Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` «ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 11-ՐԴ ՀԱՏՈՐԻ ԱՌԹԻՎ
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` «ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 11-ՐԴ ՀԱՏՈՐԻ ԱՌԹԻՎ

ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` «ԱՊՐԵԼՈՒ ԲԱՆԱՁԵՎ» ՄԱՏԵՆԱՇԱՐԻ 11-ՐԴ ՀԱՏՈՐԻ ԱՌԹԻՎՕրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանը մարդաշատ էր: Հանրային ռադիոյով հեռարձակվող «Ապրելու բանաձև» հաղորդաշարի հեղինակ-վարող, գրող, լրագրող Գոհար Մարտիկյանն ընթերցողի սեղանին դրեց համանուն մատենաշարի արդեն 11-րդ հատորը: 

«Ապրելու բանաձև» մատենաշարի այս հատորում Գոհար Մարտիկյանը ներկայացրել է  հիմնականում 20-րդ դարավերջին հայրենիքի համար զոհված կապանցի քաջորդիներին, ինչպես նաև` 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին:

Գրքի շնորհանդեսին ներկա էին Հատուկ նշանակության գնդի զինծառայողները (որտեղ  1992-94թթ. ծառայել է նրա որդին՝ Աշոտ Չախոյանը՝ գնդի առաջին հերոսը), գրողի  հարազատները, ընտանիքի անդամները, գործընկերները, կապանցիներ, զոհված քաջերի ծնողներ:

Բացման խոսքը վստահված էր Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանին, որը շատ հակիրճ ներկայացրեց գրող Գոհար Մարտիկյանին:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը: Նա շնորհակալություն հայտնեց Գոհար Մարտիկյանին` ազգանվեր գործի, կատարած ահռելի աշխատանքի, նվիրման և նման մասշտաբի պատմական վավերագրությունը սերունդներին փոխանցելու համար:

Ավ. Իսահակյանի անվան գրադարանի աշխատակիցների պատրաստած փոքրիկ տեսաֆիլմ ցուցադրվեց գրքում ներկայացված հերոսների մասին: Ելույթով հանդես եկավ նաև դերասանուհի Գայանե Սամվելյանը:

Միջոցառման ավարտին Գոհար Մարտիկյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին, մասնավորապես, ասաց.

-Ինչպես բոլոր հատորներն եմ բնորոշում, այս մեկն էլ  է շատ նվիրական  ինձ համար: Սույն հատորում իմ կապանյան երկարատև գործուղումների արդյունքում ստեղծված հերթական վավերագրությունն է: Այս գրքերը ինքնանպատակ չեն: Ինչպես ելույթ ունեցողներից շատերն ասացին, իմ բոլոր հատորները  ապրող և գալիք սերունդների համար կյանքի  դասագրքեր են, որտեղ ներկայացված է  մեր ապրելու իրավունքի համար հերոսացած հայորդիների կյանքի պատմությունը:

Կարող եմ ասել, թե ինչու պիտի կարդան «Ապրելու բանաձև» մատենաշարերը: Նախ՝ ասեմ, որ Արցախյան հերոսամարտը մեր պատմության ոսկեդարն է: Եվ պարտադիր է իմանալ շարքային զինվորի կռած հաղթանակի պատմությունը: Այստեղ կարևոր է նաև հայոց լեզվի դերը: Մեր հայերենը հնարավորություն է տալիս ամեն անգամ յուրովի ներկայացնել բնության, քարի ու ժայռի թրթիռը, հայրենիքի, մոր կարոտն ու սերը, զգացմունքներն ու հոգեվիճակը: Մեկ անգամ փորձեք անգլերեն թարգմանել: Կտեսնեք, որ այսքան զգացմունքային հնարավոր չէ ոչ մի լեզվով պատմել: Մեր մայրենին հնարավորություն է տալիս ասելիքը գեղեցիկ և ամեն անգամ յուրովի ներկայացնել հայ ընթերցողին:

ՀԱՅԿ ՄԱԳՈՅԱՆ