Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՕՁՈՒՆԻ ՍԵՐԳԵՅԸ»



Արցախյան շարժման, ապա ազատամարտի ողջ ընթացքում մարտական գործողությունների կապի ապահովման ասպարեզում անօրինակ նվիրումով ու մասնագիտական բացառիկ ունակություններով առանձնացավ կապավոր Սերգեյ ԱԹԱՐԲԵԿՅԱՆԸ:

Սերգեյն ու իր Հռիփսիմե կինն առաջին կարգի ռադիստներ են: Հայրը՝ Արամ Աթարբեկյանը, վաստակավոր ավիատոր էր: Ղեկավարեց «Էրեբունի» օդանավակայանի շինարարությունը, ապա մինչև կյանքի վերջն աշխատեց այնտեղ: Իսկ Սերգեյը, որ Թռիչքների ղեկավարման դիսպետչերների ուսումնարանն էր ավարտել, 1970-80-ական թվականներին՝ Խորհրդային Հայաստանի տնտեսական վերելքի տարիներին կառուցեց ու ղեկավարեց Կամոյի, Մարտունու, Օձունի, Բագրատաշենի, Ստեփանավանի օդանավակայանները, եղավ «Էրեբունի» օդանավակայանի ռադիոբյուրոյի պետը և «Զվարթնոցի» պետի տեխնիկական գծով տեղակալը: Դեռ 31 տարեկանում, երբ օդանավակայանի ամենաերիտասարդ պետն էր, Հայաստանում առաջիններից մեկը ԽՍՀՄ «Գերազանց ավիատոր» մեդալի արժանացավ:
Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Սերգեյ Աթարբեկյանը օդանավակայանն էր ղեկավարում: Այնտեղ մեծ քանակությամբ ազդանշանային հրթիռներ կային, որոնք որպես հրկիզող ու հոգեբանական ազդեցության միջոցներ՝ Շարժման ղեկավարության հրահանգով հատկացնում էր կամավորական ջոկատներին:

Նախկին խորհրդային ներքին զորքերը նրան չէին կասկածում Շարժմանը հարելու մեջ, մերոնց ձեռքն ընկնելիս էլ Շարժման ղեկավարության տված վկայականն էր ցույց տալիս, որ Վազգեն Սարգսյանի անձնական ներկայացուցիչն է: Սահմանամերձ Տավուշում ռադիոկայանք տեղադրելու ճանապարհը շփոթելով` ադրբեջանական երեք գյուղ անցան, բայց անփորձանք ետ եկան, հասան հյուրանոց ու հայտնվեցին այն զորանոցի վերածած ներքին զորքերի «գրկում»: Այլ ելք չկար, ու հրամանատարին բացատրելով «կարևոր հանձնարարության բնույթը», խնդրել էր տասը զինվոր տրամադրել՝ «իրենց հայ էքստրեմիստներից պաշտպանելու համար»: Այդպես բարեկամացել էին զինվորականների հետ, ու մինչ լույսը բացվեր՝ փախել էին անտառ՝ կայանքը տեղադրելու: Իսկ Երասխի մարտերի ժամանակ Սերգեյը Շարժման ղեկավարության հետ լավորակ կապ ապահովելու համար հայտնվեց… երկու կողմերի կրակի մեջտեղում:
Շուտով Սերգեյն աշխատանքի անցավ «Զվարթնոցի» ռադիոբյուրոյում, որի հնարավորությունները լավ գիտեր ու հույս ուներ Մոսկվայից սպասվելիք բռնությունների դեպքում իսկույն կապվել ողջ աշխարհի հետ:

Սերգեյը ստացած տեղեկատվությունը կնոջն էր հաղորդում, նա էլ ընդունում ու փոխանցում էր ուր որ հարկն է: Երբ հարևան էր գալիս, կայանքը շորով ծածկում էին: Նյուվադիի ազատագրման գործողության ժամանակ ուզբեկ ռադիոսիրողների հաճախականությունում էին աշխատում: Մի անգամ էլ մինչ շատախոս հարևանուհին կգնար, Սերգեյը գլխի էր ընկել, որ դրսից հետևում են բնակարանի անցուդարձին: Այլ ելք չուներ ու կայանքի ձայնը բարձրացնելով` ցուցադրաբար դուրս էր եկել պատշգամբ: Բակում նարդի խաղացող հարևաններն էլ ուզբեկական երաժշտությունն ադրբեջանականի տեղ դնելով՝ ՊԱԿ-ի ներկայացուցիչների մոտ բարկացել էին, թե` «էս մարդիկ հա՞յ են, Ղարաբաղում ինչ է կատարվում, սրանք Երևանում ինչ են լսում»…
Ավագ որդին՝ Արան, որ այսօր կապիտան է, ծնողներին շատ էր օգնում: Սերգեյը չէր կարող հեռանալ կայանքից, ու 14-ամյա Արան անգամ Կապան ու Մեղրի հասավ՝ կայանքներ տեղադրելու և հաճախականությունները բացատրելու, ինչպես մեկ տարի առաջ հոր հետ Արծվաշենում էր կայանքներ տեղադրում…

Զինվորականները հասկանում էին, որ իրենց կապը գաղտնալսվում է, ծրագրերը՝ բացահայտվում: «Օղակ» գործողության ժամանակ, երբ խորհրդային ներքին զորքերը պատրաստ էին դիմելու ամեն քայլի, Գետաշենի անկման օրերին հանրապետության ղեկավարությունը նրան Երևանից բառացիորեն փախցրեց իր կառուցած ու տասը տարի ղեկավարած Օձունի արդեն չգործող օդանավակայան: Մի վագոն-տնակ բերեցին, որտեղ էլ տեղավորվեցին Սերգեյն ու իր կայանքները: Մի օր էլ, երբ երևացին ներքին զորքերի ուղղաթիռն ու տանկերը, Սերգեյը քաշվեց Լոռվա անտառները և շարունակեց կապ ապահովել Գետաշենի անկումից հետո հարձակման ենթարկված Շահումյանի հետ: Ու այլևս մնաց Օձունում, որտեղից բարձրադիր տեղանքի շնորհիվ բոլոր բաժանորդները լսելի էին: Երկրամասի կամավորական ջոկատները մարտադաշտ գնալիս Սերգեյից ստանում էին ծածկագրերն ու հաճախականությունները, հրաժեշտ տալիս կապավոր ամուսիններին ու գնում: Տեսնելով, որ ամուսինը չի վերադառնում, տիկին Հռիփսիմեն գնաց ու Սերգեյին գտավ վագոն տնակում, որը երկու ավտոմատավոր մարտիկներ էին պահպանում:

***
Նախկին խորհրդային զինվորականները երբեք չգտան Սերգեյին: Լինելով բարձրակարգ կապավորներ, նա ու տիկին Հռիփսիմեն խստիվ պահպանում էին ավիացիայի կապի անհամեմատ խիստ կանոնները. եթերում քիչ էին խոսում, միայն ուղղորդում ու համակարգում էին: Եվ Սերգեյը պնդում է, որ իր աշխատանքի 70%-ը շատախոս կապավորներին դիտողություն անելն ու տարածվող սուտ լուրերը, մի քանի աղբյուրից ստուգելով, հերքելն էր: Սերգեյն ու 33 տարի ավիացիայում ռադիոկապավոր աշխատած տիկին Հռիփսիմեն գիտեին Ադրբեջանի բոլոր օդանավակայանների ռադիոկայանքների հաճախականությունները, տոնայնությունն ու ազդականչերը:

Սերգեյը ռադիոկապի միջոցներ էր տեղադրել բոլոր սահմանամերձ բնակավայրերում, ՆԳՆ բաժիններում, մաքսատներում, հակակարկտային կայաններում ու ռեժիմային օբյեկտներում, քանի որ հոսանքի բացակայության պատճառով հեռախոսակապը վատ էր գործում: Անտառներում էլ որպես ալեհավաք լարեր էր տեղադրում և ստեղծում կապի պահեստային կետեր:
Եվ երբ Երևանում պարետային ժամ սահմանվեց, հասկացավ, որ ռադիոտեղորոշիչները իսկույն կգտնեն իրեն, գնաց աշխատավայր՝ ներքին զորքերի ձեռքին գտնվող օդանավակայան ու… կայանքների հետ փակվեց մի պահեստային սենյակում. «Օդանավակայանի եթերում այնքան ձայն կա, որ գլխի չէին ընկնի, բացի այդ, չէին մտածի, թե իմ ոտքով իրենց մոտ կգամ»:

***
Սենյակի ներքևում զինվորական շտաբն էր, ու ռադիոկապին առնչվող ինչ-որ խնդիր հորինելով՝ մտել էր հանգույց և նրանց կապի կազմակերպման մասին շատ բան իմացել, նաև՝ Անդրզինօկրուգի բոլոր զինվորական օդանավակայանների հաճախականությունները, կապի գրաֆիկն ու ազդականչերը: Մի բան, ինչը շատ պետք եկավ Հայաստանից նախկին խորհրդային բանակի սպառազինությունը դուրս հանելու փորձերը կանխելիս: Սերգեյը ձայնագրել էր անգամ Աղդամից Եվլախ մի գեներալի բողոքը մյուսին, թե` «այդ Օհանյանն է այնտեղ (Ստեփանակերտում) դիրիժորություն անում», նկատի ունենալով դեռ 366-րդ գնդում գումարտակի հրամանատար Սեյրան Օհանյանին: Ադրբեջանցի օդաչուների ու դիսպետչերների խոսակցությունները լսելով` նրանց վիրավորների ու զոհերի թիվն էլ էր իմանում:

Ներքին զորքերի հրամանատարությունը շուտով Սերգեյի համար գլխագին նշանակեց, եւ երբ ավագ որդին` Արան, ԽՍՀՄ վերջին զորակոչով Վրաստանի ուսումնական զորամասում կես տարի ծառայելուց հետո տուն էր վերադառնում, Երևանից եկած հրահանգով սահմանից ետ դարձրին: Հետո որպես ռադիոկապավոր ծառայեց Էնրիկո Ապրիամովի հրամանատարությամբ գործող զորամասում ու դարձյալ օգնում էր հորը:

***
«Օղակի» օրերից ի վեր, քսան տարվա մեջ Սերգեյը հազիվ քսան անգամ դուրս եկավ Օձունից, բայց Շարժման սկզբից մինչև մայիսյան հաղթական զինադադարի կնքումը ինքն ու Հռիփսիմեն ասես օր ու գիշեր ռազմաճակատի անխտիր բոլոր հատվածներում եղած լինեին: Անգամ հրետանու կրակի հրամանն ու հրանոթի որոտն էին կայանքներով լսում… Ամեն ինչ առաջինը իրենք էին իմանում, երբեմն՝ ուրախանում, իսկ ավելի շատ՝ նյարդայնանում, լալիս, բայց կայանքներից չէին հեռանում: Երբեմն քնի պահանջն անդիմադրելի էր դառնում, մեջքների ցավը՝ անտանելի: Ուզում էին գեթ մեկ ժամ պառկել, բայց մեկ էլ դռան տագնապած թակոցն էին լսում: Շրջակա գյուղերից մարդիկ գալիս էին, թե` «երեխու մասին վատ բան ենք լսել», ու սկսում էին ճշտել: Այդպես 1994-ի ծանր ձմռանը Սերգեյն էր կնոջը հույս տալիս, բայց քրոջ սիրտը եղբոր՝ ավագ լեյտենանտ Հարություն Սարգսյանի մասին այլ բան էր վկայում: Կռվել էին մինչև վերջ: Նրանց մարմիններն Օմարի լեռնանցքի ազատագրումից հետո գտան:

Սերգեյի ու տիկին Հռիփսիմեի ականջներում մինչեւ հիմա էլ 92-ի ծանր օրերի՝ Հյուսիսային Արցախի անկման ժամանակ Մարտակերտից մի ռադիոկապավորուհու ձայնն է` «Շտաբն էլ չկա, Ստեփանակերտի ճանապարհից եմ խոսում», 94-ի հունվարին Օմարի ճեղքված ճակատից վարդենիսցի «25» ազդականչով կապավորի հաղորդածն է հնչում` «Նահանջում ենք, կայանքը կվերցնեմ», բայց չէր հասցրել: Այդ կայանքով հետո ադրբեջանցիները Սերգեյի հետ կապի մեջ մտան, ապա լեռնանցքի ազատագրումից հետո կապավորը մտել էր իր տնակ ու տեսել, որ նահանջելիս թշնամին էլ է կայանքը թողել, և ուրախ-ուրախ կապի էր դուրս եկել: Ամուսինների ականջներում երբեմն-երբեմն նահանջող ջոկատների կապավորների ձայնն է արձագանքում` «Շահումյանն ընկավ, 15.000 բնակչություն անտառներում է», և ինքը խելագար ջանքերով Մարտակերտում բոլորին ոտքի էր հանում ու գաղթականների խմբերի վայրերն ասում՝ դիմավորելու համար: Ամուսինները հարավարևելյան ռազմաճակատում կայարանի ընկնելն են հիշում, երբ մեկեն ասացին, թե մեծ կռիվ է սկսվել և ապա՝ «տղերքը կորել են»: Ու հետո, հրամանատարներից ճշտելով, հատիկ-հատիկ շտաբ էր հաղորդում շրջապատումից կռվով դուրս եկածների անունները…
Ու այդպես, վագոն-տնակում մի քանի կայանք դրած, հաճախականություններն անընդհատ փոխելով, մեկի խոսքն արտագրելով, մյուսինը՝ ձայնագրելով, երրորդինը՝ ծածկագրելով, չորրորդինը՝ վերծանելով, անընդհատ աշխատում էին: Չէին քնում, չէին հոգնում, ամեն ինչ գիտեին, իսկ նյարդերը միշտ դիմանում էին: Սերգեյի ձայնը միշտ առույգ ու զգաստացնող էր: Կապավորները լսում էին նրան ու հասկանում, որ քանի դեռ պատերազմ է, վաղը, մեկ շաբաթ անց, քսան օր անց այդ ձայնը լսվելու է եթերում, ու դժվարին պահին կարող են նրան կանչել, եւ նա կկարգավորի բոլոր հարցերը` գիշեր լինի թե ցերեկ…

***
Երբեմն ինչ-որ «խոշոր» ղեկավարներ անցնելիս հանդիպում էին, կապավորների սոված ու մրսած հալը տեսնելով զարմանում, հարցնում, թե ինչի՞ կարիք ունեն… ու հեռանում էին: Սերգեյը միայն ձայնաժապավեններ էր խնդրում ու մատյաններ՝ խոսակցությունները գրանցելու համար: Դա ավիացիայի օրենքն է. յուրաքանչյուր խոսակցություն պիտի ձայնագրվի ու նաև գրանցվի մատյանում: Բայց թուղթ ու ձայնաժապավեն չկար, և դրա համար էլ կապավորների խոսակցությունների մի մասը երգերի ժապավենների վրա է ձայնագրված, մյուս մասը՝ կապույտով լրացված մատյաններում կարմիր թանաքով է գրված …

ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #33 (898) 24.08.2011 - 31.08.2011, Ճակատագրեր


31/08/2011