Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՆՉ ԷԼ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ
ԻՆՉ ԷԼ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

ԻՆՉ ԷԼ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍԱչքերիս առաջ ամեն ինչ հառնեց արեգակի լույսի փայլի մեջ՝ ցորենի հասկերը փոխնիփոխ երեւացող խոտով, ծածկված բազմաթիվ ծաղիկներով, որոնց վրա ճախրում էին մեղուներն ու թիթեռները: Այս ամենն անհաղթահարելիորեն դեպի իրեն էր ձգում: Ես դյութված մտա ցորենի հասկերի մեջ եւ երազատեսության պես խորասուզվեցի այդ աշխարհի մեջ: Ես երկար քայլում էի եւ հոգնած քնեցի ցորենի հասկերի մեջ, հողի վրա, ինչպես մորս կրծքին: 

 

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

 

Հայաստանի բոլոր գույները միախառնվել են նրա կտավներում:

 Ծաղիկներ եւ գույներ, գույներ եւ ծաղիկներ,-

Քաղցրանուշ երկիր, սա Հայաստանն է,

Սարյանի սրբություն սրբոցը:

 

ՍԵՐԳԵՅ ՇԵՐՎԻՆՍԿԻ

 

Ձեր նկարները միշտ շատ մարդկային են, լույսով՝ կյանքով առատ։ Դուք ապացուցեցիք իսկական նկարիչ մնալու հնարավորությունը։ Ապրեցիք պատմական բարդ ու հակադիր ժամանակահատվածներ, բայց չդավաճանեցիք Ձեզ։ Դուք միշտ մարդուն կապեցիք հողին, կապույտ երկնքին, ջինջ ջրերին։ Լույսով, արևով, մարդկայինով տոգորված Ձեր գործերը միշտ կմնան մարդու և բնության ներդաշնակ կապի, կյանքի գովերգի չգերազանցված օրինակներ։ Ձեր հռչակը՝ որպես նկարչի, սկիզբ առավ մեր դարասկզբին, ռուսական կուլտուրայի կենտրոնում՝ Մոսկվայում։ Դուք գործեցիք Կանդինսկու, Շագալի, Մալևիչի, Արխիպենկոյի, Յավլենսկու, Յակուլովի, Կոնյոնկովի հետ, որոնք շատ բանով կանխորոշեցին համաշխարհային կերպարվեստի բախտը։ Դուք մտաք համաշխարհային արվեստ ինքնատիպ «Սարյանականով», հարստացրիք այն մեր ազգայինով, փայլեցրիք «Մերի» համամարդկային կերպարը։ «Սարյանականը» հզոր ավանդ է համաշխարհային արվեստի թանգարանում։

Թորոս Ռոսլին, Սարգիս Պիծակ , Տրդատ ճարտարապետ, Մոմիկ ծաղկող, Մարտիրոս Սարյան …

 

ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Հայաստանը ասես կառուցվել է Սարյանի էսքիզներով:

 

 ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻ

 

Փիլիսոփա նկարիչ: Մեծ հայրենասեր: Նա եղել է, կա, կլինի՝ որպես մեր ժողովրդի հայրացած զավակը։

 

ՀՐԱՉՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆ

 

Իբրև մարդ սկսվում էր Անիից, որտեղից գաղթել էին նախապապերը, իբրև նկարիչ՝ մեր առաջին մանրանկարներից, «Վահագնի ծնունդից», մեր դաժան ու բարի բնությունից, կիսատոներ չունեցող մեր գույներից ու ճակատագրից, մեր պատմության ճիչերից ու լռությունից։

 

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԻՆՉ ԷԼ ՆԿԱՐՈՒՄ ԵՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍՄարտիրոս Սարյանն ապրելը համարում էր հրաշք, զարմանալի ու մեծ երջանկություն, որ երբևէ բնությունը կարող էր պարգևել մարդուն, և նա այդ խոր համոզմամբ ապրեց իր կյանքի տարիները՝ լի վարակիչ կենսախնդությամբ, պաշտեց արևն ու բնությունը: Հարազատ լինել բնությանը, լինել նրա մեջ, նրա հետ, նրա պես անկեղծ. սա էր նրա հավատամքը, նրա արվեստի գաղտնիքը, բանալին։

Հայկական գրերի գյուտից հազար հինգ հարյուր տարի հետո Մարտիրոս Սարյանը ստեղծեց հայկական գույների նորագույն այբուբենը։ Դա օրինաչափ հայտնագործություն էր հայ ժողովրդի կյանքում։ Մի ժողովուրդ, որն ունի իր գիրն ու երաժշտական խազերը, իր ձեռագրերն ու կոթողները, չէր կարող չունենալ իր հայերեն կտավները։ Այդ մեծ մարգարեությունը տրված էր Մարտիրոս Սարյանին։ Նրա վրձնի տակ երկնքի լազուրն արտացոլեց մեր հին ու վերածնված բիբլիական Հայաստանը։

 Նա իր հոգու արևն ու վեհությունը դրեց իր կտավների մեջ ու սփռեց նրանց աշխարհի լավագույն պատկերասրահներով մեկ։ Այն, ինչ բնությունն այնպես շռայլորեն պարգևել էր նրան, նա վերադարձրեց իր ժողովրդին նույնքան շռայլությամբ ու նույնքան վեհորեն։ Նա անմնացորդ տվեց իր ունեցածը ժողովրդին՝ նրանից ստանալով նրա անսահման սերն ու հիացմունքը։

Մարտիրոս Սարյանի ուժը իր հողի, իր ժողովրդի մեջ էր, դրա մեջ էլ նրա անմահությունն է։

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Ու երբ մեծացավ պատանին, ափի մեջ առավ հայրենի հողը, արևի ճառագայթները, որ բեկվում են մոր արցունքների մեջ, ցողով լվացված մարգագետինների փայլը, լեռնաբեկորներ, վարսերի վրա, թփերին ու փետուրներին շաղ տված գույներ, ու իր շնչով ջերմացրեց ու կյանք հաղորդեց։

 

Ու կտավի վրա ծնվեց մի աշխարհ, ոչ՝ վերածնվեց կամ վերապրեց, որ հայրենի է, հարազատ, որտեղ դու քեզ տեսնում ես հայտնությամբ, որտեղ դու մենակ չես, որտեղ դու գտնում ես քո ինքնահաստատումը։

Սարյանը քայլեց իր ժողովրդի հետ, հավաքեց գույներ ու երանգներ, որոնք ձև առան և հնչեցին, ինչպես մեղմ ու ականջալուր մի երաժշտություն, գունային երաժշտություն։ Դու տեսնում ես, լսում ազգային մի երգ, որ անտունի է, հորովել։

Սարյանը քայլեց իր ժողովրդի հետ ու ապրեց նրա ողբերգությունը։ Երբ նայում ես նրա կտավներին, երանգներով իմաստավորված, դու այնտեղ տեսնում ես արյունոտ ու անմոռաց գողգոթայի ճամփահետքերը։

Սարյանը քայլեց իր ժողովրդի հետ ու ապրեց նրա վերարթնացումը։ Նա կտավներում լույսի մեջ լույս դրեց ու երգեց հերոսացած ժամանակն ու մարդուն։ Նա փառք բերեց իր ժողովրդին ստեղծագործ հանճարով, և ժողովուրդը հատուցեց կարելին։

 

ՍՈԻՐԵՆ ԵՐԵՄՅԱՆ

ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս

 

Արդեն դարձա 92 տարեկան։ Հավատս չի գալիս։ Այդպես է։ Կյանքը մարդուն անվերջություն է թվում: Կյանքը հրաշքի պես բացվում է մարդու առջև, մարդն էլ նույն ձևով կյանքին է բացվում։

 

Ամենից ավելի հիշում եմ մանկությունս, մեր մեծ նահապետական ընտանիքը։ Երեխա ժամանակ մտնում էի մեր տան կողքի գետակը։ Ցեխ էր մնում ոտքերիս, չորանում, ցավում էր։ Մայրիկս կարագ էր քսում, ու ամեն ինչ անցնում էր։ Հանճարեղ օրեր էին։ Մենք մի փոքր Հայաստանում էինք ապրում։

 

Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հարազատ հողի, իր հայրենիքի հետ սերտ կապի, հնարավոր չէ գտնել իրեն, իր հոգին…

 

Աշխա՜րհ։ Ի՜նչ բազմակողմանի խոսք։ Հավերժությո՜ւն և անսահմանություն։ Մենք զարթնել ենք քնից։ Եվ կանք այսօր, ուրեմն միշտ եղել ենք։ Բնությունը հազարավոր տարիներ ապրում է, բայց, ոնց որ նոր է ծնվել, նոր է զարթնել… Միշտ թարմ է, միշտ կենդանի։

 

Ես չգիտեմ, թե երբ է նկարիչը ծնվել իմ մեջ։ Երևի այն օրից, երբ լսում էի իմ ծնողների պատմությունները մեր լեռնային, կախարդական հայրենիքի մասին, այն օրերից, երբ խաղում էի արևի տակ ու հրճվում բազմապիսի ծաղիկների, թիթեռների, մեղուների գույներով։ Գո՜ւյն, լո՜ւյս, երա՜զ, ահա ինչով եմ ես այրվել։ Ես երեխա ժամանակից սիրել եմ իմ հայրենիքը, Հայաստանը։ Ես համոզված եմ, որ առանց հողի արվեստագետ չի եղել։ Հողի սիրտը գտնվում է մարդու մեջ։ Ամեն ինչ սրտից է բխում, ամեն ինչ սրտով է սկսվում։

 

Ի՞նչ եմ անում ես հիմա։ Ի՞նչ կարող եմ անել։ Աշխատում եմ։ Աշխատելու ժամանակ չեմ մտածում։ Ինչ որ նկարում եմ՝ Հայաստան է դուրս գալիս։ Մեր լեռները, մեր ձորերը, մեր մարդիկ, մեր լույսը, մեր Արարատը։

 

Աշխատելը ինքնամոռացում է։ Մեկ էլ տեսար՝ մի բան ստացվեց։ Տեսնում ես, որ քեզնից մի կտոր քեզ է նայում։ Եվ մի տեսակ երջանիկ ես դառնում։

 

Ես երբեք չեմ ցանկացել որևէ մեկին զարմացնել։ Որովհետև, երբ աշխատում ես, ինքդ ես զարմանում բնության գեղեցկությամբ։ Երիտասարդ տարիքիս շատ էի սիրում անապատով ուղտով գնալ։ Երիտասարդ էի, ամեն ինչ տանում էի, արևը, ծարավը, դժվարությունը։ Ամեն մարդ իր ուղտն ունի և նստած գնում է մինչև վերջ։ Եվ մենք որքան երջանիկ ենք, որ ապրում ենք, տեսնում ենք։ Կարող էինք չլինել, չէ՞։ Ապրելը մեծ երջանկություն է։

 

Ի՞նչ է կյանքը։ Մի կղզի։ Մարդիկ դուրս են գալիս ծովից, անցնում են կղզու վրայով և նորից մտնում են ծովը։ Եվ այս կարճ կյանքը, որ մարդ ապրում է, շատ երկար բան է։ Ճանաչելով բնությունը՝ մենք փառաբանում ենք կյանքի հրաշք գեղեցկությունը։

 

Մեր ժողովուրդը հաստատել է երկրագնդի մեծ օրենքը, միշտ արևի հետ մնալու օրենքը։ Մենք կապված ենք արևին, նա դարեր շարունակ տանում է երկիրը, ո՞ւր է տանում, չգիտես։ Գալիս են նոր սերունդներ, և շարունակ արևը մնում է մարդու մեջ, ամեն մեկի մեջ։ Ուրեմն, մնանք հավատարիմ այդ մեծ օրենքին։ Սիրենք կյանքը, սիրենք լուսավորը, սիրենք համերաշխությունը, սիրենք սերը և մեր գործով արդարացնենք բնության վստահությունը։

 

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆ

 

Պատ.՝ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ