Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
ԻՐԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ

Իրանի Իսլամական Հանրապետությունը համարվում է աշխարհի «ամենափակ», միևնույն ժամանակ` Մերձավոր և Միջին Արևելքի ամենահզոր երկրներից մեկը: Փորձագետների համար միշտ էլ դժվար է եղել գնահատել Իրանի ռազմական ներուժը. տեղեկությունները կցկտուր են, ոչ հստակ: Բայցեւայնպես, որոշակի ընդհանրացումը թույլ է տալիս պնդել, որ Իրանի հզորությունը բազմաշերտ է: Երկիրն ունի մեծ տարածք, օգտակար հանածոներով հարուստ ընդերք, արագ աճող բնակչություն, հարուստ և փայլուն պատմական անցյալ` իր զարգացած ազգային մշակութային հիմքով:

Իրան-Իրաքյան պատերազմից (1980-1988թթ.) հետո երկրի ղեկավարությունը, կատարելով համապատասխան եզրակացություններ, բավականին մեծ ուշադրություն է հատկացնում երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ինչին կոչված են երկրի զինված ուժերը: Իրանական ԶՈւ բաժանված է երկու մասի` բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ): Ըստ էության, սրանք երկու` միմյանցից անկախ բանակներ են: Երկուսն էլ ունեն իրենց տարբեր զորատեսակները: ԻՀՊԿ-ն երկրի կրոնական ղեկավարության փաստացի ենթակայություն է, թեպետ բանակը եւս զուրկ չէ կրոնական բարձրագույն ղեկավարության հսկողությունից, ինչը ամրագրված է Իրանի սահմանադրությամբ: ԻՀՊԿ-ն իր կազմում ընդգրկում է նաև աշխարհազորը, այսպես կոչված ազգային ճակատը` «Բասիջ»-ը, ռազմավարական հետախուզադիվերսիոն գործողությունների պատասխանատու «Կոդե» գերատեսչությունը և այլն: Փաստորեն ԻՀՊԿ-ն ավելի բարձրակարգ ռազմական կառույց է:

Բանակի ընդհանուր կառուցվածքը շատ նման է խորհրդային մոդելին: Երկիրը բաժանված է չորս շրջանի (օկրուգի), որից յուրաքանչյուրում կա մի քանի դիվիզա (յուրաքանչյուր 3 դիվիզիա կազմում է մեկ կորպուս): Ընդհանուր առմամբ, բանակը սպառազինված է ավելի քան 2000 հրասայլով, որոնց մեջ կան և՛ հին ամերիկյան, անգլիական, խորհրդային, չինական մեքենաներ, և՛ ժամանակակից խորհրդային մեքենաներ: Կան նաև Իրանի սեփական արտադրանք համարվող քիչ թվով «Zulfiqar» կամ «Zolfaqar», «Safir-74» և թեթև «Tosan» հրասայլեր: Ավելի քան 1000 զրահամեքենաներ, ավելի քան 2000 հրետանային քարշարկվող միջոց, 300-ից ավելի ինքնագնաց մեքենա և ավելի քան 800 ռեակտիվ հրետանային միջոց:
Ռազմածովային ուժերը (ՌԾՈւ) ամենահզորն են Պարսից ծոցի երկրների շարքում: Սպառազինության մեջ են 3 խորհրդային «877նԽԾ» նախագծի սուզանավ, մոտ մեկ տասնյակ կորվետներ, քիչ ավելի հրթիռային նավակներ, ավելի քան մեկ տասնյակ փոքր դեսանտային նավակներ, մի քանի տասնյակ փոքր պարեկային նավակներ և այլն: Պարսկական նավերը կատարում են հեռավոր նավարկություններ: Իրանի ՌԾՈւ սպառազինված է չինական «HY-2 Silkworm» և «YJ-2 (C-802)» հականավային հրթիռներով և անգամ արտադրում է դրանք, ինչը մեծացնում է զորքերի հզորությունն ու մարտունակությունը: Այս հրթիռներից մեկը 2006թ. հուլիսի 14-ին Լիբանանյան պատերազմի ժամանակ խոցեց իսրայելական «Hanit» կորվետը: Պարսկաստանը ստեղծել է նաև սեփական սուզանավը («Ghadir» նախագիծ): Ըստ տարբեր տեղեկությունների` դրանք արդեն 10-ից ավելի են:

Իրանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) բավականին խայտաբղետ են: Սպառազինության մեջ կան մոտ 60-ական միավոր խորհրդային «ԾՌչ-29», ամերիկյան «F-4», «F-5», «F-14A» և չինականացված խորհրդային «F-7Ծ» կործանիչներ: Կան նաև սահմանափակ քանակով խորհրդային «հց-20», «հց-24» և «հց-25», հետախուզական, տրանսպորտային, ուսումնական և այլ ինքնաթիռներ: Ըստ այլ գնահատականների` ինքնաթիռների քանակն ուռճացված է: Ուղղաթիռների ընդհանուր քանակը անցնում է 600-ից, սակայն դրանցից մարտական-հարվածային են մոտ 100-ը:
Նույնպես խայտաբղետ, սակայն բավականին հզոր են Իրանի ՀՕՊ ուժերը` սպառազինված ամերիկյան և խորհրդային ինչպես հին, այնպես էլ նոր ռուսական համալիրներով: Մեծ հետաքրքրություն առաջացավ ռուսական «հ-300» համալիրների մատակարարումների շուրջ: Ըստ որոշ տեղեկությունների` համալիրների որոշ բաղկամասեր մատակարարվել էին, հետո ռուսական կողմը հրաժարվեց դրանց մատակարարումից, սակայն զորահանդեսների ժամանակ պարսկական կողմը ցուցադրեց համալիրներ, որոնք շատ նման էին ռուսական «հ-300»-ներին: Հավանաբար դրանք ռուսական համալիրի չինական նմանակներն են (կոչվում են HQ9) կամ դրանց արդեն տեղայնացված պարսկական նմուշները: Ռուսական կողմի մատակարարման մերժումից հետո Իրանի ղեկավարությունը հայտարարեց, որ իրենք իրենց ուժերով կստեղծեն սեփական համալիրները, ինչը նորից հարցը տանում է դեպի Չինաստանի հետ համագործակցության: Ընդհանրապես, իրանական ռազմաարդյունաբերական համալիրը մեծ կապեր ունի չինական կողմի հետ:

Ներկայումս աշխարհի շատ փորձագետների ուշադրությունը սևեռված է հիմնականում պարսկական հրթիռային տեխնոլոգիաների վրա, որոնք տարեցտարի նոր ձեռքբերումներ են արձանագրում: Սկիզբը դարձյալ Իրան-Իրաքյան պատերազմն է: Թեեւ Իրանը դեռ վաղուց ԱՄՆ-ից ստացել էր «MGM-52 Lance» տեսակի մարտավարական բալիստիկ հրթիռներ, առաջինը նման հրթիռներ կիրառեց Իրաքը: Դրանք խորհրդային հայտնի օպերատիվ-մարտավարական «Հ-17» հրթիռներն էին: Իրանը կարճ ժամանակ անց նման հրթիռներ ստացավ Լիբիայից, հրթիռներ և տեխնոլոգիական օգնություն՝ Չինաստանից, Հյուսիսային Կորեայից: Տարբեր տվյալներով` մինչև պատերազմի ավարտը, Իրանը, հիմնականում արտասահմանյան օգնությամբ, յուրացրեց խորհրդային հրթիռների հիմքով ստեղծված «Շահաբ-1» իրանական տարբերակի արտադրությունը, որոնցից մի քանի տասնյակ արձակվեց իրաքյան քաղաքների վրա:

Իրանը, արդեն վաղուց ակտիվորեն համագործակցելով տարբեր երկրների հետ, զարգացնում և հզորացնում է իր ԶՈւ-երն ու ռազմաարդյունաբերական համալիրը` առանցքային տեղ հատկացնելով հրթիռներին: Թեպետ տեղեկությունները այս մասին աղքատիկ են, այնուամենայնիվ մամուլում երբեմն հայտնվում են որոշակի մանրամասներ, որոնցից կարելի է կատարել համապատասխան եզրակացություններ: Վերջին տարիներին Իրանում մշակվել կամ վերափոխվել են ավելի քան 10 տեսակի «երկիր-երկիր» դասի հրթիռներ:

Առանձնակի ուշադրության են արժանի «Shihab-3» և «Shihab-3D» հրթիռները, որոնք հյուսիսկորեական «No-Dong» հրթիռների տեղայնացված տարբերակն են: Դրանց մշակման աշխատանքները տարվում են 1994թ.: Սրանք իրանական առաջին հրթիռներն են, որոնց հեռահարությունը հասնում է մինչև Իսրայել:
Սա պարսկական բալիստիկ այն հրթիռների ոչ ամբողջական ցանկն է, որոնց տվյալները հայտնի են: Դրանցից շատերը դեռ անավարտ են և կատարելագործման կամ փորձարկման փուլում են: 2009թ. պարսկական հրթիռի միջոցով արձակվեց նաև սեփական արտադրության արբանյակ, ինչը արդեն բավականին մեծ ձեռքբերում կարելի է համարել: Հրթիռները հիմնականում մշակվում են չինական, պակիստանյան եւ այլ երկրների մասնագետների օգնությամբ: Դրանք ունեն տարբեր հեռահարություն, իսկ ընդհանուր քանակը բավականին մեծ է:

Զորավարժությունների ժամանակ այդ հրթիռների քանակը և կիրառությունը գնալով ավելի տպավորիչ է դառնում: Հրթիռների ոլորտում պարսիկ մասնագետների ձեռքբերումները ավելի իրատեսական են դարձնում միջուկային ծրագրի իրականացումը: Միայն միջուկային տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնների քանակը հասնում է 10-ի:
Իրանական ռազմաարդյունաբերության մակարդակը օր օրի բարձրանում է: Հետաքրքիր ձեռքբերումներ է արձանագրում իրանական ինքնաթիռաշինությունը: Արդեն ստեղծվել է «Tazarv» ուսումնամարտական ինքնաթիռը, ամերիկյան «F-5» կործանիչի հիման վրա նախագծվել է սեփական «Saegheh» կործանիչը, որը Իրանը դարձրեց գերձայնային կործանիչներ արտադրող երկիր: Պարսկական ինքնաթիռաշինության ամենահետաքրքիր ձեռնարկումը «Shafagh» կործանիչի նախագիծն է, որով զբաղվում է Iran Aircraft Manufacturing Company (պարսկերեն` HESA) ընկերությունը, որն արդեն որոշակի փորձ ունի այս գործում: Նման ինքնաթիռի ստեղծումը բավականին բարդ գործ է, մասնագետները որոշ չափով օգտվում են ռուսական և մասնավորապես` չինական տեխնոլոգիաներից: Հետաքրքիր են տեղեկությունները իրանական անտեսանելի «Sofreh Maxi» ինքնաթիռի մասին: Իրանցի մասնագետները աշխատում են նաև բավականին բարդ թռչող սարքերի` էկրանաթիռների ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես արդեն ստեղծել է փոքր «Bavar-2» էկրանաթիռը, որը հատկապես ծովային հետախուզության համար կարող է լայն կիրառություն ունենալ:

Ուշագրավ են պարսկական անօդաչու, այդ թվում նաև «անտեսանելի» տեխնոլոգիաներով պատրաստված թռչող սարքերի (ԱԹՍ) նախագծերը: Այս խնդրով պարսիկ մասնագետները սկսել են զբաղվել դեռ 1980- ականների կեսերին: 1991թ. կոալիցիոն ուժերին պատկանող մի քանի նման սարքեր պատահմամբ հայտնվեցին Իրանի տարածքում: Այդ նմուշների, ինչպես նաև խորհրդային ԱԹՍ-ների ուսումնասիրությունները հիմք ծառայեցին, որ իրանցի մասնագետները ստեղծեն բավականին լավ տվյալներ ունեցող սեփական արտադրանք: 2005թ. ցուցահանդեսի ժամանակ նրանք ցուցադրեցին «HESA» ընկերության ստեղծած «AM-79», «Ababil-1», ինչպես նաև «Qods» ընկերության «Saeghe-2», «Talash-1/2» և «Mohajer-2» ԱԹՍ-ները: Իրանցի մասնագետները խոստովանում են, որ իրենք դեռեւս զիջում են արևմտյան շատ ընկերությունների, սակայն բավականին փորձ ունեն` ստեղծելու նոր սերնդի ԱԹՍ-ներ: Մասնավորապես` 2010թ. հանրությանը ներկայացվեցին «Ra’d» և «Karrar» անունները կրող ԱԹՍ-ներ, որոնք հավանաբար առաջիններն են, որ ունեն ռեակտիվ շարժիչ: Ըստ որոշ մասնագետների, ինչպես նաև Պարսկաստանի նախագահի հայտարարության, դրանք կարող են նույնիսկ մարտական հարվածներ հասցնել` կրելով ռումբեր և հրթիռներ, ինչը որոշակի կասկած է հարուցում: Իրանական ավիաարդյունաբերության մասնագետների համար շատ լավ նվեր էին 2011թ. հունվարին և հատկապես սույն թվականի հուլիսի 20-ին իրենց երկրի տարածքում խոցված ամերիկյան ԱԹՍ-ները: Մամուլում հայտնվել են տեղեկություններ այն մասին, որ այդ սարքերը ուսումնասիրվել են անգամ Մոսկվայում: Զարմանալին սակայն այն է, որ հուլիսի 20-ի դեպքը տեղի է ունեցել Կում քաղաքի մոտ, որը գտնվում է Իրանի գրեթե կենտրոնում:

Իրանի ռազմաարդյունաբերական համալիրը տարեցտարի հզորանում է, մասնավորապես` ստեղծվում է սեփական դպրոց, որի հիմնական խնդիրը նորագույն տեխնոլոգիաների յուրացումն է, ինչը խոչընդոտելու համար բազում արգելքներ է հրահրում Արեւմուտքը: Բայց ի հեճուկս Արևմուտքի ջանքերի, Իրանական գիտական ներուժի և ռազմաարդյունաբերական համալիրի առաջընթացի տեմպերը նախանձելի են: Ոչ հեռավոր ապագայում Իրանին կհաջողվի ստեղծել շատ հզոր և ժամանակակից ռազմաարդյունաբերական համալիր:

Այսօր շատ է խոսվում Արևմուտքի և հատկապես Իսրայելի կողմից Իրանին սթափեցնող հարված հասցնելու մասին: Այսօր, միգուցե, Իրանի ռազմական ներուժը բավարար չէ Արևմուտքի օդա-ծովային հարվածներին դիմակայելու համար, սակայն կարճ ժամանակ անց, երբ Իրանը կդառնա միջուկային տերություն, Արևմուտքի համար անհնար կլինի նման գործողություն իրականացնելը:

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ