Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ԵՐԲ ՀԱՅԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է



...ԵՐԲ ՀԱՅԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷՇարքային Դավիթ Այվազյանն արդեն զորացրվել է: Ծառայում էր հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում: Սովորում է ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետում: Զորամասի հրամանատարի կողմից պարգևա-տրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով, պատվոգրով:

Բանակ գալուց առաջ Դավիթի համար ծառայության վերաբերյալ պատկերացումները հիմնականում նույնն են եղել: Իր համար առավել կարևոր է եղել բանակում սպայական անձնակազմի և զինվորների փոխհարաբերությունները. «Ծառայության ընթացքում հասկացա, որ մեր բանակի հիմնական հաջողության գրավականը զինվոր-սպա հարաբերություններն են: Ցանկացած ստորաբաժանման ցուցանիշներ մեծ մասամբ կախված են տվյալ ստորաբաժանման սպայակազմից և նրանց մասնագիտական որակական պատրաստվածությունից: Զինվորն ու սպան պետք է հասկանան իրար, որ խնդիրներ չլինեն. չէ՞ որ զինվորը «ժամանակավոր» է այստեղ, իսկ սպան կատարում է իր ծառայությունը, իր ամբողջ կյանքը նվիրում է հայրենիքին ու բանակաշինությանը»:

Դավիթն ասում է, որ եկող սերունդները գնահատելու են մեզ, քանի որ հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը նման դժվարությամբ չեն կատարելու. «Բանակում դաստիարակվեցինք, հասկացանք, թե ինչպես պետք է երկիր և անվտանգություն ունենալ»:

Փորձառու զինվորի դիտարկմամբ՝ մեր սերունդը դաստիարակված է 20-րդ դարավերջից մինչև այսօր տիրող ու շարունակվող համախմբվածությամբ և ազգային գաղափարներով. «Մեր սերունդը ականատեսն է նաև այն իրականության, երբ հայը միասնական է, և հայը պայքարում է: Ես համոզված եմ՝ այս սերունդը տեսնելու է այն Հայաստանը, որն այլևս չունի լուծման սպասող հարցեր…

Յուրաքանչյուր զինվոր, կարծում եմ, ծառայության վերջում սկսում է իր ներսում ամփոփել անցած երկու տարիները՝ արած-չարածը, ձեռք բերածը, ինչպես նաև՝ մտածում իրենից հետո բանակի շարունակական զարգացման մասին: Հուզիչ է, երբ տեսնում ես, թե ինչպես են քեզնից երկու տարի փոքրերը գալիս և անում են այն նույն գործը, որը դու ես արել: Անցած քսանչորս ամիսների համար կարող եմ ասել, որ յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ մեր աչքի առաջ Հայոց բանակը զարգացել և զարգանում է: Մենք հետո մեր հարազատներին բանակ ճանապարհելով լինելու ենք ավելի հանգիստ, և հայ մարդը բանակ ուղարկելով իր որդուն` ավելի մեծ քեֆ է անելու…»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

շարքային

Խորագիր՝ #09 (1231) 07.03.2018 - 13.03.2018, Ազգային բանակ


07/03/2018