Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՀԵՆՄԱՆ ԿԵՏՆ Է
ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՄ ՀԵՆՄԱՆ ԿԵՏՆ Է

Զրույց ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանի հետ

-Տիկին Պապյան, բարի գալուստ հայրենիք, ի՞նչ առաքելությամբ եք Հայաստանում։

-Միայն թե «բարի գալուստը» չդիտվի՝ իբր իմ հայրենիք գալը իրադարձություն է։ Ես ամեն տարի գալիս եմ Հայաստան եւ հաճախ՝ առանց առաքելության։ Գալիս եմ հանդիպելու ինքս ինձ հետ, ամբողջանալու։ Ծննդավայրի ու մարդու կապը առեղծվածային խորն է ու բազմաբովանդակ։ Գալիս եմ շնչելու հայրենիքի օդը, անցնելու այն փողոցներով, որով անցել եմ մանկության ու պատանեկության տարիներին, տեսնելու այն վայրերը, որոնց հետ մի-մի գեղեցիկ հիշողություն, մի-մի թանկ հուշ է կապված։ Այս ամենը հարկավոր է ինձ աշխարհում ամեն բանից առավել։ Պետք է, որ ես լսեմ իմ ազգակցի՝ տաքսու վարորդի անկեղծ զրույցը, մի-երկու բառ փոխանակեմ կոշիկ նորոգողի հետ։ Զգամ այն շունչը, կոլորիտը, որը այնքան ներդաշնակ է իմ արյան ռիթմին, իմ հոգու մանրանկարին, իմ սրտի բովանդակությանը։ Հայրենիքն իմ հենման կետն է այս մեծ աշխարհում։

-Կարողացե՞լ եք Ձեր տասնամյա աղջկան՝ Սիրանույշին, փոխանցել Հայաստան-հայրենիքի հանդեպ սիրուց թեկուզ մի մասնիկ։ Ի դեպ, շատ գեղեցիկ անուն եք ընտրել՝ Սիրանույշ։

-Ես կարծում եմ, որ Սիրանույշ անունը շատ բնորոշ է հայուհուն, արտահայտում է հայ կնոջ գեղեցկությունը, հմայքը, համեստությունը։ Այդ անունը շատ է սազում իմ աղջկան։

-Բայց Ձեր աղջիկը հայուհի չէ։ Նա գերմանացի հայտնի դրամատուրգ Քոնրադ Քուհնի դուստրն է։

-Մի անգամ լսեցի, թե ինչպես է աղջիկս բացատրում ընկերուհուն՝ «ես ու մայրս հայ ենք, հայրս՝ գերմանացի»։ Եվ դա ճշմարտություն է։ Ամուսինս մինչ ինձ հանդիպելը ծանոթ էր հայկական մշակույթին, հայկական քաղաքակրթությանը (ինչպես յուրաքանչյուր զարգացած մարդ), սակայն մեր ամուսնությունից հետո ավելի հետեւողականորեն ուսումնասիրեց հայոց պատմությունն ու մշակույթը։ Ես երջանիկ եմ, որ ամուսինս հիացած է մեր ստեղծած արժեքներով եւ շատ բարձր է գնահատում հայոց ավանդը համաշխարհային մշակույթի մեջ։ Ամուսինս սովորեց հայերեն եւ այսօր նա ոչ միայն հրաշալի հայերեն է խոսում, այլեւ կատարում է թարգմանություններ։ Վերջերս գերմաներեն թարգմանեց Չարենցի 60 բանաստեղծությունները։ Ամուսնուս կարծիքով՝ Չարենցը համաշխարհային մեծության պոետ է։ Այսօր գերմանացի ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու Չարենցի պոեզիայի հետ։ Ամուսինս մտադիր է գերմաներեն թարգմանել նաեւ Հրանտ Մաթեւոսյանի գործերը։ Ասեմ, որ մենք տանը հայերեն ենք խոսում, աղջիկս մեծանում է՝ լսելով հայերեն խոսք, իսկ դա ազգային պատկանելության (հոգու առումով) ամենակարեւոր պայմանն է։ Լեզուն սոսկ հաղորդակցվելու միջոց չէ, լեզուն մտածողություն է, ազգային կերտվածք։ Աղջիկս սիրում է Հայաստանը, սիրում է հայերին։ Հիմա նա ինձ հետ է եւ օրերն է հաշվում, թե դեռ քանի օր է մնալու Հայաստանում։ Հայաստանում անցկացրած ամեն օրը տոն է նրա համար։
Ես եւ ամուսինս առաջին հերթին ցանկանում ենք Սիրանույշը կարեկից մարդ մեծանա։ Կյանքը բարեհաճ է եղել նրա հանդեպ։ Նա ունի բաներ, որոնք չունեն շատերը (խոսքը բարեկեցության մասին է), եւ պարտավոր է ավելի լավը լինելու։ Նա պիտի արդարացնի իրեն տրվածը եւ հատուցի իր բարությամբ, իր առաքինություններով։ Նա պիտի հասկանա, որ մարդը չի կարող բարեկեցիկ ու երջանիկ լինել միայնակ։ Մարդ մնալու միակ ճանապարհը ուրիշի ցավին հաղորդակից լինելն է, ունեցածը ուրիշի հետ կիսելու ցանկությունը։
Քարոզները չեն կարող դաստիարակել մարդուն։ Մարդը իրականությունից է սովորում՝ կողքինից, շրջապատից։ Աղջիկս տեսնում է, որ Ղարաբաղի անունը լսելիս իմ սիրտը թրթռում է, որ ես ապրում եմ հայրենիքիս ճակատագրով։

– Հիշում եմ՝ մեր վերջին զրույցի ժամանակ հայկական բանակի, սահման պահող զինվորի մասին խոսելիս Դուք չէիք կարողանում զսպել արցունքները։

-Այս պահին, երբ մենք հանգիստ, ապահով սուրճ խմելով զրուցում ենք, հայ տղաները կանգնած են սահմանին՝ մեր պապական թշնամու գնդակի առաջ։ Աստված առաջին հերթին թող նրանց պահպանի, ինչպես կարող եմ չհուզվել, չհպարտանալ։
Հուլիսի 28-ին ես երգեցի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Արցախը Շվեյցարիա չէ, ավելի գեղեցիկ է, ավելի մոտ դրախտային գեղեցկությանը։ Ես մեկ անգամ եւս զգացի այդ հողի ու իմ արյան կապը։ Ես տեսա հզոր, անկոտրում, ուժեղ արցախցուն։ Աղջիկս նույնպես հիացած էր։
Ես երբեք չեմ մոռանում հայ ունկնդրին, 7-8 ամիս առաջ երգեցի «Աիդա» հայ հանդիսատեսի համար։

-Այսօր ի՞նչ կշիռ ունի հայ երաժշտական արվեստը համաշխարհային զարգացումների ենթատեքստում։

-Հայաստանն աշխարհին է ներկայանում իր տաղանդներով։ Հայ հողը ծնում է տաղանդներ. դա մեր բնատուր հատկանիշն է։ Չեմ ուզում անուններ նշել, շատ են։ Նրանք իրենցով բարձրացնում են Հայաստանը համաշխարհային արվեստի ոլորտ։ Բայց Հայաստանը, հայկական իրականությունը մշակութային չէ, ռիթմի մեջ չէ։ Տարվա ընթացքում ես երգում եմ 11 նոր բեմադրությունում։ Վիեննայի թատրոնում 1 բեմադրության համար անհրաժեշտ է 4 շաբաթ, Հայաստանի օպերային թատրոնը 1 օպերա է բեմադրում 1,5-2 տարում։ Այժմ, երբ ամառ է, երբ երկիրը լի է հովեկներով, մեր օպերային թատրոնի դռները փակ են։ Մենք այնքան մեծ ներուժ ունենք արտերկրում, որ եթե տարեկան մեկ հայի հրավիրենք ելույթ ունենալու Հայաստանում, ապա երկրի մշակութային ռիթմը միանգամից կփոխվի, երկիրը կշնչի երաժշտական տոնախմբությամբ։ Ես համոզված եմ, որ խոչընդոտը գումարը չէ, ոչ մի հայ երգիչ Պլաչիդո Դոմինգոյի հոնորարը չի պահանջի, պարզապես մշակութային քաղաքականությունն արդյունավետ չէ, առաջնահերթությունները անհասկանալի են, չտրամաբանված։ Իհարկե, հրավերքներ լինում են, ներկայացումներ բեմադրվում են, բայց այս ամենը տարերային է, անկազմակերպ։

-Իսկ մեր օպերան կարո՞ղ է մրցունակ լինել։

-Ցավոք, ո՛չ։ Ես պիտի ազնիվ լինեմ ու կեղծ հայրենասիրություն չխաղամ։ 21-րդ դարը բերել է իր գեղագիտությունը։ Այսօր «Անուշը» ինչպես էլ բեմադրես, չես կարող նոր խոսք ասել։ Մեզ նոր օպերաներ են պետք, նոր բեմադրություններ, նոր ասելիք, նոր մեկնաբանություններ։ Որպեսզի օպերային արվեստը զարգանա, պետք է մեծ պետական հոգածություն ու հովանավորություն։ Ուրիշ ճանապարհ չկա։ Իսկ մինչ այդ պիտի բավարարվենք արտերկրում մեր հայկական ազգանունը հնչեցնելով։ Վիեննայի օպերայի տարեկան բյուջեն 300 միլիոն է, Մոցարտի ծննդյան տարեդարձը նշելու համար ավելացրին եւս 30 միլիոն։ Այդ տարի բեմադրեցին Մոցարտի բոլոր 26 օպերաները։ Իհարկե, այդ բեմադրությունները 170 միլիոն եկամուտ բերեցին երկրին, որովհետեւ տարբեր երկրներից օպերային արվեստի երկրպագուներ եկան լսելու Մոցարտի օպերաները։

-Տիկին Պապյան, Դուք երգում եք «Աիդա», «Տրավիատա»… Դուք կատարում եք օտարազգի կոմպոզիտորների ու միշտ շեշտում եք, որ հայ օպերային արվեստն եք ներկայացնում աշխարհին։

-Ես աշխարհին ներկայացնում եմ «Տրավիատայի», «Աիդայի», օտարազգի կոմպոզիտորների հայկական մեկնաբանությունները։ Ես «հայերեն եմ» խոսում աշխարհի հետ, ես ներկայացնում եմ սիրելու, ատելու, տառապելու, երգելու հայկական կերպը, հայկական էմոցիաները։ Իտալացին ուրիշ կերպ է կատարում «Աիդան», գերմանացին՝ ուրիշ, հայը` ուրիշ։ Ազգայինը թեմա չէ, ապրում է, մեկնաբանություն, կենսակերպ, հույզի նկարագիր, մտածելակերպ։ Մենք վառ ենք, զգացմունքային, պոռթկուն…

-Ինչո՞վ եք զբաղվում այժմ։

-Փորձում եմ կատարել դերերգեր, որոնք շատ բարդ են եւ մի քանի երգչուհիների է վիճակվել հաղթահարել այդ բարդությունը՝ «Ֆրանչեսկա դա ռիմինի», «Ֆեդրա»…

-Տիկի Պապյան, մասնագետներն ասում են, որ շատ հայ երգչուհիներ, իրենց մեկնարկային հնարավորություններով չեն զիջել Ձեզ։ Բայց Դուք բարձունքների եք հասել, նրանք՝ ոչ։ Ինչո՞ւ։

-Բնատուր օժտվածություն, բեմական արտաքին, բեմի զգացողություն, հաջողակ լինելու բարեբախտություն… Բայց ամենակարեւորն այն է, որ ես շատ եմ աշխատել ու աշխատում եմ մինչ օրս։ 25 տարի անընդմեջ աշխատում եմ՝ առանց արձակուրդի, առանց հանգստանալու։ Ես հիմա էլ եմ աշխատում՝ հանգստանալիս էլ եմ աշխատում։ Ես երբեք չեմ հասել ինչ-որ հանգրվանի ու ասել՝ մի քիչ դադար տամ։

-Այսօր Դուք նվաճել եք բոլոր հնարավոր բարձունքները օպերային արվեստում եւ շարունակում եք աշխատել նույն ռիթմո՞վ։

-Այո՛, նույն ռիթմով։ Ես համարձակ նպատակներ եմ դնում իմ առջեւ ու ինձ չեմ խնայում, որ հասնեմ նպատակիս։

-Հանուն ինչի՞։ Փառքի՞, ծափերի՞…

-Չէ՛։ Բեմում մի զարմանահրաշ պահ կա, երբ քո սիրտը խոսում է հազարավոր սրտերի հետ, երբ քո սիրտը բաբախում է դահլիճում նստած մարդկանց սրտին համաչափ… Հանուն այդ պահի։

-Իսկ բեմից դուրս, ավելի երկրային ու բացատրելի՝ որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախություններն ու տխրությունները։

-Իմ փոքրիկ ուրախություննե՞րը… Երբ միասին ենք ես, ամուսինս, երեխաս, մայրս… Երբ հարազատներս կողքիս են։ Լեռներ եմ սիրում, բարձր լեռներ… Բնություն եմ սիրում։ Սիրում եմ տարվա բոլոր եղանակները, յուրաքանչյուրն իր հմայքն ունի, սիրում եմ վայելել գարունը, ամառը, աշունը, ձմեռը։ Սիրում եմ լավ գիրք կարդալ, լավ ֆիլմ դիտել։ Ուրախանում եմ, երբ հանդիպում եմ կարեկից մարդկանց։
Տխրում եմ՝ տեսնելով Հայաստանի պարսպապատ առանձնատները, պարսպապատ հոգիները` անհաղորդ, ներփակ։ Տխրում եմ՝ տեսնելով շքեղության ու ցոփության մեջ այլակերպվող մարդկային հոգին։ Բարեգործությունը պիտի հոգու պահանջ լինի, ոչ թե ինքդ քեզ ցուցադրելու ու փառասիրությանդ հագուրդ տալու միջոց։ Տխրում եմ, երբ ինչ-որ մեկը իր արած բարեգործությունը նկարահանում է եւ ցույց տալիս հեռուստացույցով։
Արտասվելու աստիճան սիրտս ցավում է այն հայ տղայի համար, որը կանգնած է սահմանին, պաշտպանում է մեզ թշնամուց, իսկ մենք չենք պաշտպանում նրա ընտանիքը։ Սիրտս ցավում է այն հայի համար, որը կռվել ու հաղթել է Արցախում, բայց Երեւանի փողոցներով քայլելիս հերոս չի զգում իրեն։

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Լուս.` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ