Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀՐԱՄԱՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է
ՀՐԱՄԱՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է

ՀՐԱՄԱՆԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԷԶրույց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ ԱՐՏՅՈՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ հետ

 

-Պարոն փոխգնդապետ, Ձեզ ներկայացնելիս մենք չենք կարող պատմել Ձեր կյանքի ու գործունեության բոլոր մանրամասները: Եվ այս զրույցի ընթացքում նույնպես Ձեր կերպարի խճանկարը ամբողջական չի լինի, շատ գույներ կթողնենք տողատակում, բազմաթիվ սխրանքներ կմնան չպատմված: Այդուհանդերձ, եկեք փորձենք, պատկերավոր ասած, կենսագրություն կոչվող թելին շարել ամենավառ ու գունեղ, ամենասրտառուչ ու կարեւոր մի քանի դրվագ…

-Մինչեւ հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե ես, որ այդքան մեծ ներշնչանքով ակորդեոն էի նվագում հորս հետ, երգ ու գրականություն, բնություն ու արվեստ էի սիրում, ինչո՞ւ որոշեցի զինվորական դառնալ: Ինչպե՞ս եղավ, որ մի փոքրիկ պատմություն հետեւում թողեց բոլոր նախասիրություններս:

-Շատ եմ սիրում պատմություններ:

-Պապս Նիկոլայ Երկրորդ ցարի աղջկա` Անաստասիայի սրտի տիրակալն է եղել:

-Չէ մի…

-Կան բազմաթիվ վկայություններ, որոնք ապացուցում են, որ պապս` մի բարձրահասակ, վայելչատես ու անչափ գեղեցիկ տղամարդ, եղել է Նիկոլայ Երկրորդի թիկնազորի պետը: Ու երբ վիրավորվել է ու հայտնվել հոսպիտալում, Նիկոլայ Երկրորդի բժշկուհի աղջիկը տեսել է իմ հմայիչ ու խիզախ պապին եւ սիրահարվել:

-Դուք հավանաբար Ձեր պապիկին եք նման՝ արտաքինով եւ խիզախությամբ:

-Շնորհակալ եմ: Բայց ես չասացի ամենակարևորը. պապս՝ շտաբս-կապիտան Վասակ Տոնոյանը, Բաշ-Ապարանի կռիվների ժամանակ ռուսական բանակից մեծաքանակ զենք-զինամթերք է բերել Հայաստան (մի քանի մեքենա) ու մասնակցել է Բաշ-Ապարանի հերոսամարտին: Պապս դարձավ տղամարդու իմ իդեալը, եւ ահա ես նրա նման ուսադիրներ եմ կրում:

-Ձեր պապը հաստատ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան չի ունեցել եւ հայրենիքին այնպիսի ծառայություններ չի մատուցել, ինչպիսին` Դուք: Բայց մենք շնորհակալ ենք շտաբս-կապիտանին, որի օրինակով Դուք զինվորական եք դարձել:

– Ուզո՞ւմ եք՝ պատմեմ, թե ես ինչպես անցա ռուբիկոնը:

-Իհարկե:

-Մեզ հրամայված էր նոր հենակետ հիմնել: Ադրբեջանցիները շատ մոտ էին: Մենք` ես ու Վարդանը, պիտի թաքնվեինք փոսի մեջ, կասեցնեինք ադրբեջանցիների շարժը: 30 մետր հեռավորության վրա հակառակորդի մոտ 40 զինվորականներ նկատեցին մեզ: Ես ու Վարդանը մեջքի վրա պառկած էինք փոքրիկ փոսի մեջ, իսկ նրանք նռնականետով անընդմեջ կրակում էին մեր ուղղությամբ: Գնդակները վժժալով անցնում էին կամ փոսի պատերին դիպչելով՝ ընկնում մեզ վրա:

-Իսկ ինչո՞ւ ադրբեջանցիները չէին մոտենում ձեզ, չէ՞ որ մի քանի մետր հեռավորության վրա էին, այն էլ` 40 հոգով:

-Որովհետեւ մերոնք կրակով փակում էին մեզ ադրբեջանցիներից բաժանող տարածությունը: Դեկտեմբերի 30-ն էր: Ձմեռ, ձյուն: Երկու օր մնացինք փոսի մեջ անշարժ պառկած:

-Երկու օ՞ր…Մի՞թե դա հնարավոր է: Մարմնովս սարսուռ անցավ…

-Նույնիսկ շրջվել չէինք կարող: Պառկել էինք ինքնաձիգները վեր պարզած, որ եթե ադրբեջանցիները մոտենան, անմիջապես կրակենք:

Առաջին 12 ժամն էր դժվար: Վախը, իրականության սթափ զգացողությունը, տանջանքը կարող են գոյատեւել 12 ժամ միայն, հետո ուղեղդ անջատվում է, մի տեսակ, բթանում ես, վերանում: Նույնիսկ ցուրտը չես զգում: Այն մի քանի կաթիլ օղին, որ կում-կում խմում էինք ու լցնում վրաներս, որ չսառչենք, փրկվելու այնքան թույլ հույս էր:

Նոր տարին դիմավորեցինք փոսի մեջ պառկած: Երբ մոտակա գյուղում հրավառություն սկսվեց, հասկացանք, որ տարին փոխվեց: Ես ու Վարդանը շնորհավորեցինք միմյանց: Բաժակի փոխարեն ինքնաձիգները իրար խփելով՝ կենաց ասացինք: Լուսադեմին մեզ հաջողվեց դուրս գալ փոսից: Հենակետը տեղադրված էր: Այն անվանեցին «Նոր տարվա» պոստ:

-Դուք երեւի արդեն ուրիշ մարդ էիք այդ փորձությունից հետո:

-Դա իմ մկրտությունն էր: Հետո ինչ էլ լիներ, դրանից ծանր չէր լինելու:

-Բայց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը Ձեզ մեկ այլ սխրանքի համար են տվել: Այն կապված է ապրիլյան դեպքերի հետ: Նշանակում է` ավելի ծանր ու կարեւոր հանձնարարություն եք կատարել:

-2016թ. մարտի վերջերին Թալիշի անտառներում էինք: Այդ ուղղությամբ մի քանի անգամ դիվերսիոն հարձակման փորձ էր եղել, նույնիսկ զոհ էինք ունեցել… Պարեկություն էինք անում՝ հակառակորդի հնարավոր ներթափանցումը կանխելու համար:

Ապրիլի 1-ին մեզ փոխարինեցին: Ապրիլի 2-ի լուսադեմին մեր զորամասի հրամանատարը զանգեց ու ասաց, որ շտապ զորամաս գնամ: Մտածեցի` դիվերսիոն հարձակում է եղել: Ժամը 10-ին երեք խմբով, որի պատասխանատուն ես էի, ճանապարհ ընկանք դեպի սահման: Թալիշ չհասած, Հաթերքի ուղղությամբ հրետակոծության ձայներն արդեն լսելի էին: Իսկ Թալիշը փոշու ամպի մեջ էր: Զորամասի հրամանատարն ասաց, որ 170 դիրքը թշնամու հսկողություն տակ է: Ունենք զոհեր: Եվ հրամայեց դիրքը հետ վերցնել:

Մի քանի մեքենաներով մոտ 33 հոգի ուժեղ հրետակոծության տակ բարձրանում էինք դիրքեր: Բարեբախտաբար, ոչ թե մեքենաների վրա, այլ քիչ հեռու ընկնող արկերի բեկորները թափով զարկվում էին լուսամուտներին, բայց դժոխային աղմուկի մեջ նույնիսկ փշրվող ապակիները զնգոցը չէր լսվում: Դիրքի մատույցներում տեսանք սահմանապահ տղաներին զինամթերք հասցնող «Կամազը», քիչ հեռու՝ վարորդի խոշտանգված դին: Անձնակազմը դիրքավորեցի մոտակա հետակետում: Ժամը 8-ին սկսեցինք դիրքը ազատագրելու առաջին գործողությունը: Մայոր Բոդուրյանի գլխավորությամբ` մի խումբը պիտի առաջ շարժվեր խրամատով` իր վրա վերցնելով հակառակորդի կրակը, իսկ ես 15 հոգանոց խմբով պիտի փորձեի թափանցել 170 դիրքում ամրացած հակառակորդի թիկունքը ու շրջափակման մեջ առնել դիրքը: Ուժերն անհավասար էին: Մենք կատաղի դիմադրության հանդիպեցինք: Մարտը այնքան երկարեց, որ զինամթերքը վերջացավ: Զենքերը վերալիցքավորելուց հետո նախաձեռնեցինք երկրորդ հարձակումը: …Ադրբեջանցիները մեծ ուժեր էին կենտրոնացրել տարածքում ու կարկուտի պես կրակ էին թափում: Առաջխաղացման բոլոր ջանքերը ձախողվում էին: Ի վերջո, Սասունի նյարդերը տեղի տվեցին: «Կամանդի՛ր, սրանք դավադիտ արին»,- ասաց, բոյով մեկ կանգնեց ու սկսեց մաղել:

-Ես գրել եմ Սասունի մասին, նրա հարսնացուի հետ եմ զրուցել: Սասունը նշանված էր, շուտով պիտի ամուսնանար: Մի՞թե նա չէր գիտակցում, թե ինչ է նշանակում բոյով մեկ կանգնել հակառակորդի անընդմեջ կրակի դիմաց:

-Իհարկե, գիտակցում էր: Նա որոշեց իր կյանքի գնով ճանապարհ բացել մեզ համար: Ու մինչեւ վերջ իրեն հերոսի պես պահեց: Երբ ընկավ, ես մոտեցա, շոշափեցի որովայնը. արյունն առվի պես հոսում էր: Բայց Սասունը փորձում էր կրկին ոտքի կանգնել ու կրակել. «Բան չկա, կամանդիր, քերծվածք է»: Իսկ երբ նրան տեղափոխում էինք հենակետ, տղերքին ասաց. «Հեսա վերքս կապեն, հետ եմ գալու»:

-Քանի՞ զոհ ունեցավ թշնամին մեր Սասունի դիմաց: Իհարկե, դա մխիթարանք չէ, բայց, այնուամենայնիվ…

-Սպասեք հերթով պատմեմ: Սարքերն արձանագրեցին, որ 170 դիրքում ամրացած ադրբեջանցիները համալրում են ստանում: Մեր տղաները սկսեցին ականանետներով խանգարել օժանդակ ուժերի միացումը հայկական դիրքը գրաված խմբին: Հարկավոր էր շտապել: Ու քանի որ լուսացել էր, ճանապարհը տեսանելի էր, զոհվելու վտանգը` խիստ հավանական, ես չէի կարող 15 հոգու կյանքը վտանգի ենթարկել: Ու որոշեցի 170 դիրքը շրջանցել շատ փոքր` հինգ հոգանոց խմբով: Ճանապարհը կրկնակի կրակի տակ էր: Ադրբեջանցիները կրակում էին, որ մերոնք չհայտնվեն իրենց թիկունքում եւ օղակի մեջ չառնեն դիրքը, մերոնք կրակում էին, որ հայկական դիրքը գրաված ադրբեջանցիներին այդ ճանապարհով համալրում չուղարկեն: Պահ էր մնացել՝ յուրային տանկի կրակից էինք զոհվելու, եթե մայոր Պողոսյանը չնկատեր մեզ ու վերջին պահին չկանխեր աղետը: …Մի կերպ ճեղքելով չդադարող կրակը՝ կարողացանք ներթափանցել 170 դիրքում ամրացած հակառակորդի թիկունք… ու սկսվեց կատաղի մերձամարտ: Խրամատում ես ու ադրբեջանցի հատուկջոկատայինը հայտնվեցինք դեմ դիմաց: Իմ զենքը չկրակեց: Տաքանալուց խափանվել էր: Դեմքով ծեփվեցի խրամատի պատին, ու թշնամու արձակած կրակահերթը թիկունքիս քսվելով անցավ: Հաջորդ կրակոցից, բնականաբար, չէի կարող փրկվել նեղ խրամատում, եթե զինակից ընկերս` Անդրանիկ Մկրտչյանը, ձեռքի նռնակը չնետեր ադրբեջանցու վրա:

Մարտը տեւեց մոտ 40 րոպե: Հետո …Մեր դիրքը գրաված 30 ադրբեջանցիների անկենդան մարմինները շարված էին կողք կողքի…

-Իսկ մե՞նք…

-Մենք ոչ մի զոհ չունեցանք վերջին գրոհի ժամանակ: Մեզնից միայն Սասունը զոհվեց…

…Հրամանը կատարված էր: 170 դիրքը` ազատագրված:

-Փա՛ռք հայ զինվորի սխրանքին, փա՛ռք ընկածների հիշատակին:

-Հազա՛ր փառք:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ