Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԷԼՅԱՆ



Հիշատակի խոսք

Առաջին իսկ օրերից հայրը, երեք եղբայրներն ու ամուսինը այնտեղ էին։ Հազվադեպ էր տեսնում նրանց. օրեր, ամիսներ սահմանամերձ գյուղերի պաշտպանական դիրքերում էին։ Նստում էր լուռ, պատուհանի տակ, ու կողքին հացի կապոցը դրած, հայացքը՝ դիմացի լեռներին՝ անշարժանում էր։ Գնացողներ քիչ կային, որ հացը նրանց հետ ուղարկեր։ Իսկ հետ եկողներն իրենց հետ բերում էին զոհված ընկերներից մեկնումեկին… Արդեն առավոտները սկսում էր գլխացավով։ Գլխաշորն ամուր կապում էր գլխին ու սպասում։ Երբ սկսում էր տնային որեւէ գործ անել, նույն պահին էլ ձեռքը չէր գնում, թուլանում էր ու նորից նստում էր պատուհանի տակ։ Անցան օրեր ու տարիներ։ Էլյան եղբայրների, ամուսնու հետ դիմավորեց հաղթանակը, որոնք ծառայության անցան հայոց նորաստեղծ բանակում։ Սակայն պատերազմի այն օրերի սպասման ցավն ու տագնապալի մղձավանջային գիշերներն անբուժելի մի հիվանդություն գցեցին Էլյայի ներսը։ Չնայած այդ ծանր, անտանելի ցավին, երբ որեւէ գործով զինվոր տղաներ էին տուն այցելում, այդ պահերին տեսնել էր պետք նրա ժպիտը, ուրախությունը։ Անկողնում մի կերպ նստելով՝ ձայն էր տալիս ամուսնուն, աղջիկներին.
-Հաց դրեք տղաներին, էրեխեքը քաղցած կլինեն, մուրաբաներից բացեք, հետները տաք շոր դրեք, ցուրտ կլինի։

Այսպես զինվոր տղաներին տեսնելիս Էլյա Հովհաննիսյանը մոռանում էր մի պահ իր ցավը, հետո հուզվում էր, արտասվում՝ հիշելով այն օրերն ու դեպքերը…
Այդպես կարճ, բայց իմաստալից ապրեց իր կյանքը Էլյան՝ Ղեւոնդ Հովհաննիսյանի քույրը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #33 (898) 24.08.2011 - 31.08.2011, Հոգևոր-մշակութային


31/08/2011