Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ՀՍՏԱԿ ԿԱՏԱՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ  ԶԾԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ
ՕՐՎԱ ԿԱՐԳԱՑՈՒՑԱԿԻ ՀՍՏԱԿ ԿԱՏԱՐՈՒՄԸ` ՈՐՊԵՍ ԶԾԱ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Սկիզբը՝ նախորդ համարում

Առավոտյան ստուգումը սերժանտները սկսում են շարքում անձնակազմի հաշվառումից, որից հետո անցնում են զինվորների արտաքին տեսքին, անձնական հիգիենայի կանոնների կատարմանը, հանդերձանքի ու կոշիկների վիճակին ու սանրվածքին: Պարբերաբար ստուգում են զինվորների ոտքերի մաքրությունը, փաթաթանների եւ անկողնային սպիտակեղենի, համազգեստի ու հանդերձանքի, տարբեր կենցաղային իրերի ու առարկաների վիճակը:
Բուժման ենթակա զինվորները հերթապահի միջոցով գրանցվում են հատուկ գրքում եւ ժամանակին ներկայացվում բուժկետ: Առավոտյան ստուգման արդյունքների մասին ջոկերի հրամանատարները զեկուցում են դասակի հրամանատարների տեղակալներին, իսկ վերջիններս` վաշտի ավագին:

Ուսումնական պարապմունքները պետք է սկսվեն կարգացուցակով նախատեսված ճիշտ ժամին: Դասերից առաջ ջոկերի հրամանատարներն ու դասակների հրամանատարների տեղակալները նորից ստուգում են անձնակազմը, զինվորների կեցվածքը, հանդերձանքը, նաեւ անձնական զենքը, թե այն արդյոք լիցքավորված չէ: Այնուհետեւ դասակների հրամանատարների տեղակալները զեկուցում են ուսումնական պարապմունքներին զինվորների պատրաստ լինելու մասին:
Մարտական պատրաստության պարապմունքների ժամանակ սերժանտները պետք է հստակորեն պահպանեն անվտանգության կանոնները: Նրանք պետք է ձգտեն ենթակաների կողմից նյութի լրիվ յուրացմանը, ուսումնական կետերում պահպանեն կարգուկանոն եւ բարձր կազմակերպվածություն: Պարապմունքներից հետո սերժանտները պարտավոր են մեկ անգամ եւս ստուգել անձնակազմի ներկայությունը, նրանց հանդերձանքը, ուսումնական նյութերն ու գույքը, արդյո՞ք զենքը լիցքավորված չէ, բոլոր զինծառայողնե՞րն են հանձնել չօգտագործված փամփուշտներն ու նմանակման միջոցները:

Ճաշարան շարժվելիս սերժանտները նորից պետք է ստուգեն անձնակազմի ներկայությունը, հագուստի ու կոշիկների վիճակը, բոլորի կողմից անձնական հիգիենայի պահանջների կատարումը:
Որպես կանոն ճաշարանում ամեն մի ջոկ ունի իրեն հատկացված տեղը: Ամեն մի ճաշասեղանի համար սերժանտներից նշանակվում է ավագ: Կարգացուցակով ճաշից հետո նախատեսվում է տեխնիկայի ու սպառազինության խնամք:

Զենքի մաքրումը սկսվում է տեխնիկայի անվտանգության հրահանգավորումից անմիջապես հետո եւ կատարվում է դասակների հրամանատարների տեղակալների ղեկավարությամբ:
Ինքնուրույն պատրաստության ժամանակ սերժանտները պետք է իրենց անձնակազմին ապահովեն համապատասխան գրականությամբ, դիտողական նյութերով եւ ձեռնարկներով, անհատական մոտեցում ցուցաբերեն թույլ զինվորների նկատմամբ եւ իրենք պատրաստվեն հաջորդ պարապմունքին:

Անձնական կարիքների համար օրվա կարգացուցակով հատկացված ժամանակաընթացքում սերժանտները պետք է հետեւեն զինվորներին եւ ստուգեն, թե կարվա՞ծ են, արդյոք, ենթաօձիքները, ի՞նչ վիճակում են գտնվում հագուստն ու կոշիկները:
Երեկոյան զբոսանքից հետո հերթապահը պետք է վաշտը շարի երեկոյան ստուգման` հրամայելով` «Վաշտ, երեկոյան ստուգման շարվի՛ր»: Որից հետո դասակների հրամանատարները շարում են իրենց ենթակա ստորաբաժանումները, ստուգում անձնակազմի ներկայությունը, նրանց ծանոթացնում նոր հրամանատարների հետ եւ կարգադրություններին, հայտարարում հաջորդ օրվա վերակարգի կազմը, ճշտում մարտական հաշվարկը:
Քնելուց առաջ սերժանտները պետք է ստուգեն, թե զինվորները ինչպես են կատարում անձնական հիգիենայի կանոնները, հաջորդ օրվա ընթացքում զորանոցները կարգի բերելու եւ վաշտին կցված տարածքը մաքուր պահելու խնդիրները:

Այսպիսով, սերժանտները օրվա կարգացուցակի իրականացման հարցում կատարում են կարեւոր դեր` իրենց ներգործությամբ ապահովելով զինվորական բարձր կարգապահություն ու կազմակերպվածություն:
Շատ կարեւոր է սերժանտների անձնական օրինակը օրվա կարգացուցակի կատարման ենթակաների հանդեպ նրանց պահանջկոտության հարցերում:
Ոչ կանոնադրական փոխհարաբերությունների, անվտանգության կանոնների խախտման հետեւանքով անձնակազմում առաջացած վնասվածքների, կապտուկների ժամանակին հայտնաբերման, դրանով իսկ դեպքերը թաքցնելու փաստերը բացառելու, անձնակազմի առողջությունը պահպանելու նպատակով խիստ կարեւոր միջոցառում է համարվում առավոտյան ստուգումը, ինչի մասին խոսվեց վերեւում:

ԶՈՒ ներքին ծառայության համապատասխան հոդվածներով առավոտյան ստուգման համար հստակ նշված է.
* Վաշտի ավագը պարտավոր է ղեկավարել առավոտյան uտուգումը ու երեկոյան անվանականչը,
* Դաuակի հրամանատարի տեղակալը պարտավոր է անցկացնել դաuակի անձնակազմի առավոտյան uտուգում,
* Ջոկի հրամանատարը պարտավոր է հոգ տանել ենթակաների մաuին եւ խորամուխ լինել նրանց կարիքների մեջ, հետեւել ենթակաների համազգեuտի եւ կոշիկների uարքինությանն ու կոկիկությանը, հանդերձանքի, նրանց անձնական հիգիենայի պահպանմանը եւ հագուuտի ճիշտ կրելուն: Ամեն oր հետեւել կոշիկների, համազգեuտի մաքրությանը, գուլպաների չորացմանը, ինչպեu նաեւ կոշիկների եւ համազգեuտի ժամանակին նորոգմանը:

«Առավոտյան ստուգում» միջոցառումը մանրակրկիտ կատարելու (սահմանված ժամանակում) համար կարելի է շրջանառել առավոտյան ստուգում անցկացնելու հետեւյալ օրինակելի տարբերակը.
Զորամասերում, ստորաբաժանումներում ներքին ծառայությունը ճիշտ կազմակերպելով, ճիշտ վերահսկողություն սահմանելով, անտարակույս կարող ենք հասնել բարձր կարգապահության, օրինակելի կարգուկանոնի հաստատման, դեպքերի ու պատահարների թվաքանակի կտրուկ անկման, եւ, որ պակաս կարեւոր չէ, զինվորական ծառայությունը հաճելի դարձնելու:

Ա.ՊԵՏՐՈՍՅԱՆ
գնդապետ