընկերներ, սպասե՛ք ինձ, շուտով կգամ հերթափոխի…

Խորագիր՝ #11 (1233) 21.02.2018 - 27.02.2018, Բանակ և հասարակություն


21/03/2018