Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՆՄԵՂ  ԶՈՀԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌԻ
ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌԻ

ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐ՝ ՀԱՆՈՒՆ ՑԱՆԿԱԼԻ ԱԹՈՌԻԱվելի քան քառորդ դար  ադրբեջանական քարոզչությունը ճգնում է համաշխարհային հանրությանը ապացուցել, համոզել, որ հայերը Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանություն են կազմակերպել։ Նպատակը մեկն է`հավասարության նշան դնել Սումգայիթում ու Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում ադրբեջանցի հրոսակների` հայազգի բնակչության նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջև։

Օգտվելով քաղաքի բարենպաստ ռազմավարական դիրքից ու Ստեփանակերտին մոտ լինելուց, ադրբեջանցիներն օրական մի քանի հազար արկ էին նետում Արցախի մայրաքաղաքի վրա` պատճառելով ավերածություններ ու մահ  խաղաղ բնակչության շրջանում։

 

Իրականում ի՞նչ է եղել 1992 թ. փետրվարի 26-ին Ստեփանակերտի հարևանությամբ տեղակայված Խոջալու ավանում։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի   առաջին օրերից   Ստեփանակերտը շրջապատող Շուշի, Աղդամ  քաղաքները, Խոջալու, Մալիբեյլի և ադրբեջանաբնակ մյուս բնակավայրերը դարձել էին Արցախի մայրաքաղաքը շուրջօրյա հրետակոծության տակ պահող կրակակետեր։ Ղարաբաղի հայության գոյատևման  ելքը  դրանց վերացումն  էր:

Հիմնականում մեսխեթցի թուրքերով վերաբնակեցված Խոջալու ավանում էր գտնվում  Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ օդանավակայանը, որն ադրբեջանցիները վերածել էին  մինչև ատամները զինված օմոնականների կենտրոնատեղիի՝ նախօրոք դուրս  բերելով  խաղաղ բնակչությանը։ Խոջալուի կրակակետերի վերացումը  ղարաբաղցի ջոկատայինները ձեռնարկեցին 1992թ. փետրվարի 26-ին։ Ինչպես նշում են անկախ դիտորդներն ու լրագրողները, մինչև գրոհը հայերը գործելով Ժնևի կոնվենցիաներին համապատասխան, բարձրախոսներով հորդորել են բնակիչներին հեռանալ քաղաքից՝ անիմաստ զոհեր չտալու համար։ Այս և Խոջալուի դեպքերին վերաբերող այլ  ճշմարտություններ հրապարակելու համար անազատության մեջ եղած ադրբեջանցի լրագրող, «Ռեալնի Ազերբայջան» և «Գյունդալիկ Ազերբայջան» թերթերի գլխավոր խմբագիր  Էյնուլլա Ֆաթուլլաևը 2005 թ. տպագրած «Ղարաբաղյան օրագիր» նյութում գրում էր. «Հարձակումից մի քանի օր առաջ հայերն անընդհատ բարձրախոսներով նախազգուշացնում էին բնակչությանը ծրագրվող գործողության մասին, առաջարկում  քաղաքացիական բնակչությանը լքել ավանը և շրջապատումից դուրս գալ Կարկառ գետի երկայնքով հատկացված մարդասիրական միջանցքով: Խոջալվեցիների խոսքով` նրանք օգտվել են այդ միջանցքից, և, իրոք, միջանցքի այն կողմում հայ զինվորները նրանց վրա կրակ չեն բացել»:

…Ծանոթանալով աշխարհագրական տեղանքին` ամենայն համոզվածությամբ կարող եմ ասել, որ հայկական միջանցքի բացակայության մասին պնդումներն անհիմն են: Միջանցք, իրոք, եղել է, այլապես լիովին շրջապատված և արտաքին աշխարհից մեկուսացված խոջալվեցիները ոչ մի կերպ չէին կարողանա ճեղքել օղակը և դուրս գալ շրջապատումից: Սակայն, Կարկառ գետից այն կողմ տեղանքը հաղթահարելով՝ փախստականների շարանը բաժանվեց, և, չգիտես ինչու, խոջալվեցիների մի մասն ուղղվեց Նախիջևանիկի կողմը: Թվում էր` Ադրբեջանի ժողճակատի գումարտակները ոչ թե նրանց ազատագրմանն էին ձգտում, այլ Մութալիբովին տապալելու ճանապարհին ավելի շատ արյուն հեղելուն: Տարօրինակն ու զայրացուցիչն այն է, որ հայերի տեղատարափ կրակի տակ Աղդամի մատույցներին դժվարությամբ  հասնող մեր ուղղաթիռները` թողած մի կերպ Աղդամ հասած ու փրկված Խոջալուի բնակիչներին, հապշտապ այնտեղից տեղափոխում էին անասուններին: Ո՞վ էր նրանց այդպիսի սահմռկեցուցիչ հանձնարարություն տվել: Հայե՞րը…»:

1992 թվականի սկզբներին Խոջալուի ու Աղդամի գրոհայիններն ունեին ավելի քան 35000 միավոր գնդացիր ու ավտոմատ` բավականաչափ փամփուշտներով հանդերձ: Միաժամանակ, այդ օրերին ԱԺՃ-ականները հարձակվեցին Աղդամի մոտ գտնվող նախկին խորհրդային բանակի ռազմամթերքի օկրուգային պահեստի վրա և զավթեցին 728 վագոն հրետանային, 245 վագոն ռեակտիվ արկեր, 131 վագոն հրաձգային ռազմամթերք: Իսկ Խոջալուում կար 2 «Գրադ», 4 «Ալազան» կայանք, 1 հատ 100 մմ-ոց հրանոթ  և 3 միավոր զրահատեխնիկա: 1992թ. փետրվարի կեսերին ԱՊՀ երկրների` Մինսկում կայանալիք գագաթնաժողովին մեկնելուց առաջ, հայերի առաջիկա գրոհի մասին տեղեկացված նախագահ Մութալիբովը հրամայեց Աղդամի շրջան տեղափոխել ռազմական տեխնիկայի ամբողջ պահեստը: Այսպիսով` Աղդամում եղած 44 միավոր զրահատեխնիկային, որ «հանդերձավորված էին» 12 մմ-ոց գնդացիրներով, ավելացավ 11 տանկ ու 12 ՀՄՄ-2 (հետեւակի մարտական մեքենա):

Աղդամում զինված խմբավորումները վերահսկում էին  ԱԺՃ-ականները, որոնք պատասխանատու էին խոջալվեցիներին օգնելու և շրջափակումը ճեղքելու համար: Ռուս գրող-հրապարակախոս Կ. Ստոլյարովը գրում է, որ աղդամյան խմբավորումը ոչ միայն կարող էր ցանկացած պահի օգնության հասնել Խոջալուին, այլև նույնիսկ սպառնալ Ստեփանակերտին:

«Ռեալնի Ազերբայջան» թերթի հարցերին պատասխանում է (1992թ. մարտ-1993թ. փետրվար) երկրի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևը: Հարց. «Ինչու՞ Աղդամում տեղակայված ուժերի կողմից ժամանակին օգնություն չցուցաբերվեց Խոջալուին»: Պատասխան. «Փետրվարի 25-ի գիշերը Աղդամում կար Տ-72 տիպի 12 տանկ, 12 միավոր ՀՄՄ-2, 4 հատ «Գրադ» կայանք, 44 զրահատեխնիկա, 40 հրանոթ և 2500 զինվոր: Այդ բոլոր ուժերը կարող էին նետվել օգնության, սակայն դա տեղի չունեցավ»: Լրագրողի «ինչո՞ւ» հարցին՝ Ղազիևը պատասխանում է. «Չգիտեմ: Բավական էր «Գրադից» կրակ բացել: Իսկ մենք լավ նշանառու ունեինք` ռուս զինվոր Ինչիպիրենկոն: Նա կարող էր «Գրադով» խոցել ցանկացած թիրախ: Պատկերացնո՞ւմ եք: Հետո պարզվեց, որ «Գրադն» անհետացել է: Չկարողացան գտնել… »:

Ըստ անկախ ռազմական փորձագետների` տվյալ ժամանակահատվածում Ադրբեջանի տրամադրության տակ եղած ռազմամթերքը նպատակային կիրառելու դեպքում լիովին կբավարարեր մեկ տարվա լարված մարտական գործողությունների համար:

1990-ականների սկզբին Ադրբեջանում առանձնանում էին երկու քաղաքական ուժեր. ռուսամետ նախկին կոմունիստները` նախագահ Այազ Մութալիբովի գլխավորությամբ, և «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցությունը (հիմնադիրներ` Աբուլֆազ Էլչիբեյ, Իսա Ղամբար և ուրիշներ), որն ուներ ընդգծված հակառուսական, թուրքամետ դիրքորոշում: Ղարաբաղյան պատերազմը ամբողջությամբ և դրա առանձին ռազմագործողությունները հենց սկզբից Ադրբեջանում դարձան քաղաքական շահարկումների առարկա: ԱԺՃ-ականները առիթը բաց չէին թողնում ազերի զինյալների հերթական պարտությունից հետո քննադատության ալիք ուղղել երկրի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարի` Մութալիբովի վրա, որն ի պաշտոնե  պատասխանատու էր իր ժողովրդի անվտանգության համար: Նման կերպ ընդդիմադիրները շահում էին ավելի ու ավելի մեծ ժողովրդական զանգվածների համակրանքն ու, փաստորեն, աստիճանաբար մոտենում իշխանական գահին: Պատերազմի ժամանակ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ փաստում են, որ ԱԺՃ-ականները չեն խորշել դիմելու քայլերի, որոնք կարելի է բնութագրել՝ «Նպատակն արդարացնում է միջոցները» հայտնի ասույթով:

1991թ. նոյեմբերի 20-ին Մարտունու եւ Աղդամի շրջանների սահմանագծում` Բերդաշեն գյուղի մոտ, ընկավ ադրբեջանական Մի-8 ուղղաթիռը, որը տեղափոխում էր պաշտոնյաների: Վթարից  զոհվեցին արտակարգ դրության շրջանի պարետ, գեներալ Ժինկինը, դիտորդական առաքելությամբ տարածաշրջան ժամանած Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների ներկայացուցիչները, ադրբեջանցի քաղաքական գործիչներ, ինչպես նաև Մութալիբովի ամենահավատարիմ գաղափարակիցները, որոնց կորուստը մեծ հարված էր նախագահին: Լավ հասկանալով ադրբեջանցիներով բնակեցված Շուշիի, Աղդամի, Խոջալուի բարենպաստ աշխարհագրական դիրքն ու ռազմավարական նշանակությունը` ադրբեջանցիները, Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելուց շատ առաջ, դրանցում կենտրոնացրել էին, ինչպես ասացինք, թե՛ մեծաքանակ ռազմական տեխնիկա ու ռազմամթերք և թե՛ օմոնականների փորձառու ջոկատներ, անընդհատ գնդակոծում էին Ստեփանակերտն ու շրջակա հայկական գյուղերը` պատճառելով խաղաղ բնակչությանը մահ, ավերածություններ: Ռուս լրագրողուհի Անժելիկա Չեչինան այդ օրերին գրել է. «Հունվարի 21-ից 25-ը ես Ստեփանակերտում էի: Քաղաքում ո՛չ էլեկտրականություն կար, ո՛չ ջուր: Ջուրն այնպիսի դժվարությամբ էր ձեռք բերվում, որ ամաչում էիր  թեյ խմել: Սննդի կտրոնները իրացնել անհնար էր, խանութները դատարկ էին: Քաղաքում արդեն սովից ուռչելու, մահանալու դեպքեր էին արձանագրվել…

Ստեփանակերտը հիշեցնում էր Լենինգրադի շրջափակման կինոկադրերը…»:

Իսկ թե ինչ է եղել Խոջալուում, պատմում է Ադրբեջանի այդ օրերի նախագահ Այազ Մութալիբովը. «Ինչպես պատմում էին փրկված խոջալվեցիները, այդ դեպքերը կազմակերպել էին իմ ընդդիմադիրները, որպեսզի Ադրբեջանում հեղաշրջում անեին։ Այսինքն՝ Ադրբեջանում գոյություն ունեին ուժեր, որոնք կազմակերպված զբաղվում էին Աղդամի ճանապարհին ընկած Խոջալուի բնակիչների մարմինների պղծմամբ, որպեսզի հետագայում այդ նկարներն իմ դեմ կարողանային օգտագործել քաղաքական նպատակներով»:

Փաստորեն, ըստ ադրբեջանցիների՝ Աղդամում տեղակայված ընդդիմադիր Ժողովրդական ճակատի ներկայացուցիչները դիտմամբ ապակողմնորոշել են Խոջալուի բնակիչներին` նահանջող զինվորական խմբավորումներին` նրանց, այդ ժամանակ դեռևս իրենց ձեռքում եղած Աղդամի փոխարեն ուղարկելով, իբրև արդեն ադրբեջանցիների կողմից ազատագրված հայկական Նախիջևանիկ գյուղ։ Ընդհարվելով գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ և տալով մի քանի տասնյակ զոհեր` խուճապահար ադրբեջանցիները փախչում են Աղդամ։ Հենց Աղդամի մոտ էլ տեղի են ունենում ադրբեջանցիների զանգվածային սպանությունները  հատուկ հանձնարարություն ստացած յուրայինների կողմից։ Այս տարածքը տեղակայված է Աղդամից 3,5 և Խոջալուից 11 կիլոմետր հեռավորության վրա և մինչև 1993թ. հուլիսի վերջերը ադրբեջանական զինված ուժերի մշտական հսկողության տակ էր։ Ավելորդ է ասել, որ հայկական ջոկատների ներկայությունն այդ տարածքում անհնար էր։ Անկախ աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանցի զինվորները մթության մեջ նահանջող իրենց զինվորներին ու Խոջալուի բնակիչներին հատուկ  հանձնարարությամբ ոչնչացրել են, որպեսզի  հետո ժողճակատայինները դիակներն ազատորեն «հարմարեցնեն» իրենց նպատակներին` մանավանդ, որ սպանվողները ոչ թե ադրբեջանցի էին, այլ  թուրք մեսխեթցիներ, որոնց նկատմամբ ադրբեջանցիներն այնքան էլ բարեհաճ չեն, եթե չասենք՝ ատելությամբ են լցված։

Տեղին է հիշել Խոջալուի դեպքերի ականատես, չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի  վկայությունը. «Դիակներն առաջին օրն այլանդակված չէին, և բոլոր մահացածները հագուստներով էին։ Այդ դիակներն այլանդակվել են հետո»։ Նա նաև պատմել է Խոջալուի մատույցներում տեղի ունեցած այլ գազանությունների մասին։ Մազալովան հայտնել է, որ ադրբեջանական կողմից Խոջալուի դեպքերը ճշմարտորեն լուսաբանել է միայն հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաևը, որը 1992թ. հունիսի 15-ին Նախիջևանիկի մոտ զոհվել է, երբ  DPA գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «Խոջալուի ողբերգության» մասին 92-ի փետրվարի 28-29-ին նկարահանած  իր և հետագայում իրեն վերագրվող ու իշխանամետ լրատվամիջոցների կողմից աշխարհով մեկ սփռվող կադրերի տարբերությունն ահռելի է` փոխվել են դիակների տեղերն ու դիրքերը, շատ դիակներ պղծվել են, մի քանիսը` գլխատվել…»:

Շարունակելի

ԱՍՔԱՆԱԶ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռազմական վերլուծաբան