Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՆ ՀԱՅՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ



ՀԻՆ ՀԱՅՈՑ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՏՔԸ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՄԻՆՉԵՎ ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆՁեզ ենք ներկայացնում ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի հետ «Հին հայոց ռազմական միտքը Հայկ նահապետից մինչեւ Վարդան Մամիկոնյան» զրույցի երկրորդ մասը:

 

-Պարոն Այվազյան, ըստ Ձեզ՝ Ավարայրի ճակատամարտը մարտավարական «ոչ-ոքի էր», որը հայերի համար ժամանակի ընթացքում վերածվեց ռազմավարական հաղթանակի։ Իսկ մեզանում Ավարայրի ճակատամարտը շատ հաճախ գնահատում են որպես ընդամենը «բարոյական հաղթանակ»…

– Այո՛, այդ կաղապարային գեղարվեստական գնահատականը մեզանում ամենատարածվածն է։ Նախապես այն դրական իմաստ է ունեցել՝ ընդգծել է այդ մեծ ճակատամարտի բարերար ազդեցությունը հայոց հետագա ամբողջ պատմության վրա։ Բայց վերջերս «բարոյական հաղթանակ» բնորոշումն անարդարացիորեն ձեռք է բերել առավելապես բացասական, նույնիսկ հեգնական երանգավորում, ըստ որի՝ Ավարայրում հայերն իբր միայն բարոյապես են հաղթել, իսկ ռազմական առումով պարտություն են կրել։ Սա պատմական փաստերին ու ռազմական գիտությանը հակասող տեսակետ է։

Ռազմական տեսության գերմանացի դասականի՝ Կարլ ֆոն Կլաուզեվիցի սահմանումով, հաղթանակի համապարփակ հասկացությունը ներառում է երեք հիմնական տարր. 1) հակառակորդի ֆիզիկական ուժերի մեծ կորուստները, 2) նրա բարոյական ուժերի նույնպիսի կորուստները, 3) այդ մասին պարտվածի բացահայտ խոստովանությունը, որով նա հրաժարվում է իր՝ պատերազմում ունեցած նախնական մտադրությունից։ Ավարայրում այս նպատակներից և ոչ մեկին պարսիկները չհասան։ Ընդհակառակը՝ ճակատամարտում նրանք հայերից երեք անգամ ավելի սպանված տվեցին (այդ թվում՝ իննը բարձրաստիճան զորահրամանատար)։ Փոխարենը՝ իհարկե, ռազմի դաշտում զոհվեց հայոց գլխավոր հրամանատարը (ինչպես նաև՝ 10 հայ բարձրաստիճան զորահրամանատար)։ Բայց ամենակարևորն այն էր, որ Մուշկան Նիսալավուրտը չկարողացավ ջախջախել Հայոց բանակը, որն, ինչպես արդեն ասացի, բաժանվելով չորս մասի, խույս տվեց հետապնդումից և կազմակերպեց դիմադրության հաջորդ փուլը։ Պատերազմը շարունակվեց ևս կես տարի՝ ավարտվելով ոչ միայն Մարզպանական Հայաստանի ինքնավարությունը վերացնելու և հայերին ձուլելու իրենց նախնական մտադրություններից պարսիկների հրաժարումով, այլև հայերին արված ևս մեկ չափազանց նշանակալից մի զիջումով, որը մեր պատմագիտության մեջ իսպառ աչքաթող է արվել։

Բանն այն է, որ 449 թվականին, երբ սկսվեց հայոց ապստամբությունը, Մարզպանական Հայաստանի 16 կարևոր ամրոցներում տեղակայված էին պարսկական կայազորներ, որոնք Վարդան Մամիկոնյանն ու իր զինակիցները հատ-հատ ոչնչացրին հենց ամենասկզբում՝ անթերի ու միաժամանակ իրականացնելով 16 կայծակնային հատուկ գործողություն։ Իսկ ահա 482 թվականին, երբ սկսվեց Սասանյանների դեմ հաջորդ ապստամբությունը՝ Վարդան Մամիկոնյանի զարմիկ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, Մարզպանական Հայաստանում գեթ մեկ պարսկական կայազոր գոյություն չուներ։ Սա նշանակում է, որ 451 թվականի վերջին Վարդանանց ուխտին հավատարիմ մնացած հայ նախարարները՝ ինքնակամ ներկայանալով ու հանձնվելով պարսից իշխանությանը, դիմել էին այդ քայլին միայն այն բանից հետո, երբ ամուր երաշխիքներ էին ստացել առ այն, որ հայոց հողի վրա պարսկական զորքեր չեն տեղակայվելու։ Հետևաբար, Ավարայրում և առհասարակ 449-451 թթ. հայ-պարսկական պատերազում հայոց պարտության մասին դատողությունները սխալ են ու բացարձակապես ավելորդ։

Նմանատիպ «ոչ-ոքիներով» են ավարտվել շատ ուրիշ ճակատամարտեր։ Օրինակ՝ ռուսների և ֆրանսիացիների միջև 1812 թվականին տեղի ունեցած Բորոդինոյի ճակատամարտը, որը նույնպես կարճ ժամանակահատվածում վերածվեց ռուսական կողմի ռազմավարական հաղթանակի։ Ընդ որում, ճակատամարտից անմիջապես հետո ռուս հրամանատարության մեջ ոմանք Բորոդինոն պարտություն էին համարում՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ռուսական բանակը նահանջեց ու Նապոլեոնին հանձնեց մայրաքաղաք Մոսկվան։ Մինչդեռ գլխավոր հրամանատար Միխայիլ Կուտուզովն ամենասկզբից էլ համոզված հայտարարում էր, որ Բորոդինոն հաղթանակ է, քանի որ ռուսական բանակը ոչ միայն չէր ջախջախվել, այլև ֆրանսիացիներին մեծ կորուստներ պատճառելուց հետո կանոնավոր կերպով նահանջել էր ու անցել դիմադրության հաջորդ փուլին։

Եղիշեն Ավարայրի ճակատամարտին տվել է ճշգրիտ գնահատական. «Ոչ թե մեկ կողմը հաղթեց, և մյուս կողմը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմերն էլ պարտություն կրեցին»։ Եղիշեի այս ամփոփումը նմանվում է Նապոլեոնի՝ Բորոդինոյի ճակատամարտին հետագայում տված գնահատականին. «Իմ բոլոր ճակատամարտերից ամենաահավորն այն էր, որ ես տվել եմ Մոսկվայի մատույցներում: Ֆրանսիացիները ցույց տվեցին իրենց հաղթանակ տանելու արժանիքը, իսկ ռուսները նվաճեցին անպարտելի լինելու իրավունքը»։ Եղիշեի և Նապոլեոնի այս հատու բանաձևումներում, իրականում, արտացոլված են այդ բախտորոշ ճակատամարտերի ռազմաքաղաքական ընդհանուր արդյունքները։

– Իսկ ի՞նչ ուրիշ խոշոր բախումներ են եղել 449-451 թթ. հայկական և պարսկական ուժերի միջև։

-Արդեն հիշատակեցի ապստամբության սկզբում պարսկական 16 կայազորների չեզոքացումը։ Այդ առանձին-առանձին իրականացված 16 հաջող գործողություններին նախորդել էր մեկ ուրիշ խոշոր գործողություն. իր իսկ դաշտային ճամբարում ջախջախվել էր սասանյան խոշոր (ըստ իմ վերլուծության արդյունքների՝ 10.000-անոց) հեծյալ այն զորամիավորումը, որն ուղարկվել էր Հայաստան՝ բնակչությանը հավատափոխ անելու գործընթացը բռնի ուժով առաջ տանելու նպատակով։ Ընդ որում, հարձակումը պարսկական ճամբարի վրա իրականացվել էր այդ ժամանակվա ռազմական տեսության (բյուզանդական տրակտատներից մեզ հայտնի) բոլոր կանոնների համաձայն։ Հայոց զորքերը լուսածագին, երեք կողմից շրջապատել են պարսից ճամբարը, չփակելով, սակայն, չորրորդ՝ հարավային կողմը, որպեսզի պարսիկներն ունենան նահանջի ճանապարհ ու դիմեն փախուստի՝ առանց կատաղի դիմադրություն ցույց տալու։ Այդ ժամանակներում, ինչպես և այժմ, գիշերային կամ նախալուսաբացային հարձակումը համարվում էր բազմաբարդ գործողություն։ Հայոց զորքի ձեռքբերած փայլուն հաղթանակը վկայում է, մասնավորապես, Վարդան Մամիկոնյանի ու նրա շտաբի՝ այդ գործողությունը մանրազնին նախապատրաստելու, մինչև հարձակման պահն անհրաժեշտ գաղտնապահությունն ապահովելու, զորքերը ճիշտ տեղաբաշխելու և հմտորեն կառավարելու մասին։

Պատերազմի ամենասկզբում մեկ այլ խիստ ուշագրավ գործողություն էլ իրականացրեց Արցախում տեղակայված հայոց այրուձին, որն իր սեփական նախաձեռնությամբ, չսպասելով Հայոց սպարապետի հրամանին, հեծելազորային խորը մարտարշավ կատարեց Փայտակարանի միջով դեպի Ատրպատական (իսկ հրամանը նրանց չէր տրվել, ըստ երևույթին, անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակից շուտ ապստամբության նախապատրաստումը չբացահայտելու մտավախությամբ)։ Այս կանխարգելիչ հարվածը վկայում է, որ 3-4-րդ դդ. մշակված ու հայ-պարսկական բազմաթիվ պատերազմներում բազմիցս գործարկված մարտական գործողությունների համակարգը 449 թվականին տակավին չէր մոռացվել։ Այդ համարձակ զորաշարժն իրականացրած հայկական այրուձիու մեծ մասն, ամենայն հավանականությամբ, բաղկացած էր ոստանիկ զորամասերից, այսինքն՝ նախկին թագավորական քառասուն հազարանոց բանակի (մասամբ արցախյան Տիգրանակերտում տեղաբաշխված) հեծյալ կազմավորումներից, որոնք հայոց սպարապետի անմիջական ենթակայության տակ էին։

Եվ, իհարկե, հայ-պարսկական այդ պատերազմում առանձնահատուկ տեղ է գրավում 450 թ. գարնանը Խաղխաղ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած առաջին գլխավոր ճակատամարտը, որում հայերը, Վարդան Մամիկոնյանի հրամանատարությամբ, փայլուն հաղթանակ տարան։

Շարունակելի

Խորագիր՝ #10 (1232) 14.03.2018 - 20.03.2018, Պատմության էջերից


15/03/2018